Ընտանեկան կապեր. ուժի աղբյուր դժվարին ժամանակներում
19 Ապրիլի, 2023

Ընտանեկան կապեր. ուժի աղբյուր դժվարին ժամանակներում


«Սա զարմանալի եւ, իհարկե, թարմացնող տեսանկյուն էր՝ համեմատած այն գործերի հետ, որոնք մենք սովոր ենք տեսնել», – նշում է EU NEIGHBOURS east – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամներից մեկը՝ համադրող եւ լուսանկարչական խորհրդատու Արիաննա Ռինալդոն՝ եզրափակչի մասնակիցների մասին իր տպավորություններով կիսվելիս: Հաղթողների անունները հայտարարվեցին մարտի 31-ին Թբիլիսիում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մրցույթը Արեւելյան գործընկերության վեց երկրների պրոֆեսիոնալ լուսանկարիչներին հրավիրել էր ներկայացնելու «Ընտանեկան կապեր» թեմայով իրենց լուսանկարների շարքերը: Արդյունքները տպավորեցին տարածաշրջանի հանդիսատեսին:

«Ես արվեստի միջոցով փրկություն գտած մարդու օրինակ եմ»

«Այս մրցույթը վեհ նպատակ ուներ՝ խոսել ընտանիքի եւ ընտանեկան կապերի մասին այս դժվարին ժամանակներում։ Մենք կարիք ունենք մարդկանց հիշեցնելու, որ Ուկրաինան Եվրոպայի մաս է, նույնիսկ եթե այն Եվրոպական միության մաս չէ: Ուկրաինան Եվրոպայի մշակութային քարտեզի մի մասն է, եւ արժե խորամուխ լինել այդ կապերի մեջ», – նշում է մրցույթի ուկրաինացի հաղթող Մարիսյա Մյանովսկան։

Նրա «Օ՜, եղբա՛յր, որտե՞ղ ես դու» նախագիծը քաղաքային պատմություն է Կիեւի բնակելի թաղամասի 90-ականների «կորուսյալ սերնդի» մասին: Խթանը եղբոր կորուստն էր, ով «Ապրիր արագ, մեռիր երիտասարդ» կարգախոսը դավանողներից էր։ Բայց Մարիսյայի գաղափարը շատ ավելի խորն է:

«Ես արվեստի միջոցով փրկություն գտած մարդու օրինակ եմ։ Ծնողներս ֆինանսական հնարավորություններ չունեին ինձ ինչ-որ կերպ աջակցելու համար, բայց նրանք ինձ միշտ աջակցել են իմ ապագայի հանդեպ իրենց հավատով: Ինչ վերաբերում է նախագծի պատմությանը, ապա կարծում եմ, որ իրականում ես կարող էի ապրել եղբորս կյանքը, իսկ նա՝ իմ։ Իմ մեծագույն երազանքն է անվճար արվեստի դպրոց բացել Տրոյեշչինայում՝ Կիեւի խոշոր թաղամասում։ Շատ կուզենայի, որ երեխաները, ովքեր երբեմն իրենց համար այլ ճանապարհ չեն տեսնում, քան իրենց ծնողների ճակատագիրը կրկնելը, սովորեն, որ արվեստը կարող է փոխել աշխարհը», – բացատրում է նա:

Անձնական կորստի միջով անցնելու եւ ընտանիքի, նույնիսկ երկրի ճակատագրի վերաիմաստավորման մեկ այլ օրինակ է Մոլդովան ներկայացնող հաղթողը՝ Կատերինա Շոշեւան՝ իր «SEM’YA» նախագծով:

«Ընտանեկան կապերն ինձ համար շատ կարեւոր են, քանի որ կյանքում որոշ բաներ ես ընդունում էի որպես տրված: Եղբայրս մահացավ մոտ վեց տարի առաջ, եւ ես գտա նրա կինոարխիվը: Նա այն հավաքել էր դեռահաս տարիքում, եւ դա առավելապես հիշողություն է իմ եւ այդ բնակարանում հասակ առնող չորս եղբայրներիս համար», – ասում է լուսանկարիչը, ով ի սկզբանե չէր ցանկանում սկսել ինքնաճանաչման այդ գործընթաց – նախագիծը։

Բայց արվեստը շատ փոխեց նրա կյանքը, ուստի ավելի քան 10 տարի որպես մենեջեր աշխատելուց հետո նա որոշեց փոխել ամեն ինչ:

«Ես պարզապես հետեւում էի իմ զարմիկներին եւ զարմուհիներին, որոնք մեծանում էին այդ նույն բնակարանում, ուստի փորձեցի անդրադառնալ սերունդների փոխհարաբերություններին եւ թե ինչպես են դրանք ձեւավորում մեզ: Դա կարեւոր է, քանի որ իմ ընտանիքն այժմ սփռված է աշխարհով մեկ, եւ ես վերջինն եմ, ով մնացել է Մոլդովայում», – ասում է Կատերինան:

Արտաքին իրադարձությունները փոխեցին նաեւ եզրափակչի բելառուսցի մասնակից Պաշա Կրիչկոյիկյանքը։ Մրցույթի ժյուրին իրապես տպավորված էր 2020 թվականի իրադարձությունների պատճառով վտարանդի դարձած բելառուսների ընտանեկան կապերի մասին նրա տեսանկյունից: Մինչ նշված իրադարձությունները նա զբաղվում էր կոմերցիոն լուսանկարչությամբ, իսկ այժմ փաստագրում է իրականությունը, որին բախվում են ոչ միայն բելառուսները, այլեւ Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը ավելի քան մեկ տարի դիմադրող ուկրաինացիները։

«Ես Մինսկում ընտանիք ունեմ, ծնողներս այնտեղ են, բայց ինչքան էլ ուզում եմ, չեմ կարող տեսնել նրանց: Հայրս քաղցկեղ ունի, եւ եթե ինչ-որ բան պատահի, ես չգիտեմ, թե ինչպես այցելել նրան, քանի որ ինձ կարող են անմիջապես կալանավորել։ Ուստի ես ուզում էի օրինակ ցույց տալ՝ օգտագործելով ողջ հասարակությունը եւ մեզ հետ այս պահին կատարվողը ներկայացնող փոքրիկ պատմությունները», –ասում է նա:

Պաշան նույն վիճակում է, ինչ Բելառուսը լքած եւ վերադառնալ չկարողացող իր բոլոր հայրենակիցները, եւ նա շարունակում է փաստագրել այդ իրականությունը։ «Ես նաեւ հասկանում եմ, որ դա ինչ-որ կերպ օգնում է ինձ ուժ գտնել՝ շարունակելու իմ աշխատանքը, քանի որ ինչ-որ մեկը պետք է բարձրաձայնի խնդիրների մասին: Այնպես որ, ես իսկապես հպարտ եմ, որ բելառուս եմ», – հավելում է նա:

«Պետք չէ վախենալ սոցիալական հիմնախնդիրները լուսաբանելուց»

Սոցիալական հիմնախնդիրներն ու հանգամանքները որոշիչ դարձան նաեւ հայաստանցի հայտնի լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի կարիերայում։ Նրա աշխատանքները հաճախ ունենում են ֆոտոռեպորտաժի եւ վավերագրական էսսեների տեսք, սակայն մրցույթի համար նա ներկայացրեց «ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ» (Ֆրագմենտալ ապրում)» խիստ անձնական նախագիծը։

«Սա անհատական լուսանկարչության տեսակ է եւ միեւնույն ժամանակ նման չէ ընտանեկան լուսանկարչությանը: Ես փորձեցի բացահայտել իմ հարաբերությունները պատերազմ մեկնած տղայիս՝ Միքայելի հետ։ Ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ կերպ այս պատմությունը տեսել, վերցրել եւ ընտրել են», –բացատրում է նա:

Սկզբում նա այնքան ցնցված էր սեփական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից, որ կարծում էր՝ այլեւս երբեք չի կարողանա լուսանկարել: Բայց այս մարտահրավերը նաեւ խթան դարձավ, որ նա հաղթահարի իր վախերը եւ շարունակի իր մասնագիտական աշխատանքը։

«Ընտանեկան կապերն ինձ համար շատ կարեւոր են, քանի որ ես շատ վաղ տարիքում եմ դարձել կին եւ մայր: Ես շատ ամուր ընտանիք ունեմ ամուսնուս ու երկու որդիներիս հետ, որոնց բոլորին էլ սիրում եմ։ Ես միշտ լուսանկարում եմ այլոց պատմությունները, եւ երբեք մտքովս չի անցել, որ ինչ-որ կերպ նկարելու եմ որդուս եւ ինձ»,  խոստովանում է նա։

Մրցույթի գաղափարը նաեւ Արեւելյան գործընկերությանն ավելի մոտիկից ծանոթանալու մեջ է կայանում: «Դա հնարավորություն էր ծանոթանալու աշխարհի մի հատվածի եւ լուսանկարչական աշխարհի հետ, որը ես սովորաբար չեմ տեսնում ամեն օր», – ասում է ժյուրիի անդամներից Արիաննա Ռինալդոն: «Մեզնից շատերը լուսանկարչական աշխարհում կենտրոնացած են Արեւմտյան Եվրոպայի եւ Արեւմտյան աշխարհի վրա: Մեր տեսած աշխատանքներում կային տարբեր պատմություններ եւ բազմազան ոճեր: Իրոք, բավականին տպավորիչ էր տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխարհի այս մասից՝ Արեւելյան Եվրոպայից, փոխանցում այս տարվա թեմայի՝ ընտանեկան կապերի վերաբերյալ իրենց ըմբռնումը», –բացատրում է Ռինալդոն:

Այս տեսլականի հաստատումն են եւս երկու երկրների՝ Ադրբեջանը եւ Վրաստանը ներկայացնող հաղթողների աշխատանքները։

Օրինակ, ադրբեջանցի հաղթող Օրխան Ազիմովը ներկայացրել է Աստարայի շրջանի հեռավոր Դիգո գյուղի երեխաների կյանքը: Նա միանգամից մի քանի սոցիալական հիմնախնդիր է բարձրաձայնել՝ տնտեսական եւ կրթական։

«Երեխաները ստիպված են մի քանի կիլոմետր քայլել՝ հարեւան գյուղերի դպրոցներում կրթություն ստանալու համար։ Այնտեղ 40-50 երեխա կա։ Ինձ իսկապես հետաքրքրեց այս հիմնախնդիրը եւ ես կապ հաստատեցի տեղի բնակիչների հետ: Երբ ես այցելեցի այդ գյուղ եւ տարածեցի այս լուսանկարները սոցիալական ցանցերում, մեծ աղմուկ բարձրացավ: Եվ մի քանի ամիս անց որոշվեց այդ գյուղում մոդուլային տիպի դպրոց կառուցել», – ասում է նա։ Սա օրինակ է, թե ինչպես արվեստը կարող է իրականում լուծել սոցիալական հիմնախնդիրները։ Փաստորեն, 2023 թվականի սեպտեմբերից երեխաները կարող են գնալ տեղի դպրոց՝ լեռների միջով հարեւան գյուղեր գնալու փոխարեն։

Օրխան Ազիմովն ակտիվ է Instagram-ում։ Վերջերս նա նկարներ է արել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից եւ խորապես հավատում է վավերագրական լուսանկարչության ուժին։

«Ես եղել եմ շատ երկրներում եւ նկարահանել տարբեր իրադարձություններ: Իմ գործընկերներին խորհուրդ կտամ չվախենալ նման հարցերի լուսաբանումից։ Որովհետեւ մենք՝ որպես լուսանկարիչներ, պետք է լույս սփռենք աշխարհում նման իրադարձությունների վրա եւ դրանք հասցնենք համաշխարհային հանրությանը», – ասում է նա։

Վրաստանը ներկայացնող հաղթողը՝ Նաթելա Գրիգալաշվիլին, հիմնականում աշխատում է երկրի առավել հեռավոր շրջաններում։ Նրա «Վրացի քոչվորների վերջին օրերը» նախագիծը երկրի եզակի շրջաններից մեկի՝ լեռնային Աջարիայի մասին է:

«Այս նախագծի վերնագիրը փոքր-ինչ հոռետեսական է, բայց ես դեռ կարծում եմ, որ մենք կարող ենք հասկանալ երկու կողմերին էլ. քոչվորական կյանքը եւս աստիճանաբար վերանում է, բայց միեւնույն ժամանակ այսօր միայն նրանք են պահպանել այդպիսի ժառանգություն։ Մեր օրերում նրանք շարունակում են տեղափոխել իրենց ողջ ընտանիքներով եւ պահպանել նման շարժումը»,  բացատրում է նա:

Նաթելա Գրիգալաշվիլին նախկինում աշխատել է որպես ֆոտոլրագրող, ինչպես նաեւ կինոօպերատոր, իսկ որպես վավերագրական լուսանկարիչ սկսել է նկարահանել 2016 թվականից։

«Ես տեսախցիկի օգնությամբ մի տեսակ հետազոտություն եմ անցկացնում մարզերում ապրող մարդկանց մասին։ Գլոբալիզացիան կամաց-կամաց ջնջում է ամեն ինչ, մենք չենք կարող դա կանգնեցնել, բայց տեսախցիկը կարող է պահպանել ներկայի պատմությունը, որը փոխվում է մեր աչքի առաջ», – ասում է նա։

Տարածաշրջանի նկատմամբ նման ուշադիր եւ պրոֆեսիոնալ հայացքը բացահայտում էր ժյուրիի համար, որն ընտրություն կատարեց ավելի քան 400 աշխատանքների միջից։

«Պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ մրցույթին ներկայացված աշխատանքների որակով: Ես տեսա երկու միտում, եթե կարելի է այդպես ասել. մեկը բազմաթիվ լուսանկարիչների քաղաքական ակտիվությունն է, եւ իրենց կատարած ուսումնասիրությունների փաստը հուշում է, որ նրանց սոցիալապես ու քաղաքականապես խիստ գիտակից են, իսկ մյուսն այն է, թե որքան նվիրված են նրանք պատկերում տարածաշրջանը եւ աշխատում իրենց բնակավայրի ու համայնքի հետ: Սա մի բան է, որը ես խիստ արժեվորում եմ», – նշում է ժյուրիի մեկ այլ ներկայացուցիչ՝ լուսանկարիչ Կարոլինա Գեմբարան:

Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին եւ նրանց աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,