ԵՄ-ը կոչ է անում հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին
Reuters
2 Հոկտեմբերի, 2023

ԵՄ-ը կոչ է անում հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին


Եվրոպական միությունը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղից դուրս եկած, ինչպես նաեւ դեռեւս այնտեղ գտնվողներին «շարունակական եւ անխափան մարդասիրական օգնության» հասանելիության հրատապ ապահովման կոչով։

Հրատապ է հասանելիություն ապահովել նրանց համար, ովքեր դեռեւս Ղարաբաղում են՝ կարիքի մեջ, ինչպես նաեւ նրանց, ովքեր դուրս են եկել:

«Ներկայում տեղի է ունենում Ղարաբաղի հայերի «զանգվածային գաղթ»՝ որպես Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին եւ սեպտեմբերի 20-ին իրականացված ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի վերջին ամիսների շրջափակման հետեւանք։ Մարդիկ փախչում են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից եւ ապաստան գտնում Հայաստանում»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական եւ անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը նաեւ արձանագրել է, որ Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար՝ ներառյալ «իրենց տներում արժանապատիվ եւ առանց վախի ապրելու նրանց իրավունքը, ինչպես նաեւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքը»:

«Էական է, որ առաջիկա հաջորդող օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», – հավելել է Ստանոն։

Նա նաեւ ասել է, որ Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից համապատասխան հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը: Եվրոպական միությունը կշարունակի ուշադրությամբ հետեւել գետնի վրա տեղի ունեցող զարգացումներին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր 5 մլն եվրո մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրելու մասին՝ աջակցելու Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց օգնության հարցում, ինչպես նաեւ օգնելու նրանց, ովքեր խոցելի իրավիճակում են հայտնվել Ղարաբաղի ներսում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,