Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ինը նորարարական ստարտափներ ցուցադրել են իրենց լուծումները հունիսի կեսերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած VivaTech 2026-ի շրջանակներում անցկացված EU4Innovation East Pitch մրցույթում։ VivaTech-ը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական եւ ստարտափ միջոցառումներից մեկն է։
EU4Innovation East ծրագրի կողմից կազմակերպված մրցույթն ընդգծեց Արեւելյան գործընկերության տարածաշրջանի աճող նորարարական ներուժը եւ դրա անընդհատ մեծացող ինտեգրումը եվրոպական նորարարական էկոհամակարգին: Մրցույթը միավորել էր ընկերությունների հիմնադիրներին, նորարարության ոլորտի փորձագետներին եւ էկոհամակարգի առաջնորդներին՝ բացահայտելու արհեստական բանականության, առողջապահության, կիբերանվտանգության, կլիմայական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման, կրթական տեխնոլոգիաների եւ շրջանաձեւ տնտեսության գլոբալ մարտահրավերների արձագանքմանն ուղղված հեռանկարային տեխնոլոգիաները:
Ազգային մրցույթների եւ էկոհամակարգային գործընկերությունների միջոցով ընտրված ինը ստարտափներն էին՝ Հայաստանից՝ Denovo Sciences, MedPair եւ TACTUN, Մոլդովայից՝ SELFTALK, LyricFluent եւ Oto, իսկ Ուկրաինայից՝ SEC-TA, Z1RO եւ Hydratico ընկերությունները։
Ժյուրին առաջին տեղը շնորհեց կլիմայական տեխնոլոգիաների ոլորտի Hydratico ստարտափին (Ուկրաինա), որը զբաղվում է էներգաարդյունավետ աղազրկման եւ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման համար առաջանցիկ գերկավիտացիոն տեխնոլոգիայի մշակմամբ: Երկրորդ տեղը գրավեց MedPair առողջապահական տեխնոլոգիական հարթակը (Հայաստան), որը բարելավում է հիվանդ-բժիշկ հաղորդակցությունը եւ կլինիկական աշխատանքային հոսքերը: Երրորդ տեղը գրավեց Oto թվային լուծումը (Մոլդովա), որն օգնում է հյուրընկալության ոլորտում գործող բիզնեսներին բարելավել հաճախորդների փորձը՝ QR կոդի վրա հիմնված պատվերների եւ բազմալեզու թվային ճաշացանկերի միջոցով:
Վերոնշյալից բացի, բնական մանրաթելերից էկոլոգիապես մաքուր ձուլածո փաթեթավորում արտադրող Z1RO ստարտափը (Ուկրաինա) հանրային քվեարկության արդյունքում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
Մրցույթն անկացվեց EU4Innovation East-ի՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ստարտափ էկոհամակարգերն ամրապնդելու ավելի լայն ջանքերի շրջանակում՝ միջազգային ցանցերին, փորձագիտական շրջանակներին, ներդրողներին եւ շուկաներին հասանելիությունը հեշտացնելու միջոցով: VivaTech-ի ընթացքում մասնակից ստարտափները նաեւ օգտվեցին նեթվորքինգի հնարավորություններից, ներդրողների եւ էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներից, ինչպես նաեւ եվրոպական քաղաքականության մշակողների եւ նորարարության առաջնորդների հետ փոխանակումներից:
EU4Innovation East ծրագիրն իրականացվում է Expertise France-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,