Շոկոլադի անուշ բույրը
18 Մարտի, 2024

Շոկոլադի անուշ բույրը


Մաքուր մուգ շոկոլադի անդիմադրելի բույրը համակել էր Էմիլ Հարությունյանին Ֆրանսիայում հացի եւ խմորեղենի արտադրության սարքավորումների ցուցահանդես այցելության ժամանակ։ Նա Հայաստանից եկել էր ֆրանսիական հաց ու կրուասան պատրաստելու սարքավորումներ գնելու նպատակով։ Բայց շոկոլադի բույրն այնքան քաղցր էր, իսկ պատրաստման գործընթացն՝ այնքան գրավիչ, որ նա փոխեց իր ծրագիրը:

Այն ժամանակ՝ 2000-ականների սկզբին, Հայաստանում բարձրորակ շոկոլադն անհասանելի էր։ Երկրում կար միայն ռուսական արտադրության շոկոլադի խառնուրդ՝ կակաոյի, քաղցրացուցիչի եւ բուսական ճարպի համադրություն, որն ավելի էժան է, քան իրականը: Այսպիսով, 2004 թվականին Հարությունյանը հիմնադրեց Arcolad-ը՝ եվրոպական ոճի շոկոլադի փոքր արտադրությունը։

Առաջին հինգ տարիները հեշտ չէին։ «Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ ընտելանան բարձրորակ շոկոլադին»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը, որն Arcolad-ի մարքեթինգի եւ արտաքին կապերի մենեջերն է (եւ հիմնադրի կինը):

«Մարդիկ նաեւ սովոր չէին եվրոպական ոճի «բալոտիններին»` տուփերին, որոնց մեջ դրվում են մեր շոկոլադները»,- ավելացնում է նա։ «Հայերի համար շքեղ էին համարվում մեծ, հարթ, խորհրդային ոճի շոկոլադե տուփերը։ Նրանք պետք է սովորեին նոր դիզայնին։ Բայց հետո շոկոլադասերները սկսեցին հասկանալ, որ մեր շոկոլադն իսկական է, թարմ եւ առանց հավելումների»։

Arcolad-ն իր սարքավորումները ներմուծում է Գերմանիայից, Բելգիայից եւ Իտալիայից, իսկ փաթեթավորման նյութերը՝ Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Շոկոլադի հումքի մեծ մասը բերվում է Բելգիայից։ Մարցիպանը ներկրվում է Գերմանիայից, իսկ ընկույզն ու չրերը (ծիրան, դեղձ եւ սալոր) աճեցվում են Հայաստանում։

Պահանջարկի աճի հետ Arcolad-ը (անվանումը ստացվել է «Արմենիա» եւ «շոկոլադ» բառերի համադրությունից) կարիք ուներ ընդլայնելու արտադրությունը: 2021 թվականին ընկերությունը 40 միլիոն ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 92 000 եվրո) վարկ վերցրեց տեղական բանկերից մեկից, որն իր հերթին ֆինանսավորում էր ստացել ՀՀ կենտրոնական բանկից՝ Եվրոպական ներդրումային բանկի՝ հատուկ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նախատեսված վարկային գծի միջոցով։

Հետագայում շոկոլադագործը այդ վարկային գծով երկու այլ վարկ է վերցրել՝ 2021 եւ 2023 թվականներին։

«Աղետալի 2020 թվականից հետո՝ համավարակով եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմով պայմանավորված, մեզ մի բան էր պետք, որը թույլ կտար շարունակել մեր գործունեությունը»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Վարկերը մեզ համար կարեւոր էին մեր կայունությունն ապահովելու համար։ Մենք հաղթահարեցինք այդ պահին մեզ հանդիպած ֆինանսական դժվարությունները եւ շարժվեցինք առաջ»։

Այժմ ընկերությունը շոկոլադ է արտահանում Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա, իսկ վերջերս ԱՄՆ-ում բացեց բաշխիչ դուստր ձեռնարկություն, որի գործունեությունը նախատեսվում է սկսել 2024 թվականին:

Աջակցություն փոքր ընկերություններին

Եվրոպական ներդրումային բանկը 2014 թվականից ի վեր չորս վարկային գիծ է տրամադրել ՀՀ Կենտրոնական բանկին: ԿԲ-ն այդ միջոցները փոխարկում է ՀՀ դրամի եւ վարկի տեսքով տրամադրում տեղական բանկերին, որոնք, իրենց հերթին, վարկավորում են միկրոբիզնեսը եւ փոքր եւ միջին ձեռնարկությունները:

Ամենավերջին վարկային գծի՝ 70 միլիոն եվրո արժողությամբ Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի համաձայնագիրը ՀՀ ԿԲ-ի հետ ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերին, որից արդեն հատկացվել է 28 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը գտնվում է տարբեր նախագծերի աջակցող 12 առեւտրային ֆինանսական հաստատությունների միջեւ բաշխման փուլում։

Ինչպես առաջին երեք վարկերը (որոնց հանրագումարը կազմում է 150 մլն եվրո), այնպես էլ այս վարկային գիծն իրականացվում է ՀՀ ԿԲ-ի ստորաբաժանում հանդիսացող Գերմանահայկական հիմնադրամի կողմից։ Այն կաջակցի 1200 ձեռնարկությունների եւ կապահովի 1500 աշխատատեղ:

Ակնկալվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը եւ տեղական բանկերը ընդհանուր գումարի 45%-ը կհատկացնեն մայրաքաղաք Երեւանից դուրս իրականացվող ծրագրերին, մինչդեռ 40%-ը կհատկացվի «կանաչ» ծրագրերին, իսկ 30%-ը՝ բիզնեսում կանանց մասնակցությանը։

«Մենք աշխատում ենք ՀՀ ԿԲ-ի պես միջնորդների հետ, որպեսզի ավելի շատ «կանաչ» ֆինանսներ ուղղենք փոքր եւ միջին ձեռնարկություններին»,- ասում է Եվրոպական ներդրումային բանկի կլիմայի փոփոխության գծով ավագ մասնագետ Դանիելա Դիդրիխ-Ռիստիչը:

«Վարկառուների (ինչպես առեւտրային բանկերի, այնպես էլ փոքր ու միջին ձեռնարկությունների) շրջանում դեռեւս սահմանափակ իրազեկվածություն կա, ինչը խնդիրներ է ստեղծում կանաչ ներդրումների աճի համար: Կան որոշ «դյուրահաս պտուղներ», որոնց նույնականացումը բանկերի համար բավականին հեշտ է, օրինակ՝ էներգիայի վերականգնվող աղբյուրները, ներառյալ քամին եւ արեւը, շենքերի կամ արդյունաբերության էներգաարդյունավետությունը կամ էլեկտրական մեքենաները», – ավելացնում է նա:

«Մենք նպատակ ունենք ընդլայնել մեր կլիմայի եւ շրջակա միջավայրի կայունության սահմանումների ողջ ներկապնակը, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում, որը բավականին կարեւոր է Հայաստանի համար: Տեխնիկական աջակցությունը, որն օգնում է բանկերին բացահայտել ճիշտ նախագծեր եւ զարգացնել «կանաչ» ֆինանսավորման կոմպետենցիաներ, իրավամբ համարվում է «կանաչ» նպատակներին հասնելու հիմնական տարրը»:

Վարկից զատ՝ ՀՀ կենտրոնական բանկը եւ տեղական բանկերն օգտվում են 499,000 եվրո արժողությամբ տեխնիկական աջակցությունից: Այս ֆինանսավորումը ցուցաբերվում է Արեւելյան գործընկերության տեխնիկական աջակցության թրաստային հիմնադրամի եւ Greening Financial Systems-ի կողմից: Այս ֆինանսավորմամբ Եվրոպական ներդրումային բանկի խորհրդատվական ծառայությունը կօգնի բանկերին իրենց թիրախում պահել «կանաչ» նախագծեր իրականացնող, սոցիալական ներառմանը նպաստող եւ թվայնացման ձգտող բիզնեսները։

Խորհրդատվական ծրագիրը կաջակցի կանանց ձեռներեցության համար նախատեսված եւ 2X Challenge չափանիշներին համապատասխանող նախագծերի բացահայտմանը եւ դրանց կառուցակցմանը։

«Մենք կօգնենք բանկերին բացահայտել եւ առաջնահերթություն տալ ներդրումներին այն ընկերություններում, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, ունեն կանանցից բաղկացած մեծ աշխատուժ կամ ծառայություններ են մատուցում կանանց»,- ասում է Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության գծով փորձագետ Միքայել Ստեյդլը:

Arcolad-ն, անշուշտ, համապատասխանում է վարկի չափանիշներին: Նրա աշխատակիցների շուրջ 70%-ը կանայք են, ղեկավար պաշտոնների կեսից ավելին նույնպես զբաղեցնում են կանայք։ Ֆինանսավորման շնորհիվ ընկերությունն իր աշխատակիցների թիվը հասցրել է 48-ի, կառուցում է նոր գործարան, որը հնարավորություն կտա տասնապատկել արտադրությունը։

«Նոր վայրը, որը հույս ունենք ավարտին հասցնել գարնանը, կլինի Երեւանից դուրս»,- ասում է Մարգարիտա Հարությունյանը։ «Մենք կկարողանանք ավելի մեծ թվով կանանց աշխատանքի ընդունել շրջակա փոքր քաղաքներից»:

Փոփոխությունն օդի մեջ է

Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ ԿԲ-ի հետ աշխատում է 2014 թվականից։

«ՀՀ կենտրոնական բանկը եւ Գերմանահայկական հիմնադրամը մեր վստահելի գործընկերներն են։ Նրանք մեծ փորձ ունեն եւ շատ արդյունավետ են միջազգային ֆինանսական կառույցների հետ ֆինանսավորման գործառնություններ իրականացնելու հարցում»,- ասում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային մասնագետ Թամար Անգուլաձեն:

Հայաստանում տնտեսական իրավիճակը բարելավվում է։ «Վերջին տասը տարում մասնավոր հատվածը բավականին զգալի աճ է գրանցել», – նկատում է Անգուլաձեն։

«Երկիրն այժմ գտնվում է բավականին բարդ արտաքին միջավայրում, որտեղ Ռուսաստանը ստանձնել է նրա անվտանգության երաշխավորի դերը»,- ասում է նա: «Կառավարության 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսվում է աջակցել ավելի երկարաժամկետ աճին, տարանջատվել Ռուսաստանից եւ արտահանումը վերաբալանսավորել դեպի այլ երկրներ»:

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ Եվրոպական ներդրումային բանկը որոշել է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում եւ բացահայտել նոր հնարավորություններ՝ երկրի մասնավոր հատվածի զարգացմանն օգնելու համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով։

Եվրոպական ներդրումային բանկը դիմել է հայկական մի քանի բանկերի եւ միկրոֆինանսական հաստատությունների՝ անմիջական համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու առաջարկով։ Արձագանքները խիստ ոգեւորիչ են: Բանկն այժմ ստեղծում է նոր ֆինանսական գործիք՝ ուղղակիորեն հայկական բանկերին վարկային գծեր տրամադրելու համար:

«Տեղական բանկերը շատ ոգեւորված էին եւ բաց էին մեզ հետ ուղղակիորեն աշխատելու համար»,- ասում է Անգուլաձեն: «Կենտրոնական բանկը նույնպես ողջունեց այդ քայլը: Միջազգային հանրության համար խիստ դրական ազդանշան է, որ Եվրոպական ներդրումային բանկն այստեղ է եւ որ նրա հիմնական առաքելությունն է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը»:

Հեղինակ՝ Թամար Շայլո Վիդոն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,