«Եվրոպան մարմնացավ իրական դեմքերի եւ պատմությունների մեջ». երիտասարդ եվրոպական դեսպանները պատմում են տասը տարվա ընկերության ու համայնքային նախագծերի մասին
18 Հունիսի, 2026

«Եվրոպան մարմնացավ իրական դեմքերի եւ պատմությունների մեջ». երիտասարդ եվրոպական դեսպանները պատմում են տասը տարվա ընկերության ու համայնքային նախագծերի մասին


Հայաստանյան փոքրիկ մի գյուղում դեռահասները սովորում են տարորոշել առցանց ապատեղեկատվությունը։ Ադրբեջանում երիտասարդները հավաքվում են քննարկելու դիվանագիտությանը, առաջնորդությանը եւ իրենց սահմաններից դուրս հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վրաստանի գյուղական վայրերում աշակերտներն առաջին անգամ լսում են, որ արտասահմանում սովորելը կամ կամավորական աշխատանքը կարող է իրենց հասանելի լինել։ Մոլդովայում երիտասարդները դպրոցից դպրոց են գնում՝ բացատրելով, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական միությունը՝ քաղաքականությունից եւ վերնագրերից անդին։ Ուկրաինայում երիտասարդ ակտիվիստներն իրենց աշխատանքը հարմարեցնում են պատերազմական ժամանակների իրողություններին՝ միաժամանակ ամրապնդելով իրենց համայնքների դիմակայունությունը։

Իր գործարկումից տասը տարի անց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ EU NEIGHBOURS east ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEA) ցանցը միավորել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների հազարավոր երիտասարդների։ Այնուամենայնիվ, ցանցի ժառանգությունը չափվում է ոչ միայն դրա շրջանակում իրականացված նախագծերով կամ միջոցառումներով, այլեւ այն մարդկանցով, որոնց կյանքն այն փոխել է։

«Ես հասկացա, որ Եվրոպան տարբեր պատմական փորձությունների, տրավմաների եւ հաղթանակների բարդ խճանկար է», ասում է երիտասարդ եվրոպական դեսպան Ելիզավետա Ադամսկան Ուկրաինայից։

Երիտասարդական առաջնորդությունից՝ պատասխանատվության ստանձնում

Ելիզավետայի կյանքում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը հայտնվեց ճիշտ ժամանակին։ 2019 թվականին ցանցին միանալիս՝ նա արդեն աշխատում էր գենդերային հավասարության, ներառման եւ շրջակա միջավայրի հարցերի հետ կապված նախագծերի վրա։

«Ես ունեի իմ սեփական նախագծերը։ Ես հետաքրքրված էի գենդերային հավասարության, բնապահպանության եւ ներառման հիմնահարցերով։ Բայց այդ ամենից զատ, ես դեռ զգում էի, որ փոփոխություն եմ ուզում»,- ասում է նա։

Այնուհետեւ Ադամսկան հայտնաբերեց ցանցը. «Եթե 2019 թվականին Եվրոպական միությունն ինձ համար դեռեւս վերացական ինչ-որ բան էր, ապա այսօր դա իրական դեմքեր են, իրական պատմություններ եւ իրական համոզմունք առ այն, որ Ուկրաինայի ապագայի գրավականն այս մարդկանց հետ ամենօրյա երկխոսությունն է»։

Շրջապատված լինելով նմանատիպ արժեքներ եւ հավակնություններ կիսող մարդկանցով՝ Ադամսկան արագորեն դարձավ նախաձեռնության ամենաակտիվ անդամներից մեկը։ Ավելի ուշ նա սկսեց ղեկավարել YEA ցանցը Արեւմտյան Ուկրաինայում՝ նախքան գենդերային հավասարության ոլորտում նախաձեռնության աշխատանքների պատասխանատվությունը ստանձնելը։

Սակայն ամեն ինչ փոխվեց 2022 թվականի փետրվարին։ Միլիոնավոր ուկրաինացիների նման՝ երիտասարդ եվրոպական դեսպանները անսպասելիորեն հայտնվեցին բոլորովին այլ իրականության մեջ։ «Լայնածավալ ներխուժումից առաջ մենք խոսում էինք լսելի լինելու ցանկության մասին»,- հիշում է Ելիզավետան։

Կրթական միջոցառումներն ավելի ու ավելի հաճախ էին կենտրոնանում  դիմակայունության, մեդիագրագիտության, ապատեղեկատվության դեմ պայքարի եւ համայնքների ամրապնդման հարցերի վրա: Մասնակիցներն արագ հարմարվեցին՝ կազմակերպելով նորանոր նախաձեռնություններ եւ արձագանքելով ի հայտ եկող մարտահրավերներին։

«Մարդիկ դարձան ավելի ճկուն եւ սկսեցին կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված ապատեղեկատվության դեմ պայքարին եւ դիմակայունության ամրապնդմանը»,- հիշում է նա։

Միաժամանակ, ցանցն ինքն էլ հասունացավ։ «Եթե նախկինում մենք խոսում էինք երիտասարդական առաջնորդության մասին, ապա պատերազմի մեկնարկից ի վեր այն դարձավ մեծահասակների առաջնորդություն։ Մենք բոլորս շատ արագ մեծացանք։ Դուք դա կարող եք նկատել մեր նախագծերում։ Դուք դա կարող եք նկատել մեր հաղորդակցման մեթոդներում։ Դուք դա կարող եք նկատել մեր հաստատությունների եւ այլ երկրների մեր գործընկերների հետ մեր փոխգործակցության մեջ»,- ասում է նա։

Չնայած պատերազմին՝ Ելիզավետան կարծում է, որ նախաձեռնության միջոցով իր ստացած ամենակարեւոր դասն անփոփոխ է մնում․ նրա համար Եվրոպան դադարեց վերացական քաղաքական հասկացություն լինել՝ դառնալով խորապես մարդկային մի բան։

Զարգանալով ցանցի հետ միասին

Երբ Դանիել Բիզդիգան 2017 թվականին միացավ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը, այն դեռեւս ձեւավորման փուլում էր։ Մոլդովայում համայնքն ուներ քսանից պակաս անդամ։

Նրա առաջին ձեռնարկը պարզ էր, բայց՝ հզոր. դպրոցական այցելություններ Մոլդովայում՝ Եվրոպական միության երկրների դեսպանների հետ միասին։ Այս փորձը նրան անմիջապես համոզեց, որ նախաձեռնությունը տարբերվող է:

«Կարծում եմ, ի սկզբանե փորձն էր, որն ստիպեց ինձ մնալ նախաձեռնության մեջ: ԵՄ այլ երկրների հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու եւ նրանց հետ շփվելու հնարավորությունը շատ արժեքավոր էր: Միաժամանակ, մենք ազդեցություն էինք գործում Մոլդովայում՝ փորձելով բարձրացնել Եվրոպական միության եւ Մոլդովային ուղղված նրա առաջարկի ըմբռնման մակարդակը»,- կարծում է նա:

Դանիելի համար ցանցին միանալն իր սեփական եվրոպական ճանապարհորդության բնական շարունակությունն էր։ Մինչեւ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալը նա արդեն օգտվել էր «Էրազմուս+»-ի հնարավորություններից եւ անձամբ էր զգացել, թե ինչպես կարող են միջազգային փոխանակումներն ընդլայնել հորիզոնները եւ ստեղծել նոր հնարավորություններ։

«Այդ փորձառություններն ինձ մոտ ոգեւորություն առաջացրին ԵՄ-ի եւ Մոլդովայի միջեւ փոխանակման գաղափարի եւ հանուն ավելի լավ ապագայի համատեղ աշխատանքի հանդեպ»,- նշում է նա։

Տարիների ընթացքում եւ՛ Մոլդովան, եւ՛ ցանցը նշանակալի փոփոխություն ապրեցին։

«Անկասկած, ցանցը շատ է ընդլայնվել։ Այն ժամանակ Մոլդովան ներկայացող երիտասարդներս քսանից էլ պակաս էինք: Այդ ժամանակվանից ի վեր նախաձեռնության մաս կազմող հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել մասնակցելու դրա գործունեությանը եւ որոշակիորեն նպաստելու Մոլդովայի եւ Եվրոպական միության մերձեցման գործընթացին», — ասում է Դանիելը:

Երեք տարի որպես երիտասարդ եվրոպական դեսպան հանդես գալուց հետո նա դարձավ Մոլդովայում ցանցի ազգային համակարգողը: Ինչպես տարածաշրջանի շատ մասնակիցներ, Դանիելը կարծում է, որ ցանցի ամենաուժեղ կողմերից մեկը տարբեր երկրներից երիտասարդներին միավորելու կարողությունն է:

«Անձամբ ինձ այն իսկապես օգնել է երեւույթները տեսնել տարբեր տեսանկյուններից։ Մենք սովոր ենք աշխարհը տեսնել մեր սեփական հասարակության եւ երկրի ոսպնյակով։ Երբեմն դա կարող է հանգեցնել տարբեր երկրներից մարդկանց միջեւ թյուրըմբռնումների»,- ասում է նա։

Դանիելի խոսքով, ԵՄ երկրներից բազմաթիվ երիտասարդ եվրոպական դեսպաններ են ժամանել Մոլդովա՝ երկրի մասին սահմանափակ գիտելիքներով, բայց վերադառնալիս ունեցել են բոլորովին այլ պատկերացումներ։

«Մոլդովայի նման երկրներում շատ են երիտասարդները, ովքեր ցանկանում են ավելի լավ ապագա։ Նրանք ցանկանում են ապրել խաղաղ Եվրոպայում։ Նրանք ցանկանում են տեսնել իրենց երկրի զարգացումն ու բարգավաճումը»,- նշում է նա։

Դանիելը նաեւ պնդում է, որ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության նման նախագծերն օգնում են այդ ձգտումները վերածել գործողությունների։

Փոքր գործողություններ, իրական ազդեցություն

Անա Ձիրկվաձեն ցանցի մասին լսել էր ընկերոջից եւ դրան միացավ համեմատաբար ուշ՝ 24 տարեկանում։ Այդ ժամանակ նա արդեն եվրոպական ուսումնասիրություններ էր ուսանում եւ մեծ հետաքրքրություն ուներ եվրոպական հարցերի նկատմամբ։ Այնուամենայնիվ, նա ընդամենը երկու տարի ուներ ակտիվ անդամ լինելու համար՝ մինչեւ մասնակցության տարիքային շեմի լրանալը։

«Որպես ակտիվ անդամ՝ ես շատ քիչ ժամանակ ունեի՝ ընդամենը մոտ երկու տարի։ Այնուամենայնիվ, չնայած «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցից դուրս այլ աշխատանք եւ նախագծեր ունենալուն, կարծում եմ, ինձ հաջողվեց ակտիվ անդամ լինել։ Ես իսկապես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ կերպ ներդրում ունենալ ցանցում»,- ասում է նա։

Անան արագ կենտրոնացավ իր համար խիստ անձնական մի հարցի վրա, այն է՝ տեղեկատվության հասանելիությունը։ Մեկ այլ դեսպանի՝ Նիկա Չուգոշվիլիի հետ միասին նրանք կազմակերպեցին իրազեկման արշավներ Վրաստանի գյուղական շրջաններում՝ այցելելով գյուղեր եւ դպրոցներ եւ ներկայացնելով առկա հնարավորություններն ու «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ինքնին։

«Մենք շրջեցինք տարբեր շրջաններով եւ այցելեցինք գյուղական դպրոցներ։ Մենք ներկայացումներ ունեցանք «Էրազմուս+»-ի եւ դրա առաջարկած ուսուցման հնարավորությունների մասին։ Մենք նաեւ ներկայացրեցինք «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը եւ բացատրեցինք, թե ինչպես կարող են ուսանողներն իրենք դառնալ դրա անդամներ»,- հիշում է նա։

Թեեւ Անան մեծացել է Թբիլիսիում, հիշում է, թե որքան դժվար էր նույնիսկ ակտիվ եւ մոտիվացված ուսանողի համար տեղեկատվություն ստանալ միջազգային փոխանակումների մասին։

«Չնայած ես ավելի արտոնյալ իրավիճակում էի, քան գյուղական վայրերում մեծացող շատ երիտասարդներ, ինձանից շատ ժամանակ եւ ջանք պահանջվեց որոշ ծրագրերի գոյության մասին տեղեկանալու համար»,- ասում է նա։

Դպրոցական այցելություններից մեկից հետո Կախեթից մի ուսուցիչ կապվեց թիմի հետ՝ առաջարկելով նոր նախագիծ՝ կապված կանանց նկատմամբ բռնության դեմ միջազգային արշավի՝ «Orange the World»-ի հետ: Երեք այլ երիտասարդ եվրոպական դեսպանների հետ միասին նրանք կազմակերպեցին գենդերային հավասարության վերաբերյալ ամբողջօրյա սեմինար, որին մասնակցեցին աշակերտներ չորս գյուղերից, որոնցից մեկը՝ էթնիկ ադրբեջանական, որտեղ ավանդական սովորույթները, ինչպիսիք են վաղ եւ պայմանավորված ամուսնությունները, շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ երիտասարդ կանանց եւ աղջիկների համար:

Անային ամենաշատը զարմացրեց քննարկումներին մասնակցող տղաների ներգրավվածությունը։

«Նրանք քաջատեղյակ էին իրենց համայնքում աղջիկների առջեւ ծառացած մարտահրավերների մասին եւ փորձում էին աջակցել նրանց՝ բացահայտ խոսելով կարծրատիպերի եւ անհավասարության մասին։ Այդ զրույցներն իսկապես ոգեշնչող էին»,- հիշում է նա։

Ցանցը նրան հնարավորություն ընձեռեց նաեւ կապ հաստատել Վրաստանից դուրս ապրող իր հասակակիցների հետ։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Երիտասարդ առաջնորդների 3-րդ եվրոպական ֆորումը եւ Եվրոպական տնտեսական համագումարը հարթակ դարձան ամբողջ տարածաշրջանից դեսպանների հետ ծանոթության համար, եւ այդ ընկերական հարաբերությունները շարունակվում են տարիներ անց։

«Այժմ, երբ ես ապրում եմ Պորտուգալիայում, դեռեւս կապ եմ պահպանում այն ​​մարդկանց հետ, որոնց հետ ծանոթացել եմ ցանցի միջոցով: Շատ հաճելի է գիտակցել, որ Եվրոպայում գրեթե ամենուր կա մեկը, ով այս ցանցից է», — խոստովանում է նա։

Անայի խոսքով՝ նույնիսկ այսօր նա պատասխանատվություն է զգում ներդրում ունենալ այնտեղ, որտեղ ապրում է. «Երբեմն նույնիսկ փոքր նախաձեռնությունները կարող են իրական ազդեցություն ունենալ»։

Եվրոպական նախաձեռնությունները՝ մայրաքաղաքից դուրս

Երիտասարդական ծրագրերի հասանելիության կարեւորության մասին նմանատիպ մտքեր է արտահայտում նաեւ Լիլիթ Սոֆյանը Հայաստանից, ով ցանցին միացել է 2018 թվականին: «Նախեւառաջ, կցանկանայի նշել, որ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցն առաջին երիտասարդական նախաձեռնությունն էր, որին ես միացա։ Մինչ այդ ես նույնիսկ չգիտեի կամավորական աշխատանքի մասին: Ես նաեւ տեղյակ չէի առկա երիտասարդական բազմաթիվ հնարավորությունների մասին», հիշում է նա:

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, անձնական աճի խորը շրջան էր։ «Այս ցանցն անմիջական ազդեցություն ունեցավ իմ անձնական զարգացման վրա։ Ես ձեռք բերեցի մեծ վստահություն, առաջնորդական եւ կազմակերպչական հմտություններ։ Նաեւ իմացա տարբեր եղանակների եւ մեթոդների մասին, որոնց միջոցով կարող էի կատարելագործվել եւ ազդեցություն ունենալ իմ համայնքում»,- հիշում է նա՝ բացատրելով, թե ինչպես է այս փորձը վերածվել գործողությունների։

Ծագումով լոռեցի Լիլիթն աշխատանքի մեծ մասը կենտրոնացրել է մարզաբնակ երիտասարդների վրա։ Նա կազմակերպել է դպրոցական այցելություններ գյուղերում եւ փոքր համայնքներում՝ տեղեկատվություն բերելով եվրոպական շարժունակության ծրագրերի, երիտասարդների ակտիվության եւ քաղաքացիական մասնակցության մասին այն վայրեր, որտեղ նման փոխանակումները հաճախ պակաս տեսանելի են։

«Ես նաեւ կարծում եմ, որ մարզերում ապրող մարդիկ նման ցանցերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցության կարիքն ունեն նույնիսկ ավելի շատ, քան մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում ապրողները։ Ահա թե ինչու փորձեցի լրացնել այդ բացը եւ այս հնարավորությունները բերել իմ մարզ, տեղական համայնքներ եւ փոքր գյուղեր»,- ասում է նա։

Դպրոցական ծրագրերից զատ, նա կազմակերպել է նաեւ ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ այնպիսի թեմայով, ինչպիսին է մեդիագրագիտությունը՝ օգնելով երիտասարդներին զարգացնել քննադատական ​​մտածողություն եւ փաստերի ստուգման հմտություններ: Մյուս նախաձեռնությունների թվում էին շաբաթօրյակները եւ լուսանկարչական աշխատարանը, որը խրախուսում էր մասնակիցներին ստեղծագործական տեսանկյունից դիտարկել եվրոպական արժեքները:

Այսօր Լիլիթը ցանցում ծառայում է որպես խորհրդատու՝ օգնելով նորընտիր դեսպաններին կողմնորոշվել իրենց առաջին ամիսներին եւ զարգացնել սեփական նախաձեռնությունները։ Այնուամենայնիվ, նրա ամենավառ հիշողությունները կապված են այն տեղական համայնքների հետ, որոնց հետ նա աշխատել է։

Վերջին տասնամյակի ընթացքում նա նաեւ հայ երիտասարդների շրջանում Եվրոպական միության նկատմամբ վերաբերմունքի ավելի լայն փոփոխության ականատեսն է դարձել։

«Միգուցե տասը տարի առաջ շատերը քիչ բան գիտեին Եվրոպական միության մասին։ ԵՄ-ի մասին նաեւ շատ կարծրատիպեր կային։ Միտքը, որ Եվրոպական միությունը գալիս է վերացնելու մեր ազգային ինքնությունը, մեր մշակույթը եւ այլն, շատ տարածված ընկալում է հետխորհրդային երկրներում», — ասում է նա։

Լիլիթի համար ցանցի ազդեցությունը, վերջին հաշվով, հասնում է անհատական ​​նախագծերից շատ ավելի հեռու։

«Խոսքը վերաբերում է այն արժեքները հասկանալուն, որոնցով Եվրոպական միությունը ցանկանում է կիսվել այլ երկրների հետ, ինչպես նաեւ կարծրատիպերից դուրս գալուն: Խոսքը վերաբերում է նաեւ այնպիսի հասկացությունների իրական իմաստին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, ինչպես նաեւ մեր միանական արժեքների իրական էությունը հասկանալուն», — կարծում է նա:

Երկխոսության տարածք

Ադրբեջանից Նուբար Ռահիմովան ցանցին է միացել 2023 թվականի վերջին՝ գործընկերոջ խրախուսումից հետո, ով արդեն ակտիվ անդամ էր։

«Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն ուսանելիս՝ ընկերուհիներիցս մեկը պատմեց ինձ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի մասին։ Նա կիսվեց իր փորձով եւ խոսեց դրա ընձեռած հնարավորությունների մասին», — հիշում է նա։

Հետաքրքրված լինելով նախաձեռնությամբ՝ Նուբարը որոշեց դիմել։ Միանալուց կարճ ժամանակ անց նա ներգրավվեց Դիվանագիտության ակումբի եւ Եվրադպրոցի աշխատանքներում։

Նուբարի համար նախաձեռնության արժեքը ոչ միայն Եվրոպական միության մասին իմանալու, այլեւ այլ մարդկանցից սովորելու մեջ է։

«Այս ցանցում իմ հանդիպած յուրաքանչյուր երիտասարդ եվրոպական դեսպան ունի իր սեփական պատմությունը, իր սեփական կենսագրությունը եւ հմտությունների ամբողջությունը։ Այս ցանցի միջոցով ես հանդիպել եմ շատ մարդկանց եւ շատ բան եմ սովորել նրանցից»,- նշում է նա։

Այդ փորձը փոխեց նրան մասնագիտական ​​առումով, բայց, ինչն ավելի կարեւոր է՝ անձնական տեսակետից. «Այն, իհարկե, օգնեց ինձ աճել մասնագիտական ​​առումով, բայց, ինչն ավելի կարեւոր, օգնեց ինձ աճել անհատապես։ Այն սովորեցրեց ինձ, թե ինչպես շփվել տարբեր ծագում, փորձ եւ հմտություններ ունեցող մարդկանց հետ»։

Նուբարն ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, որը մատնանշում են տարածաշրջանից բազմաթիվ մասնակիցներ՝ իրենց սովորական շրջանակներից դուրս տեսանկյունների հետ շփումը։

«Դուք կարող եք շատ բան սովորել միմյանցից։ Դա օգնում է ձեզ անձնապես աճել բազմաթիվ առումներով, քանի որ դուք անընդհատ սովորում եք ուրիշներից»,- ասում է նա՝ հավելելով, որ ցանցը լրացնում է տեղեկատվական զգալի բացը։

Ցանցի ներսում մասնակիցները սկսում են նոր գաղափարներ հղանալ։ «Ես ուզում եմ մասնակցել այս միջազգային հնարավորություններին, վերադառնալ ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով եւ կիսվել դրանցով մյուս երիտասարդ եվրոպական դեսպանների հետ, որպեսզի նրանք նույնպես կարողանան սովորել եւ զարգանալ»,- ասում է նա։

Բացահայտելով Եվրոպան՝ մարդկանց միջոցով

Պատրիսիա Ռապոսոյի համար «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը սկսվեց հետաքրքրասիրությունից։ Մեծանալով Պորտուգալիայում՝ նա աշխարհագրորեն եւ մշակութային առումով հեռու էր Արեւելյան գործընկերության երկրներից։

2021 թվականին նա միացավ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցին։ Դրան հաջորդեցին չորս տարվա քննարկումներ, փոխանակումներ, նախագծեր եւ ընկերական հարաբերություններ, որոնք փոխակերպեցին նրա պատկերացումները Եվրոպայի մասին։

Ցանցի շրջանակներում Պատրիսիան համակարգել է Ադրբեջանի հետ երկխոսության նախաձեռնությունը՝ օգնելով կազմակերպել Եվրոպական միության եւ նրա արեւելյան հարեւանների միջեւ քննարկումներ մշակույթի, հասարակության եւ հարաբերությունների վերաբերյալ։ Ավելի ուշ նա դարձել է ԵՄ հատվածը ներկայացնող խորհրդի անդամ։

Այնուամենայնիվ, մեկ այլ փորձառություն առավել ցայտուն է առանձնանում։ «Ավելի շատ ԵՄ Մոլդովայում» նախաձեռնության շրջանակում նա այցելեց Մոլդովա եւ գործընկեր դեսպանների հետ միասին եղավ Քիշնեւի եւ Կահուլի դպրոցներում։

«Մենք աշակերտների հետ խոսեցինք Եվրոպական միության եւ, օրինակ, այն մասին, թե ինչ օգուտներ կունենա Մոլդովան, եթե անդամակցի Եվրոպական միությանը»,- ասում է նա։

Զրույցներն ուժեղ տպավորություն թողեցին. «Արձագանքները շատ դրական էին, իսկ պատանիները՝ բավականին ներգրավված։ Աշակերտները մոտենում էին մեզ եւ հարցեր ուղղում Եվրոպայում ուսանելու հնարավորությունների մասին»։

Պատրիսիային ամենաշատը զարմացրել է ոչ միայն այդ ոգեւորությունը, այլեւ եվրոպական համագործակցության ազդեցությանն անձամբ ականատես լինելու հնարավորությունը։

«Ես ծնվել եմ Եվրոպական միությանը Պորտուգալիայի անդամակցությունից հետո։ Եվրոյին ծանոթ եմ իմ կյանքի գրեթե ողջ ընթացքում։ Ականատես լինել մի երկրի իրականությանը, որը դեռեւս ԵՄ-ում չէ, բայց անհամբեր սպասում է այդ քայլին, իսկապես հետաքրքիր էր»,- ասում է նա։

Կահուլի բիզնես ինկուբատոր այցելությունն այդ ազդեցությունը շոշափելի դարձրեց։ Կենտրոնը ստացել էր եվրոպական աջակցություն եւ օգնում էր տեղի ձեռնարկատերերին զարգացնել իրենց բիզնեսը։

«Դա թույլ տվեց ինձ տեսնել, թե ինչպես է Եվրոպան իրականում փոխում մարդկանց կյանքը։ Առանց այդ ֆինանսավորման նրանցից շատերը չէին ունենա այդ հնարավորությունները»,- հիշում է Պատրիսիան։

Նա կարծում է, որ բացահայտման այդ գործընթացն ընկած է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության հիմքում։ «Մենք հաճախ հնարավորություն ենք ունենում հանդիպելու այս երկրների գործընկերների հետ եւ անձամբ լսելու, թե ինչպիսին է կյանքն այնտեղ։ Դա թույլ է տալիս մեզ շատ ավելի արագ շփումներ հաստատել», ասում է նա։

Պատրիսիայի համար ցանցը լրացնում է այն բացը, որն ավանդական քաղաքական բանավեճերը հաճախ չեն կարողանում լրացնել։ «Արեւելյան գործընկերության կամ ընդլայնման վերաբերյալ քննարկումները հաճախ մնում են քաղաքական գործիչների, բյուրոկրատների կամ լրատվական քննարկումների մակարդակում։ Մարդիկ կարող են լսել Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի կամ Ուկրաինայում պատերազմի մասին, բայց, եթե երիտասարդները բացատրեն այս թեմաները շատ ավելի մատչելի լեզվով, դա ավելի ամուր կապ կստեղծի»,- բացատրում է նա։

Այդ զրույցների միջոցով ժամանակին աշխարհագրորեն հեռու թվացող իրադարձությունները դարձան անձնական։

Հետադարձ հայացք գցելով ցանցում իր գործունեության տարիներին՝ Պատրիսիան նկատում է զուգահեռ երկու ձեռքբերում։ Առաջինը՝ դեսպանների կողմից իրենց համայնքներում ստեղծվող ազդեցությունն է՝ միջոցառումների, իրազեկման արշավների եւ հանրային քննարկումների միջոցով։ Երկրորդը՝ այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում հենց մասնակիցների հետ։

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու նոր հմտություններ, ապրումակցում եւ սովորելու նախագծերի կառավարում, քանի որ ինքներս ենք կազմակերպում միջոցառումներ»,- ասում է նա։

Բազմաթիվ մասնակիցներ միանում են դեռեւս ուսման ընթացքում կամ իրենց մասնագիտական ​​կարիերայի սկզբում։ Ոմանց համար սա հանրային միջոցառում կազմակերպելու, նախագիծ կառավարելու կամ լսարանի առջեւ ելույթ ունենալու առաջին փորձն է։ Տարիներ անց շատերը հայտնաբերում են, որ իրենց ամենաարժեքավոր ձեռքբերումը ոչ թե CV-ի մեկ տողն է, այլ համայնքը։ «Ես ամենաշատը գնահատում եմ հենց այդ կապերը», — ասում է Պատրիսիա Ռապոսոն։

Նախաձեռնության մեկնարկից տասը տարի անց սա, թերեւս, դրա ամենատեւական նվաճումն է. ոչ միայն կազմակերպված նախագծերը կամ համատեղ օգտագործվող հնարավորությունները, այլեւ այն հարաբերությունները, որոնք շարունակվում են այդ երկուսի ավարտից երկար ժամանակ անց։

Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ

Հոդվածը տպագրվել է ուկրաիներեն  TSN.ua կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,