ԵՄ ընդլայնում

Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան

Եվրոպական միությունը ներկայումս ունի 27 անդամ պետություն: Անդամակցության ցանկություն ունեցող յուրաքանչյուր եվրոպական պետություն պետք է պատրաստ լինի կյանքի կոչել ԵՄ քաղաքականությունն ու օրենսդրությունը: ԵՄ-ին անդամակցելու պայմանները սահմանվում են ԵՄ անդամակցության բանակցությունների արդյունքում։

Եվրոպական հանձնաժողովն ամեն տարի ընդունում է իր ընդլայնման փաթեթը՝ ԵՄ ընդլայնման քաղաքականության վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ, որը ներառում է զեկույցներ թեկնածու երկրների ու հավանական թեկնածուների առաջընթացի գնահատման վերաբերյալ:

2023 թվականի ընդլայնման փաթեթում Հանձնաժողովն առաջարկել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի որոշակի քայլեր:

Այս էջը կծանոթացնի ձեզ ԵՄ ընդլայնման պահանջներին, գործընթացին և յուրաքանչյուր երկրի առաջընթացին:

Բովանդակությունը հասանելի է նաեւ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն եւ ռուսերեն լեզուներով։

Ընդլայնման փաթեթ

Ամեն տարի Եվրոպական հանձնաժողովն ընդունում է ընդլայնման մասին հաղորդագրություն՝ ուրվագծելով ընդլայնման գործընթացի վերաբերյալ իր առաջարկությունները։

Հաղորդագրությունն ուղեկցվում է զեկույցներով, որոնք մանրամասն գնահատում են թեկնածու եւ հավանական թեկնածու երկրների վիճակն ու արձանագրած առաջընթացը Եվրոպական միություն տանող ճանապարհին:

Նշված գնահատումը կենտրոնանում է հիմնարար բարեփոխումների իրականացման վրա եւ պարունակում է հստակ ուղեցույց բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ: Հաղորդագրությունը եւ զեկույցները միասին կազմում են «Ընդլայնման փաթեթը»:

Զեկույցներ

Ուկրաինա

Ուկրաինան ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ին։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այդ դիմումի վերաբերյալ իր կարծիքը։ Հիմք ընդունելով Հանձնաժողովի առաջարկությունները՝ Եվրոպական խորհուրդը ճանաչել է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը եւ 2022 թվականի հունիսի 23-ին երկրին շնորհել թեկնածուի կարգավիճակ: 2023 թվականի նոյեմբերի 8-ին Հանձնաժողովն իր ընդլայնման փաթեթի շրջանակում հրապարակել է Ուկրաինայի մասին զեկույցը՝ առաջարկելով անդամակցության շուրջ բանակցություններ սկսել վերջինիս հետ:

Ուկրաինայի մասին զեկույց

Ընդլայնման մասին 2023 թվականի հաղորդագրության մեջ Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել 2022 թվականին մատնանշված յոթ առանցքային բարեփոխումների ուղղությամբ:

«Հանձնաժողովը գտնում է, որ Ուկրաինան բավարար չափով կատարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության չափանիշները», - նշել է ԵՀ-ն։

Զեկույցում արձանագրվել է, որ երկիրը սահմանադրական դատարանի դատավորների համար ստեղծել է թափանցիկ նախընտրական համակարգ եւ բարեփոխել է դատական կառավարման մարմինները: Դրանում ասվում է, որ Ուկրաինան զարգացրել է բարձր մակարդակի կոռուպցիոն հետաքննությունների եւ դատավճիռների իր փորձը եւ դրական քայլեր է ձեռնարկել օլիգարխների ազդեցությանն ուղղված ավելի լայն եւ համակարգային ջանքերի առումով: ԵՀ-ն արձանագրել է, որ երկիրը նաեւ ցույց է տվել նույնիսկ պատերազմի ժամանակ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելու հարցում առաջընթաց գրանցելու իր կարողությունը։

Կարդալ ավելին զեկույցի հիմնական եզրահանգումների մասին։

Ուկրաինայի ուղին դեպի ԵՄ

Թեկնածուի կարգավիճակը շնորհվել է այն ըմբռնմամբ, որ Ուկրաինան ձեռնարկում է որոշ առանցքային քայլեր։ Հանձնաժողովը մշտադիտարկում է այդ քայլերի ուղղությամբ առաջընթացը եւ զեկուցում դրանց մասին՝ որպես իր կանոնավոր հիմունքներով հրապարակվող ընդլայնման փաթեթի մաս:

Սեղմեք այստեղ՝ Ուկրաինային ԵՄ աջակցության եւ նրա անդամակցության ճանապարհի մասին ավելին իմանալու համար:

Մոլդովա

Reuters

Reuters

Մոլդովա

Մոլդովան ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այդ դիմումի վերաբերյալ իր կարծիքը։ Հիմք ընդունելով Հանձնաժողովի առաջարկությունները՝ Եվրոպական խորհուրդը ճանաչել է Մոլդովայի եվրոպական հեռանկարը եւ 2022 թվականի հունիսի 23-ին երկրին շնորհել է թեկնածուի կարգավիճակ: 2023 թվականի նոյեմբերի 8-ին Հանձնաժողովն իր ընդլայնման փաթեթի շրջանակում հրապարակել է Մոլդովայի մասին զեկույցը՝ առաջարկելով անդամակցության շուրջ բանակցություններ սկսել վերջինիս հետ:

Մոլդովայի մասին զեկույց

Ընդլայնման մասին 2023 թվականի հաղորդագրության մեջ Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ Մոլդովան կարեւոր առաջընթաց է գրանցել 2022 թվականին իր կողմից մատնանշված ինը առանցքային քայլերի ուղղությամբ:

«Հանձնաժողովը գտնում է, որ Մոլդովան բավարար չափով կատարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ փոքրամասնությունների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության չափանիշները», - նշել է ԵՀ-ն։

Զեկույցում նշվում է, որ երկիրը սկսել է արդարադատության համապարփակ բարեփոխում։ Դրանում ասվում է, որ Մոլդովան բարեփոխել է իր հակակոռուպցիոն մարմինները եւ ավելացրել կոռուպցիոն գործերով հետաքննությունների ու դատավճիռների թիվը, ընդունել եւ իրականացնում է ապաօլիգարխիզացման գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ միջոցներ է ձեռք առել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: Զեկույցում նաեւ նշվում է, որ երկիրն ընդունել է պետական կառավարման ռազմավարություն եւ աշխատում է բարեփոխել հանրային ֆինանսների կառավարման եւ պետական գնումների ոլորտները: Հանձնաժողովը նաեւ արձանագրել է, որ Մոլդովան մեծացրել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում եւ ուժեղացրել է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Կարդալ ավելին զեկույցի հիմնական եզրահանգումների մասին։

Մոլդովայի ուղին դեպի ԵՄ

2023 թվականի հունիսի 28-ին նախագահ ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Մոլդովային աջակցության փաթեթը, որը ներառում էր հինգ առաջնահերթություն՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատերազմի ազդեցությանը եւ Մոլդովային Եվրոպական միությանն ավելի մերձեցմանը։

Սեղմեք այստեղ՝ Մոլդովային ԵՄ աջակցության եւ նրա անդամակցության ճանապարհի մասին ավելին իմանալու համար:

Վրաստան

Reuters

Reuters

Վրաստան

Վրաստանը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին։ 2022 թվականի հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այդ դիմումի վերաբերյալ իր կարծիքը։ Հիմք ընդունելով Հանձնաժողովի առաջարկությունները՝ Եվրոպական խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը եւ երաշխավորել երկրին թեկնածուի կարգավիճակի շնորհում՝ որոշակի առաջնահերթ քայլերի կատարման դեպքում: 2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովն իր ընդլայնման փաթեթի շրջանակում Խորհրդին առաջարկել է Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ վերջինիս կողմից մի շարք քայլեր կատարելու պայմանով։

Հանձնաժողովը ողջունել է Վրաստանի ձեռնարկած բարեփոխումների ջանքերը՝ երկրի սահմանադրությանը համապատասխան, որը որպես երկրի առաջնահերթություն նախատեսում է նրա ինտեգրումը ԵՄ-ին։

Վրաստանի մասին զեկույց

Վրաստանի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի զեկույցում նշվում է, որ 2022 թվականի հունիսի սկզբնական եզրակացության մեջ նշված տասներկու առաջնահերթությունների մասով՝ Վրաստանն ընդունել է օրենսդրական ակտեր եւ ձեռնարկել քաղաքական միջոցառումներ գենդերային հավասարության եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները դատական քննարկումներում հաշվի առնելու, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ: Երկիրը նշանակել է նաեւ նոր հանրային պաշտպան։ Զեկույցում, սակայն, ընդգծվում է, որ բարեփոխումների գործընթացը խոչընդոտվել է շարունակական քաղաքական լարվածության, խորը բեւեռացման եւ ազգային շահերի հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելու մարտահրավերների պատճառով:

Հանձնաժողովն առաջարկել է Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ մի շարք ոլորտներում քայլեր ձեռնարկելու պայմանով, այդ թվում՝ ապատեղեկատվության եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հետ համապատասխանեցման բարելավումը, քաղաքական բեւեռացման խնդրի լուծումը, ազատ, արդար եւ մրցակցային ընտրական գործընթացի ապահովումը, ինչպես նաեւ ապաօլիգարխիզացման համակարգային մոտեցման ապահովումն ու դատական համակարգի ամբողջական եւ արդյունավետ բարեփոխումները:

Կարդալ ավելին զեկույցի հիմնական եզրահանգումների մասին։

Վրաստանի ուղին դեպի ԵՄ

Վրաստանը վերջին ամիսներին քայլեր է ձեռնարկել ԵՄ-ի հետ փոխգործակցությունն ամրապնդելու եւ բարեփոխումների տեմպերի ավելացման ուղղությամբ՝ ի արձագանք իր անդամակցության դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքում նշված տասներկու առաջնահերթությունների։

հանձնաժողովը Խորհրդին առաջարկել է Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ մի շարք քայլեր ձեռնարկելու պայմանով։

Սեղմեք այստեղ՝ Վրաստանին ԵՄ աջակցության եւ նրա անդամակցության ճանապարհի մասին ավելին իմանալու համար:

Ինչպե՞ս է աշխատում անդամակցության գործընթացը

Ինչպե՞ս է աշխատում բանակցությունների գործընթացը

Բանակցություններ

Բանակցությունների գործընթացը բաղկացած է 6 թեմատիկ կլաստերների ներքո խմբավորված 35 բանակցային գլուխներից: Յուրաքանչյուր կլաստերի շուրջ բանակցությունները բացվում են որպես ամբողջություն՝ այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է բացման պայմանները: Յուրաքանչյուր գլուխ քննարկվում է առանձին՝ կապված դրա նախնական փակման հետ։

Հիմնարար սկզբունքներ

Հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները սկսվում են առաջինը եւ ավարտվում վերջինը։ Հիմնարար սկզբունքների կլաստերի ներքո առաջընթացն է որոշում բանակցությունների ընդհանուր տեմպը:

Ի՞նչն է առանցքային գործընթացում

Առանցքային արժեքներ

Եվրոպական միության անդամ դառնալու ձգտում ունեցող երկրների մեծամասնությանը մտահոգում են մի շարք առանձին հարցեր: Դրանք ներառում են օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի եւ մամուլի ազատության կարեւորությունը: Առանցքային արժեքների եւ քաղաքականության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ՝ անգլերեն լեզվով:

Առանցքային պայմաններ

Այստեղ ներկայացված են ընդամենը մի քանիսն այն պայմաններից, որոնք վերաբերում են կոնկրետ անդամակցության գործընթացին: Ամբողջական անգլերեն բառարանը կարող եք գտնել այստեղ:

Անդամակցության չափանիշներ

Անդամակցության չափանիշները կամ Կոպենհագենյան չափանիշները (1993 թվականին Կոպենհագենում Եվրոպական խորհրդի կողմից սահմանվելուց հետո) այն էական պայմաններն են, որոնք պետք է բավարարեն բոլոր թեկնածու երկրները անդամ պետություն դառնալու համար: Իմացեք, թե որոնք են դրանք:

Acquis

Acquis-ն ընդհանուր իրավունքների եւ պարտավորությունների ամբողջություն է, որը պարտադիր է ԵՄ անդամ բոլոր երկրների համար: Այն անընդհատ զարգանում է: Իմացեք, թե ինչ է այն ներառում:

Թեկնածու երկրներ

Եվրոպական միությանն անդամակցելու համար դիմող երկրին Եվրոպական խորհրդի կողմից կարող է տրվել թեկնածու երկրի կարգավիճակ՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկության հիման վրա:

Թեկնածու երկրի կարգավիճակը Միությանն ինքնաբերաբար միանալու իրավունք չի տալիս։ Հանձնաժողովն ուսումնասիրում է դիմումը՝ հաշվի առնելով անդամակցության չափանիշները (Կոպենհագենյան չափանիշները) եւ կազմում է կարծիք, մինչդեռ Եվրոպական խորհուրդը որոշում է կայացնում թեկնածու երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու մասին։

Իմացիր ավելին

2023 թվականի ընդլայնման փաթեթը մանրամասն գնահատում է անդամակցության առնչությամբ Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի եւ առաջին անգամ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի վիճակը եւ արձանագրած առաջընթացը։

Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) առաքելությունն է առաջ տանել ԵՄ-ի հարեւանության եւ ընդլայնման քաղաքականությունը: DG NEAR-ն աջակցում է ԵՄ-ին միանալու հեռանկար ունեցող երկրներին՝ բավարարելու Եվրոպական միության պայմանագրով եւ Եվրոպական խորհրդի կողմից սահմանված չափանիշները:

Անդամակցությունը կա եւ կմնա արժանիքների վրա հիմնված գործընթաց, որը լիովին կախված է յուրաքանչյուր երկրի կողմից ձեռք բերված օբյեկտիվ առաջընթացից: Յուրաքանչյուր երկրի կարգավիճակի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ: