Վստահո՞ւմ եք ձեր ծորակից հոսող ջրի որակին։ Այս պարզ հարցը Հայաստանի Արմավիրի մարզում բնակվող հազարավոր քաղաքացիների ամենօրյա մտահոգության առիթ է։ Արմավիրի, ինչպես նաև Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում բնակիչները բախվում են չափազանց կոշտ և բարձր հանքայնացում ունեցող ծորակից հոսող ջրի խնդրին։ Այդ ջուրը ոչ միայն տհաճ է խմելու, այլև կարող է վնասակար լինել առողջության համար։
Ընտանիքները (մարդիկ) ստիպված են խմելու ջուր գնել շրջիկ ջրատար մեքենաներից, բնակավայրերում տեղադրված ստացիոնար ջրի վաճառքի կետերից։ Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար։
Եվրոպական միության աջակցությամբ Արմավիրում գործող «Տարածաշրջանային կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը աշխատանքներ է կատարում պատկան մարմինների հետ՝ խնդրի երկարաժամկետ լուծումներ գտնելու և բնակիչների մտահոգությունները որոշում կայացնողներին հասանելի դարձնելու համար։
«Մենք արդեն ավելի քան 20 տարի խմելու ջուր ենք գնում»,– ասում է Քարակերտ գյուղի 67-ամյա բնակիչ Գագիկ Սահակյանը։ «Մեր ծորակի ջուրն աղի է և տհաճ հոտ ունի։ Որքան էլ խմես, ծարավդ չի հագեցնի»։
Կլիմայի փոփոխությունը, արդյունաբերական գործունեությունը, հանքարդյունաբերությունը, ձկնաբուծության նպատակով անխնա օգտագործվող ջրային ռեսուրսները և Արաքս գետից ջրերի ներհոսքի նվազումը նպաստել են արտեզյան ավազանի ջրային պաշարների կրճատմանը, որի արդյունքում ոչ միայն վատթարացել է ջրի որակը, այլև տեղի է ունեցել հողերի աղակալաում, որոշ հատվածներում՝ կրկնակի աղակալում, միևնույն ժամանակ արտեզյան ավազանի ջրային պաշարների նվազման հետևանքով ստորգետնյա ջրերի կոշտությունը զգալիորեն բարձրացել է։
Արմավիրի և Արարատի մարզերում ձկնաարտադրության արագ ընդլայնումը հանգեցրել է հարյուրավոր նոր արտեզյան հորերի հորատման, որոնք առաջացրել են ստորգետնյա ջրային պաշարների նվազեցման և ջրի աղերի քանակի աճ,(նշենք, որ Արմավիրում խմելու ջուրը մատակարարվում է արտեզյան ավազանի ջրային ռեսուրսներից, արտեզյան հորերի միջոցով)։
Չնայած բնակիչները խնդրով մտահոգված են, բայց հաճախ նրանք չունեն արժանահավատ տեղեկատվություն, թե ինչ որակի խմելու ջուր է հոսում իրենց ծորակից կամ, որ կառույցն է պատասխանատու այս օրակարգային խնդրի լուծման համար։
Մտահոգություններից մինչև գիտելիքներ
2024 թվականին ԵՄ աջակցությունը, որը տրամադրվել է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով, օգնեց «Տարածաշրջանային կայուն զարգացում» ՀԿ-ին մեկնարկել մի նախաձեռնություն, որը համատեղում է գիտական ապացույցները, հանրային իրազեկումը և քաղաքացիների մասնակցությունը:
«Տարածաշրջանային կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2021 թվականին՝ տեղական ինքնակառավարման մարմինների իրագործած բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Շատ շուտով նրանք հասկացան, որ շրջակա միջավայրի և հանրային առողջության խնդիրները Արմավիրի և հարակից մարզերի առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներից են։
«Համայնքները չեն կարող ինքնուրույն լուծել այս խնդիրները»,– ասում է կազմակերպության նախագահ Անժելա Ստեփանյանը։
Առաջին հերթին անհրաժեշտ էր պարզել, թե իրականում ինչպիսի ջուր են խմում բնակիչները։ Հասարակական կազմակերպությունը ջրի նմուշներ է հավաքագրել և լաբորատոր հետազոտության ենթարկել Արմավիրի մարզի 94 բնակավայրից՝ ստեղծելով Արմավիրի մարզում խմելու ջրի որակի վերաբերյալ ամենաընդգրկուն տեղական տվյալների շտեմարաններից մեկը։
Արդյունքները հաստատեցին այն, ինչ շատ բնակիչներ տարիներ շարունակ կասկածում էին. շատ բնակավայրերում ջրի կոշտությունը գերազանցում է Հայաստանի թույլատրելի առավելագույն 7 մմոլ/լ մակարդակը, որոշ դեպքերում՝ մի քանի անգամ: Այս տվյալներն ամփոփվեցին հանրությանը հասանելի առցանց քարտեզում, որը համայնքաբնակներին հնարավորություն տվեց տեսնելու իրենց տներ մատակարարվող ջրում լուծված աղերի քանակը։
Շատերի համար սա առաջին հնարավորությունն էր՝ արժանահավատ տեղեկություններ ստանալու ծորակի ջրի որակի մասին։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ խնդիրը հնացած խողովակները չեն, ինչպես կարծում էին շատերը, այլ ստորգետնյա ջրային պաշարների փոփոխություններով պայմանավորված ջրի չափազանց բարձր կոշտությունը։ Արդյունքները նաև հաստատեցին, որ որոշ բնակավայրերում խմելու ջուրը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության համար։
Գիտելիքը ուժեղացնում է համայնքի ձայնը
Այս բացահայտումները համայնքային նախաձեռնությունների մեկնարկային կետը դարձան։ Հասարակական կազմակերպությունը համախմբեց 40 բնակավայրերի ակտիվ քաղաքացիների՝ հետազոտությունների արդյունքները քննարկելու և խնդրի պատճառներն ավելի լավ հասկանալու նպատակով։
Խմելու ջրի վատ որակից առավել տուժած բնակավայրերում, այդ թվում՝ Մյասնիկյանում, Նորավանում, Լենուղիում, Ակնալճում և Շենիկում, կազմակերպությունն աջակցեց նաև քաղաքացիական խմբերի ստեղծմանը՝ նպաստելով, որ խնդիրը շարունակի մնալ տեղական իշխանությունների առաջնահերթությունների շարքում։
Բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և փորձագետները համախմբվեցին՝ հստակեցնելու պատասխանատու կառույցների դերն ու պարտականությունները և քարտեզագրելու խմելու ջրի որակի բարելավման հնարավոր լուծումները։
«Այսքան տարիների ընթացքում մեր ձայնը երբեք լսելի չի եղել»,– ասում է Գագիկը։ «Առանց ՀԿ-ի միջամտության այս խնդիրը չէր բարձրաձայնվի, իսկ մեր մտահոգությունները չէին հասնի այն մարդկանց, ովքեր կարող են նպաստել դրանց լուծմանը»։
Հանրային հանդիպումների, իրազեկման արշավների և լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվության արդյունքում ավելի քան 83.000 բնակիչներ ոչ միայն տեղեկացան խմելու ջրի հետ կապված առողջական ռիսկերի մասին, այլև սովորեցին պայքարել ավելի անվտանգ խմելու ջուր ունենալու համար: «Մենք պետք է անընդհատ բարձայնենք և հիշեցնենք որոշում կայացնողներին այս խնդրի մասին: Եթե մենք լռենք, ոչինչ չի փոխվի», — շարունակում է Գագիկը:
ճանապարհային քարտեզի երկարաժամկետ լուծումներ
Խնդրի երկարաժամկետ լուծման համար Նազրվան աղբյուրից 22 կիլոմետր երկարությամբ ջրատարի կառուցումը պահանջում է շուրջ 6 միլիոն եվրոյի ներդրում: Միչդեռ կարճաժամկետում անվտանգ խմելու ջրի հասանելիությունն ապահովել կարելի է քիչ ծախսատար միջոցառումներ իրականացնելով։
«Մենք պարզեցինք, որ ջրի կարծրությունը նույն տարածքում տարբեր է՝ կախված հորերի խորությունից և տեղակայությունից», — ասում է Անժելա Ստեփանյանը։ «Օրինակ՝ Այգեվան գյուղում իրարից ընդամենը 650 մետր հեռավորության վրա գտնվող հորերը ունեն ջրի կարծրության տարբեր մակարդակներ։ Խորը հորատանցքերի մեծ մասը հատկացվել է ոռոգման ջրամատակարարման ձեռնարկություններին, մինչդեռ յուրաքանչյուր բնակավայրում մնացել են միայն մեկ – երկու հորեր՝ խմելու ջրի մատակարարման համար։ Որոշ բնակավայրերում մեկ այլ տեղում գոյություն ունեցող խորքային հորի վերագործարկումը կարող է մեղմել խնդիրը»։
Սա ոգեշնչեց ՀԿ անդամներին կատարել համապարփակ գույքագրում և տեխնիկական անձնագրերի ստեղծում Արմավիրում տեղակայված 870 խորքային հորերի համար, այդ թվում՝ 152 խմելու ջրի համար օգտագործվող հորերի։ Այս տեղեկատվությունը որոշում կայացնողներին հնարավորություն կտա ընտրել ջրի լավագույն որակի ցուցանիշներ ունեցող հորեր։
ՀԿ-ն նաև իրականացնում է ջրատար մեքենաների և ջրամատակարարման կետերի միջոցով վաճառվող խմելու ջրի որակի վերահսկողություն: Ջուրը տեղափոխվում է 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թալին քաղաքում գտնվող աղբյուրից: Սակայն խնդիրը հաճախ առաջանում է ջրի տեղափոխման և բաշխման ընթացքում։ Ջրատար մեքենաների բաքերն ու ստացիոնար ջրաբաշխիչ սարքերը հաճախակի չեն մաքրվում, իսկ ամռանը ջրատար ցիստեռները կարող են երկար ժամանակ մնալ արևի տակ։ Դրա հետևանքով ջուրը կարող է որակազրկվել՝ առաջացնելով սանիտարահիգիենիկ ռիսկեր։
Հայաստանի իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքում ՀԿ-ն բացահայտեց ոլորտի կարգավորման էական բաց․ այլընտրանքային այս եղանակներով վաճառվող խմելու ջուրը չի ենթարկվում որակի պատշաճ վերահսկողության։
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին տեղական և մարզային իշխանություններին, համապատասխան գերատեսչություններին և համայնքների բնակիչներին՝ խնդիրը ներառելով հանրային քննարկումների օրակարգում։
«Տարածաշրջանային կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը չի կարող մեկ օրում լուծել Արմավիրի խմելու ջրի խնդիրը, բայց կազմակերպությունը հետևողական է և ուշադրության կենտրոնում է պահում խնդրի լուծման հետագա գործողությունների ընթացքը։ Միևնույն ժամանակ այն հասել է ոչ պակաս կարևոր արդյունքի․ քանի, որ այժմ համայնքներն ունեն արժանահավատ փաստական տվյալներ, ավելի լսելի ձայն և փոփոխություններ պահանջելու վստահություն։
Գագիկի նման բնակիչների համար այս ձեռքբերումն արդեն մեծ նշանակություն ունի։ «Շատ կարևոր է իմանալ, որ մեր համայնքից դուրս ևս կան մարդիկ և կազմակերպություններ, որոնք հոգ են տանում մեր մասին և կիսում են մեր մտահոգությունները»,– ասում է նա։
Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Ալեքսանդրա Խուդոկորմոֆֆ





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,