Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում
© European Union, 2019
12 Ապրիլի, 2024

Ո՛չ, ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում


Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար պնդում են, որ ՌԴտնտեսությունն իրականում չի տուժի արեւմտյան պատժամիջոցներից եւ որ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին: Այնուամենայնիվ, այս գաղափարները չեն դիմանումքննադատության: Մեր պատժամիջոցներն արդեն զգալիորեն թուլացրել են Ռուսաստանի տնտեսությունը, եւ այդ երկրի ապագան օրեցօր ավելի մռայլ է դառնում, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմիր ագրեսիվ պատերազմը։

© ANYA MARCHENKOVA / AFP

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին առերեսվելով՝ Եվրոպական միությունը մինչ օրս միաձայն համաձայնեցրել է 13 պատժամիջոցների փաթեթ. սա երբեւէ ԵՄ-ի ձեռնարկած պատժամիջոցների խոշորագույն փորձն է: Այս պատժամիջոցները սերտորեն համաձայնեցվել են նաեւ բազմաթիվ համախոհ գործընկերների հետ: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին մենք հաճախ ենք լսել, որ հնարավոր է՝ այս աննախադեպ պատժամիջոցները չեն գործում: Այդ ձայները հատկապես բարձր էին հնչում 2023 թվականին ՀՆԱ-ի 3,6 տոկոս աճի մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունից հետո։

Պուտինյան Ռուսաստանի պաշտոնական թվերի հետ պետք է զգույշ լինել

Նախ՝ այնպիսի ավտոկրատական համակարգերում, ինչպիսին Ռուսաստանն է, որտեղ չկան տեղեկատվության ազատություն եւ հակակշիռներ, պաշտոնական թվերի նկատմամբ միշտ պետք է մեծ զգուշություն ցուցաբերել: Տնտեսական ցուցանիշները նույնքան կասկածելի են, որքան վերջին նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Երկրորդ՝ ի սկզբանե քիչ հավանական էր, որ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի տնտեսությունը կփլուզվեր: Անցած երկու տարիների ընթացքում մենք մշտապես շեշտել ենք, որ մեր պատժամիջոցներն ակնթարթային ազդեցություն չեն ունենա եւ որ դրանց նպատակն է թուլացնել իր պատերազմական ջանքերին աջակցելու Ռուսաստանի կարողությունը՝ միջնաժամկետ հեռանկարում: Եվ դա, փաստորեն, սկսում է տեղի ունենալ։

© FEDERAL TREASURY OF RUSSIA
© SOURCE: RUSSIA’S DRAFT BUDGET PLANS, REUTERS, OCT. 16 2023 BY SUMANTA SEN

«2023 թվականին Ռուսաստանում արձանագրված տնտեսական աճը «ռազմական քեյնսականության» քաղաքականության դասական արդյունքն էր, որի նմանը գրանցվել էր Գերմանիայում 1930-ականներին»։

2023 թվականին Ռուսաստանում արձանագրված տնտեսական աճը «ռազմական քեյնսականության» քաղաքականության դասական արդյունքն էր, որի նմանը գրանցվել էր Գերմանիայում 1930-ականներին։ Հաշվի առնելով 2024 թվականին պաշտպանական ծախսերի՝ նախորդ տարվա համեմատ 70 տոկոսով ավելանալը՝ Ռուսաստանի պետբյուջեի մոտ 30 տոկոսը եւ ՀՆԱ-ի 6 տոկոսն այժմ պաշտոնապես հատկացվում են պաշտպանությանը, ընդ որում՝ դասակարգված ծախսերի անվան տակ եւս հատկացվում են կարեւոր լրացուցիչ ռեսուրսներ: Ռազմական եւ անվտանգության ծախսերը վերադարձել են խորհրդային ժամանակաշրջանի մակարդակին:

Ռուսաստանի տնտեսությունը սնուցվում է պաշտպանական ծախսերի պայթյունային աճով

Ռուսաստանի տնտեսությունը սնուցվում է պաշտպանական ծախսերի այս պայթյունային աճով՝ ներառյալ զինվորականներին եւ Ուկրաինայում սպանվածների ընտանիքներին, հատկապես՝ աղքատ շրջանների էթնիկ փոքրամասնություններին տրամադրվող բարձր վճարները: Այս դինամիկան արտացոլվում է նաեւ տարածքային տնտեսական անհավասարակշռության մեջ, երբ ուժեղ ռազմական արդյունաբերություն ունեցող կամ Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններն արձանագրում են ավելի լավ տնտեսական ցուցանիշներ՝ պայմանավորված պատերազմի հետ կապ ունեցող գործունեությամբ:

Պուտինյան Ռուսաստանի պես ավտորիտար ռեժիմի համար համեմատաբար հեշտ է տնտեսությունը դեպի ռազմական արդյունաբերություն վերաուղղելը՝ այլ ոլորտների համար հսկայական բացասական հետեւանքներով հանդերձ: Անցումը դեպի պատերազմական տնտեսություն անպայման նշանակում է շատ ավելի քիչ ծախսեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, ճանապարհների, քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկ համակարգերի ուղղությամբ… Այս վերակողմնորոշումն արդեն իսկ բացասաբար է ազդել Ռուսաստանի հազարավոր շարքային քաղաքացիների կյանքի վրա, ինչպես մենք ականատես եղանք, օրինակ, նախորդ ձմռանը Ռուսաստանի մի շարք քաղաքներում կենտրոնացված ջեռուցման համակարգերի խափանման բազմաթիվ դեպքերում։ Եթե պատերազմը շարունակվի, իրավիճակը միայն կվատթարանա։

© CREA, 2024
© CSR, 2024

«Հանածո վառելիքի արտահանումից ռուսական տնտեսության եկամուտը 2022 թվականի գարնանից կրկնակի կրճատվել է»։

Մեր պատժամիջոցներն արդեն հարվածում են Ռուսաստանի դրամապանակին։ Հանածո վառելիքի արտահանումից ռուսական տնտեսության եկամուտը 2022 թվականի գարնանից կրկնակի կրճատվել է՝ շնորհիվ ածուխի եւ նավթի եվրոպական էմբարգոյի եւ նավթի արտահանման հանդեպ G7-ի կողմից որոշված գնային շեմի։ Մեր նպատակը երբեք չի եղել կանխել Ռուսաստանից հանածո վառելիքի արտահանումը, ինչը մեծ ճգնաժամ կառաջացներ համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Մեր նպատակն այդ արտահանումից Ռուսաստանի շահույթի էական կրճատումն էր, եւ մենք հասանք դրան։ Սրա մասին են վկայում առեւտրի ցուցանիշները. որպես հանածո վառելիքի խոշոր արտահանող՝ Ռուսաստանն ավանդաբար ունեցել է հսկայական արտաքին պրոֆիցիտ։ Այնուամենայնիվ, վերջին երկու տարիների ընթացքում այդ պրոֆիցիտը կրճատվել է՝ հասնելով գրեթե զրոյի:

© FEDERAL STATE STATISTICS SERVICE, 2024

Ռուսաստանում գնաճը գտնվում է բարձր մակարդակի վրա

2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունում նկատվեց նաեւ կտրուկ գնաճ, որը մեծապես պայմանավորված էր Արեւմուտքի պատժամիջոցներով։ 2023 թվականի առաջին կիսամյակում գնաճը զգալիորեն թուլացել էր, բայց 2023 թվականի կեսերից կրկին սկսեց աճել։ Ներկայումս Ռուսաստանում տարեկան գնաճը գերազանցում է 8 տոկոսը՝ եվրագոտու 2,6 տոկոսի համեմատ։ Սա հատկապես նկատելի է պարենային ապրանքների գների դեպքում։ Օրինակ՝ 2023 թվականին արձանագրվել է ձվի գնի 40 տոկոսով թանկացում, որը բազմաթիվ ռուսների համար հիմնական սննդամթերք է։ Ռուսական միջին ընտանիքի բյուջեում սննդի ծախսերն աճել են՝ հասնելով ընդհանուրի ավելի քան 30 տոկոսի։

© GOOGLE, 2024

2022 թվականի գարնանից կայուն անկում է ապրում նաեւ ռուբլու փոխարժեքը։ Այս արժեզրկումն ավելի է թանկացնում ներմուծումը։ Ռուսական արժույթի այս անկումը եւ գնաճի բարձրացումը կասեցնելու համար Ռուսաստանի կենտրոնական բանկը ստիպված է եղել կտրուկ բարձրացնել իր կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք այժմ կազմում են տարեկան 16%, ինչը 3,5 անգամ գերազանցում է Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսադրույքը: Պատերազմի հետ կապված հսկայական ծախսերը, ներմուծման թանկացումը եւ աշխատաշուկայի սահմանափակությունը նշանակում են, որ գնաճը Ռուսաստանում կմնա բարձր՝ ստիպելով Կենտրոնական բանկին տոկոսադրույքները պահել բարձր մակարդակի վրա:

«Տոկոսադրույքների նման բարձր մակարդակի պայմաններում Ռուսաստանում լրջորեն տուժում են մասնավոր ներդրումները, իսկ ռուսական պետությունն ինքը չի կարող իրեն թույլ տալ վարկ վերցնել: Ներդրումների մշտական բացակայությունը ավելի կվնասի Ռուսաստանի տնտեսական ապագան»։

Միեւնույն ժամանակ, ներդրողների վստահությունը Ռուսաստանի տնտեսության ապագայի նկատմամբ այնքան ցածր է, որ ՌԴ կառավարությունը ստիպված է տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով 10-ամյա վարկ վերցնել՝ եվրագոտու միջինը 2,9 տոկոսի համեմատ։ Ռուսաստանից արդեն տեղի է ունեցել կապիտալի զգալի արտահոսք, եւ նույնիսկ նրանք, ում Ռուսաստանը պիտակավորում է որպես «բարեկամ» երկրներ, չեն ցանկանում իրենց գումարներով խաղադրույք կատարել Ռուսաստանի ապագայի վրա: Տոկոսադրույքների նման բարձր մակարդակի պայմաններում Ռուսաստանում լրջորեն տուժում են մասնավոր ներդրումները, իսկ ռուսական պետությունն ինքը չի կարող իրեն թույլ տալ վարկ վերցնել: Ներդրումների մշտական բացակայությունն ավելի կվնասի Ռուսաստանի տնտեսական ապագան։

Պատժամիջոցների շրջանցումը սահմանափակելու ուղղությամբ աշխատանք

Հայտնի փաստ է, որ մեր պատժամիջոցները մասամբ շրջանցվում են, մասնավորապես, Ռուսաստանի հարեւան երկրներ ապրանքների արտահանման միջոցով, որոնք այնուհետեւ վերաարտահանվում են Ռուսաստան։ Ի պատասխան՝ G7-ի մեր գործընկերների հետ միասին մենք մշտապես աշխատում ենք նման շրջանցումը սահմանափակելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել մատակարարման շղթայի բոլոր խաղացողներին, մասնավորապես՝ բանկերին, որոնք նպաստում են նման գործարքներին։ Այս ջանքերը գնալով ավելի արդյունավետ են դառնում։ Այնուամենայնիվ, նույնիսկ չնայած մասնակի շրջանցմանը, Ռուսաստանի համար շատ ավելի դժվար է դարձել ձեռք բերել այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են պատերազմ վարելու համար, հատկապես, երբ խոսքը գնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի մասին: Ռուսաստանին այժմ հաջողվում է ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքների միայն մի փոքր մասը եւ շատ ավելի բարձր գներով, քան մինչեւ 2022 թվականի փետրվարը։

«Չնայած մասնակի շրջանցմանը, Ռուսաստանին այժմ հաջողվում է ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքների միայն մի փոքր մասը եւ շատ ավելի բարձր գներով, քան մինչեւ 2022 թվականի փետրվար»։

Այս դժվարությունն արդեն արտացոլված է ռուսական պաշտոնական վիճակագրության մեջ։ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի ազգային հաշիվներում ներդրումային ծախսերն աճել են ավելի քան 20 տոկոսով։ Սակայն դա ռուսական տնտեսության սրընթաց արդիականացման նշան չէ։ Ընդհակառակը, փաստացի ներդրումների ծավալը հավանաբար զգալիորեն նվազել է։ Ներդրումային ծախսերի այս թռիչքը հիմնականում արտացոլում է կապիտալ ապրանքների գների կտրուկ աճը, որոնք Ռուսաստանը դեռ կարողանում է ներկրել։

© JONATHAN MCDOWELL, PLANET4589.ORG

Չնայած ռուսական ավտորիտար ռեժիմի՝ երկրի տնտեսական կարողությունները զենքի եւ զինամթերքի արտադրությանը զանգվածաբար վերահղելու կարողությանը, իր պատերազմական կարիքները բավարարելու համար բավականաչափ անօդաչու թռչող սարքեր, զինամթերք կամ հրթիռներ ձեռք բերելու հարցում նրա կախվածությունը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրանը կամ Հյուսիսային Կորեան, արտացոլումն է կայուն արդյունաբերական թուլության, որը սրվել է նաեւ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով։ Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը կիսով չափ նվազել է՝ մինչպատերազմական ժամանակահատվածի համեմատ: Ժամանակին երկրի հպարտությունը համարվող տիեզերական արդյունաբերությունը լրջագույն դժվարություններ է ապրում։ Օդային տրանսպորտը բավականին վտանգավոր է դարձել տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման թարմացումների եւ պահեստամասերի բացակայության պատճառով։

Խոշորագույն ճգնաժամը Ռուսաստանի աշխատաշուկայում

Ավելին, արագ ծերացող Ռուսաստանում, որտեղ բնակչությունը 2000 թվականից ի վեր շարունակ նվազում է, սկսվել է աշխատաշուկայի լրջագույն ճգնաժամ՝ 2022 թվականի փետրվարից հետո հարյուր հազարավոր որակավորված երիտասարդների արտագաղթի, ինչպես նաեւ պատերազմի պատճառով հարյուր հազարավոր անձանց մոբիլիզացիայի, մահանալու կամ ցմահ հաշմանդամ դառնալու պատճառով։ Փորձելով մեղմել այս ճգնաժամը՝ Ռուսաստանի կառավարությունը բացել էր դարպասները Կենտրոնական Ասիայից ներգաղթի համար։ Սակայն «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը, այս ներգաղթյալներից շատերը հետ են ուղարկվում հայրենիք՝ դրանով իսկ սրելով աշխատուժի ճգնաժամը Ռուսաստանում:

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի տնտեսությունն առավել քան երբեւէ կենտրոնացած է հումքային ապրանքների վաճառքի վրա՝ հաճախ զեղչված գնով կամ միջին եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների դիմաց: Չինաստանն օգտագործում է այս թույլ իրավիճակը՝ Ռուսաստանից էժան նավթ գնելու եւ այնտեղ ավելի շատ ապրանքներ արտահանելու համար, ինչի արդյունքում վերջինս ավելի ու ավելի մեծ կախվածություն է ձեռք բերում իր խոշոր հարեւանից։ Ներկայումս Ռուսաստանի ներմուծման մոտավորապես 50%-ը կատարվում է Չինաստանից։

Ռուսաստանի տնտեսությունը զգալիորեն թուլացել է մեր պատժամիջոցների պատճառով

Կարճ ասած՝ համոզմունքը, թե Ռուսաստանի տնտեսությունը կդիմանա Արեւմուտքի պատժամիջոցներին եւ այս ագրեսիվ պատերազմում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին, քննադատությանը չի դիմանում: Եթե մենք անենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի շարունակենք աջակցել Ուկրաինային տնտեսապես եւ ռազմական առումով, մասնավորապես՝ զինամթերքի հարցում, վերջինս կարող է հաղթել։ Ռուսաստանը, չնայած երեք անգամ գերազանցող բնակչությանը, իրականում արդեն իսկ զգալիորեն թուլացել է մեր պատժամիջոցներից։ Ժամանակի ընթացքում դրանց ազդեցությունն ավելի ու ավելի զգալի է դառնալու, քանի որ մարդկային կապիտալը մաշվում է, ներդրումների ծավալն ու որակը նվազում են, եւ Ռուսաստանը զրկվում է իր ապագային աջակցելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներից:

HR/VP Blog by Josep Borrell, High Representative of the European Union for Foreign Affairs and Security Policy / Vice-President of the European Commission



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,