Դու նույնպես կարող ես: Ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում կանանց ձեռներեցությանը Հայաստանում

28 Փետրվարի, 2026

  • Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:
  • Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար գտնելն է՝ քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որեւէ տարբերակ ինձ համար:
  • Կա՞ն արդյոք ինձ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:
  • Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄ-ն կարո՞ղ է ինձ որեւէ բան առաջարկել:
  • ՈՒ՞մ կարող եմ դիմել օգնության համար:
Քարտ %1 / %2

Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ:

Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:

Ահա մի շարք օրինակներ.

Իմփաքթ Հաբ Երեւանն աջակցում է սոցիալական ազդեցության նախագծերին եւ ձեռնարկություններին՝ ձեռներեցներին ու նորարարներին առաջարկելով գործնական կապերի հնարավորություններ ու ռեսուրսներ, ինչպես նաեւ անցկացնելով նրանց համար կրթական ծրագրեր եւ միջոցառումներ: 2016 թվականին իր դռները բացելուց ի վեր Իմփաքթ Հաբը, որն աջակցվում է ԵՄ-ի կողմից, նախագծել եւ իրականացրել է ավելի քան 20 ծրագիր, անցկացրել է ավելի քան 400 կրթական սեմինարներ եւ միջոցառումներ եւ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամների՝ Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ավելի քան 100 նախագծերով/ կազմակերպություններով։ Առկա ծրագրերին կարող ես ծանոթանալ այստեղ։

2022 թվականին ստեղծվել է Իմփաքթ Հաբ Սյունիքը` մարզում ձեռնարկատիրական հնարավորություններին աջակցելու նպատակով՝ խոցելի եւ տեղահանված անձանց վերաորակավորելու եւ նրանց կարիքները բավարարելու միջոցով: Նրանց ծրագրերից շատերը կենտրոնացած են կանանց վրա:

Իմփաքթ Հաբ ընտանիքի վերջին համալրումը Իմփաքթ Հաբ Գյումրին է: Մանրամասներին ծանոթացիր այստեղ:

Հետեւիր Իմփաքթ Հաբի ֆեյսբուքյան էջին՝ երկրում վերջին նորությունների եւ հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Նորարարական տեխնոլոգիաներին վերաբերող գաղափար ունենալու դեպքում կարող ես դիմել Կատալիստ հիմնադրամին, որն իրականացնում է ԵՄ-ի կողմից աջակցվող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ստարտափ էկոհամակարգի համապատասխան հմտությունների եւ բիզնես կարողությունների զարգացմանը։

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը տեղական իշխանություններին աջակցում է տնտեսական աճի խթանման եւ աշխատատեղերի ստեղծման գործում: Ներկայումս այն երեք պիլոտային ծրագիր է ֆինանսավորում Կապան, Դիլիջան եւ Իջեւան համայնքներում.

  • Կապան. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան երեխաներին առաջարկում է թվային եւ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված անվճար կրթական ծրագրեր, իսկ ԹՈՒՄՈ լաբորատորիաները անվճար կրթական ծառայություններ կտրամադրեն մեծահասակների ինքնաուսուցման եւ բիզնեսի ինկուբացիայի ոլորտներում:
  • Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան վերածվում է ձեռնարկությունների եւ անհատների համար ժամանակակից քովորքինգ տարածքի՝ Դիլիջանի համայնքապետարանի, IDeA հիմնադրամի, Զբոսաշրջության եւ քաղաքաշինության հիմնադրամի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ: Դիլիջանի նոր գործարանային տարածքը կաջակցի իրենց բիզնես գաղափարները զարգացնել փորձող ձեռներեցներին, բիզնեսի կառավարման աջակցություն փնտրող փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ տեղի ազգաբնակչությանը, մասնավորապես՝ գործազուրկներին՝ զարգացման եւ մասնագիտական կողմնորոշման ծրագրերով:
  • Իջեւան. ստեղծվել է «ԻննոԻջեւան» հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման եւ կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով, ինչպես նաեւ բիզնեսի եւ անհատների համար քովորքինգ տարածքը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ COWO-ի հետ համագործակցությամբ։

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին եւ հյուրընկալող համայնքներին Three4ResilientArmenia ծրագիրն առաջարկում է գործարար աջակցության միջոցառումներ, որոնք իրականացվում են  «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի եւ «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրը կոչված է աջակցելու ձեռնարկատիրական հնարավորություններին՝ առաջարկելով բիզնես ինկուբատորի ծառայություններ եւ ֆինանսավորման հասանելիություն ստարտափներին՝ թիրախային խմբերի շրջանում:

«ԵՄ-ն՝ երիտասարդների համար (EU4Youth)» ծրագիրն, իր հերթին, գործարկել է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության զարգացմանը՝ ներառյալ մենթորությունը, վերապատրաստման ծրագրերը եւ այլն: EU4Youth-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում հազարավոր երիտասարդ կանայք կարողացել են ձեռք բերել նոր հմտություններ եւ ծրագրի աջակցությամբ գործարկվել են ավելի քան 50 նոր բիզնեսներ, մինչդեռ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում ստեղծվել են երեք նորարարական գիտելիքի գյուղական կենտրոններ, որոնք շարունակում են համացանցի հասանելիություն, ուսուցում եւ հմտությունների զարգացում ապահովել երիտասարդների համար: Հետեւիր EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մարտահրավերը գումար գտնելն է՝ քայլ առաջ կատարելու համար: Գոյություն ունի՞ արդյոք ԵՄ աջակցության որեւէ տարբերակ ինձ համար:

Եթե ցանկանում ես զարգացնել քո բիզնեսը, ապա Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված «EU4Business» նախաձեռնության ներքո հասանելի են ֆինանսավորման (եւ վերապատրաստման) մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագիրն առաջարկում է վարկեր, վերապատրաստումներ եւ խորհրդատվական ծառայություններ, որոնք նախատեսված են հատուկ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Ծրագիրն աշխատում է տեղում իր գործընկերների՝ «Ակբա Բանկ»-ի, «Ամերիաբանկ»-ի, «Արարատբանկ»-ի, «Հայէկոնոմբանկ»-ի եւ «Կոնվերս Բանկ»-ի հետ՝ առաջարկելով նպատակային ֆինանսավորման այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների կարիքների արձագանքմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելիր նշված կազմակերպությունների կայքէջէր կամ ուղղակի մտիր մոտակա մասնաճյուղ:

«Գործարար կանայք» ծրագրից զատ, փոքր ծավալի վարկեր է տրամադրում նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) (միջին վարկի չափը կազմում է 9,000 եվրո), որն հասանելի է ոչ միայն ՓՄՁ–ների, այլեւ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում գործող գերփոքր ձեռնարկությունների համար: Համանման վարկեր հասանելի են նաեւ «Green for Growth» ծրագրի միջոցով:

Հայաստանյան փոքր բիզնեսների համար հասանելի բոլոր վարկերի եւ դրամաշնորհների մասին տեղեկատվության համար այցելիր EU4Business-ի վեբկայք:

«Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագրի շրջանակներում էլ հնարավոր է սուբսիդավորված խորհրդատվական ծառայություններ ստանալ ռազմավարական պլանավորման, մարքեթինգի, գործառնությունների, որակի կառավարման, էներգաարդյունավետության, ֆինանսական կառավարման եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Այցելիր ՎԶԵԲ–ի կայքէջ եւ իմացիր, թե ինչպես կարող ես դիմել: Այցելիր նաեւ նրանց ֆեյսբուքյան էջ եւ ծանոթացիր Հայաստանի ողջ տարածքից բազմաթիվ կանանց ու փոքր ձեռնարկությունների օրինակների հետ, որոնք օգտվել են ծրագրից:

Կարող ես նաեւ դիմել Հայաստանում առաջին սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամին՝ VIA ֆոնդին, որը գործում եւ կառավարվում է Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից: Հիմնադրամը ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Արեւելյան գործընկերության երկրներում սոցիալական ձեռներեցության ու սոցիալական ներդրումների զարգացումը։ VIA ֆոնդը նպատակ ունի ֆինանսական եւ ոչ ֆինանսական համախառն աջակցության միջոցով (ներառյալ արագացման ծրագիրն ու ինտենսիվ մենթորությունը) ամրապնդել եւ զարգացնել շոշափելի սոցիալական ազդեցության արդյունքներ ապահովող սոցիալական ձեռնարկությունները: Սեղմիր այստեղ վերջին նորությունների եւ հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Կա՞ն արդյոք ինձ նման կանայք, ովքեր իրենց սեփական բիզնեսը սկսել կամ նոր մասնագիտացում են ստացել ԵՄ աջակցությամբ:

Նրանք ավելի շատ են, քան դու կարծում ես:

2024 թվականին «EU4Business» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում աջակցություն ստացած 11,853 ՓՄՁ-ների 51%-ը պատկանում էր կանանց: ՓՄՁ-ներին ցուցաբերվող աջակցությունը հանգեցրել է 232.1 մլն եվրո ընդհանուր հավելյալ եկամուտների, 27,313 նոր աշխատատեղերի, շրջանառության 17.2% աճի եւ արտահանման 7.2% աճի:

Օրինակ՝

Սոֆյա Խաչատրյանը, Էլինա Մելիքյանը եւ Անահիտ Հակոբյանը «Գործարար կանայք» ծրագրի օգնությամբ համապարփակ թվային մարքեթինգային ռազմավարություն են մշակել իրենց հայալեզու սեղանի խաղերի պատրաստմամբ զբաղվող իրենց փոքր բիզնեսի համար: «Ծրագրի արդյունքում ձեռք բերված գործիքակազմն արդեն մեր ձեռքերում է։ Պլանները շատ են, շուտով սկսելու ենք հերթով իրագործել դրանք», — ասում են ընկերության հիմնադիրները:

Երկու երեխաների միայնակ մայր Լուսինե Առաքելյանը EU4Youth-ի աջակցությամբ իր կարի հոբբին վերածել է բիզնեսի: Նա մասնակցել է ծրագրի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության դասընթացներին եւ շահել 4,000 եվրո բիզնես դրամաշնորհ, որով բարելավել է իր կարի արտադրամասի պայմանները, գնել անհրաժեշտ սարքավորումներ ու ընդլայնել իր բիզնեսը:

Զոյա Սաֆարյանը 19 տարեկան է եւ օգտվել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրից՝ Սեւանում. «Լսել էի, որ Սեւանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն՝ ինչպես սկսել եւ ինչ անել»,- ասում է Զոյան: Նա որոշել է փորձել, սովորել է մշակել բիզնես պլան եւ այժմ նախատեսում է մարքեթինգային կենտրոն ստեղծել իր հայրենի քաղաքում:

Մարիա Ալոյանը եւ Լիանա Հակոբյանը գործատուների եւ ուսանողների համար առցանց համագործակցության «Breedge» հարթակի երկու համահիմնադիրներից են: Նրանք ավարտել են Հայաստանի ստարտափ ակադեմիայի եռամսյա դասընթացը եւ դրամաշնորհ են ստացել EU4Business-ից՝ իրենց գաղափարն իրականացնելու համար:

Ինգա Մանուկյանը «Կանայք բիզնեսում» ծրագրի կողմից քոուչինգային եւ գործնական աջակցություն է ստացել իր մանածագործական ընկերության համար, ինչը հանգեցրել է շրջանառության աճի՝ 25%-ի չափով, եւ վաճառքների աճի՝ 20%-ի չափով: Այժմ ընկերությունն իր արտադրած հագուստն արտահանում է ԵՄ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ես վստահ չեմ, որ բիզնես սկսելու ցանկություն ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն աշխատանք գտնել: ԵՄ-ն կարո՞ղ է ինձ որեւէ բան առաջարկել:

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ մեկտեղված են բարձրագույն կրթությունն ու արդյունաբերությունը եւ որը տեղացի ուսանողներին, հետազոտողներին եւ մասնագետներին կապում է միմյանց ու իրենց գլոբալ գործընկերների հետ` խթանելով նորարարությունը եւ ձեռներեցությունը: Կենտրոնում գործելու են կրթական եւ ուսումնական մի շարք հաստատություններ, ինչպիսիք են ԹՈՒՄՈ լաբորատորիաները եւ ծրագրավորման «42 Երեւան» դպրոցը։

ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երեւանում, Դիլիջանում եւ Գյումրիում։ Եվս 5 ԹՈՒՄՈ տուփեր ԹՈՒՄՈ-ի ուսումնական ծրագիրն առաջարկում են Գավառում, Բերդում, Վայքում, Սեւանում եւ Կապանում: Սեղմիր այստեղ՝ ձեզ մոտ գտնվող ԹՈՒՄՈ կենտրոնի մասին ամբողջական տեղեկատվության համար:

Առաջ նայելով՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ստեղծում է նաեւ եզակի խոհարարական էկոհամակարգ ՀՀ Շիրակ քաղաքում: Այս նախաձեռնության շրջանակներում Թումոնն համագործակցում է Լիոնի Institut Lyfe-ի հետ՝ համաշխարհային մակարդակի խոհարարական դպրոց ստեղծելու նպատակով: 8000 քառակուսի մետր մակերեսով, 9 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կնպաստի քաղաքի պատմական շուկայի վերածննդին, դրա սրտում եզակի խոհարարական դպրոցի ստեղծմանը եւ շուրջը ռեստորանների ու խանութների բացմանը, որոնք ներդաշնակ կերպով կփոխազդեն շուկայի եւ դպրոցի հետ: Սեղմիր այստեղ ավելին իմանալու համար:

ԵՄ-ն «Էրազմուս +»-ի երիտասարդական ծրագրերի շրջանակներում հետաքրքիր հնարավորություններ է առաջարկում 30 տարեկանից ցածր երիտասարդ կանանց եւ աղջիկներին: Դու կարող ես միանալ հազարավոր հայ երիտասարդներին, ովքեր արդեն իսկ նոր հմտություններ եւ արժեքավոր փորձ են զարգացրել՝ երիտասարդական նախագծերին մասնակցության կամ Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո կամավորական աշխատանքի անցնելու շնորհիվ:

Իսկ եթե ներգրավված ես բարձրագույն կրթության ոլորտում, ապա «Էրազմուս +»-ը առաջարկում է ուսանողների փոխանակման եւ ասպիրանտական ​​ծրագրերի հնարավորություններ Եվրոպայում: Իմացիր ավելին բոլոր հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ծանոթացիր դիմելու ընթացակարգին:

ՈՒ՞մ կարող եմ դիմել օգնության համար:

Գործարար խորհրդատվության աջակցության վերաբերյալ տեղեկատվության եւ կոնտակտային տվյալների համար այցելիր ԵՄ պատվիրակության վեբկայք, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վեբկայք։ Ծանոթացիր նաեւ Հայաստանում EU4Business-ի հովանու ներքո հասանելի վերապատրաստման եւ ֆինանսավորման լրացուցիչ հնարավորություններին: Կայքը համապարփակ տեղեկատվություն է ներառում վարկային եւ դրամաշնորհային հնարավորությունների, ինչպես նաեւ բիզնեսի զարգացման ծառայությունների մասին:

Կարող ես այցելել նաեւ սոցիալական ձեռնարկությունների VIA ֆոնդ, ինչպես նաեւ Բիզնեսի աջակցման կենտրոն, որը ներգրավված է ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծերում, որպիսին ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն է (ՓՄՁ ԶԱԿ):

Մի մոռացիր նաեւ հետեւել Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ու նոր հնարավորությունների վերաբերյալ ծանուցումներին:

Զետեղել
The recommended iFrame size is 100% width and 750px height


ყველაზე წაკითხული


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,