«Ինչպես օդային ազդանշաններն ինձ համար սովորական դարձան». վրացի լրագրողի պատմությունը Կիեւից
17 Հունիսի, 2023

«Ինչպես օդային ազդանշաններն ինձ համար սովորական դարձան». վրացի լրագրողի պատմությունը Կիեւից


Մայիսի վերջին կիրակի օրը նշվում է որպես Կիեւի օր՝ ի նշանավորում 482 թվականին քաղաքի հիմնադրման։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս օրը նշվում է զուսպ՝ պատերազմի պայմաններում: Կիեւի օրը Ռուսաստանը հերթական զանգվածային ավիահարվածն է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Վրացական Netgazeti լրատվական կայքի լրագրող Նինո Չիչուան պատմում է, թե ինչպես են Կիեւը եւ նրա բնակիչները շարունակում կյանքը մշտական օդային տագնապի պայմաններում:

Մեկ տարի է, ինչ Կիեւի օպերան վերսկսել է իր ելույթները՝ պատերազմի պատճառով հարկադիր պարապուրդից հետո։ Սկզբում այն շաբաթական երկու ներկայացում էր բեմադրում, այնուհետեւ՝ երեքը, երբ իր անդամների մեծ մասը վերադարձավ տարհանումից: Օպերայի դահլիճն ունի 1,300 նստատեղ, սակայն այժմ անվտանգ տարհանման համար վաճառքի է հանվում ընդամենը 450 տոմս։ Եթե ներկայացման ժամանակ տագնապի ազդանշան է հնչում, հանդիսատեսին հրավիրում են օպերայի հանդերձարանում գտնվող ռմբապաստարան: Ազդանշանի դադարից հետո ներկայացումը վերսկսվում է այն կետից, որտեղ ընդհատվել է, թեեւ երբեմն ելույթը շարունակելու իմաստը կորում է, երբ օդային տագնապի ազդանշանը հնչում է «Տրավիատայի» ավարտից ընդամենը 3 րոպե առաջ:

«Այդ օրը Վիոլետան ողջ մնաց…»,-հիշում է Ազգային օպերայի ներկայացուցիչ Լյուդմիլա Մովլենկոն։

Մեկուկես տարի առաջ, երբ Ռուսաստանը մոտ 100,000 զինվոր կենտրոնացրեց Ուկրաինայի սահմանին եւ երբ ամեն ինչ վկայում էր, որ պատերազմը մոտ է, քչերն էին պատկերացնում, որ ռուսական բանակը դուրս կգա Ուկրաինայի արեւելյան շրջաններից եւ կփորձի գրավել Կիեւը, բայց նրանք հենց այդպես էլ վարվեցին։ Մայրաքաղաքը պաշարելու անհաջող փորձից հետո ռուսական ուժերը նահանջեցին Կիեւի եւ Չեռնիգովի շրջաններից, թեեւ մինչ օրս շարունակում են օդային հարձակումները մայրաքաղաքի վրա։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերն առավելապես հաջողությամբ են պայքարում ռուսական հրթիռների եւ իրանական ԱԹՍ-ների դեմ։ Իսկ Կիեւը, չնայած պարբերաբար հնչող օդային տագնապի ազդանշաններին եւ պարետային ժամի սահմանափակումներին, վերադարձել է բնականոն կյանքի:

«Սկզբում ամեն ինչ փակ էր։ Ոչ կինոթատրոններն էին աշխատում, ոչ էլ ակումբները… Երբ Կիեւի մարզի վրա լայնածավալ հարձակման վտանգը նվազեց, կյանքը վերադարձավ նախկին հուն: Գործարանները, հաստատությունները, կազմակերպությունները վերաբացվեցին, քանի որ, ինչպես մեր նախագահն է ասում, մենք պետք է գործի գցենք մեր տնտեսությունը։ Սա վճռորոշ նշանակություն ունի։ Չնայած Ուկրաինայի արեւելքում առկա դժվարություններին, այստեղ մենք պետք է ամեն ինչ անենք իրավիճակը բարելավելու համար, որպեսզի օգնենք առաջնագծին»,- ասում է Կիեւի 21-ամյա բնակիչ Սոֆյան:

Կիեւցիները բացատրում են, թե ինչպես է փոխվել իրենց առօրյան վերջին մեկ տարում. նրանց համար այնքան սովորական են դարձել օդային տագնապի ազդանշանները, որ նրանցից շատերն ամեն օդային հարձակման ժամանակ այլեւս չեն վազում դեպի ապաստարաններ: Սակայն նրանք չեն կարողանում վարժվել, որ ամեն օր այս պատերազմի պատճառով անմեղ մարդիկ են զոհվում։ Պատերազմն ուժ է տվել հասարակ մարդկանց, խորացրել է նրանց սերն առ կյանքը եւ հայրենիքը, իսկ նրանք խզել են բոլոր կապերը ռուս հարազատների հետ՝ ասելով, որ երբեք չեն ների նրանց:

Կրիստինա Կիսելովայտե, դերասան եւ արվեստի մենեջեր

«Կիեւում կյանքը հիասքանչ է։ Նախ, որովհետեւ ես ողջ եմ։ Կարող եմ ընկերներիս հետ զբոսնել այգում, խաղալ թատրոնում… Հիմա մենք իսկապես գիտենք կյանքի արժեքը եւ ամեն օր ապրում ենք այնպես, կարծես այն վերջինն է: Պատերազմը փոխել է իմ առօրյա գործունեությունը. ես չեմ կարողանում որեւէ բան պլանավորել, քանի որ չգիտեմ՝ Ռուսաստանը նորից կռմբակոծի՞ մեր քաղաքը, թե՞ ոչ: Երբ ես շատ կարեւոր բան ունեմ անելու, անտեսում եմ օդային զգուշացումները: Ասես վստահում եմ ինտուիցիայիս։ Մայրս ու ընկերներից շատերը կարող են գիշերը իջնել ստորգետնյա ապաստարան: Բայց ամեն օր, երբեմն էլ՝ օրը երեք անգամ ապաստարան գնալը չափազանց դժվար է։ Մենք պարզապես ուզում ենք ապրել։ Ես ուզում եմ գիշերը քնել: Իմ ասածն այնքան էլ ճիշտ չէ, բայց սա է ճշմարտությունը։ Ես գիտեմ, որ Եվրոպան, մյուս երկրները հոգնել են մեր պատերազմից, Ուկրաինայի մասին լուրերից եւ օգնությունից… Մենք էլ ենք հոգնել։ Բայց դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է։ Եվ եթե այսօր բոլորն ինչ-որ բան անեն ագրեսիան դադարեցնելու համար, ապա հնարավոր է, որ մեր «պերեմոգան»՝ մեր հաղթանակը (այս բառը բոլորը գիտեն) ավելի արագ գա»։

Անատոլի Տարչենկո, Կիեւի բնակիչ

«Քաղաքը նախկինի պես տոնական չէ։ Բոլորը ինքնամփոփ են դարձել… զրույցներում, հարաբերություններում… Սա պատերազմի արդյունք է։ Ապրանքներն ու դեղերը մշտապես թանկանում են, բայց մենք ոչնչի պակաս չունենք։ Բացառապես բոլոր հաստատություններն աշխատում են։ Պատերազմը շատ կյանքեր է խլում. երեխաներ, կանայք, երիտասարդ տղաներ են մահանում… Այն օրերին, երբ անցնում եմ մեր սպանված զինվորների հուշահամալիրի մոտով, չեմ կարողանում քնել։ Որքա՜ն մարդ է մահացել Կրեմլում նստած զոմբիացած ապուշի պատճառով… Կարծում եմ, երեք-չորս սերունդ պետք է անցնի, մինչեւ մենք կարողանանք վերականգնել մեր հարաբերությունները ռուսների հետ: Այն վերքը, որ այս ապուշը հասցրել է ուկրաինացի ժողովրդին, չափազանց խորն է։ Փառք Աստծո, Ռուսաստանում բարեկամներ չունեմ, բայց ծանոթներ ունեմ։ Ես վերջ դրեցի նրանց հետ իմ հարաբերություններին, քանի որ նրանք աջակցում էին Պուտինի սանձազերծած վայրի ռազմական գործողություններին: Ի՞նչ է մեզ պետք միջազգային հանրությունից։ Զենք, զենք, զենք։ Եվ դեղորայք, իսկ հնարավորության դեպքում՝ բուժօգնություն մեր զինվորներին օտար երկրներում, որտեղ կան ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ։ Մնացածն Ուկրաինան կանի սեփական ուժերով»։

Սոֆիա, 21 տարեկան

«Նախ, պատերազմը փոխեց մեզ. բոլորս անսպասելիորեն մեծացանք այս տարվա ընթացքում։ Հասկացանք՝ ինչ է պատերազմը։ Մեր մաշկի վրա զգացինք, թե ինչ ավերածություններ ու տառապանք կարող է այն պատճառել։ Դարձանք ավելի դիմացկուն եւ ինքնավստահ։ Սկզբում ես ընտանիքիս հետ հեռացա Կիեւից, բայց մենք չլքեցինք երկիրը։ Հետո վերադարձա Կիեւ։ Սկզբում մենք սարսափելի վախենում էինք օդային տագնապի եւ հրթիռների ձայներից։ Հիմա էլ ենք վախենում։ Բայց ինչ-որ կերպ վարժվեցինք դրանց [օդային զգուշացումներին]: Անցավ մեկ տարի. ինքնաբերաբար ընտելանում ես… Չափազանց դժվար է խոսել, քանի որ բոլորի հիշողությունները տարբեր են: Բոլորն էլ ինչ-որ կերպ առնչվում են այս պատերազմին։ Ես դժկամությամբ եմ շփվում ռուսների հետ։ Ցավոք սրտի, Ռուսաստանում բարեկամներ ունենք եւ նրանց հետ բոլոր տեսակի շփումներին վերջ ենք տվել։ Նրանք չեն հասկանում մեր բացատրությունները, ապրում են իրենց նեղ աշխարհում։ Թող ապրեն։ Հին հարաբերությունների վերադարձն անհնար է։ Ես չեմ կարող կիսել այն տեսակետը, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրներ են։ Այդպես չէ։ Դրանք տարբեր ժողովուրդներ են, տարբեր մշակույթներով: Հաշտությո՞ւն: Ոչ մի դեպքում։

Սաշա, 35 տարեկան

«Ես Դոնեցկից եմ։ Դոնբասում պատերազմն ավելի վաղ է սկսվել [2014 թվականին]։ Սկզբում տեղափոխվեցի Օդեսա, իսկ հետո՝ Կիեւ։ Սովորել եմ Խարկովում։ Ես եղել եմ իմ երկրի շատ քաղաքներում եւ նրանցից ամեն մեկն իմ սրտում իր ուրույն տեղն ունի: Բայց Կիեւն առանձնահատուկ է։ Ես սիրում էի այն պատերազմից առաջ, բայց իմ վերաբերմունքը սխալ էր։ Ես դժգոհ էի. ինձ ավելին էր պետք։ Այստեղ տեղի ունեցած իրադարձություններից հետո հասկացա, թե որքան հրաշալի է մեր երկիրը։ Որքան ուժեղ, բարի, համակրելի մարդիկ են ապրում այստեղ։ Մենք բոլորս սովորեցինք նոր ուժով սիրել Ուկրաինան, մեր քաղաքը, մեր սիրելիներին եւ հայրենակիցներին: Կյանքն ավելի դժվարացավ, բայց մարդիկ ուժ հավաքեցին: Ինչ վերաբերում է մեր հոգեվիճակին, ապա տրամադրությունդ դրական է, երբ հրթիռներ չեն ընկնում եւ մարդիկ չեն զոհվում։ Շատ ավելի ծանր են այն օրերը, երբ մարդիկ են զոհվում։ Դու կարեկցում ես եւ տառապում… Ոչինչ առաջվանը չի լինի, շատերն այլեւս չեն ունենա հարազատներ, չեն ունենա տուն, վերադառնալու տեղ, որտեղ ամեն ինչ կարող է լինել նախկինի պես»:

Այսօր Կիեւի փողոցների գլխավոր գրավչությունն այրված ռուսական տանկերն են՝ ավազով լի պարկերով ծածկված մշակութային հուշարձանների ֆոնին։ Որմնանկարները, գրաֆիտի պատկերներն ու վահանակները պատերազմը դադարեցնելու եւ զինվորներին ողջ-առողջ տուն վերադառնալու կոչ են անում: Որմնանկարների մեծ մասը նվիրված է Մարիուպոլիին:

Բոլորը սպասում էին, որ Կիեւը մի քանի օրվա ընթացքում կանցնի ռուսներին, բայց պատերազմի սկսվելուց գրեթե 500 օր անց ուկրաինական դիմադրությունը շարունակվում է: Լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո մի քանի օրվա ընթացքում ուկրաինացիներն ինքնակազմակերպման տպավորիչ օրինակներ էին ցուցադրում: Օրինակ՝ «Come Back Alive» հիմնադրամը 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր հավաքել է ավելի քան 7 միլիարդ գրիվնա (մոտ 175 միլիոն եվրո) Ուկրաինայի պաշտպանության ուժերին աջակցելու համար։ Եվ սա ընդամենը մեկն է այն հարյուրավոր ՀԿ-ներից, որոնք մարդկանից նվիրատվություն են հավաքում:

Բարեգործական կազմակերպությունները բանակի համար գնում են ԱԹՍ-ներ եւ ռազմական նշանակության տեխնիկա։ «Come Back Alive» հիմնադրամի ներկայացուցիչ Մաքսիմ Լեմանսկին հիշում է, որ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրողները շոկի մեջ էին, երբ բարեգործական կազմակերպությունները դիմել էին իրենց՝ ԱԹՍ-ներ գնելու համար։ Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ՀԿ-ն զենք գնել բանակի համար: Համաձայնության հասնելու համար բանակցությունները տեւել են ամիսներ։

Երբ «Պրիտուլա» հիմնադրամը քրաուդֆանդինգի միջոցով հավաքեց 15 միլիոն դոլար՝ երեք «Բայրաքթար» գնելու համար, թուրքական ընկերությունը դրանք նվիրաբերեց անվճար: Խնայած գումարով բարեգործական կազմակերպությունը զինված ուժերի համար գնեց ICEYE արբանյակ։

Այդուհանդերձ, ներքին նվիրատվություններն այժմ նվազում են՝ համեմատած պատերազմի առաջին շրջանի հետ. 2022 թվականի մարտին «Come Back Alive»-ը հավաքել է մեկ միլիարդ գրիվնա, իսկ այժմ ամսական հավաքում է ընդամենը 300,000 գրիվնա: Հիմնադրամը նախատեսում է իր դրամահայթայթման ջանքերի սլաքը սովորական քաղաքացիներից տեղափոխել դեպի խոշոր բիզնեսներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նախաձեռնությամբ ստեղծված «United24» բարեգործական հարթակը մինչ այժմ կարողացել է ներգրավել ավելի քան 353 միլիոն դոլար։

«Դիգնիտաս» հիմնադրամի ներկայացուցիչ Լյուբա Շիպովիչը կարծում է, որ նշված գումարը, ինչպես նաեւ միջազգային դոնորներից ստացված միջոցները երկրի վերակառուցմանն ուղղելը սխալ է. «Մինչ վերակառուցումը Ուկրաինան պետք է հաղթի պատերազմը եւ պետք է ավելի շատ ռեսուրսներ մոբիլիզացվեն՝ մարտերը շարունակելու համար», – ասում է նա։

«Կարծում եմ, Ուկրաինայի կառավարության պնդումները, թե մենք հաղթում ենք պատերազմը, լավ է մեր զինվորների տրամադրությունը բարձրացնելու համար: Բայց մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը. Ռուսաստանը ավելի մեծ մոբիլիզացիոն ռեսուրսներ ունի», նշում է Լյուբան:

«Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում», համաձայնում է Մաքսիմ Լեմանսկին «Come Back Alive» հիմնադրամից:

Սեփական ինքնիշխանությունն ու եվրոպական ապագան պաշտպանելու եւ Կրեմլի հետ կապերն ընդմիշտ խզելու իր ընտրության հարցում ուկրաինական հասարակությունը Ռուսաստանի լիարժեք ներխուժումից հետո շատ ավելի միանշանակ եւ միասնական է, քան նույնիսկ 2014 թվականից ընթացող Դոնբասի պատերազմի հարցում։

«Ռուսաստանն է սանձազերծել այս պատերազմը, բայց կռիվ տալը մեր ընտրությունն էր։ Մենք ոչ մի կերպ չենք կարող կանգնեցնել այս պատերազմն առանց հանձնվելու։ Եթե չպայքարենք, կկորցնենք երկիրը։ Եվ սա միայն մեր ազգին չի վերաբերում։ Սա պայքար է հանուն մեր սիրելիների, հանուն մարդկային կյանքերի։ Մենք կռվում ենք ռուսական բանակի դեմ, բայց ռուսական բանակը միայն ուկրաինական զինված ուժերի դեմ չէ, որ կռվում է։ Նրանք կռվում են ամբողջ Ուկրաինայի դեմ», ասում է Ուկրաինայի վետերանների կենտրոնի տնօրեն Արտյոմ Դենիսովը։

* Նինո Չիչուան այցելել է Կիեւ վրացի եւ մոլդովացի լրագրողների համար նախատեսված պրեսս տուրի շրջանակում, որը կազմակերպել էր «EU NEIGHBOURS east» ծրագիրը՝ «N-OST» միջազգային մեդիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Այցի հիմնական նպատակը Ուկրաինայի, ԵՄ-ի եւ ԱլԳ երկրների լրագրողների միջեւ փորձի փոխանակման եւ միջսահմանային համագործակցության խթանումն էր։ Այցը նաեւ նպատակ էր հետապնդում աջակցել Ուկրաինայի տեղեկատվական օրակարգին եւ վերջինս վերադարձնել ԱլԳ առաջատար լրատվական հարթակների լրահոս:

Հեղինակ՝ Նինո Չիչուա

Հոդվածը վրացերենով հրապարակվել է Netgazeti.ge կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,