ԵՄ-ն 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետեւանքով աճող կարիքները հոգալուն
Reuters
27 Սեպտեմբերի, 2023

ԵՄ-ն 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետեւանքով աճող կարիքները հոգալուն


ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետեւանքով աճող կարիքները հոգալուն։

«Սպասվում է, որ կոնֆլիկտի սրումը եւ դրան հաջորդած հրադադարը կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային գաղթի դեպի Հայաստան, շուրջ 13 500 մարդ արդեն տեղափոխվել է: Միեւնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի մեծ պակաս եւ էլեկտրաէներգիայի եւ ջրի հասանելիության բացակայություն»,- նշված է Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։

5 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորումը ներառում է 500,000 եվրո արտակարգ աջակցությունը, որի մասին հայտարարվել է սեպտեմբերի 22-ին, եւ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսավորումը։

Այս օգնությունը կուղղվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց։ Այն կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով եւ կհասնի շուրջ 25,000 մարդու։  

«Առաջնահերթություն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթեւան, ապահովել պարենային անվտանգություն եւ ապրուստի միջոցների աջակցություն»,- նշված է ԵՄ հաղորդագրության մեջ։

Աջակցություն կցուցաբերվի նաեւ Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի անձանց։ Այն կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով՝ նպատակ ունենալով շուրջ 60,000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով եւ լոգիստիկայով։

ԵՄ-ն նաեւ մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,