Պատերազմ Ուկրաինայում. ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ «սպասարկման և համաձայնեցման» փաթեթը
22 Հուլիսի, 2022

Պատերազմ Ուկրաինայում. ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ «սպասարկման և համաձայնեցման» փաթեթը


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային ի պատասխան՝ Եվրոպական միությունը հուլիսի 21-ին ձեռռնարկել նոր միջոցներ, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցների խստացմանը, դրանց կիրառման բարելավմանը և արդյունավետության ամրապնդմանը:

«Սպասարկման և համաձայնեցման» այս փաթեթը նոր արգելք է սահմանում ոսկու ուղղակի կամ անուղղակի գնման, ներմուծման կամ փոխանցման համար, եթե այն ունի ռուսական ծագում և այնուհետև Ռուսաստանից արտահանվել է ԵՄ կամ որևէ երրորդ երկիր: Այս արգելքը վերաբերում է նաև զարդերին:

Փաթեթով նաև ընդլայնվում է վերահսկվող ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական և տեխնոլոգիական կատարելագործմանը կամ նրա պաշտպանության և անվտանգության ոլորտի զարգացմանը՝ այդպիսով ուժեղացնելով երկակի օգտագործման և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ հսկողությունը։

Ավելին, նոր միջոցներն ընդլայնում են նավահանգիստներ մուտքի գործող արգելքը՝ տարածվելով նաև նավային անցախուցերի (շլյուզերի) վրա՝ պատժամիջոցների շրջանցումից խուսափելու համար, ինչպես նաև ընդլայնում են դեպոզիտների ընդունման արգելքի գործունեության շրջանակը՝ ներառելով երրորդ երկրներում հիմնադրված իրավաբանական անձանց, կազմակերպությունների կամ մարմինների ավանդները, որոնք մեծամասնությամբ պատկանում են Ռուսաստանի քաղաքացիներին կամ Ռուսաստանում բնակվող ֆիզիկական անձանց։ Միջսահմանային առևտրի չարգելված ձևերի համար դեպոզիտների ընդունումը ենթակա է նախնական թույլտվության ազգային իրավասու մարմինների կողմից:

ԵՄ-ն նաև մի շարք պարզաբանումներ է ներկայացնում գործող միջոցների վերաբերյալ, օրինակ՝ պետական գնումների, ավիացիայի և արդարադատության ոլորտներում: Օրինակ, Ռուսաստանին ավիացիոն ապրանքների և տեխնոլոգիաների մասով տեխնիկական աջակցությունը կթույլատրվի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության տեխնիկական արդյունաբերական ստանդարտների սահմանման համար, իսկ Ռուսաստանի պետական ​​կառույցների հետ գործարքներ կնքելու արգելքը փոքր-ինչ կփոփոխվի՝ արդարադատության հասանելիությունն ապահովելու համար։

«Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների առնչությամբ այսօր կամ ավելի վաղ ընդունված միջոցներից ոչ մեկը որևէ կերպ ուղղված չեն երրորդ երկրների և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական և պարենային ապրանքների, այդ թվում՝ ցորենի և պարարտանյութերի առևտրի դեմ։ Նմանապես, ԵՄ-ի միջոցները երրորդ երկրներին և ԵՄ-ից դուրս գործող նրանց քաղաքացիներին չեն խոչընդոտում Ռուսաստանից դեղագործական կամ բժշկական արտադրանք գնելուն»,- պարզաբանում են ԵՄ-ից։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն նաև «ցուցակել է ռուսական խոշոր բանկերից ևս մեկը՝ «Սբերբանկը», ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված ագրեսիայում ներգրավված այլ անձանց, ինչպիսիք են զինվորականներ, «Գիշերային գայլեր» մոտոակումբը և ապատեղեկատվության առաջամարտիկները»:

Խորհուրդը նաև խստացրել է հաշվետվությունների ներկայացման պահանջները՝ ակտիվների հայտարարագրման բեռը դնելով պատժամիջոցների ենթարկված անձանց ուսերին: Այս միջոցը նպատակ ունի նպաստել ԵՄ-ում նրանց ակտիվների սառեցմանը։

«Սա հզոր ազդանշան է՝ ուղղված Մոսկվային. մենք ճնշումը բարձր կպահենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- Twitter-ում մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,