Խտրականություն եւ առցանց ոտնձգություններ. խորհուրդներ կանանց՝ ինչպես վարվել
8 Դեկտեմբերի, 2023

Խտրականություն եւ առցանց ոտնձգություններ. խորհուրդներ կանանց՝ ինչպես վարվել


Վիրավորանքի (աբյուզի), կիբեռբուլինգի եւ խտրականության դեպքերը համացանցում այնքան են աճել ամբողջ աշխարհում, որ շատերին ստիպել են մտածել կանանց համար ավելի ապահով թվային միջավայր ստեղծելու ռազմավարության մասին: Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ առաջարկում ենք գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանանց դիմակայել այս մարտահրավերներին եւ ձեւավորել հարգանքի ու ներառականության մշակույթ առցանց տարածքում:

Պայքար հանուն ձայնի իրավունքի. կոնկրետ ռազմավարություններ

«Մոտ երկու շաբաթ անընդմեջ  հարյուրավոր թվիթներ էի ստանում, որոնք ամեն կերպ թիրախավորում էին իմ արտաքինը, ծաղրում իմ խոսելու ձեւն ու տեսքը»,- ասում է ապատեղեկատվությունն ուսումնասիրող եւ «Կինը համացանցում. ինչպես հաղթահարել վիրավորանքն ու ոտնձգությունները եւ հակահարված տալ» գրքի հեղինակ Նինա Յանկովիչը։

«EU DisinfoLab 2023» ամենամյա համաժողովում վերջերս ունեցած ելույթում նա պատմեց համացանցում իր դեմ տեղի ունեցած մեծ հարձակման մասին եւ կիսվեց առցանց ոտնձգությունների բարդ միջավայրում նավարկելու գիտելիքներով ու ռազմավարություններով։

Նինա Յանկովիչը բացատրեց, որ տրոլների հույսը մեր արձագանքն է։ Այսպիսով, նա խորհուրդ է տալիս խլացնել կամ արգելափակել այդպիսի կոնտակտներից ծանուցումները եւ շարունակել ապրել: «Նպատակը պարզ է՝ զրկել նրանց ազդեցությունից», – ասում է փորձագետը եւ կանանց կոչ անում մտածել փոխօգնության հուսալի ցանց ստեղծելու մասին։

Նա նաեւ կարեւոր է համարում զբաղվածության ոլորտում խելամիտ քաղաքականության ներդրումը՝ աջակցելու նրանց, ովքեր ենթարկվում են առցանց բռնության: Նրա խոսքով՝ «գործատուները պետք է խելամիտ քաղաքականություն մշակեն առցանց աբյուզի ենթարկվող աշխատակիցների համար: Ավելին, աշխատակիցները պետք է ճշտեն նման աջակցության քաղաքականության առկայությունը նոր աշխատանքի մասին բանակցելիս»:

Կիբեռոտնձգություն, կիբեռբուլինգ, տրոլինգ, ֆլեյմինգ՝ այս հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ, ընդ որում՝ որոշները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց նշանակությունը: Խոսքի ազատության ջատագովությամբ զբաղվող PEN America կազմակերպությունը նախընտրում է «առցանց ոտնձգություն» կամ «առցանց աբյուզ» տերմինները՝ դրանք սահմանելով որպես «առանձին անհատի կամ խմբի համատարած կամ խիստ թիրախավորում համացանցում՝ վնասարար վարքագծի միջոցով»։

Նրանց Online Harassment Field Manual ձեռնարկում նրանք գործնական ռազմավարություններ են առաջարկում նրանց համար, ովքեր չեն ենթարկվել առցանց ոտնձգությունների, բայց ականատես են եղել դրանց.

  1. Համացանցում ոտնձգությունների հանդիպելիս՝ նախեւառաջ հոգացեք ձեր անվտանգության մասին։
  2. Խիստ կարեւոր է որոշել ոտնձգության տեսակը եւ աստիճանը։
  3. Կապվեք բռնության թիրախի հետ, նրան ցուցաբերեք զգացմունքային աջակցություն, լսեք առանց դատելու եւ հաստատեք, որ այն, ինչ կատարվում է, նրա մեղքը չէ: Ասվածն ամրապնդում է համերաշխության զգացումը։
  4. Փնտրեք ոտնձգության թիրախին օգնելու լավագույն միջոցը՝ առաջարկելով իրական աջակցություն, օրինակ՝ օգնություն բողոքներ ներկայացնելու եւ ոտնձգության դեպքերը փաստաթղթավորելու հարցում: Օգնեք նրան ամրապնդել իր թվային անվտանգությունը:

«Լուծումը խնդրի վրա ուշադրություն գրավելն է»

Մարդու իրավունքները եւ գենդերային հավասարությունը Եվրոպական միության հիմնական արժեքներից են եւ ընկած են ԵՄ-ի արտաքին գործունեության հիմքում։ Այս արժեքների առաջմղումը Արեւելյան գործընկերության տարածաշրջանի երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) ցանցի հիմնական խնդիրներից է:

Երիտասարդ եվրոպական դեսպան Սաադաթ Աղաեւան նաեւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (մասնավորապես, ԿԶՆ 5-րդ նպատակ՝ գենդերային հավասարություն) երիտասարդ դեսպան է, ինչպես նաեւ՝ HeForShe (գենդերային հավասարության համաշխարհային շարժում) ծրագրի ղեկավարն Ադրբեջանում։ Նա բախվել է համացանցում համակարգված ոտնձգությունների հետ եւ սովորել հաղթահարել դրանք:

«Հիշում եմ, որ առանց համաձայնության տղամարդկանցից մի քանի սեքստինգի՝ սեռական բնույթ կրող հաղորդագրությունների հարցումներ ստացա եւ անմիջապես արգելափակեցի դրանք: Ցավոք սրտի, դա հաճախ է պատահում աղջիկների եւ կանանց հետ, քանի որ ինտերնետ հասանելիությունը նաեւ առցանց ոտնձգությունների անպատիժ մնալու տարածություն է ստեղծում»,- ասում է Սաադաթը:

Սաադաթ Աղաեւան համացանցում բուլինգի եւ ոտնձգությունների հետ բախված բոլոր կանանց կոչ է անում ավելի համարձակ լինել, բարձրաձայն խոսել խնդրի մասին, հավաքել ապացույցներ եւ բողոքներ ներկայացնել: «Կարծում եմ,  խնդրի վրա ուշադրություն հրավիրելու միջոցներից մեկը դրանում շրջապատող հասարակությանը ներգրավելն է։ Կարելի է նաեւ բողոք ներկայացնել դատարան»,- պնդում է նա։

Այսպես, 50-ից ավելի երիտասարդ եվրոպական դեսպաններ վերջերս մասնակցել են իրենց համար ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կազմակերպած դասընթացին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ առաջնորդներին մշակել խտրականության, ատելության եւ ռասիզմի դեմ նարատիվներ՝ օգտագործելով մարդու իրավունքների լեզուն եւ հավաքական գործողություններ ձեռնարկելով նշված երեւույթների դեմ:

«Պետք է ասեմ, որ առցանց դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու գործիքները, ինչպես նաեւ որոշ հմտություններ չափազանց կիրառական եւ օգտակար էին ինձ համար»,- ասում է Նատալյա Բալիցկան, ով երիտասարդ եվրոպական դեսպանների մենթորն է Ուկրաինայում: Նա ասում է, որ ծրագիրը շոշափելի ազդեցություն է ունեցել իր ամենօրյա աշխատանքի վրա:

Նրա համար կարեւոր դասերից մեկն այն էր, թե ինչպես կարելի է մարդու իրավունքների խոսքի վրա հիմնված հականարատիվ ստեղծել։ Նատալյան անհամբեր սպասում է Բուդապեշտում կայանալիք օֆլայն դասընթացին, թեեւ առցանց դասերը եւս ապարդյուն չեն անցել։ Նա ուսումնասիրել է Եվրոպայի խորհրդի աշխատանքը խտրականության դեմ պայքարում, ավելի խորը պատկերացում կազմել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին եւ ակտիվորեն կիսվել Ուկրաինայում իրավունքների վերաբերյալ իր տեսակետով:

Կին լրագրողների խնդիրները

Լրագրողների միջազգային կենտրոնն (ICFJ) իրականացրել է կին լրագրողների նկատմամբ առցանց բռնության գլոբալ հետազոտություն, որի արդյունքներն արտացոլված են «Սարսուռ. կին լրագրողների նկատմամբ առցանց բռնության համաշխարհային միտումների ուսումնասիրություն» (The Chilling: A Global Study of Online Violence Against Women Journalists) գրքում։

Հետազոտությանը մասնակցած լրագրողները նկարագրել են առցանց բռնության սարսափելի փորձառություններ՝ սկսած սեռական եւ ֆիզիկական բռնության սպառնալիքներից մինչեւ աբյուզիվ արտահայտություններ, անձնական հաղորդագրություններով ոտնձգություններ, մասնագիտական ​​կամ անձնական հեղինակությանը վնասելու սպառնալիքներ, թվային անվտանգության վրա հարձակումներ, կեղծ պատկերների օգտագործմամբ շանտաժ եւ ֆինանսական սպառնալիքներ:

Այս հարձակումների բազմակողմ բնույթն արտացոլում է մի քանի նպատակ հետապնդող անհանգստացնող օրինաչափություն: Դրանց թվում են՝ նսեմացումը եւ նվաստացումը, քանի որ առցանց բռնությամբ փորձ է արվում նսեմացնել, նվաստացնել եւ ամաչեցնել կին լրագրողներին՝ խաթարելով նրանց ինքնավստահությունն ու ինքնագնահատականը: «Վերջնական նպատակը կին լրագրողներին վախեցնելը, լռեցնելն ու հանրային բանավեճերին մասնակցելուց ու կարեւոր խնդիրները լուսաբանելուց հետ պահելն է»,- ասում են գրքի հեղինակները:

Խնդիրը բարդանում է համավարակի ընթացքում զարգացած միտումներով՝ դավադրության ցանցեր, ապատեղեկատվություն եւ քաղաքական ծայրահեղականություն: Այս տարրերի՝ համացանցում մեկ ամբողջության մեջ դրսեւորվելուն զուգահեռ աճում եւ ընդլայնվում են կանանց առջեւ ծառացած ռիսկերը։

Ուսումնասիրությունը համընկավ Ուկրաինայի պատերազմի մեկնարկի հետ՝ բացահայտելով առցանց բռնության՝ որպես պատերազմի զենքի չարագուշակ դերը։

Հասկացությունների եւ պաշտպանության մեխանիզմների ըմբռնում

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (ՄԻՀՀ) ընդգծում է  հավասարությունը՝ հայտարարելով. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով» (Հոդված 1): Հոդված 2-ն էլ ամրագրում է խտրականությունից ազատությունը՝ ընդգծելով իրավունքների եւ ազատությունների հավասարությունն առանց որեւէ տեսակի խտրականության:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ ԵՄ գործողությունների ծրագրի (2020-2024) իր առաջաբանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ընդգծում է հավաքական գործողության կարեւորությունը. «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը հավաքական, ոչ թե անհատական ​​խնդիր է: Ոչ մի երկիր, որքան էլ հզոր կամ ազդեցիկ լինի, չի կարող հավասարվել իր ինստիտուտների միջոցով գործող միջազգային հանրության հեղինակությանը»:

Նա նաեւ ընդգծում է նորագույն տեխնոլոգիաների առաջացրած մարտահրավերները եւ զգուշացնում. «Ապշեցուցիչ է այն արագությունը, որով հսկողության եւ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները տարածվում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից աշխարհի ամենավատ [ռեժիմների] շրջանում»:

Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի Կիբեռհանցավորության դեմ պայքարի մասին կոնվենցիան, որն ավելի հայտնի է որպես Բուդապեշտի կոնվենցիա, կարեւոր հանգրվան է համացանցում եւ այլ համակարգչային ցանցերում կատարված հանցագործությունների դեմ պայքարի միջազգային ջանքերի համար:

Առցանց աբյուզի լրջությունն ակնհայտ է, քանի որ նույնիսկ մեկ միջադեպ, ինչպիսին է մահվան սպառնալիքը կամ անձնական տեղեկատվության բացահայտումը, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Բացի այդ, լուրջ վտանգ է ներկայացնում միջադեպերի կամ համակարգված հետապնդումների շարունակական հոսքը։

Երեւույթները, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, խտրականությունը, կարծրատիպերը եւ նախապաշարմունքները, միահյուսված են մի բարդ օրինաչափության մեջ, որն ազդում է մեր հասարակության վրա: Այս հասկացությունների իմաստի ըմբռնումը չափազանց կարեւոր է ներառական համայնքներ կառուցելու եւ ամենուր ծագող մարտահրավերների դեմ պայքարելու համար:

Մարդու իրավունքների միջազգային օրը հիշեցում է առ այն, որ արժանապատվության եւ հավասարության սկզբունքները պետք է կիրառվեն ոչ միայն իրական, այլեւ թվային կյանքում, որտեղ խտրականության եւ կիբեռհարձակման հետեւանքները կարող են շատ լուրջ լինել։

Հեղինակ՝ Օլգա Կոնսեվիչ

Հոդվածը տպագրվել է ուկրաիներեն  TSN.ua կայքում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,