Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ապրող և բնապահպանական խնդիրներով մտահոգված մի երիտասարդ «EU4Youth» ծրագրի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցությամբ հիմնել հացահատիկի թեփից և ցողուններից էկո ափսեների արտադրության բիզնես:
Երեսունամյա Տիգրան Ճուղուրյանը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Տիգրանի ծնողները մասնագիտությամբ մանկավարժ են, բայց միշտ զբաղվել են գյուղատնտեսությամբ՝ իրենց երեխաներին թարմ սննդով ապահովելու համար։ Բացի իրենց երեխաներին բնական մթերքներով ապահովելուց, Ճուղուրյանները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նրանց էկո կրթությանը։ Նման միջավայրում մեծանալը տղաներին ստիպում էր մտածել, թե ամեն տարի բերքահավաքից հետո ինչ անել ցորենի չորացած ցողունների հետ. նրանք չէին ցանկանում այրել դրանք՝ այդպիսով վնասելով հողը և աղտոտելով բնությունը։
2020 թվականին ցորենը պահեստավորելուց հետո եկավ դաշտերը մնացորդներից մաքրելու ժամանակը։ Տիգրանի միջնեկ եղբայրը՝ Արամը, ով մշտապես լուծումներ է փնտրում բնապահպանական խնդիրների համար, հետաքրքիր գաղափար առաջարկեց եղբայրներին՝ երկրորդ կյանք տալ հացահատիկի ցողուններին և պատրաստել էկո ափսեներ։
«Մենք մանրացնում ենք չոր ցորենի մնացորդները, այնուհետև հիդրավլիկ մամլիչով բարձր ճնշման և ջերմաստիճանի տակ հատուկ կաղապարներից ստանում ենք էկոլոգիապես մաքուր, միանգամյա օգտագործման էկո ափսեներ»,- բացատրում է Տիգրանը։
Ինչպես է eu4youth-ն օգնում սոցիալական ձեռնարկատերերին
2020 թվականի գարնանը «Կանաչ արահետ» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ հայտարարեց Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթ՝ «EU4Youth։ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից՝ Կախեթի տարածքային զարգացման հիմնադրամի (KRDF) հետ՝ Վրաստանում, և «Կանաչ Արահետ» ՀԿ-ի հետ՝ Հայաստանում: Դրա նպատակն է բացահայտել և զարգացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժը սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարությունների միջոցով:
««Կանաչ արահետ» ՀԿ-ի նպատակը Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացումն է։ Նրա առաքելությունն է օգնել ֆերմերներին բարելավել գյուղատնտեսական արտադրանքը և այն դարձնել կայուն՝ սպառողներին տրամադրելով առողջ և անվտանգ սնունդ»։
Տիգրանը EU4Youth-ի շրջանակում «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող այս ծրագրի մասին տեղեկացել է Ֆեյսբուքից և եղբայրների հետ որոշել դիմել։ Ծրագրի կանաչ նախագծերի խթանմամբ զբաղվող մասնագիտական թիմն անմիջապես հավանություն է տվել նրանց գաղափարին և հրավիրել Տիգրանին մասնակցելու GREENcubator աքսելերացիոն ծրագրին։ Երկշաբաթյա դասընթացների արդյունքում նրան հնարավորություն է տրվել աշխատել իր գաղափարի բիզնես պլանի վրա և այն ներկայացնել վերջնական գնահատման ու ֆինանսավորման։
«Ֆինանսական օժանդակությունից բացի, շոշափելի էր նաև ծրագրի մասնագիտական աջակցությունը։ Դասընթացների արդյունքում ձեռք բերված գործարար գիտելիքները և կապերը շարունակում են օգնել մեր սոցիալական ձեռնարկության զարգացմանը նույնիսկ հիմա»,- պատմում է Տիգրանը:
Հաջորդ փուլում ծրագրի գնահատող հանձնաժողովը միաձայն և առանց վարանելու Ճուղուրյան եղբայրների գաղափարը ճանաչեց հաղթողներից մեկը՝ նրանց տրամադրելով 4,6 մլն ՀՀ դրամ՝ գաղափարը բիզնեսի վերածելու նպատակով։ Ծրագրի աջակցությունն այսքանով չավարտվեց. Տիգրանը սովորեց նաև մշակել մարքեթինգային ռազմավարություն, ստեղծել ապրանքանիշ և հիմնել սոցիալական ձեռնարկություն:
Այս անհավանական գաղափարն իրականացնելու ֆինանսավորում ստանալուց հետո երիտասարդ ձեռներեցը վերադարձավ հայրենի Արծվաբերդ, ավելի մանրամասն ուսումնասիրեց էկո ափսեների արտադրության գործընթացն ու տեխնոլոգիան, վերանորոգեց իր տան հարակից շենքը, ձեռք բերեց սարքավորումներ և բացեց արտադրամաս։
Առաջին փորձերը և՛ հուսադրող էին, և՛ հուսահատեցնող, բայց փորձի և սխալների վրա սովորելու ու տեխնոլոգիական բարելավումների շնորհիվ մի օր չորացած, փխրուն ցորենը վերածվեց կոշտ էկո ափսեի:
Տիգրանը վերհիշում է այն պահը, երբ փորձերը վերջապես հաջողությամբ պսակվեցին․ «Երբ տասնյակ փորձերից հետո մեզ հաջողվեց պատրաստել առաջին էկո ափսեն, եղբայրս գրկեց ինձ և, բաց չթողնելով, կատակեց. «Սա մեր առաջին ապրանքն է, մեր երեխան»»։
Շրջապատող մարդկանց զարմանքն ու հրճվանքը մոտիվացնում էին եղբայրներին։ Իրենց հաջողությունից ոգևորված և ընկերներին ու հարազատներին իրենց առաջին արտադրանքը ներկայացնելուց հետո եղբայրները որոշեցին դրանք ներկայացնել ցուցահանդեսներում և դուրս բերել շուկա։ Շուտով նրանք ստացան առաջին մեծ պատվերը:
«Մեր տաղավարը նկատելով՝ մի մարդ մոտեցավ և հետաքրքրվեց, թե ինչից են պատրաստված ափսեները: Մեր նախագիծը ներկայացնելուց հետո նա մեզանից 100 ափսե խնդրեց, և մենք ասացինք, որ մյուս վաճառքներից հետո մեզ մոտ բավականաչափ պաշար չի մնացել: Իրականում մենք այդքան ափսե չէինք պատրաստել, բայց ասացինք, որ մի քանի ժամից կունենանք ու վերադարձանք տուն՝ արագ պատրաստելու։ Երբ պատվերը հասցրեցի այդ մարդուն, հարցրեցի, թե ինչու է այդքան շատ գնել, նա ասաց, որ ապրում է արտերկրում և ուզում է դրանք տանել ու նվեր տալ իր ընկերներին, որպեսզի նրանք ևս իմանան այս ափսեների և այն մասին, որ դրանց հեղինակներն իր հայրենակիցներն են»,- պատմում է Տիգրանը։
Արտադրանքի էկոլոգիականությունն ընդգծելու համար ընկերությունը ստացավ «ԳրինԴիշ» անվանումը։ Հայաստանի հեռավոր մարզում ստեղծված այս նորարարական ձեռնարկությունը գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում և ընդլայնում է իր արտադրությունը՝ վերամշակելով ոչ միայն սեփական, այլև համագյուղացիների ցորենի արտերի մնացորդները։
«Ի սկզբանե մենք որոշել էինք ստեղծել ընկերություն, որը կտարածեր բնապահպանական գաղափարներ. դա նաև մեր տեսլականն է»,- շեշտում է Տիգրանը՝ բացատրելով, որ արտադրությունը հիմնված է շրջանաձև տնտեսության մոդելի վրա. ավանդական «հումք-ապրանք-թափոն» շղթան փոխարինվել է «հումք-ապրանք-հումք» շղթայով: Այլ կերպ ասած՝ օգտագործված էկո ափսեները կարող են դառնալ անասնակեր, հավելյալ արժեք ստեղծել գյուղատնտեսության համար, ինչպես նաև պարարտացնել հողը։
«Մենք արտադրում ենք լիովին կենսաքայքայվող էկոլոգիական ափսեներ, որոնք փոխարինում են պլաստիկին և չեն վնասում բնությանը»,- հպարտանում է նա։
Տեսնելով, թե ինչպես են մարդիկ իրենց տան մի անկյունում ցուցադրում էկո ափսեները, Տիգրանը նոր միտք հղացավ՝ նկարազարդել դրանք և ներկայացնել որպես հուշանվերներ: Օգնության եկավ Տիգրանի նկարիչ զարմուհին, ով ափսեները պատկերազարդեց նռերով (հայկական խորհրդանիշ) և այլ զարդանախշերով։
Առաջին մոդելների մեծ հաջողությունից հետո նրանք ափսեները պատկերազարդելու և դրանք ցուցահանդեսներին որպես արվեստի գործեր ներկայացնելու առաջարկ ստացան հարևան գյուղերի արվեստի ուսանողներից։ Այս առաջարկը, հավանաբար, ամենահետաքրքիրն էր Ճուղուրյանների համար, քանի որ նրանց գործունեությունը հետաքրքրություն էր առաջացրել տեղացի երեխաների շրջանում. նրանք միշտ անվճար էկո ափսեներ են տրամադրում դպրոցականներին։
Շրջակա միջավայրի պահպանման և բնությանը չվնասելու իրենց մտահոգությունն այսօր բիզնես գաղափարի վերածած Ճուղուրյան եղբայրները մեծ հպարտությամբ նշում են, որ «ԳրինԴիշ» սոցիալական ձեռնարկությունն այժմ իրականություն է՝ Եվրոպական միության և «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցության, ինչպես նաև իրենց համառ աշխատանքի ու ձգտումների շնորհիվ:
«Մենք ուզում ենք օրինակ ծառայել,- ասում է Տիգրանը։ -Նույնիսկ հեռավոր գյուղում կարելի է երազել, իրականացնել անհավանական թվացող գաղափարներ»:
Տիգրանի կարծիքով, սա առաջին հերթին ընտանեկան բիզնես է, որը նախատեսվում է ընդլայնել՝ ցորենի թեփից այլ ապրանքներ արտադրելու և գյուղում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,