Վրաստանում լույս է տեսել գենդերային հավասարության մասին «Խիզախ փոքրիկ սրտեր» մանկական գիրքը
21 Հուլիսի, 2023

Վրաստանում լույս է տեսել գենդերային հավասարության մասին «Խիզախ փոքրիկ սրտեր» մանկական գիրքը


Եվրամիության աջակցությամբ Վրաստանում լույս է տեսել «Խիզախ փոքրիկ սրտեր. հույսի եւ բարության պատմություններ» հեքիաթների գիրքը, որը երեխաներին պատմում է գենդերային հավասարության մասին:

Գրքում ներկայացված են հինգ հեքիաթներ, որոնք գրվել են Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների հեղինակների կողմից: Արմեն Օհանյանը (Հայաստան), Աֆսանա Յուսիֆովան (Ադրբեջան), Մինդիա Արաբուլին (Վրաստան), Պաուլա Էրիզանուն (Մոլդովա) եւ Նատալյա Տրոխիմը (Ուկրաինա) գրել են պատմություններ, որոնք մարտահրավեր են նետում ավանդական գենդերային դերերին եւ անդրադառնում այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են գենդերային կարծրատիպերը, մարդու իրավունքները, խտրականությունը, դրական ծնողավարությունը եւ երեխաների խնամքին տղամարդկանց մասնակցությունը։

Նկարազարդումները նույնպես արվել են ԱլԳ երկրները ներկայացնող նկարիչների՝ Հարություն Թումաղյանի, Սվետլանա Պարֆենյուկի, Սեւինչ Գուլիեւայի, Մարի Կախուրիշվիլիի եւ Եվհենյա Պոլոսինայի կողմից: Գիրքն ու դրա շապիկը ձեւավորել է Խաթիա Չիտորելիձեն։

Գիրքը ստեղծվել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի շրջանակներում՝ վրացական «Խնամենք միասին» ՀԿ-ի հետ համատեղ: Օգտագործելով պատմասացության ուժը՝ այս նախաձեռնությունը ձգտում է նպաստել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ավելի հավասար եւ ներառական հասարակության ձեւավորմանը:

«Արդի ժամանակները պահանջում են արդիական պատմություններ: Մեր ժամանակների հերոսուհիները չեն սպասում, որ իրենց փրկի արքայազնը, նրանք քաջ են ու վճռական եւ իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Իսկ մեր ժամանակների հերոսները, ի տարբերություն բարձր ամրոցներում ապրող հանրահայտ արքայազների, կարեկցող են ու երազկոտ»,- ասում է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Օլգա Օսաուլենկոն՝ հավելելով. «Հեքիաթների այս ժողովածուն առաջարկում է այլ հայացք կանանց եւ տղամարդկանց, աղջիկների եւ տղաների դերերին եւ հանդիսանում է տարածաշրջանի այն նախաձեռնություններից մեկը, որը վերաիմաստավորում է այն դերերն ու վարքագիծը, որոնք հասարակությունն ակնկալում է մեզանից: Մենք հպարտ ենք, որ ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման կառույցը (ՄԱԿ-Կանայք) եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող համատեղ ծրագրի միջոցով հնարավորություն են ունեցել աջակցելու այս կարեւոր ժողովածուի հրատարակմանը»:

«Խիզախ փոքրիկ սրտեր» հեքիաթների գիրքը հասանելի է անգլերեն, վրացերեն եւ հեղինակների մայրենի լեզուներով բնօրինակ տեքստերի ժողովածուի տարբերակներով:

Գիրքն անվճար կտարածվի Վրաստանի ողջ տարածքում։ Գրքի օրինակներ են ստացել նաեւ Թբիլիսիի քաղաքային գրադարաններն ու հանրակրթական դպրոցները՝ այն հասանելի դարձնելով պատանի ընթերցողներին:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,