<strong>Նոր սոցիալական ձեռնարկություններ եւ երիտասարդների զբաղվածության բարելավված միջավայր. «EU4Youth» ծրագիրն ամփոփում է Հայաստանում իր գործունեության հնգամյա շրջափուլը</strong>
28 Հունիսի, 2023

Նոր սոցիալական ձեռնարկություններ եւ երիտասարդների զբաղվածության բարելավված միջավայր. «EU4Youth» ծրագիրն ամփոփում է Հայաստանում իր գործունեության հնգամյա շրջափուլը


Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվել են ավելի քան 50 հաջողակ ստարտափներ, հազարավոր հայ երիտասարդներ էլ ստացել են աշխատանքի տեղավորման ավելի լավ հնարավորություններ՝ շնորհիվ ձեռք բերած նոր հմտությունների: Սրանք միայն մի քանիսն են այն արդյունքներից, որոնք իր հետեւից թողնում է «EU4Youth» ծրագիրը՝ ամփոփելով Հայաստանում իր գործունեության վերջին հնգամյա շրջափուլն ու դրա արդյունքները։

Ինչպես նշված է ծրագրի տարեկան զեկույցներում, Հայաստանում «EU4Youth»-ի գործունեությունը ներառել է տարբեր ուղղություններ. ուղղակի ուսուցում եւ մենթորություն, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ հանդիպումների կազմակերպում, նորաստեղծ բիզնեսներին դրամաշնորհների տրամադրում, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ հմտությունների բարելավմանն ուղղված քաղաքականությունների խթանում, կրթությունը շուկայի կարիքներին հարմարեցում եւ ամենախոցելի խմբերին աջակցելուն ուղղված տեղական նախաձեռնությունների իրականացում։

Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող հակամարտության հետեւանքներին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում ավելի լայն քաղաքական անկայունության, ինչպես նաեւ ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը, տվյալները ցույց են տալիս, որ «EU4Youth»-ին հաջողվել է դրական ազդեցություն թողնել հայ երիտասարդների կրթության եւ զբաղունակության, ձեռներեցության եւ զբաղվածության, ինչպես նաեւ նրանց ակտիվության եւ հզորացման վրա:

Կրթություն եւ զբաղունակություն

2018 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր «EU4Youth»-ը Հայաստանում ծրագրի ավելի քան 12,600 երիտասարդ մասնակիցների օգնել է ձեռք բերել նոր հմտություններ: Այն նաեւ ներգրավել է գրեթե 140 մենթորների՝ ավելի քան 1,200 մենթիների ուղղորդում եւ աջակցություն տրամադրելու համար:

Այդ մենթիներից է Սամվել Միրզախանյանը, ով «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում եւ Վրաստանում» (SEAG) ծրագրի մասնակից է: Նա ասում է. «Ծրագրի շնորհիվ ես կարողացա ոտքի կանգնել, դարձա ավելի վճռական, փորձառու, ուժեղ եւ մոտիվացված, քան երբեւէ»։

«EU4Youth»-ը տարբեր ծրագրերի միջոցով նաեւ վերապատրաստել է գրեթե 670 ուսուցանողների, ինչը կարեւոր է, քանի որ նրանք այժմ կարող են ավելի լավ հիմք ստեղծել հետագայում երիտասարդների կարողությունների զարգացման եւ նրանց հմտությունների փոխանցման համար:

Բացի այդ, Եվրոպայի քոլեջը մագիստրատուրայի յոթ կրթաթոշակ է հատկացրել հայաստանցի ուսանողներին 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների համար: Հայաստանից Մարիամը, Վահանը եւ Ալինան իրենց ուսումն ավարտել են 2022 թվականի հունիսին։ Նրանք Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող առաջին տասը ուսանողներից են, ովքեր ստացել են «EU4Youth»-ի կրթաթոշակ եւ ավարտել իրենց ուսումը Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղում։

Ձեռներեցություն եւ զբաղվածություն

2018 թվականից ի վեր «EU4Youth»-ի ծրագրերի աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է 55 նորաստեղծ ձեռնարկություն, որոնցից մեկը Տիգրան Ճյուղուրյանի ընկերությունն է։ Հեռավոր գյուղում ապրող երիտասարդն «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի աջակցությամբ իր բնապահպանական մտահոգությունները վերածել է հացահատիկի թեփից եւ ցողուններից էկո ափսեներ արտադրող բիզնեսի:

«Մենք ուզում ենք օրինակ ծառայել, – ասում է Տիգրանը, – Նույնիսկ հեռավոր գյուղում կարելի է երազել, իրականացնել անհավանական թվացող գաղափարներ։ Ֆինանսական օժանդակությունից բացի, շոշափելի էր նաեւ ծրագրի մասնագիտական աջակցությունը։ Դասընթացների արդյունքում ձեռք բերված գործարար գիտելիքները եւ կապերը շարունակում են օգնել մեր սոցիալական ձեռնարկության զարգացմանը նույնիսկ հիմա»:

Ծրագիրը նաեւ օգնել է մշակել երիտասարդների կրթության, ձեռներեցության եւ մասնակցության բարելավմանն ուղղված 30 քաղաքականության ռազմավարություն կամ օրենսդրական առաջարկություն: Այս առաջարկությունները, օրինակ, օգնում են լուծել զբաղվածության հնարավորությունների մասին իրազեկվածության պակասի խնդիրը:

«EU4Youth»-ի միջոցով մոտ 350 աշխատանք փնտրող կարողացել է ավարտել հավաստագրման եւ վավերացման գործընթացը: Նրանց գրեթե երեք քառորդը երիտասարդ կանայք էին, եւ բացարձակ մեծամասնությունը պատկանում էր խոցելի խմբերին:

Ակտիվություն եւ հզորացում

Միայն 2021-2022 թվականների ընթացքում «EU4Youth»-ի հայաստանցի շրջանավարտները մեկնարկել են 12 նախաձեռնություններ, որոնցից յուրաքանչյուրը միջինում ներգրավել է 18-20 շահառու: Օրինակ՝ Սոնան եւ Մարիամը հիմնել են «Երիտասարդական միքս» («YouthMix») նախաձեռնությունը Եղվարդ եւ Ոսկեհատ համայնքների 14-18 տարեկան երիտասարդների համար:

«Մենք ցանկանում էինք ցույց տալ մեր համայնքներում ապրող մյուս երիտասարդներին, որ նրանք կարող են ունենալ միեւնույն խնդիրները, ոմանք՝ մի փոքր ավելի, ոմանք էլ՝ ավելի պակաս: Բայց նրանք բոլորն ունեն ոչ ֆորմալ կրթություն ստանալու, ինքնազարգանալու եւ առաջադիմելու հավասար հնարավորություններ: Նրանց պարզապես անհրաժեշտ է սկսել»։

«YouthMix» նախաձեռնության չորս մասնակիցներ միացել են արտերկրում «Էրազմուս+»-ի երիտասարդական փոխանակումներին, իսկ մեկը դիմել է ծրագրավորում սովորելու համար:

Երիտասարդական քաղաքականության լանդշաֆտը

2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ վճռական դերակատարությունից հետո երիտասարդները սկսեցին ավելի մեծ հետաքրքրություն դրսեւորել Հայաստանում հասարակական կյանքի նկատմամբ, որոշ երիտասարդ առաջնորդներ էլ քաղաքական եւ վարչական պաշտոններ ստացան պետական հատվածում։ Այնուամենայնիվ, 2020 թվականի պատերազմն ու 2022 թվականի զինված բախումները հասարակության լայն շրջանակների ու երիտասարդության ուշադրությունը կենտրոնացրեցին անվտանգության եւ սոցիալական հիմնախնդիրների վրա։

Անցած հինգ տարիների ընթացքում «EU4Youth»-ի տարբեր ծրագրեր երիտասարդներին հաջողությամբ ներգրավել են քաղաքական բանավեճի մեջ: Ծրագրերը կենտրոնացել են երիտասարդների փափուկ հմտությունների զարգացման վրա՝ նրանց վստահությունն ու քննադատական մտածողությունն ամրապնդելու, ազգային մակարդակում երիտասարդական կառույցներին եւ խմբերին աջակցելու նպատակով: Հաջողության պատմություններ կան, բայց նաեւ տեղ կա Հայաստանում երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդական միջամտությունների հետագա զարգացման համար, մասնավորապես կենտրոնանալով հետեւյալի վրա.

  • Քաղաքականության մշակման գործընթացում երիտասարդների իմաստալից ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունների խթանում.
  • Ներդրումների իրականացում կայուն եւ նպատակային անվտանգ տարածքների ուղղությամբ, որոնք տեղեկատվության եւ ծառայությունների հասանելիություն կապահովեն երիտասարդների համար, ինչպես նաեւ կօգնեն նրանց ակտիվ ներգրավվածությանն ու մասնակցությանը.
  • Երիտասարդների համար մասնագիտական հոգեսոցիալական աջակցության հնարավորությունների ամրապնդում՝ օգնելու նրանց ավելի լավ հաղթահարել տարածաշրջանում անկայունության եւ անապահովության հետեւանքով առաջացած սթրեսը, միաժամանակ դառնալով ավելի ակտիվ եւ դիմացկուն:

Ամենամյա զեկույցներ եւ առաջարկություններ

«EU4Youth»-ի մոնիտորինգի եւ գնահատման հնգամյա շրջափուլը փակող 2022 թվականի արդյունքների մասին զեկույցի հետ մեկտեղ ծրագիրն առաջարկում է չորս համապարփակ զեկույց քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության առաջնորդների եւ ուսուցանողների համար, ովքեր ներգրավված են Հայաստանում երիտասարդների հզորացման նախաձեռնությունների եւ քաղաքականության միջոցառումների նախագծման եւ իրականացման գործընթացում։

Այդ զեկույցները ներկայացնում են ծրագրի միջոցով մինչ օրս իրականացված միջամտությունների ամբողջական պատկերը՝ դրանց ազդեցության հետ մեկտեղ: Յուրաքանչյուր զեկույց ավարտվում է տվյալ տարվան հատուկ եզրակացություններից բխող արդյունավետության եւ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,