EMCDDA-ի եւ Եվրապոլի՝ ԵՄ թմրանյութերի շուկայի վերաբերյալ 2024 թվականի զեկույցն արձանագրում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմը փոխել է դեպի ԵՄ հերոինի տեղափոխման ուղիները
30 Հունվարի, 2024

EMCDDA-ի եւ Եվրապոլի՝ ԵՄ թմրանյութերի շուկայի վերաբերյալ 2024 թվականի զեկույցն արձանագրում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմը փոխել է դեպի ԵՄ հերոինի տեղափոխման ուղիները


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած ագրեսիվ պատերազմն ամենայն հավանականությամբ նպաստել է թմրանյութերի ապօրինի շրջանառության եղանակների փոփոխության վրա, ինչի արդյունքում որոշ հանցավոր ցանցեր փնտրում են այլընտրանքային ուղիներ։ Այս մասին ասվում է Թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) եւ Եվրապոլի ս.թ. հունվարի 24-ին հրապարակած «ԵՄ թմրամիջոցների շուկա. հերոին եւ այլ ափիոնային նյութեր» վերտառությամբ նոր վերլուծության մեջ։

Փաստաթուղթը նկարագրում է առավել հաճախ օգտագործվող ապօրինի ափիոնային նյութի՝ հերոինի եվրոպական շուկան՝ արտադրությունից եւ շրջանառությունից մինչեւ տարածում եւ օգտագործում: Աֆղանստանից Եվրոպա հերոինի տեղափոխման համար օգտագործվում են չորս հիմնական ուղիներ՝ Բալկանյան, Հարավային, Կովկասյան եւ Հյուսիսային:

Ուսումնասիրության համաձայն՝ կովկասյան ուղին սովորաբար ենթադրում է Վրաստանից Բուլղարիա, Ռումինիա եւ մինչեւ վերջերս Ուկրաինա Սեւ ծովով լաստանավերով հերոինի մաքսանենգ ճանապարհով տեղափոխում: Այս ճանապարհին վերջին տարիների հերոինի մի քանի խոշոր առգրավումները հաստատում են, որ այն օգտագործվում է Հայաստանի կամ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Իրանից Եվրոպա մեծ քանակությամբ ափիոնային նյութեր տեղափոխելու համար։

Ադրբեջանում վերջերս իրականացված մի շարք առգրավումները կապված են եղել Իրանից օրինական ապրանքներով բեռնված բեռնատարներով հերոինի տեղափոխման հետ։

EMCDDA-ի եւ Եվրապոլի վերլուծությունում ասվում է, որ Ուկրաինան պատմականորեն որպես փոխաբեռնման կետ եւ պահեստարան է ծառայել Հյուսիսային եւ Կովկասյան ուղիներով հերոինի շրջանառության համար։

«Կովկասյան ուղով հերոինի բեռնափոխադրումները պատմականորեն իրականացվել են Ուկրաինայի Օդեսա նավահանգստով, որտեղից խմբաքանակները կամ պահեստավորվել են երկրում, կամ ուղղակիորեն առաքվել են ռումինական կամ բուլղարական նավահանգիստներ: Հակամարտությունը խաթարել է վրացական Բաթումի նավահանգստից դեպի Օդեսա լաստանավերի ուղերթները, մինչդեռ կոմերցիոն առեւտուրը վերաուղղվել է դեպի Ռումինիա, Մոլդովա կամ Բուլղարիա: Այս բոլոր փոփոխությունները հերոինի շրջանառության վրա ունեցել են հետեւանքներ»,- ասվում է զեկույցում:

Հանցավոր ցանցերը նախկինում Ուկրաինայի տարածքով անցած ուղիների այլընտրանքներ են փնտրում: Դա ներառում է հերոինի ցամաքային ուղիների հնարավոր տեղաշարժը դեպի Բալթյան երկրներ:

Հետազոտության մեջ նաեւ ասվում է, որ Ուկրաինան՝ Մոլդովայի հետ միասին, պատմականորեն օգտագործվել է նաեւ որպես հերոինի խմբաքանակների պահեստավորման կետ։ Օրինակ, ենթադրվում է, որ Գերմանիայում ապրող թուրքական (էթնիկ քրդական) հանցավոր ցանցերի որոշ անդամներ տեղափոխվել են Ուկրաինա եւ Մոլդովա՝ հիմնելու շինծու ընկերություններ՝ հեշտացնելու հետագայում դեպի ԵՄ տեղափոխվելիք հերոինի պահեստավորումը: «Չնայած ռուսական ներխուժմանը, Ուկրաինայում ներկայումս պահվող հերոինը կարող է տեղափոխվել ԵՄ։ Հավանական է, որ այդ փոխադրումը կարող է իրականացվել ցամաքային ճանապարհով, եւ Ուկրաինայում գործող հանցավոր ցանցերն այս առումով կարող են շահագործել փախստականների տեղաշարժը եւ մարդասիրական օգնությունը»,- ասվում է զեկույցում։

Փաստաթղթում արձանագրվում է, որ եվրոպական այլ երկրների հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով ուժեղացված անվտանգությունը եւ Ռուսաստանի կառավարության ու Ռուսաստանից ապրանքների հոսքի դեմ սահմանված պատժամիջոցները հավանաբար զգալիորեն կնվազեցնեն նաեւ Ռուսաստանից դեպի ԵՄ հյուսիսային ճանապարհով հերոինի ցանկացած հավանական շրջանառությունը։

Վերլուծության մեջ նաեւ ասվում է, որ, չնայած Աֆղանստանում ափիոնի կակաչի մշակումն արգելելու թալիբների որոշմանը (ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի գրասենյակի 2023թ.-ի տվյալներով, այդ երկրում ափիոնի մշակության եւ ապօրինի արտադրության ծավալները նվազել են 95%-ով), Եվրոպայում հերոինի պակասի նշաններ ներկայում չկան:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ թմրամիջոցների շուկա. հերոին եւ այլ ափիոնային նյութեր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,