Պատերազմական ժողովրդագրություն. մեծ սպառնալիք Ուկրաինայի համար
Photo: Sergei Chuzavkov / SOPA Images/Sipa USA
23 Հունիսի, 2026

Պատերազմական ժողովրդագրություն. մեծ սպառնալիք Ուկրաինայի համար


Ապաբնակեցման սպառնալիքը հատկապես սուր է Ուկրաինայում։ Երկիրն առերեսվել է կրկնակի ճգնաժամի. բնակչությունը նվազում է ավելի քան երեսուն տարի, իսկ ռուսաստանյան ներխուժումը միայն արագացրել է այդ միտումը։ Պատերազմի ժամանակ երկրի ժողովրդագրության եւ նրա ապագայի պաշտպանությունը երկընտրանք է, որտեղ հեշտ լուծումներ գոյություն չունեն. կարո՞ղ է արդյոք ԵՄ անդամակցությունը կասեցնել արտահոսքը կամ նույնիսկ շրջել այս միտումը:

«Աշխարհի բնակչության նվազումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի տասնամյակներ ավելի առաջ, քան դրան սպասում էին» — գրում է Մարկ Նովիկովը The Atlantic-ում: Թեեւ ՄԱԿ-ի կանխատեսումները գնահատում էին, որ համաշխարհային անկումը կսկսվի 2084 թվականին, որոշ փորձագետներ այժմ կանխատեսում են 2055 թվականը։

«Ուկրաինայում բնակչության թվի կրճատումը եզակի դեպք չէ։ Սա գլոբալ գործընթաց է, որը գիտության մեջ կոչվում է «ժողովրդագրական անցում»։ Եզակի է այն իրավիճակը, որում հայտնվել է Ուկրաինան»,- բացատրում է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Պտուխայի ժողովրդագրության եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Օլեքսանդր Գլադունը։

Ըստ էության, Ուկրաինան լուրջ ժողովրդագրական ճգնաժամ է ապրում։ Դեռեւս 2023 թվականին Kyiv Independent-ը սկսեց հրապարակումների շարք՝ «Ժողովրդագրական աղետ. Ուկրաինայի խոշորագույն հետպատերազմյան սպառնալիքը» խորագրի ներքո։

Հաշվի առնելով զինվորականների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց կյանքի հաճախ զգալի կորուստները՝ պատերազմը երբեք դրական ազդեցություն չի ունենում երկրի ժողովրդագրական պատկերի վրա: Ավելին, ինչպես նշում է Գլադունը, «մահացությունը աճում է նաեւ քրոնիկ հիվանդությունների վատթարացման, սթրեսի եւ, որոշ դեպքերում, ժամանակին բժշկական օգնություն ստանալու անհնարինության պատճառով»: Միեւնույն ժամանակ, նվազում է ծնելիության մակարդակը, քանի որ «մարդիկ հետաձգում են երեխաներ ունենալու որոշումը: Դա բնական ռեակցիա է»:

Վկայություն | Երեխա ունենալը պատերազմի ժամանակ, հեղինակ՝ Անգելինա Կարյակինա
Ես եւ ամուսինս ուզում էինք եւ պլանավորում էինք ընտանիք կազմել, եւ անկախ նրանից, թե ինչ էր կատարվում, մենք ձգտում էինք դրան։ Իհարկե, կային գործոններ, որոնք մենք հաշվի էինք առնում. մենք ունեինք մեր սեփական տունը, որն այդժամ անվտանգ էր եւ հարմարավետ բոլորիս համար։ Ունեինք աշխատանք եւ միջոցներ, որոնք թույլ էին տալիս մեզ պլանավորել ապագան։ Ես կասեի, որ պատերազմը նույնիսկ շտապեցնում էր մեզ քայլ կատարել։

Մենք երբեք չենք քննարկել դա, բայց կարծում եմ, որ ինտուիտիվ կերպով զգում էինք, որ մեր ժամանակը կարող է շատ սահմանափակ լինել, ուստի մենք պետք է ապրենք մեր կյանքով՝ անկախ ամեն ինչից։ Ինքս ինձ հարցնում էի, թե արդյոք բավականաչափ պատասխանատու եմ երեխա ունենալու մի վայրում, որն անընդհատ հարձակման տակ է, հատկապես, երբ ստիպված էի թաքնվել ներքնահարկում գիշերային հարձակումների ժամանակ կամ լսել պայթյունների ձայներըը՝ հղիության ընթացքում կամ նույնիսկ երեխաս ձեռքերում։ Բայց երբ նայում եմ իմ երեխաների կյանքին տանը, որոնք շրջապատված են իրենց ընտանիքներով եւ ընկերներով, ունեն բոլոր հնարավորությունները, որոնք նրանց համար դեռեւս հասու են նույնիսկ իրենց երկրում պատերազմի ժամանակ (իրենց երկրով ճանապարհորդելը, սեփական մշակույթն ուսումնասիրելը, իրենց արմատները ճանաչելը), այս մտքերը չքանում են։

Ուզում ենք, որ մեր ընտանիքը մնա տանը, ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան Ուկրաինայում, փորձում ենք նրանց կյանքը տանը դարձնել հնարավորինս անվտանգ, եւ քանի դեռ նրանց լավ, հարմարավետ կյանքը Կիեւում դեռեւս հնարավոր է, մենք կմնանք այստեղ: Իհարկե, ունենք «պլան Բ» մեր ընտանիքի համար, եթե անվտանգային իրավիճակը վատթարանա: Դա ընտանեկան ամառանոց է Ուկրաինայի ամենաարեւմտյան եւ, հավանաբար, ամենաապահով մասում, որի ուղղությամբ աշխատում ենք: Բայց մինչ օրս մենք մեր տանն ենք, եւ հենց դա է մեզ ամենաապահովն ու երջանիկը դարձնում:

Ուկրաինայի արդարադատության նախարարության կողմից հրապարակված եւ Kyiv Independent-ի կողմից մեջբերված տվյալների համաձայն՝ 2024 թվականին Ուկրաինայում գրանցվել է 495,090 մահվան դեպք։ Այս թիվը գրեթե երեք անգամ ավել է, քան ծնունդների ցուցանիշը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինան 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի դեմ պատերազմում կորցրել է 55,000 զինծառայող (ինչպես կադրային, այնպես էլ ժամկետային): Այս թիվը լայն շրջանակների կողմից համարվում է էականորեն նվազեցված: Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատմամբ, զոհերի թիվը կազմում է 100,000-ից 140,000, մինչդեռ ռուսական բանակի զոհերի թիվը տատանվում է 275,000-325,000 միջակայքում:

«Ուկրաինայի բնակչությունը նվազում է 1993 թվականից ի վեր։ Պատերազմը մեծապես արագացրել է այս գործընթացը: Մեր կանխատեսումների համաձայն՝ բնակչությունը կշարունակի նվազել: Սակայն այս նվազման տեմպերը կախված են այն տարվանից եւ պայմաններից, որով կավարտվի պատերազմը»,բացատրում է Գլադունը:

1991 թվականին Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց ի վեր Ուկրաինան կորցրել է իր բնակչության գրեթե կեսը։ «Իմ գնահատականներով, Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքի բնակչությունը 2026 թվականի սկզբին կազմում էր մոտ 28 միլիոն մարդ: 1991 թվականի վերջին բնակչությունը 51.7 միլիոն էր»,- ասում է Գլադունը: Միավորված Ազգերի Կազմակերպության կանխատեսումը, որին հղում է կատարում «Ուկրաինական պրավդան», ցույց է տալիս, որ 2100 թվականին բնակչությունը կկազմի 15.3 միլիոն:

Սակայն, ինչպես բացատրում է Գլադունը, այս թվերը պետք է դիտարկել կոնկրետ համատեքստում։ «Նախ, կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքը մոտավորապես 20%-ով փոքր է, քան 1991 թվականին էր։ Երկրորդ, մենք չգիտենք կառավարության կողմից չվերահսկվող տարածքում բնակչության թվաքանակը։ Երրորդ, մենք չգիտենք, թե քանի մարդ կվերադառնա երկիր այն մարդկանցից, ովքեր ներկայումս պատերազմի պատճառով ապաստանել են այլ երկրներում»։

Քանի՞ ուկրաինացի փախստական է ապրում արտերկրում

Տնտեսական ռազմավարության կենտրոնը (ՏՌԿ) անկախ ուկրաինական ոչ կառավարական հետազոտական ​​կենտրոն է, որը հիմնադրվել է Կիեւում 2025 թվականին։ Կենտրոնի՝ փախստականների վերաբերյալ հինգերորդ զեկույցի համաձայն՝ 2026 թվականի սկզբին արտերկրում ապրում էր 5.6 միլիոն ուկրաինացի փախստական։ Նրանցից 4 միլիոնը Ուկրաինան լքել է արեւմտյան սահմաններով։

«Մենք ունենք նաեւ ավելի քան 4 միլիոն ներքին տեղահանված անձ։ Հետեւաբար, իրենց տները լքել է ավելի քան 10 միլիոն մարդ, ինչը կազմում է նախապատերազմյան բնակչության մոտ 20%-ը»,- հավելում է Գլադունը։

«Ուկրաինան շարունակում է բնակչություն կորցնել լայնածավալ ներխուժումից չորս տարի անց»,- փաստում է ՏՌԿ-ի ավագ գիտաշխատող Իրինա Իպոլիտովան՝ հավելելով. «Ժողովրդագրական կորուստների հիմնական պատճառը միգրացիան է։ ՏՌԿի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին Ուկրաինայից հեռացել է մոտ 300,000 մարդ։ Բացի այդ, բնակչությունը նվազում է պատերազմի հետեւանքով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, ինչպես նաեւ ծնելիության մակարդակի նվազման պատճառով»։

2025 թվականի օգոստոսի վերջին Ուկրաինայի կառավարությունն ազատականացրեց 18-ից 22 տարեկան տղամարդկանց միջսահմանային տեղաշարժը: 2022 թվականին ռուսական ներխուժման սկզբից գործող ռազմական դրությունը մինչ այդ արգելում էր 18-ից 60 տարեկան բոլոր տղամարդկանց լքել երկիրը՝ հազվադեպ բացառություններով: Նպատակն էր ապահովել, որ բանակը ունենա բավարար թվով նորակոչիկներ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ուկրաինացիները հնարավորինս ամուր կապեր պահպանեն Ուկրաինայի հետ», — հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն: Այսպիսով, կառավարությունը պետք է հավասարակշռի պատերազմի պահանջները երիտասարդ սերունդները պահպանելու եւ ազգի ապագան պաշտպանելու անհրաժեշտության հետ:

ՏՌԿ-ի տվյալներով, 2025 թվականի օգոստոսից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արտագաղթել է մոտ 96,000 տղամարդ։ ՏՌԿ-ն օգտագործում է լեհ, սլովակ եւ ռումինացի սահմանապահների տվյալները եւ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալների գնահատականը։ Հունգարիայի եւ Մոլդովայի թվերը համամասնորեն էքստրապոլացված են՝ հիմնվելով Ուկրաինայի սահմանապահների ընդհանուր սահմանային տվյալների վրա։ «18-ից 22 տարեկան յուրաքանչյուր յոթ երիտասարդ տղամարդկանցից մոտավորապես մեկը [2025 թվականի] օգոստոսից ի վեր լքել է երկիրը»,- նշվում է զեկույցում։ Ըստ «ԲիԲիՍի Ուկրաինայի», այս տվյալները հաշվի չեն առնում երիտասարդ տղամարդկանց զգալի թվի վերադարձը, ինչպես նաեւ հաշվի չեն առնում այն ​​փաստը, որ մեկ անձը կարող է հատել սահմանը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Kyiv Independentհաղորդում է, որ երիտասարդ տղամարդիկ թողնում են իրենց աշխատանքը, բայց նաեւ պնդում է, որ հնարավոր չէ ճշգրիտ թվեր տալ։

Որքա՞ն մարդ կվերադառնա

ՏՌԿ-ի գնահատմամբ՝ պատերազմի ավարտից հետո Ուկրաինա կարող է վերադառնալ 1,3-ից 2,2 միլիոն մարդ՝ կախված սցենարից:

«Վերադարձի որոշման վրա կազդեն մի շարք գործոններ՝ Ուկրաինայում բնակարանի առկայությունը, զբաղվածության հնարավորությունները, երեխաների համար սոցիալական ենթակառուցվածքները եւ այլն: Մարդիկ կհամեմատեն ընդունող երկրում ունեցածը Ուկրաինայում առկա հնարավորությունների հետ: Նոր երկրին հարմարվելու աստիճանը նույնպես դեր կխաղա»,- բացատրում է Օլեքսանդր Գլադունը:

Եվ, իհարկե, գլխավոր գործոնն այն է, թե ինչպես եւ ինչ պայմաններում կավարտվի պատերազմը։ «Երկու տարի առաջ անցկացված հարցումը ցույց տվեց, որ 25%-ով ավելի շատ մարդիկ կվերադառնային, եթե պատերազմն ավարտվեր 1991 թվականի սահմաններով, քան եթե այն ավարտվեր ներկայիս առաջնագծի երկայնքով»։ Լայնորեն տարածված տեսակետ է, որ, «եթե պատերազմն ավարտվի առաջնագծի երկայնքով, Ռուսաստանի Դաշնությունն այն կվերսկսի մի քանի տարի անց»,- ասում է Գլադունը։

Ուկրաինայի՝ արտերկրում գտնվող քաղաքացիների 66%-ը աշխատանքային տարիքի է (18-65): Երիտասարդները (մինչեւ 35 տարեկան) կազմում են ուկրաինացի փախստականների կեսից ավելին (56%): Նրանք երկրի կենսական ուժն են: Այնուամենայնիվ, ըստ ՏՌԿ տվյալների, նրանք նաեւ այն ժողովրդագրական հատվածն են, որը պակաս հակված կլինի վերադառնալու: «Ներկայումս մենք տեսնում ենք, որ մինչեւ 35 տարեկան երիտասարդները շատ ավելի քիչ հավանականությամբ կվերադառնան Ուկրաինա, քան տարեցները, հատկապես՝ 50 տարեկանից բարձր տարիքի մարդիկ: Դրա պատճառները բազմաթիվ են: Դրանց թվում են ընդունող երկրներում ավելի լավ ինտեգրումը, տնտեսական գործոնները, ինչպիսիք են աշխատատեղերը եւ աշխատավարձերը, եւ ամենակարեւորը՝ անվտանգության ռիսկերը: Այս մարդկանց վերադարձը հնարավոր է որոշակի պայմաններում: Նախ, պետք է լինի անվտանգություն եւ պատերազմի ավարտ: Պատերազմի ավարտի եղանակը նույնպես կարեւոր է այս սերնդի համար. փախստականների մեծ մասը մտածում է վերադառնալ միայն այն դեպքում, եթե պատերազմն ամբողջությամբ ավարտվի եւ քաղաքացիական թռիչքներն Ուկրաինայում վերսկսվեն: Սառեցված հակամարտությունը շատ ավելի փոքր ազդեցություն կունենա փախստականների վերադառնալու պատրաստակամության վրա»,- բացատրում է Իրինա Իպոլիտովան ՏՌԿ-ից։

Տասնինը տարեկան Վիտալին (անունը փոխված է), ով այդպիսի փախստականներից մեկն է եւ վերջին երկու տարիներին ապրում է Ֆրանսիայում, ծագումով Ուկրաինայի հարավից է եւ պատերազմի սկսվելուն պես տեղափոխվել է երկրի արեւմուտք։ Նա եկել է Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու, քանի որ պատերազմի բռնկումը նշանակում էր, որ նա կորցրել է կրթաթոշակ ստանալու հնարավորությունը։ Վիտալին դիտարկել է մի շարք ուղղություններ, այդ թվում՝ Չեխիան եւ Լեհաստանը։ Վերջիվերջո, նա ընտրել է Ֆրանսիան։ «Հասկացա, որ պետք է ձգտեմ ավելիի»,- ասում է նա։

Այսօր Վիտալին աշխատում է շինհրապարակում կամ որպես վաճառքի օգնական: Սեպտեմբերին նա նպատակ ունի ընդունվել ճարտարագիտական մասնագիտությամբ բուհ: Վիտալին այն անթիվ երիտասարդներից է, ովքեր դժվար եւ բարդ ճանապարհորդություն են սկսել մեկ այլ երկրում եւ այժմ ձգտում են նոր կյանք սկսել: Նա ունի ծրագիր, ապագայի տեսլական եւ ցանկանում է չվատնել իր կատարած զոհողությունը: «Ես կցանկանայի մնալ այստեղ. արդեն սովորել եմ ֆրանսերեն, քրտնաջան աշխատում եմ եւ ուզում եմ համալսարան ընդունվել»: Վիտալին կարոտում է Ուկրաինան, իր ընտանիքը եւ ծանոթ վայրերը, բայց վերադարձը կենսունակ տարբերակ չի ​​համարում:

«Ես կասեի, որ կվերադառնայի, եթե բախտս բերեր եւ Ուկրաինայում հարմար, լավ վարձատրվող աշխատանք գտնեի։ Բայց այս պահին Ուկրաինայի տնտեսությունը խղճուկ վիճակում է»,- ասում է 27-ամյա Անտոնինան, որը 2022 թվականից մոր հետ ապրում է Իտալիայում։ Ծագումով Խարկովից Անտոնինան այժմ եվրոպական եւ միջազգային ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագրի ուսանող է։ Անվտանգության առումով Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ խիստ անկայուն։ «Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք չգիտենք, թե երբ կավարտվի պատերազմը։ Չգիտենք՝ սկզբում ենք, թե հենց մեջտեղում։ Ես չեմ ուզում, որ կյանքս կանգ առնի։ Կարծում եմ, ճիշտն այստեղ կարիերա սկսելն է, եւ գուցե հաջողության հասնեմ, գուցե զուգընկեր հանդիպեմ եւ ընտանիք կազմեմ»։

Ներկայումս ուկրաինացիները օգտվում են ԵՄ երկրներում գործող «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակից: Այդ հատուկ կարգավիճակը թույլ է տալիս ուկրաինացիներին սովորել, աշխատել եւ օգտվել ազգային առողջապահական համակարգից: 2022 թվականի մարտին ներդրված այս կարգավիճակի վերջնաժամկետը 2027 թվականի մարտն է:

Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ կանեն ԵՄ երկրներն այդ ժամկետի լրանալուց հետո: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն արդեն վերահաստատել է, որ ցանկանում է սահմանափակել ապաստան խնդրող ուկրաինացի տղամարդկանց թիվը: Նա ասում է, որ ծրագրի էությունը հայրենիք փախստականների վերադարձը դյուրացնելու մեջ է, որպեսզի «նրանք կարողանան օգնել իրենց երկրին»:

Արդյո՞ք ԵՄ անդամակցությունը կփոխի այս միտումը

«Ժողովրդի ծառան» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի չորրորդ սերիայում (2015-2019 թվականներին եթեր գնացած հեռուստասերիալ, որտեղ Վոլոդիմիր Զելենսկին խաղում է պատմության ուսուցչի դեր, որը դառնում է Ուկրաինայի նախագահ) հայտարարվում է, որ Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը՝ նշանավորելով ԵՄ անդամակցության առաջին քայլը։

Հաջորդ իսկ օրը նախագահ Վասիլ Պետրովիչ Հոլոբորոդկոն հայտնաբերում է, որ ինքն Ուկրաինայում միայնակ է, քանի որ բոլոր հայրենակիցները լքել են իրենց երկիրը՝ Եվրոպայում իրենց բախտը որոնելու համար։ 2017 թվականի հոկտեմբերին այս պատմությունը կարող էր մի փոքր հեգնական թվալ, բայց հիմա՝ գրեթե ինը տարի անց, այդ տարիներից չորսը պատերազմում անցկացնելուց հետո, դրանից դառնահամ է գալիս։ Ուկրաինան արդեն գրեթե դատարկվել է, իսկ Կիեւը դեռեւս ձգտում է միանալ Եվրոպական միությանը, բայց արդյոք հնարավո՞ր է, որ ԵՄ անդամակցությունը կանգնեցնի հոսքը կամ նույնիսկ շրջի միտումը։

«Դեռեւս դժվար է հստակ կանխատեսել Ուկրաինայի՝ ԵՄին անդամակցության հետեւանքները»,- ասում է Իրինա Իպոլիտովան: «Կենտրոնական Եվրոպայի երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշ մարդիկ կարող են հեռանալ, քանի որ նրանք հնարավորություն կունենան օրինական կերպով աշխատել ԵՄում»: Ուկրաինացիների դեպքում, սակայն, ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը նշանակում է, որ նրանք այդ իրավունքն ունեն 2022 թվականից: Անդամակցության հետ մեկտեղ լիարժեք տեղաշարժի ազատությունը կարող է նաեւ «խրախուսել որոշ միգրանտների վերադառնալ եւ աջակցել շրջանառու միգրացիային այն ուկրաինացիների շրջանում, ովքեր ներկայումս չեն մտածում վերադառնալու մասին, քանի որ վախենում են կորցնել ԵՄում աշխատելու եւ ապրելու իրենց իրավունքը»: Միեւնույն ժամանակ, Իպոլիտովան հավելում է. «Ուկրաինան կարող է մասնագետներ ներգրավել ԵՄից վերակառուցման փուլում»:

Բնակչության անկումը եւ ժողովրդագրական փոխարինումը
Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ն օկուպացված է ռուսական բանակի կողմից։ Եվ երկրի ապագան մասամբ կախված է նրանից, թե ինչ ճակատագիր կունենան այդ տարածքները։ «Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ առաջին հերթին Մարիուպոլում, բայց նաեւ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի եւ Խերսոնի մարզերի որոշ հատվածներում, տեղի է ունենում ուկրաինական բնակչության կանխամտածված ոչնչացում եւ դրա փոխարինում ռուսականով»,- գրում է հետազոտող Ջեյդ ՄըքԳլինը Engelsberg Ideas-ում։
ՄըքԳլինը բացատրում է, որ Մարիուպոլի դեպքը հատկապես խոսուն է. 2022 թվականի ներխուժումից առաջ քաղաքն ուներ մոտ 450,000 բնակիչ, բայց այսօր, տարբեր գնահատականներով, այնտեղ ապրում է 100,000 մարդ, որոնց 70%-ը 60 տարեկանից բարձր են: Այստեղ ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, քան Ուկրաինայի մնացած մասերում, եւ մարդիկ ամեն ամիս լքում են այն: Պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի ականատես քաղաքը մարում է։

At the same time, a process of replacement is underway: “According to data provided by the Centre for the Study of Occupation on settler inflows, the number of Russian citizens in Mariupol increased by at least 80,000 between 2023 and 2025, at a current rate of approximately 2,200 per month. On these projections, Russians will numerically outnumber those who called Mariupol home before the invasion by the end of this year; within three years, by more than two to one; within a decade, the replacement will be near-total.”

Միաժամանակ, տեղի է ունենում փոխարինման գործընթաց. «Բնակիչների հոսքի վերաբերյալ Բռնագրավման ուսումնասիրության կենտրոնի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Մարիուպոլում Ռուսաստանի քաղաքացիների թիվը 2023-2025 թվականների միջեւ աճել է առնվազն 80,000-ով՝ ներկայիս ամսական մոտ 2,200-ի չափով։ Այս կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին ռուսները քանակապես կգերազանցեն նրանց, ովքեր Մարիուպոլն իրենց տունն էին համարում ներխուժումից առաջ. երեք տարվա ընթացքում՝ ավելի քան երկուսը մեկի հարաբերակցությամբ. մեկ տասնամյակի ընթացքում փոխարինումը կլինի գրեթե ամբողջական»։

Ժողովրդագիր Օլեքսանդր Գլադունի խոսքով՝ անդամակցությունը մնում է հեռավոր հեռանկար։ Ենթադրելով, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, նա կարծում է, որ «քիչ հավանական է, որ դա բնակչության զանգվածային արտահոսք առաջացնի»։ Ուկրաինան արդեն մասամբ ինտեգրված էր եվրոպական աշխատաշուկային նույնիսկ մինչեւ 2022 թվականը. «2021 թվականի վերջին 1.6 միլիոն ուկրաինացիներ բնակության թույլտվություն ունեին ԵՄ երկրներում, որոնցից 900,000-ն այնտեղ էին աշխատանքի նպատակով»։

Իպոլիտովայի խոսքով, «ԵՄին Ուկրաինայի անդամակցությունն էական առավելություններ է առաջարկում թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպական միության համար, չնայած այն մարտահրավերներին, որոնք անխուսափելիորեն ենթադրում է նման ինտեգրումը»։ Ուկրաինայի համար այս գործընթացը կապահովի «մուտք դեպի ԵՄ միասնական շուկա, ֆինանսավորման գործիքներ եւ ծրագրեր», Ուկրաինան կկարողանա օգտվել նաեւ «աշխատողների ավելի ուժեղ պաշտպանությունից, ավելի անվտանգ ապրանքներից եւ ծառայություններից, ինչպես նաեւ բարելավված բնապահպանական կարգավորումից», — հավելում է Իպոլիտովան։

Որքան երկիրն իրեն ապահով զգա՝ սոցիալապես, տնտեսապես եւ ռազմական առումով, այնքան նրա բնակիչները կկարողանան այնտեղ ապագա պատկերացնել: Անվտանգության առումով, որը կենտրոնական հարց է Ուկրաինայի համար, «ԵՄ անդամակցությունը կուժեղացնի Ուկրաինայի տնտեսական եւ ինստիտուցիոնալ դիմակայունությունը եւ կխորացնի նրա ինտեգրումը եվրոպական անվտանգության կառուցակարգերին», որը պոտենցիալ կարեւոր գործոն է վերադարձող միգրանտների համար: Միեւնույն ժամանակ, Ուկրաինան «էականորեն նպաստում է եվրոպական անվտանգությանը իր պաշտպանունակության, ռազմավարական դիրքի եւ արտաքին սպառնալիքներին դիմակայելու փորձի շնորհիվ»:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Politico-ն, ԵՄ մայրաքաղաքները, ըստ էության, բացառում են Ուկրաինայի արագացված անդամակցությունը, քանի որ անդամ պետությունները մերժում են Եվրոպական հանձնաժողովի «հակառակ ընդլայնման» առաջարկը՝ Կիեւին ընդունել մինչ բարեփոխումների ավարտը: Դրա փոխարեն նրանք առաջ են մղում «արագացված աստիճանական ինտեգրման» մոդելը՝ Ուկրաինան դաշինքին մոտեցնելու համար՝ առանց նրան անհապաղ անդամակցություն առաջարկելու:

Այս ծրագիրը Ուկրաինային կտա ավելի մեծ հասանելիություն միասնական շուկային, ԵՄ ծրագրերին եւ ինստիտուտներին՝ ապահովելով կարճաժամկետ տնտեսական օգուտներ, որոնք կարող են կայունացնել իրավիճակը պատերազմի հետեւանքով տեղահանությունների եւ բնակչության անկման մասով՝ միաժամանակ մեղմելով արտագաղթի առաջացրած ճնշումը։

Քանի որ անդամակցության բանակցություններն այժմ արդեն ընթացքի մեջ են, հաջորդ մարտահրավերը կլինի բանակցային գլուխների բացումն ու փակումը: Նույնիսկ լավատեսական սցենարի դեպքում Կիևը կարող է գլուխները փակել միայն մինչև 2027 թվականը, իսկ լիիրավ անդամակցությունը կպահանջի ԵՄ անդամ բոլոր պետությունների միաձայն հաստատումը:

Հեղինակ՝ Ֆրանչեսկա Բարչա

Հոդվածի բնօրինակ տարբերակը հրապարակվել է VoxEurop-ում։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,