Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային. պատժամիջոցներից մինչև ռազմական և հումանիտար օգնություն

24 Ապրիլի, 2026

  • Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային.
  • ԵՄ-ն «զանգվածային պատժամիջոցներ» է խոստացել ընդդեմ Ռուսաստանի. ո՞ւմ և ինչպես դրանք կանդրադառնան
  • Ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ պատերազմում Լուկաշենկոյի ռեժիմի ունեցած դերի համար
  • ԵՄ-ն հայտարարել է, որ ռազմական սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային. ի՞նչ է դա նշանակում գործնականում
  • Որքա՞ն է հատկացրել ԵՄ-ն մարդասիրական օգնության համար
  • Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում ուկրաինացի փախստականներին
  • Ի՞նչ է անում ԵՄ-ն, որպեսզի Ուկրաինան չզրկվի էլեկտրաէներգիայից
  • Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար. ինչպե՞ս է արձագանքել ԵՄ-ն
  • Ի՞նչ է անում ԵՄ-ն՝ աջակցելու հարևան Մոլդովային
Քարտ %1 / %2

Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային.

Արձագանքելով 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ Եվրոպական միության ղեկավարներն ու կառույցներն անմիջապես եւ վճռականորեն դատապարտեցին ռուսական ագրեսիան եւ միջազգային իրավունքի խախտումը։ ԵՄ-ը պահանջում է, որպեսզի Ռուսաստանն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները, առանց նախապայմանների դուրս բերի բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից եւ լիակատար հարգանք դրսեւորի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության նկատմամբ։

ԵՄ-ն միասնական է Ուկրաինային իր անվերապահ աջակցության հարցում եւ ավելացրել է իր քաղաքական, մարդասիրական, ֆինանսական եւ ռազմական աջակցությունը երկրին: Ռուսական ագրեսիայի սկսվելուց ի վեր ԵՄ-ն, նրա անդամ երկրները եւ ֆինանսական հաստատությունները մոբիլիզացրել են շուրջ 104.6 միլիարդ եվրո՝ աջակցելու Ուկրաինայի ընդհանուր տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական կայունությանը մակրոֆինանսական օգնության, բյուջետային աջակցության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում օգնության, ճգնաժամերին արձագանքման եւ մարդասիրական օգնության տեսքով:

Բացի այդ, ձեռնարկվել են մոտ 75.2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության միջոցառումներ, ինչի արդյունքում Ուկրաինային տրամադրվող ընդհանուր աջակցությունը հասել է շուրջ 180 միլիարդ եվրոյի: Հաշվի առնելով ԵՄ-ում ապաստան գտած ուկրաինացիների կարիքները հոգալու նպատակով անդամ պետություններին օգնելու համար հատկացված ռեսուրսները եւ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները՝ Ուկրաինային եւ ուկրաինացիներին տրամադրվող ընդհանուր աջակցությունը կազմում է շուրջ 200.6 միլիարդ եվրո։

Միաժամանակ, ԵՄ-ն նաեւ աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Կրեմլի, ինչպես նաեւ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։

ԵՄ-ն «զանգվածային պատժամիջոցներ» է խոստացել ընդդեմ Ռուսաստանի. ո՞ւմ և ինչպես դրանք կանդրադառնան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ամենախոշորն են Եվրոպական միության պատմության մեջ. դրանց նպատակը Ռուսաստանի տնտեսությանը և Կրեմլին մեծ վնաս հասցնելն է։

Գործելով իր գործընկերների եւ դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի հետ սերտ համագործակցության պայմաններում՝ ԵՄ-ն մինչ օրս համաձայնեցրել է պատժամիջոցների մի քանի ալիք. 2022 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ճանաչմանը եւ ռուսական ուժերի՝ Ուկրաինա ներխուժմանը հետեւել է պատժամիջոցների 20 փաթեթ՝ փետրվարի 24-ին՝ հենց ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, իսկ հետո՝ փետրվարի 26-ին, փետրվարի 28-ին, մարտի 15-ին, ապրիլի 8-ին, մայիսի 30-ին, հուլիսի 21-ին, հոկտեմբերի 6-ին, դեկտեմբերի 16-ին, 2023 թվականի փետրվարի 25-ին, հունիսի 23-ին, դեկտեմբերի 18-ին, 2024 թվականի փետրվարի 23-ին, հունիսի 24-ին, դեկտեմբերի 18-ին, 2025 թվականի փետրվարի 25-ին, մայիսի 20-ին եւ հուլիսի 18-ին եւ հոկտեմբերի 23-ին եւ 2023 թվականի ապրիլի 23-ին։

Ֆինանսական հատված

ԵՄ-ն ռուսաստանյան առանցքային բանկերը դուրս է թողել SWIFT համակարգից, որն աշխարհում ֆինանսական տեղեկատվության փոխանակման առաջատար համակարգն է եւ օգտագործվում է միջազգային վճարումներ կատարելու նպատակով: Ռուսական բանկերի դեսվիֆթինգի առաջին ալիքը 2022 թվականի մարտի 2-ին էր, որոնց շարքը հունիսի 3-ին համալրեցին ռուսական երեք ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում՝ երկրի խոշորագույն բանկ «Սբերբանկ»-ը։ Հետագա պատժամիջոցների փաթեթների շրջանակներում թիրախավորվել են նաեւ այլ բանկեր, որոնց դեմ սահմանվել է գործառնությունների լիակատար արգելք։ 2025 թվականի հոկտեմբերին հաստատված 19-րդ փաթեթով այդպիսի բանկերի թիվը հասավ 50-ի։

Նշված ցանցից Ռուսաստանի անջատումը լուրջ խնդիրներ է առաջացրել նրա տնտեսության համար, քանի որ այդպիսով լրջորեն սահմանափակվել է երկրի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկաներ, իսկ ռուսաստանյան ընկերությունների եւ անհատների համար դժվարացել է ներմուծվող ապրանքների համար վճարումներ կատարելը կամ դրանց արտահանման համար վճարումներ ստանալը: Պատժամիջոցները ներկայումս ընդգրկում են Ռուսաստանի բանկային համակարգի ակտիվների 70%-ը։

ԵՄ-ն նաև արգելել է Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների իրականացումը, որը երկրի կարևորագույն ֆինանսական հաստատությունն է: Այս քայլը, ըստ էության, թույլ չի տալիս, որպեսզի Ռուսաստանի միլիարդավոր արտաքին պահուստները սնուցեն Պուտինի սանձազերծած պատերազմը:

ԵՄ նոր պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի մուտքը կապիտալի կարևորագույն շուկաներ: Դրանք արգելում են ԵՄ առևտրային հարթակներում ռուսաստանյան պետական կազմակերպությունների բաժնետոմսերի ցուցակումն ու դրանց ծառայությունների մատուցումը: Նոր պատժամիջոցներն էապես սահմանափակում են Ռուսաստանից ԵՄ ֆինանսական ներհոսքը՝ արգելելով Ռուսաստանի քաղաքացիներից կամ ռեզիդենտներից որոշակի գումարի սահմանաչափն անցնող ավանդների ընդունումը, ԵՄ արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաների կողմից ռուսաստանյան հաճախորդների հաշիվների վարումը, ինչպես նաև ռուսասատանցի հաճախորդներին եվրոյով արտահայտված արժեթղթերի վաճառքը: Պատժամիջոցները վերաբերում են նաև կրիպտոակտիվներին:

ԵՄ-ն նաև արգելել է վարկային վարկանիշային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև վարկային վարկանիշային գործունեության հետ կապված ցանկացած բաժանորդային ծառայության հասանելիությունը Ռուսաստանում ցանկացած անձի կամ կազմակերպության համար, ինչը կարող է հանգեցնել նրանց կողմից ԵՄ ֆինանսական շուկաների հասանելիության կորստին:

2022 թվականի հունիսի 3-ին ԵՄ-ն նաև համաձայնեց արգելել Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանում հիմնադրված իրավաբանական անձանց, կազմակերպություններին կամ մարմիններին բիզնեսին առնչվող որոշ ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են հաշվապահական հաշվառումը, աուդիտը, կանոնադրական աուդիտը, հաշվապահական և հարկային խորհրդատվական ծառայությունները, բիզնեսի և կառավարման խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի ծառայությունները։

2024 թվականի հունիսի 24-ին ԵՄ-ն նաեւ որոշեց օրենքից դուրս հայտարարել «Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի» (SPFS) օգտագործումը, որը սահմանափակող միջոցների ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից մշակված ֆինանսական հաղորդագրությունների մասնագիտացված ծառայություն է: Ռուսաստանից դուրս գործող ԵՄ կազմակերպություններին կարգելվի միանալ SPFS-ին կամ ֆինանսական հաղորդագրությունների համարժեք մասնագիտացված ծառայություններին:

Այս պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկային շուկայի 70 տոկոսը և կարևորագույն պետական ընկերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Դրանք կավելացնեն Ռուսաստանի փոխառությունների ծախսերը, կբարձրացնեն գնաճը և աստիճանաբար կխաթարեն Ռուսաստանի արդյունաբերական բազան: Բացի այդ, ռուսաստանյան վերնախավն այլևս չի կարողանա թաքցնել իր բանկային հաշվեհամարները և ունեցվածքը Եվրոպայում։

Օդային տարածք և տրանսպորտ

Եվրոպական միությունը փակել է իր օդային տարածքը ռուսաստանյան պատկանելիության, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր տեսակի, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների համար: Դրանք այլևս չեն կարող ԵՄ տարածքն օգտագործել թռիչք և վայրէջք կատարելու կամ թռչելու համար։

2022 թվականի ապրիլի 8-ին ԵՄ-ն արգելք է սահմանել իր նավահանգիստներ Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի, ինչպես նաև ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ընկերությունների կողմից իր տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Որոշ բացառություններ կգործեն առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսիք են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, մարդասիրական օգնությունը, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսները:

2024 թվականի հունիսի 24-ին ու դեկտեմբերի 16-ին եւ 2025 թվականի փետրվարի 25-ին ու մայիսի 20-ին ԵՄ-ն նաեւ միջոցներ է ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի լցանավերի «ստվերային նավատորմի», որոնք իրականացնում են սեղմված բնական գազի (ՍԲԳ) տեղափոխում Եվրոպայով եւ շրջանցում են պատժամիջոցները: Նավահանգիստներ մուտքի եւ ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակի տրամադրման արգելքների ենթարկված նավերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 632:

ԵՄ-ն սահմանել է նաև արտահանման արգելք, որը ներառում է ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ապրանքներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև արգելք է դրել այդ ապրանքների և տեխնոլոգիաների հետ կապված ապահովագրության և վերաապահովագրության և սպասարկման ծառայությունների մատուցման վրա: Այս պատժամիջոցների արդյունավետությունը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի առկա կոմերցիոն օդային նավատորմի երեք քառորդն արտադրվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Էներգետիկա

2022 թվականի մայիսի 30-ին ԵՄ-ն արգելք սահմանեց ռուսական նավթի ներմուծման վրա։ ԵՄ օպերատորներին նաև արգելվել է ապահովագրել և ֆինանսավորել ռուսական նավթի երրորդ երկրներ տեղափոխումը, մասնավորապես՝ ծովային ուղիներով:

ԵՄ-ն նաև արգելել է նավթավերամշակման ոլորտում որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև սահմանափակումներ է մտցրել համապատասխան ծառայությունների մատուցման վրա։

Արտահանման նման արգելք սահմանելով՝ ԵՄ-ն հարված է հասցնում ռուսական նավթային հատվածին և Ռուսաստանին զրկում իր նավթավերամշակման գործարաններն արդիականացնելու հնարավորությունից։

2022 թվականի ապրիլի 8-ին համաձայնեցված պատժամիջոցների հինգերորդ փաթեթով արգելք է սահմանվել ռուսական ածուխի բոլոր տեսակների ներմուծման վրա: Սա վերաբերում է ռուսական ածխի արտահանման մեկ քառորդին, ինչի արդյունքում Ռուսաստանը կզրկվի տարեկան մոտ 8 միլիարդ եվրո եկամուտից: 

2025 թվականի հոկտեմբերի 23-ին ԵՄ-ն արգելք է դրել ռուսական բնական հեղուկ գազի (ԲՀԳ) ներմուծման վրա։ Երկարաժամկետ պայմանագրերի դեպքում այս արգելքը կգործի սկսած 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ կարճաժամկետ պայմանագրերի դեպքում՝ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունված պատժամիջոցները հիմք են ապահովում ԵՄ օրենսդրության մեջ երրորդ երկրներ ռուսաստանյան նավթի ծովային փոխադրումների գնի սահմանաչափի սահմանման և երրորդ երկրներ հում նավթի ու նավթամթերքների ծովային փոխադրումների վրա լրացուցիչ սահմանափակումների կիրառման համար։

ԵՄ-ն նաեւ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի կողմից գների սահմանափակումները շրջանցելու համար օգտագործվող «ստվերային նավատորմի» նկատմամբ։ Ընդհանուր առմամբ 632 նավի նկատմամբ սահմանվել է նավահանգիստ մուտք գործելու եւ ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակի արգելքի։

Տեխնոլոգիաներ

ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը: Սահմանափակումը ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կիսահաղորդիչները կամ առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև ավիավառելիքն ու վառելիքային հավելումները, որոնք կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից:

2022 թվականի մարտի 9-ին ԵՄ-ն լրացուցիչ սահմանափակումներ մտցրեց ծովային նավիգացիայի և ռադիոկապի տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ, Ռուսաստանի ծովային բեռնափոխադրումների ռեգիստրն ավելացրեց ֆինանսավորման սահմանափակումների ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում և ներդրեց նախնական տեղեկատվության փոխանակման դրույթ ծովային անվտանգության սարքավորումների արտահանման համար:

Ապրիլի 8-ին ԵՄ-ն սահմանեց լրացուցիչ արտահանման նպատակային արգելքներ այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը խոցելի է ԵՄ մատակարարումներից իր մեծ կախվածության պատճառով: Դրանց թվում են քվանտային համակարգիչները, առաջադեմ կիսահաղորդիչները, զգայուն մեքենաները, տրանսպորտը և քիմիական նյութերը, ինչպես նաև նավթավերամշակման մեջ օգտագործվող հատուկ կատալիզատորները:

Հունիսի 3-ին ԵՄ-ն ընդլայնեց արտահանման սահմանափակումների իր ցանկը՝ այնտեղ ներառելով լրացուցիչ քիմիական նյութեր, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության գործընթացում։

Արգելված ապրանքների ցանկը հոկտեմբերի 6-ին ընդլայնվեց՝ ներառելով որոշ էլեկտրոնային բաղադրիչներ, լրացուցիչ քիմիական նյութեր և ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել մահապատժի, խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար: Պատժամիջոցների ութերորդ փաթեթը նաև արգելում է քաղաքացիական հրազենի և դրանց հիմնական բաղադրիչների և զինամթերքի, ռազմական մեքենաների և սարքավորումների, ռազմականացված տեխնիկայի և պահեստամասերի վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատված պատժամիջոցների իններորդ փաթեթով արտահանման արգելք սահմանվեց նաև անօդաչու թռչող սարքերի շարժիչների, քողարկման հանդերձանքի, լրացուցիչ քիմիական/կենսաբանական միջոցների, անկարգությունների ճնշման միջոցների և լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչների վրա, որոնք հայտնաբերվել են ռազմի դաշտում ռուսական ռազմական համակարգերում։ Արտահանման նոր արգելքները կտարածվեն նաև այլ արդյունաբերական ապրանքների և տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են խաղալիք/սիրողական դրոնները, բարդ գեներատորային սարքերը, նոութբուքերը և հաշվողական բաղադրիչները, տպագիր սխեմաները, ռադիոնավիգացիոն համակարգերը, ռադիոհեռակառավարման սարքերը, ինքնաթիռների շարժիչները և շարժիչների մասերը, տեսախցիկները և ոսպնյակները։

Պատժամիջոցների 11-րդ փաթեթը գործի է դնում պատժամիջոցների շրջանցմանը հակազդող նոր գործիքակազմ, որը թույլ կտա Եվրամիությանը սահմանափակել պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը այնպիսի երրորդ երկրներ, որոնց օրենսդրությունը շարունակում է հարմարավետ և ռիսկային լինել պատժամիջոցների շրջանցման համար:

Արդյունաբերություն

2022 թվականի մարտի 15-ին ԵՄ-ն ներդրեց լրացուցիչ սահմանափակումներ երկաթի եւ պողպատի առեւտրի համար, ինչը Ռուսաստանի դեպքում կհանգեցնի արտահանման գծով մոտ 3,3 միլիարդ եվրո եկամտի կորստի: Եվրոպական միության սահմանած վերջին պատժամիջոցների փաթեթով լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել այնպիսի ապրանքների արտահանման վրա, որոնք նպաստում են Ռուսաստանի արդյունաբերական կարողությունների հզորացմանը (քիմիկատներ, պլաստմասսայի որոշ տեսակներ եւ կաուչուկ), եւ Ռուսաստանով դրանց տարանցման վրա։ Լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել նաեւ Ռուսաստանի համար զգալի եկամուտներ ապահովող առաջնային ալյումինի ներմուծման վրա։

Առևտուր

ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մյուս անդամների հետ 2022 թվականի մարտի 15-ին պայմանավորվել է հրաժարվել ԵՄ շուկաներում ռուսական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարենպաստության ռեժիմից: Այս որոշումը հետեւել է «Մեծ Յոթնյակ»-ի անդամների մարտի 11-ի հայտարարությանը: Սա կկասեցնի այն շոշափելի առավելությունները, որոնցից Ռուսաստանն օգտվում է որպես ԱՀԿ անդամ։

ԵՄ-ն նաեւ ներմուծման արգելք է սահմանել ցեմենտի, ռետինե արտադրանքի, փայտի, ոգելից խմիչքների (ներառյալ օղու) եւ բարձրակարգ ծովամթերքի (ներառյալ խավիարի) համար: Հուլիսի 21-ին ԵՄ-ն արգելք սահմանեց ռուսական ծագման ոսկու ներմուծման վրա։

Հոկտեմբերի 6-ին ընդլայնվեցին նաեւ առեւտրային սահմանափակումները՝ արգելելով մեքենաների եւ տեխնիկայի, պլաստմասսայի, տրանսպորտային միջոցների, տեքստիլի, կոշկեղենի, կաշվի, կերամիկայի, որոշ քիմիական արտադրանքների, փայտանյութի եւ թղթի, ծխախոտի, կոսմետիկայի, ինչպես նաեւ ոսկերչական արդյունաբերության մեջ օգտագործվող տարրերի, այդ թվում՝ քարերի եւ թանկարժեք մետաղների ներմուծումը, որոնք ընդհանուր առմամբ զգալի եկամուտ են բերում Ռուսաստանին։ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի պատժամիջոցների իր 12-րդ փաթեթով ԵՄ-ն նաեւ արգելք է դրել ռուսական ադամանդի ներմուծման վրա։

Մեդիա

ԵՄ-ն դադարեցրել է «Սպուտնիկ»-ի և «RT/Russia Today»-ի, ինչպես նաև «Ռոսիա ՌՏՌ/ՌՏՌ Պլանետա»-ի, «Ռոսիա 24/Russia 24»-ի և «ՏՎ Ցենտր Ինտերնեշնլ»-ի հեռարձակումն իր տարածքում։ Դրանք ճանաչված են որպես ամենակարևոր կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներ, որոնք թիրախավորում են Ուկրաինայի և ԵՄ-ի հեռուստալսարանն ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի քարոզչություն տարածում։ ԵՄ-ի պատժամիջոցների իններորդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների տակ են հայտնվել ևս չորս ռուսական հեռուստաալիքներ՝ «ՆՏՎ/ՆՏՎ Միր», «Ռոսիա 1», «ՌԵՆ ՏՎ» և «Առաջին ալիք»:

2025 թվականի փետրվարի 24-ին ԵՄ-ն կասեցրեց ռուսական եւս ութ լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաները՝ «EADaily/Եվրասիա Դեյլի», «Ֆոնդսկ», «Լենտա», «ՆյուզՖրոնտ», «ՌուԲալթիկ», «ՍաութՖրոնտ», Ռազմավարական մշակույթի հիմնադրամ եւ «Կրասնայա Զվեզդա/ՏՎ Զվեզդա»: Այս լրատվամիջոցները էական դեր են ունեցել եւ որպես գործիք են ծառայել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը առաջ մղելու եւ դրան աջակցելու, ինչպես նաեւ նրա հարեւան երկրների եւ ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների ապակայունացման գործում:

Այս որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Ուկրաինայի դեմ ագրեսիան և քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը և նրա հետ փոխկապակցված ԶԼՄ-ները չեն դադարեցրել ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիայի գործողությունները։

Անհատական պատժամիջոցներ

Ներկայում անհատական պատժամիջոցներ են կիրառվել ավելի քան 2,500 անհատների եւ կազմակերպությունների նկատմամբ. դրանք ներառում են ակտիվների սառեցում եւ միջոցներ տրամադրելու արգելք: Բացի այդ, ցուցակված անձինք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք կամ տարանցում կատարել այնտեղով:

Ցուցակում ներառված են ՌԴ նախագահն ու արտգործնախարարը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ովքեր աջակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարության կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ճանաչմանը, ՌԴ Պետդումայի բոլոր անդամները, որոնք վավերացրել են Ռուսաստանի Դաշնության եւ նշված երկու սուբյեկտների միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի մասին կառավարության որոշումը: Այն ներառում է նաեւ նավթային, բանկային ու ֆինանսական ոլորտներում, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, հեռահաղորդակցության ու թվային արդյունաբերության ճյուղերում ակտիվ օլիգարխների ու գործարարների, ինչպես նաեւ կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների եւ Ուկրաինայում վայրագությունների մեջ ներգրավված բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հակաուկրաինական քարոզչության տարածմանն ու Ուկրաինա ներխուժման նկատմամբ դրական վերաբերմունքին նպաստած քարոզիչների անուններ։ Հոկտեմբերի 6-ից ցուցակը ներառում է նաեւ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների օկուպացման, անօրինական բռնակցման եւ տեղերում կեղծ «հանրաքվեների» կազմակերպման մեջ ներգրավված անձանց:

ԵՄ-ն նաեւ որոշել է արգելել բոլոր գործարքները տնտեսության տարբեր ոլորտներում գործող եւ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող կոնկրետ պետական ձեռնարկությունների հետ, իսկ հոկտեմբերի 6-ին ԵՄ քաղաքացիներին արգելել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել Ռուսաստանի պետական կամ վերջինիս կողմից վերահսկվող ձեռնարկություններում, կազմակերպություններում կամ մարմիններում:

Բացի այդ, դիվանագիտական անձնագրեր ունեցող ռուսաստանցի քաղաքացիները չեն կարող առանց մուտքի արտոնագրի մուտք գործել ԵՄ տարածք, իսկ ՌԴ պաշտոնյաներն ու գործարարներն այլեւս չեն կարողանա օգտվել վիզային ռեժիմի դյուրացման դրույթներից, որոնք ԵՄ տարածք արտոնյալ մուտքի հնարավորություն են տալիս: Այս որոշումը չի ազդի Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա։

ԵՄ-ն սահմանափակել է նաեւ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» տրամադրումը, որն ունեւոր ռուսաստանցիներին թույլ է տալիս դառնալ ԵՄ քաղաքացի, ինչպես նաեւ արգելել է ԵՄ-ից Ռուսաստան շքեղության ապրանքների (օրինակ՝ շքեղ մեքենաներ, զարդեր եւ այլն) արտահանումը՝ ուղղակիորեն հարվածելով ռուսական վերնախավին:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում եւ Եվրոպական հանձնաժողովի «Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն Ուկրաինա ներխուժումից հետո» էջում։

Ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ պատերազմում Լուկաշենկոյի ռեժիմի ունեցած դերի համար

Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային՝ Ռուսաստանին թույլ տալով իր տարածքն օգտագործել բալիստիկ հրթիռներ արձակելու, ռազմական անձնակազմ, ծանր սպառազինություն, տանկեր և ռազմական փոխադրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև դեպի Ուկրաինա ռազմական ինքնաթիռների թռիչքների համար։ Բելառուսը Ռուսաստանին ապահովում է վառելիքի լիցքավորման և ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահման կետերով։

Դրան ի պատասխան՝ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ այս հարձակումների առնչությամբ համագործակցություն դրսևորող բելառուսական սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել է առևտուրը առանցքային մի շարք ոլորտներում:

Պատերազմում իրենց դերի համար պատժամիջոցներ են սահմանվել բազմաթիվ բելառուսցի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, որոնք ներառում են ակտիվների սառեցում եւ ճանապարհորդության արգելք:

Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել ծխախոտային արտադրանքի, հանքային վառելիքի, բիտումային նյութերի և գազային ածխաջրածնային արտադրանքի, կալիումի քլորիդ («պոտաշ») արտադրանքի, փայտանյութի, ցեմենտի, երկաթի և պողպատի, ռետինատեխնիկական արտադրանքի արտադրության կամ պատրաստման համար օգտագործվող ապրանքների առևտրում։ Սահմանափակումներ են սահմանվել նաև երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների և որոշակի առաջադեմ ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման վրա, որոնք կարող են նպաստել Բելառուսի ռազմական, տեխնոլոգիական, պաշտպանության և անվտանգության զարգացմանը։

2022 թվականի մարտի 9-ին ԵՄ-ն SWIFT-ին առնչվող արգելքներ է սահմանել բելառուսական երեք բանկերի՝ Belagroprombank-ի, Bank Dabrabyt-ի և Բելառուսի Հանրապետության զարգացման բանկի նկատմամբ: Հունիսի 3-ին վերջիններիս շարքը համալրեց Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը: Արգելվել են նաև Բելառուսի կենտրոնական բանկի հետ գործարքները՝ կապված պահուստների կամ ակտիվների կառավարման ու Բելառուսի հետ առևտրի և այնտեղ ներդրումների համար պետական ֆինանսավորման տրամադրման հետ:

2023 թվականի օգոստոսի 3-ին ԵՄ-ն սահմանեց մի շարք լրացուցիչ սահմանափակող միջոցներ՝ Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հավասարեցնելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմին: Դրանց թվում են ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության մեջ օգտագործման ենթակա ապրանքների եւ տեխնոլոգիաների, ներառյալ՝ ինքնաթիռների շարժիչների եւ անօդաչու թռչող սարքերի արտահանման արգելքը, հրազենի, դրանց պահեստամասերի եւ հիմնական բաղադրիչների ու զինամթերքի վաճառքի, մատակարարման, փոխանցման կամ արտահանման արգելքը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի համար օգտագործվող ապրանքների, ներառյալ՝ կիսահաղորդիչային սարքերի, էլեկտրոնային ինտեգրալ սխեմաների, արտադրական եւ փորձարարական սարքավորումների, լուսանկարչական տեսախցիկների եւ օպտիկական բաղադրիչների արտահանման հավելյալ սահմանափակումները, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման ընդլայնված արգելքը:

ԵՄ-ը նաեւ պատժամիջոցներ է սահմանել բելառուսցի եւս 38 ֆիզիկական անձանց եւ 3 կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար, նպաստում են քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ուժերի նկատմամբ ճնշումներին, ինչպես նաեւ օգտվում են Լուկաշենկոյի ռեժիմից եւ աջակցում դրան։ Բելառուսի նկատմամբ ԵՄ սահմանափակող միջոցներն այժմ կիրառվում են ընդհանուր առմամբ 310 ֆիզիկական անձանց եւ 46 կազմակերպությունների նկատմամբ։

Իմացեք ավելին Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին։

ԵՄ-ն հայտարարել է, որ ռազմական սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային. ի՞նչ է դա նշանակում գործնականում

ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ վերացավ եւս մեկ տաբու. իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն մահաբեր զենք կտրամադրի երրորդ երկրի:

2022 թվականի փետրվարին ԵՄ-ն նախ հավանություն տվեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 500 միլիոն եվրո մոբիլիզացնելու որոշմանը՝ ուկրաինական բանակի համար մահաբեր եւ ոչ մահաբեր միջոցների մատակարարումը ֆինանսավորելու նպատակով։ Հետագայում լրացուցիչ տրանշների միջոցով ընդհանուր գումարը հասավ 6,1 միլիարդ եվրոյի:

Համաձայնեցված միջոցառումների շրջանակում կֆինանսավորեն ինչպես ԵՄ անդամ պետությունների կողմից Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ միջոցների մատակարարումը, ներառյալ անհատական պաշտպանության միջոցները, առաջին օգնության դեղատուփերը եւ վառելիքը, այնպես էլ պաշտպանական նպատակներով մահաբեր ռազմական միջոցների առաքումը:

Բացի այդ, ԵՄ-ն 2022 թվականի հոկտեմբերի 17-ին համաձայնել է ի աջակցություն Ուկրաինային ստեղծել Ռազմական օգնության առաքելություն (EUMAM Ukraine), որը կզբաղվի Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի վերապատրաստմամբ, ինչպես նաեւ կհամակարգի եւ կհամաժամանակեցնի անդամ պետությունների կողմից Ուկրաինային տրամադրվող վերապատրաստական աջակցությունը: Առաքելությունը ստացել է 362 միլիոն եվրո ֆինանսավորում եւ վերապատրաստել է 90,000 ուկրաինացի զինվորական:

Ընդհանուր առմամբ, ԵՄ ռազմական աջակցությունն Ուկրաինային, որը տրամադրվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի եւ ուղղակիորեն անդամ պետությունների կողմից, կազմում է մոտ 75.2 միլիարդ եվրո:

Որքա՞ն է հատկացրել ԵՄ-ն մարդասիրական օգնության համար

Մարդասիրական օգնության ծրագրերին տրամադրվել է ավելի քան 1.4 միլիարդ եվրո՝ Ուկրաինայում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին օգնելու համար: ԵՄ-ի մարդասիրական օգնությունը ներառում է աջակցությունն ապաստանի, գումարի, առողջապահության, սննդի, կրթության, ջրի եւ ջրահեռացման ապահովման տեսքով:

Եվս 330 միլիոն եվրո ուղղվել է արտակարգ աջակցության ծրագրին, որն օգնում է ապահովել հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և սնունդը: Այն նաև օգնում է պաշտպանել բնակչությանը, ընդ որում՝ և՛ ներքին տեղահանվածներին, և՛ նրանց ընդունող համայնքներին, ինչպես նաև աջակցում է փոքր ու միջին ձեռնարկություններին և գյուղատնտեսությանը: Մեկ այլ կարևոր նպատակ է քաղաքացիական փոքրածավալ ենթակառուցվածքների վերակառուցումը, էներգետիկ անվտանգության ապահովումը և կիբերանվտանգության, լրատվամիջոցների ազատության ու ապատեղեկատվության դեմ գործողությունների ամրապնդումը:

Ապրիլի 9-ին Եվրոպական հանձնաժողովի և Կանադայի կողմից կազմակերպված «Stand Up for Ukraine» գլոբալ դրամահավաքի միջոցառմանը հանգանակվեց 9,1 միլիարդ եվրո Ռուսաստանի ներխուժման արդյունքում փախստական դարձած մարդկանց համար, այդ թվում՝ 1 միլիարդ եվրո՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Բացի այդ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել է 1 միլիարդ եվրո լրացուցիչ վարկ տրամադրելու մասին՝ ներխուժման հետևանքով տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար:

Հանձնաժողովը համակարգում է նաեւ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինային ուղղված նյութական աջակցության տրամադրումը: Ներկայում աջակցության առաջարկություններ են ստացվել 27 անդամ երկրներից, ինչպես նաեւ Նորվեգիայից, Թուրքիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Իսլանդիայից եւ Սերբիայից, ինչի արդյունքում Մեխանիզմի ընթացիկ կիրառումը դարձել է երբեւէ ամենախոշորը։ Աջակցությունը ներառում է ավելի քան 157 հազար տոննայի բնաիրային օգնություն, ինչպիսիք են առաջին օգնության դեղարկղիկները, ապաստարան պատրաստելու միջոցները, հրդեհաշիջման միջոցները, ջրի պոմպերը, էներգագեներատորները եւ վառելիքը: ԵՄ-ն ամեն օր շարունակում է նոր առաջարկներ ստանալ:

Մոլդովան, իր հերթին, ակտիվացրել է այնտեղ ժամանած ուկրաինացիներին աջակցության մեխանիզմը։ Մոլդովային արդեն իսկ հրատապ աջակցություն են առաջարկել Ավստրիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները, մասնավորապես՝ ապաստանի և բժշկական առաջին օգնության պարագաների տեսքով: 2022 թ. մարտի 3-ին ԵՄ-ն հայտարարեց Մոլդովային 15 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության և հավելյալ 5 միլիոն եվրոյի քաղաքացիական պաշտպանության օգնության մասին։

Կարիքների երկրաչափական աճով պայմանավորված՝ Ուկրաինա լրացուցիչ օգնություն է ուղարկվել Գերմանիայում, Հունգարիայում եւ Նիդեռլանդներում տեղակայված rescEU բժշկական պահուստներից: rescEU-ի՝ ավելի քան 181 միլիոն եվրո ընդհանուր արժեքով  աջակցությունը ներառում է ԹԱՕ սարքեր, ինֆուզիոն պոմպեր, հիվանդների մոնիտորներ, դիմակներ եւ խալաթներ, ուլտրաձայնային սարքեր եւ թթվածնի կոնցենտրատորներ:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում եւ Եվրոպական հանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինային» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում ուկրաինացի փախստականներին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Եվրոպայում գրանցվել են ավելի քան հինգ միլիոն ուկրաինացի փախստական։

2022 թվականի մարտի 4-ին Եվրոպական միության խորհուրդը միաձայն որոշեց ակտիվացնել Ժամանակավոր պաշտպանության հրահանգը՝ ուկրաինական պատերազմից փրկված մարդկանց արագ եւ արդյունավետ օգնություն առաջարկելու համար:

Սա նշանակում է, որ պատերազմից փրկվածներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանություն Եվրոպական միության ողջ տարածքում. այն ներառում է բնակության իրավունք, աշխատելու հնարավորություն, բնակարանի, սոցիալական աջակցության, բժշկական կամ այլ օգնության և ապրուստի միջոցների հասանելիություն։

Ուկրաինացի փախստականների համար ժամանակավոր պաշտպանությունն անմիջապես սկսել է գործել մեկ տարի ժամկետով և կարող է տևել մինչև երեք տարի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը բավականաչափ չի բարելավվել, որպեսզի մարդիկ վերադառնան տուն, ու չի ավարտվել ժամանակավոր պաշտպանության սխեմայի գործողության ժամկետը:

Ուկրաինայի քաղաքացիություն չունեցող և առհասարակ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր օրինական կերպով բնակվում են Ուկրաինայում ու չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր կամ տարածաշրջան, ինչպիսիք են ապաստան հայցողները կամ միջազգային պաշտպանության շահառուները և նրանց ընտանիքի անդամները, նույնպես պաշտպանություն կստանան ԵՄ-ում: Մյուսները, ովքեր կարճ ժամանակահատվածով օրինականորեն գտնվում են Ուկրաինայում և կարող են ապահով վերադառնալ իրենց ծագման երկիր, կստանան ԵՄ մուտքի թույլտվություն՝ իրենց ծագման երկրներ վերադառնալու նպատակով տարանցման համար։

ԵՄ-ն նաև որոշել է պատերազմից փրկվողների համար պարզեցնել սահմանային հսկողությունը, ճկունություն դրսևորել մուտքի պայմանների առնչությամբ, բացել ժամանակավոր սահմանային անցակետեր, հեշտ մուտք ապահովել փրկարարական ծառայությունների և մարդասիրական օգնության համար, ինչպես նաև դյուրացնել անձնական իրերն ու ընտանի կենդանիներին իրենց հետ վերցնելու ընթացակարգերը փախստականների համար:

ԵՄ հատուկ վեբկայքը Ուկրաինան լքող փախստականներին տրամադրում է համապարփակ տեղեկատվություն ԵՄ-ում իրենց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև գործնական խորհուրդներ և հղումներ՝ առանձին անդամ պետություններում առկա աջակցության մասին: Տեղեկատվություն Ուկրաինան պատերազմի պատճառով լքած մարդկանց համար

Ի՞նչ է անում ԵՄ-ն, որպեսզի Ուկրաինան չզրկվի էլեկտրաէներգիայից

Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժումից ի վեր Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն ուղղվել է առնվազն 3 միլիարդ եվրոյի աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։

2025 թվականի օգոստոսին Եվրոպական հանձնաժողովը երաշխիքային համաձայնագիր ստորագրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, ինչի շնորհիվ կմոբիլիզացվի 500 միլիոն եվրո՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար: Այս ֆինանսավորումը կօգնի համալրել երկրի սպառված գազի պաշարները՝ գազի արտադրության և վերամշակման օբյեկտների վրա Ռուսաստանի հարձակումներից հետո:

ԵՄ-ն նաև մոտ 160 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը՝ 2024-2025 թվականների ձմռանը դիմակայելուն աջակցելու համար։

Բացի այդ, երկրի էներգետիկ համակարգի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 11,500 էլեկտրաէներգիայի գեներատոր և միլիոնավոր LED լամպեր։

2022 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի էլեկտրական ցանցը՝ Մոլդովայինի հետ միասին, հաջողությամբ համաժամանակացվեց Եվրոպական մայրցամաքային ցանցի հետ, ինչը տեղի ունեցավ 2017թ.-ին մեկնարկած նախագծի արագացման արդյունքում։ Ուկրաինան ներխուժման օրը անջատեց իր ցանցը ռուսական համակարգից:

Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար. ինչպե՞ս է արձագանքել ԵՄ-ն

2022 թվականի հունիսի 23-ին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը Եվրոպական հանձնաժողովի հունիսի 17-ի առաջարկի հիման վրա կայացրել է միաձայն որոշում՝ Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ առաջնորդները համաձայնել են անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Դրանք պաշտոնապես մեկնարկել են 2024 թվականի հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում կայացած միջկառավարական համաժողովում:

Ուկրաինան Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական դիմում էր ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ին։

Մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, ԵՄ-ն համաձայնեց սկսել երեք երկրների անդամակցության հայտերի քննարկումը։ Թեեւ այս քայլը տեխնիկական է, սակայն այն մեկնարկում է Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային որպես թեկնածու երկրներ ընդունելու գործընթացը։

Ապրիլի 8-ին Կիեւ կատարած այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին է հանձնել հարցաշար, որը ԵՄ-ի համար մեկնարկային կետ է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

Հարցաշարը պաշտոնական գործիք է, որի միջոցով Եվրոպական հանձնաժողովը գնահատում է երկրի պատրաստությունը՝ անդամակցման գործընթացով առաջ շարժվելու, մասնավորապես՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու եւ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու առումով:

«Ասոցացման համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան արդեն սերտորեն կապված է մեր Միության հետ: Այսպիսով, մենք հնարավորինս կարագացնենք այս գործընթացը՝ միաժամանակ ապահովելով բոլոր պայմանների պահպանումը», — ասել է ֆոն դեր Լեյենը։

2014 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրին՝ արագացնելու տնտեսական աճը եւ բարելավելու իր քաղաքացիների կենսամակարդակը: Այդ ժամկետում ԵՄ-ն եւ ֆինանսական հաստատությունները մոբիլիզացրել են ավելի քան 17 միլիարդ եվրո դրամաշնորհներ եւ վարկեր՝ բարեփոխումներին աջակցելու համար:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2023 թվականի փետրվարի 2-ից 3-ը 15 հանձնակատարների ուղեկցությամբ այցելել է Կիեւ՝ Կոլեգիայի եւ Ուկրաինայի կառավարության միջեւ առաջին հանդիպման համար: Հանդիպման ընթացքում ամփոփվեց ԵՄ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական, հումանիտար, էներգետիկ, բյուջետային աջակցություն, ինչպես նաեւ դիվանագիտական ուղղություններում: Բացի այդ քննարկվեցին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների ջանքերը եւ նախանշվեցին հետագա քայլերը ոլորտային համագործակցությունն ընդլայնելու համար:

2022 թվականի մարտի 3-ին Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական դիմումներ են ներկայացրել նաեւ Մոլդովան եւ Վրաստանը: 2022 թվականի հունիսի 23-ին ԵՄ-ն թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Մոլդովային, իսկ հաջորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Վրաստանին՝ միաժամանակ որոշելով անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Մոլդովայի հետ։ Մոլդովայի Հանրապետությունը անդամակցության շուրջ բանակցությունները ԵՄ-ի հետ պաշտոնապես սկսել է 2024 թվականի հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում կայացած միջկառավարական համաժողովում։

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմում վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր ԵՄ ընդլայնմանը նվիրված էջում եւ Եվրոպական հանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինայի հետ» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ի՞նչ է անում ԵՄ-ն՝ աջակցելու հարևան Մոլդովային

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն իր անսասան աջակցությունն է հայտնել նաեւ Մոլդովայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնել Մոլդովային, որն առերեսվել է փախստականների մեծ հոսքի. երկիր մուտք գործած փախստականների թիվը գերազանցում է 750,000-ը, որոնցից մոտ 102,000-ը 2023 թվականի սկզբի տվյալներով շարունակում է գտնվել Մոլդովայի տարածքում։

Ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովն ընդհանուր առմամբ 71 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական գործողությունների համար՝ Մոլդովայում փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին աջակցելու համար։

2022 թվականի փետրվարին Մոլդովան ակտիվացրեց ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ աջակցություն խնդրելով միգրացիոն հոսքերի կառավարման համար։ Մինչ օրս Մեխանիզմի միջոցով Մոլդովային աջակցություն են ցուցաբերել ԵՄ 19 երկրներ եւ Նորվեգիան։ Այն ներառում է ապաստարանային սարքավորումների, բժշկական պարագաների, էլեկտրաէներգիայի գեներատորների եւ այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումներ:

Ապրիլի 5-ին ԵՄ-ն հայտարարեց Մոլդովային լրացուցիչ 53 միլիոն եվրո օգնության մասին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի բազմաթիվ հետեւանքները հաղթահարելու համար: Այս օգնությունը տրամադրվել է բյուջետային աջակցության ծրագրի տեսքով, որը պետք է իրականացվեր հնարավորինս արագ: 2021 թվականի հոկտեմբերից ԵՄ-ն ավելի քան 1,09 միլիարդ եվրո է տրամադրել Մոլդովային՝ ներառյալ դրամաշնորհներն ու վարկերը:

Բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում աջակցության մասին. ԵՄ-ն արդեն Քիշնեւում գտնվող փորձագիտական առաքելությամբ Մոլդովային կօգնի ամրապնդել իր կիբերանվտանգությունը՝ գնահատելով վերջինիս կարիքներն ու սահմանելով աջակցության կոնկրետ միջոցներ, որոնք կարող են իրականացվել ամենակարճ ժամկետներում: ԵՄ-ն նաեւ Մոլդովայի զինված ուժերին կտրամադրի բժշկական սարքավորումներ եւ աջակցություն ճգնաժամի դեպքում, անհրաժեշտության դեպքում էլ կքննարկի լրացուցիչ օգնության եւ նյութատեխնիկական ապահովման տարբերակները: 2023 թվականի ապրիլին ԵՄ-ն ստեղծեց քաղաքացիական առաքելություն՝ ուժեղացնելու Մոլդովայում ճգնաժամային կառավարման եւ հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ կիբերանվտանգության եւ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության դեմ պայքարի (FIMI) ոլորտներում անվտանգությունը:

Եվրոպական միությունը նաեւ համաձայնել է հնարավորինս կարճ ժամանակում Մոլդովայի էներգահամակարգը միացնել ԵՄ ցանցին, իսկ 2022 թվականի նոյեմբերին հայտարարեց 250 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցության փաթեթի մասին՝ օգնելու Մոլդովային բավարարել իր գազի մատակարարման կարիքները եւ աջակցել խոցելի բնակչությանը:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն չի սահմանափակվում միայն արտակարգ օգնության տրամադրմամբ. Արդեն մեկնարկել են 600 միլիոն եվրո արժողությամբ տնտեսական վերականգնման, ինչպես նաեւ Մոլդովայի համար մինչեւ 3,4 միլիարդ եվրոյի ներգրավմամբ հինգ առաջատար նախաձեռնություններով տնտեսական եւ ներդրումային ծրագրերը:

2025 թվականի փետրվարին ԵՄ-ն համաձայնեցրեց Մոլդովայի Հանրապետության բարեփոխումների եւ աճի հիմնադրամի ստեղծումը։ Այս նոր գործիքը կոչված է աջակցելու ԵՄ-ի հետ առնչվող բարեփոխումներին եւ երկրում տնտեսական աճին: Ակնկալվում է, որ հիմնադրամը 2025-2027 թվականներին Մոլդովային կտրամադրի մինչեւ 385 միլիոն եվրո դրամաշնորհներ եւ 1,5 միլիարդ եվրո վարկեր:

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ყველაზე წაკითხული


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,