Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի. ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
7 Հունիսի, 2022

Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի. ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը


Հունիսի 3-ին ԵՄ-ն ընդունեց պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի և Բելառուսի կողմից վերջինիս աջակցության, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների լույսի ներքո։

ԵՄ-ն որոշել է արգելել հում նավթի և որոշ նավթամթերքների գնումը, ներմուծումը կամ փոխանցումը Ռուսաստանից ԵՄ տարածք։ Ռուսական նավթից աստիճանական հրաժարումը կտևի շուրջ վեց ամիս՝ հում նավթի, և մինչև ութ ամիս՝ այլ վերամշակված նավթամթերքների համար։

Ժամանակավոր բացառություն է նախատեսվում խողովակաշարով հում նավթի ներմուծման համար դեպի ԵՄ անդամ այն երկրներ, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով կախվածություն ունեն ռուսական մատակարարումներից և չունեն կենսունակ այլընտրանքային տարբերակներ։ Ավելին, Բուլղարիայի և Խորվաթիայի դեպքում ևս ժամանակավոր զիջում կարվի՝ կապված Ռուսաստանի ծովային հում նավթի և դիզելային վառելիքի ներմուծման հետ:

ԵՄ-ն նաև SWIFT համակարգից անջատում է ռուսական ևս երեք ֆինանսական հաստատությունների («Սբերբանկ»-ը, որը խոշորագույնն է Ռուսաստանում, Մոսկվայի կրեդիտային բանկը և Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկը) և Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը:

ԵՄ-ն իր տարածքում դադարեցնում է ռուսական ևս երեք պետական հեռուստաընկերությունների («Ռոսիա ՌՏՌ/ՌՏՌ Պլանետա», «Ռոսիա 24/Russia 24» և «ՏՎ Ցենտր Ինտերնեշնլ») հեռարձակման գործունեությունը, որոնք տարածել են ապատեղեկատվություն և վարել քարոզչություն Ուկրաինա ներխուժման մասին՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի հարևան երկրներում ու ԵՄ-ում ու նրա անդամ պետություններում։

Բացի այդ, ԵՄ-ն ընդլայնում է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ՝ ընդ որում դրանց թվում ներառելով ինչպես ռուսական, այնպես էլ բելառուսական կազմակերպությունների: Ավելին, ԵՄ-ն կընդլայնի այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը։ Սա կներառի 80 քիմիական նյութեր, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենք արտադրելու համար:

ԵՄ-ն կարգելի հաշվապահական հաշվառման, հասարակայնության հետ կապերի և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև ամպային ծառայությունների մատուցումը Ռուսաստանին։

ԵՄ-ն նաև որոշել է պատժամիջոցներ կիրառել լրացուցիչ 65 ֆիզիկական և 18 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բուչայում և Մարիուպոլում ռուսական զորքերի վայրագությունների համար, աջակցում են պատերազմին, հանդիսանում են առաջատար գործարարներ կամ ցուցակված օլիգարխների ու կրեմլամերձ պաշտոնյաների ընտանիքի անդամներ, ինչպես նաև՝ պաշտպանության և ֆինանսական հատվածներում գործող ընկերություններ։

Ցուցակված 65 անձանց թվում են զինվորական անձնակազմը, որը ղեկավարել է ռուսական բանակի այն ստորաբաժանումների գործողությունները, որոնք սպանել, բռնաբարել և խոշտանգել են Բուչայում ուկրաինացի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ գնդապետ Ազատբեկ Օմուրբեկովը, ով ստացել է «Բուչայի մսագործ» մականունը: Ցուցակում ներառված են նաև Մարիուպոլ քաղաքի անմարդկային պաշարման համար պատասխանատուները, այդ թվում՝ «Մարիուպոլի մսագործ» մականունով գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը և նրանք, ովքեր 2022 թվականի մարտին մասնակցել են Խերսոնի մարզում ռուսական օկուպացիայի հետ համագործակցության օրգանի՝ այսպես կոչված «Խաղաղության և կարգի փրկության կոմիտեի» ստեղծմանը։ Եվ վերջապես, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում քաղաքական գործիչների, քարոզիչների, առաջատար գործարարների և արդեն իսկ պատժամիջոցների ենթարկված անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Նախկին մարմնամարզուհի և Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան նույնպես ներառված է ցուցակում որպես նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը։

Պատժամիջոցների ենթարկված 18 կազմակերպությունների թվում են մի շարք ընկերություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ներառյալ Ռուսաստանի արժեթղթերի ամենամեծ դեպոզիտարիան՝ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:

Ներկա դրությամբ ԵՄ-ը սահմանափակող միջոցներ է կիրառել ընդհանուր առմամբ 1158 ֆիզիկական և 98 իրավաբանական անձանց նկատմամբ: Նշված անձինք ենթարկվել են ակտիվների սառեցման, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվել է միջոցներ տրամադրել նրանց: Ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է լրացուցիչ ճանապարհորդական արգելք, որը թույլ չի տալիս նրանց մուտք գործել ԵՄ տարածք կամ տարանցում կատարել այնտեղով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,