Շուտով Հայաստանը Եվրոպական միությունից կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ առեւտրի ամրապնդման եւ դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հուլիսի 2-ին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երեւան կատարած այցի ժամանակ։ Նա ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. «Վերջին ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Հայ ժողովուրդը շարունակում է ընթանալ ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ առավել սերտ գործընկերության ճանապարհով։ Ոչ մի երկրի նկատմամբ չպետք է ճնշում գործադրվի իր ինքնիշխան ընտրության համար։ Հայաստանը կարող է ապավինել մեզ»։
18 միլիոն եվրոյի ֆինանսավորումը հունիսի սկզբին ֆոն դեր Լայենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույցի ժամանակ քննարկված 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի վերջին կտորն է։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս ֆինանսավորումը, օրինակ, կարող է նպաստել արտահանման խթանման գործակալության ստեղծմանը եւ հայկական ձեռնարկությունների արտահանման ներուժի ընդլայնմանը։
Երեւանում ֆոն դեր Լայենը ներկայացրեց, այսպես կոչված, առեւտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures) առաջարկը, որի շնորհիվ Հայաստանի՝ Եվրոպական միություն արտահանման գրեթե 80 տոկոսը կազատականացվի։ Սա նշանակում է, որ Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն այլեւս չի ենթարկվի մաքսատուրքերի։ Այսպիսով, Հայաստանը կկարողանա դեպի Եվրոպական միության՝ 450 միլիոն սպառող ունեցող միասնական շուկա վերաուղղել այն արտադրանքը, որն այսօր դեռեւս մեծապես կախված է ռուսական շուկայից։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս միջոցառումների շնորհիվ Եվրոպական միության շուկան կբացվի Հայաստանից նախկինում Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի եւ բույսերի գրեթե 99 տոկոսի համար։ Միեւնույն ժամանակ, Եվրոպական միության միասնական շուկան հասանելի կդառնա նաեւ Հայաստանի խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 90 տոկոսի համար։
«Փաստորեն, վերջին ամսվա ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ներկրմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների արդյունքում դուք, մենք միջոցներ կունենանք դիվերսիֆիկացվելու եւ արագ դիվերսիֆիկացվելու», — ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ դիմելով Փաշինյանին։
Ֆոն դեր Լայենը նաեւ հայտարարեց, որ հուլիսի կեսերին ԵՄ-ը Հայաստան կուղարկի փորձագետների, որոնք անմիջականորեն կաշխատեն տեղի արտադրողների, գործարարների եւ արտահանողների հետ՝ օգնելով նրանց լիարժեք օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է Եվրոպական միության հետ արտոնյալ գործընկերությունը։
Նախորդ օրը Բաքվում ֆոն դեր Լեյենը հայտարարել էր 20 միլիոն եվրոյի հատկացման մասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տեղական բնակչության համար խաղաղության խթանման ծրագրին աջակցելու նպատակով: Այս ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի տեղական համայնքներին՝ առողջապահության, ականազերծման, հմտությունների զարգացման եւ տեղական բիզնեսների ոլորտներում խաղաղության խթանման ներդրումների միջոցով՝ օգնելով ապահովել, որ մարդիկ իրենց առօրյա կյանքում զգան խաղաղության շոշափելի օգուտները:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,