Ձեր սիրելի լրատվամիջոցն ունի ձեր աջակցության կարիքը՝ հանուն արդարության պայքարի և կոնկրետ խնդիրներ լուծելու ճանապարհին
15 Դեկտեմբերի, 2022

Ձեր սիրելի լրատվամիջոցն ունի ձեր աջակցության կարիքը՝ հանուն արդարության պայքարի և կոնկրետ խնդիրներ լուծելու ճանապարհին


ԵՄում և շատ այլ երկրներում առցանց լրատվության համար վճարելն ընդունված պրակտիկա է: Ինչպես թերթ գնելու պարագայում, այնպես էլ այս դեպքում ընթերցողները գիտակցում են որակյալ և անկախ լրատվության համար վճարելու անհրաժեշտությունը: Իսկ լրատվամիջոցները հույս են դնում անդամավճարների, բաժանորդավճարների կամ նվիրատվությունների վրա, որոնք նրանց օգնում են պայքարել հանուն հաշվետվողականության և ընդդեմ անարդարությունների, լուծել կոնկրետ խնդիրներ և կառուցել համայնքներ:

Օրինակ, 2020 թվականին The Guardian-ը դարձավ մոլորակի փրկության համար պայքարի գլխավոր ձայնը՝ երեք ժամը մեկ հանդես գալով շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հոդվածով: Այս առաջատար բրիտանական պարբերականն առցանց տիրույթում շարունակում է անվճար լինել, բայց դա հնարավոր չէր լինի առանց այն աջակցության, որը ստացվում է ընթերցողների միանվագ և կանոնավոր նվիրատվությունների ու բաժանորդագրությունների շնորհիվ:

Անկախ լրատվամիջոցների գոյությունն ամենօրյա մարտահրավեր է Արևելյան գործընկերության երկրներում՝ ի դեմս աճող քաղաքական և տնտեսական ճնշումների ու նրանց աջակցությունից կախվածության, պատերազմի ֆիզիկական և հոգեբանական ազդեցության և ռեսուրսների սպառման:

Այդուհանդերձ, տարածաշրջանում կան անկախ լրատվամիջոցներ, որոնք խիզախությամբ պայքարում են գոյություն ունեցող միտումը զսպելու համար: Այս ամսվա սկզբին մենք առիթ ունեցանք մասնակցել Արևելյան գործընկերության ԶԼՄների համաժողովին և լսել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մեդիա մասնագետների հետաքրքիր պատմությունները, թե ինչպես են նրանք օգնում իրենց համայնքներին ոչ միայն լինել տեղեկացված, այլև լուծել կոնկրետ խնդիրներ։ Նրանցից ոչ մեկը երբևէ չի ունենա The Guardian-ի նման համաշխարհային լրատվամիջոցի ռեսուրսները, բայց նրանք նույնպես աշխատում են իրենց հասարակության համար և ունեն նրա անդամների աջակցության կարիքը, որքանով որ դա հնարավոր է:

Հայաստան։ CivilNet.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյան. «Մենք թողարկումներ էինք ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ չկային միջազգային լրագրողներ»

Միջազգային մի շարք լրատվամիջոցների համար CivilNet.am կայքը միակ վստահելի աղբյուրն էր Լեռնային Ղարաբաղում 2020թ.-ի պատերազմի ժամանակ։ Այն դարձավ միջազգային հանրության և լրատվամիջոցների տեղեկատվության հիմնական աղբյուրը՝ թողարկելով վստահելի անգլերեն բովանդակություն, այդ թվում՝ տեսանյութեր։

«Մեր թողարկումները չափազանց կարևոր էին: Պատերազմի ժամանակ մենք ռեպորտաժներ էինք ունենում նույնիսկ ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով, ինչի շնորհիվ մարդիկ պատկերացում էին կազմում կատարվողի մասին»,- ասում է CivilNet.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

CivilNet.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը

CivilNet.am-ի լրագրողներն աշխատում էին տեղերում՝ լուրեր հաղորդելով անմիջապես առաջնագծից։

«Մենք թողարկումներ էինք ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ չկային միջազգային լրագրողներ՝ հանդես գալով որպես բյուրո։ Մեր թղթակիցն աշխատում էր նկուղից՝ գնդակոծությունից պաշտպանվելու համար։ Նա օրագիր էր պահում՝ ամեն օր գրելով կատարվողի մասին։ Եվ այս աշխատանքը մեծ ազդեցություն ունեցավ։ Ի վերջո, այդ օրագրի հիման վրա վավերագրական ֆիլմ ստեղծվեց անգլերեն լեզվով: Թերևս, այն 2020 թվականի պատերազմի մասին պատմող սակավաթիվ վավերագրական ֆիլմերից է»,- հավելում է նա:

Կարեն Հարությունյանը կարծում է, որ խմբագրությունը մեծապես նպաստել է քարոզչության դեմ պայքարին, նույնիսկ փրկել է ապատեղեկատվության ծուղակից մազապուրծ եղած մարդկանց կյանքը: «2020 թվականի պատերազմի մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ այն ամբողջովին պայմանավորված էր քարոզչությամբ։ Սա մարտահրավեր է տեղացիների, բայց նաև լրագրողների համար, ովքեր աշխատում են այնտեղ՝ առաջնագծում՝ երբեմն վտանգելով իրենց կյանքը։ Եվ վերադառնալով քարոզչության թեմային՝ շատ ավելի լավ կլիներ, եթե լրագրողներն ու լրատվամիջոցները կարողանային ավելի ազատ աշխատել: Ռազմական դրության հայտարարմամբ մտցվեցին բազմաթիվ սահմանափակումներ, իսկ մենք հայտնվեցինք հսկայական ճնշման տակ, որ շատ բաներ չհայտնենք», – պարզաբանեց նա։

Վրաստան։ Publika.ge-ի գլխավոր խմբագիր Լիկա Զակաշվիլի. «Մեր հետաքննությունը պարզել է, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել և չի կարողացել կանխել 53 լրագրողների և ակտիվիստների դեմ հարձակումները»

Վրացական «Publica» նախագիծն աշխատում է ընդամենը 10 լրագրողների հետ, սակայն դա չի խանգարում թիմին զբաղվել համարձակ պատմություններով՝ դրդելով մարդկանց կարդալ դրանք և հասկանալ, թե ինչու են նման հոդվածները կարևոր իրենց կյանքի համար:

Օրինակ, 2021 թվականի հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդ» երթի ժամանակ աջ ծայրահեղական հակացուցարարների կողմից ակտիվիստների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների վերաբերյալ «Publica»-ի հետաքննությունը հեռարձակվել է տեղական բոլոր հեռարձակողների կողմից, Ներքին գործերի նախարարությունն էլ պահանջել է ներկայացնել այն՝ որպես «հետաքննության համար կարևոր տեսանյութ»։

Publika.ge-ի գլխավոր խմբագիր Լիկա Զակաշվիլին

«Բացի այդ, մեր տեսանյութի հիման վրա օմբուդսմենը դիմել է գլխավոր դատախազություն և պահանջել, որ հակացույցի կազմակերպիչները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մեր հետաքննությունը պարզել է, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել և չի կարողացել կանխել 53 լրագրողների և ակտիվիստների դեմ հարձակումները։ Այս նյութը վստահելի մասնագիտական ասոցիացիաների կողմից արժանացել է մրցանակի՝ որպես տարվա լավագույն վիդեոռեպորտաժ », – նշել է Publika.ge-ի գլխավոր խմբագիր Լիկա Զակաշվիլին։

Հուլիսի 5-ի իրադարձությունների վերաբերյալ «Publica»-ի պատմությունները ներառված են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված բողոքին կից ներկայացված ապացույցների թվում։

Ադրբեջան։ «Abzas» լրատվական կայքի գործադիր տնօրեն եւ խմբագիր Ուլվի Հասանլի. «Մենք Ադրբեջանում գործող միակ հետաքննող լրատվամիջոցն ենք»

«Abzas»-ն Ադրբեջանում գործող սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկն է, որի թիմին հաջողվել է զգալի լսարան հավաքել (215,000 օգտատեր սոցցանցային հարթակներում և վիդեո բովանդակության 50 միլիոն դիտում վերջին մեկ տարվա ընթացքում): Նման լսարանը «Abzas»-ին թույլ է տալիս իր տեղեկատվությունը տարածել լայն զանգվածների շրջանում։ Սակայն Ուլվի Հասանլին ասում է, որ իր թիմը դեռևս բախվում է բազմաթիվ մարտահրավերների և ստիպված է պայքարել դրանց դեմ։

«Մենք ունենք մեկ հետաքննական նախագիծ, որով ես հպարտանում եմ։ Ենթադրում եմ, որ մենք Ադրբեջանում գործող միակ հետաքննող լրատվամիջոցն ենք։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պետությունը սկսեց ավերված տների ու շինությունների վերանորոգման ծրագիր։ Երկու տարվա ընթացքում նման նախագծերի վրա ծախսվել է 5,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվ մենք որոշեցինք ուսումնասիրել այս թեման: Մենք պարզեցինք, որ բյուջեի մի մասը հայտնվել է իշխանությունների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների տրամադրության տակ»,- նշում է Ուլվի Հասանլին։

«Abzas» լրատվական կայքի գործադիր տնօրեն եւ խմբագիր Ուլվի Հասանլին

Արդեն պատրաստ է հետաքննության ինը դրվագ։ «Մենք հաղորդում ենք տարբեր ոլորտներում իշխանության չարաշահումների մասին։ Ենթադրում եմ, որ, երբ բոլոր նյութերը հրապարակվեն, մենք որոշակի արձագանք կտեսնենք»,- հույս ունի նա։

Թիմը մեծ ներդրումներ է կատարել թվային տեխնոլոգիաների ուղղությամբ: «2022 թվականին մենք բացեցինք TikTok ալիք, որտեղ ունենք 20,000 հետևորդ։ Իսկ վերջին հինգ ամիսների ընթացքում մեր տեսանյութերն ունեցել են գրեթե 5 միլիոն դիտում։ Այսպիսով, մենք իսկապես հետաքրքրված ենք սոցիալական ցանցերով», – ամփոփում է Ուլվի Հասանլին:

Ուկրաինա։ «Rubryka»ի անգլերեն տարբերակի խմբագիր Ալեքսանդրա Վորոնինա. «Մենք չենք վախենում տեղական նյութերով զբաղվելուց»

«Rubryka»-ն Ուկրաինայում գործող առաջին լրատվամիջոցն է, որը հետևում է «լուծումնային լրագրության» ձևաչափին։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ «Rubryka»-ն ոչ միայն խնդիրներ է բարձրաձայնում, այլև խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է դրանք լուծել ազգային, համայնքային կամ նույնիսկ անձնական մակարդակում: Ալեքսանդրա Վորոնինան կայքի անգլերեն տարբերակի պատասխանատուն է և ասում է, որ թեև ռուսական ներխուժումից հետո գերիշխողը լրագրողների կողմից թեժ կետերից նորությունների լուսաբանումն է, կայքը շարունակում է լուսաբանել շատ համարձակ նախագծեր:

«Ինձ շատ է դուր գալիս, որ մենք չենք վախենում տեղական նյութեր մշակել։ Կան շատ ուղղություններ։ Բայց թույլ տվեք մի օրինակ բերել. մենք բացատրում ենք, թե ինչպես են համայնքները լուծումներ գտնում պատերազմի համատեքստում: Օրինակ՝ Ուկրաինայում բնապահպանական պատերազմական հանցագործությունների հարցը: Մենք զրուցում ենք փորձագետների հետ։ Հիշում եմ մեր լրագրողի հոդվածները, ով գնացել էր «Տուզլովյան ծովախորշեր» բնության ազգային պարկ և հայտնել հսկայական քանակությամբ ափ նետված սևծովյան դելֆինների մահվան մասին: Նրանք պաշտպանված են Ուկրաինայում, սակայն այս խնդիրը տարածվել է ամբողջ Սև ծովի ավազանում։ Մենք խոսել ենք ոչ միայն Ռուսաստանի հանցագործությունների մասին, այլ նաև փորձագետներին հարցրել ենք, թե ինչպես վերականգնել էկոհամակարգը», – ասում է Ալեքսանդրա Վորոնինան։

Ալեքսանդրա Վորոնինա, Rubryka

Ուկրաինացիներին հետաքրքրում է նման բովանդակությունը, քանի որ սա այն միջավայրն է, որտեղ նրանք ապրում են։ «Մենք նաև մտածում ենք, թե ինչպես արձանագրել այդ հանցագործությունները և հետո հասնել փոխհատուցման, ինչպես նաև վերականգնել տարածքները, իրականացնել պահպանություն, որտեղ դա կարևոր է», – ավելացրեց նա։

Մոլդովա։ Interakt-ի գործադիր տնօրեն Իրինա Գելբուր. «Առցանց լրատվամիջոցների համար իսկապես կարևոր է նաև անցանց գործունեություն ծավալելը»

«Ագորա» նախագծի ակունքներում կանգնած է մեկ մարդ: Այժմ այն ամուր թիմ է և Մոլդովայի ամենանորարար լրատվամիջոցներից մեկը: Նրանք անդամավճարների մոդել են ներդրել լսարանը զարգացնելու համար, ընդ որում՝ ոչ միայն շահույթ ստանալու համար։

«Agora-ում մարդկանց հավանած հիմնական երևույթներից մեկը մեր համայնքային հանդիպումներն են: Առցանց լրատվամիջոցների համար իսկապես կարևոր է որոշակի օֆլայն գործունեություն նախաձեռնելը։ Մենք այդ միջոցառումները կազմակերպել ենք շատ ստեղծարար ձևաչափով․ մարդկանց հրավիրեցինք մեր շենքի տանիք՝ հանդիպելու մեզ և քննարկելու բոլորիս հետաքրքրող կարևոր թեմաները: 10 հանդիպումների ընթացքում ավելի քան 1000 մարդ եկավ։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել թիմի հետ և քննարկել կոնկրետ խնդիրներ: Թեմաները բազմազան են. աշխատանքի, աշխատատեղերի և բիզնեսի հիբրիդացում, բիզնեսների թվայնացում, Մոլդովայում չբացահայտված զբոսաշրջային ուղիներ, վերազգային ընկերություններ, նոու-հաուի ներմուծում և այլն»,- ասում է «Agora» նախագծի զարգացմամբ զբաղվող Interakt-ի գործադիր տնօրեն Իրինա Գելբուրը։

Interakt-ի գործադիր տնօրեն Իրինա Գելբուրը

Օրինակ՝ 2018 թվականին լուրջ քննարկում եղավ վերամշակման քաղաքականության վերաբերյալ։ Այդ քննարկումը խնդրի վերաբերյալ հոդվածաշարի առիթ հանդիսացավ։ «Ես նույնիսկ հիշում եմ մի կոնկրետ հոդված, երբ մեր լրագրողը մատնանշում էր պոլիէթիլենային տոպրակների մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց պատճառով օրենքը չէր գործում, և դա հանգեցրեց նրան, որ փոփոխությունները վերանայվեցին, և օրենքն ուժի մեջ մտավ»,- պատմում է Իրինա Գելբուրը։

Բելառուս։ Zerkalo.io-ի հաղորդակցության գծով տնօրեն Ալեքսանդրա Պուշկինա. «Լայնածավալ պատերազմից հետո առաջին բանը, որ պետք է անեինք, մեր լրատվամիջոցի վերակազմավորումն էր»

Իրավիճակը Բելառուսում անհավանական վտանգավոր է ակտիվիստների և անկախ լրագրողների համար։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները, նույնիսկ ամենադժվար պայմաններում, շարունակում են ամենակարևոր տեղեկատվությունը փոխանցել Բելառուսում մնացածներին՝ վտանգելով իրենց անվտանգությունն ու ազատությունը։

Բացի այդ, նոր խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Բելառուսի իշխանությունները 2021 թվականի մայիսի 18-ին արգելափակեցին անկախ Tut.by կայքը, բանտարկեցին ղեկավար թիմին և սառեցրին ընկերության բանկային հաշիվները։ Այսպես, թիմը գործարկեց Zerkalo.io նախագիծը: Ալեքսանդրա Պուշկինան՝ խմբագրության հաղորդակցության գծով տնօրենը, պատմեց, թե ինչ փոփոխություններ է կրել իրենց աշխատանքը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

«Լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո առաջին բանը, որ մենք պետք է անեինք, մեր լրատվամիջոցի վերակազմավորումն էր, քանի որ մի տեղից մյուսը տեղափոխվելը ոչ միայն ֆիզիկական տեղաշարժ է, այլ նաև ենթադրում է աշխատակիցների աշխատանքի տեղավորում և օրինականացում։ Եթե նայեք վիճակագրությանը, ապա 2022 թվականի մարտին մենք ունեցել ենք 5 միլիոն ունիկալ օգտատեր, քանի որ մարդիկ տեղեկատվություն էին փնտրում պատերազմի մասին: Այն բանից հետո, երբ մեզ արգելափակեցին Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ մենք անհասանելի դարձանք Yandex-ում, մենք կորցրինք 1,5 միլիոն նման օգտատեր։ Այս ամբողջ ընթացքում մենք վերականգնվում ենք։ Նոր գործիքներ չկան, մենք ճանաչում ենք բոլոր խաղացողներին, ուստի այժմ մեր ճանապարհը առաջարկությունների համակարգերի հետ աշխատանքն է»,- բացատրել է նա:

2022 թվականի օգոստոսից ի վեր TikTok-ում բաժանորդների թիվն անցել 70,000-ը։ Խմբագրական կազմը սկսել է նաև բելառուսերեն բովանդակություն ստեղծել։

Մարդու իրավունքների պաշտպանությանը և հասարակության իրազեկմանը նպաստող արդի թեմաներից են Բելառուսում քաղբանտարկյալների ազատության համար պայքարի լուսաբանումը, Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը և Բելառուսի դեմ պատժամիջոցների արձագանքները։

ԵՄը նույնպես ակտիվ է

Դոնորների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և փորձագետների մշտական համագործակցությունը կարևոր դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրներում անկախ լրագրության ամրապնդման գործում:

Սա էր վերջերս Պրահայում կայացած Արևելյան գործընկերության մեդիա համաժողովի նպատակը, որը կազմակերպել էր Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով տնօրինության (DG NEAR) և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ համատեղ: Պրահայում հավաքվել էին մոտ հարյուր լրագրողներ, մեդիա մասնագետներ և դոնոր հաստատությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների անկախության և արհեստավարժ լրագրության դիմակայունության ամրապնդման գործնական օրինակները, ներկայացնելու ԶԼՄ-ներին վերաբերյալ Եվրամիության ներկայիս քաղաքականությունը, ծրագրերն ու ռազմավարությունները:

ԵՄ-ն տեղերում աջակցում է անկախ լրատվամիջոցներին մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի (EED) միջոցով: EED-ն առաջարկում է ֆինանսավորում՝ աջակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարամետ շարժումներին, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք աշխատում են հանուն բազմակարծության և ժողովրդավարական քաղաքական համակարգի: Աջակցությունը տրվում է դրամաշնորհների միջոցով, որոնք օգնում են պահպանել և զարգացնել անկախ լրատվամիջոցները, օժանդակում են ռեպրեսիվ միջավայրում գործունեություն ծավալող լրագրողներին և լրատվամիջոցներին, ինչպես նաև նորաստեղծ լրատվամիջոցներին:

Եվրամիության մեկ այլ նախաձեռնություն է «Եվրոպական միությունը՝ անկախ լրատվամիջոցների համար» (EU4IM) նախագիծը, որն աշխատում է Արևելյան գործընկերության ԶԼՄ-ների հետ՝ կենտրոնանալով խմբագրական չափանիշների, նորությունների բաժնի կառավարման և ֆինանսական կայունության վրա:

Ծրագրի ներդրած գործնական գործողություններից մեկը մասնագետների կարիքներին արագ արձագանքն է: Համաժողովի ընթացքում EU4IM-ի ԶԼՄ-ների ուսուցման և փոխանակման ավագ փորձագետ Զոյա Չարլզը ներկայացրել է այն արտակարգ աջակցությունը, որը նախագիծը տրամադրում է Ուկրաինային։ Այստեղ նախագիծն աջակցում է մարզային լրագրողներին, ովքեր երբեք չեն անցել թշնամական միջավայրում գործունեության ուսուցում: Նա ընդունեց, որ դժվար էր առցանց հիմունքներով նման ուսուցում անցկացնելը («պատկերացրեք, թե ինչպես կարելի է Zoom-ի միջոցով ցույց տալ, թե դադարեցնել արյունահոսությունը…»), բայց «դա մեծ հաջողություն էր, և մենք իսկապես լավ արձագանքներ ստացանք այդ պարապմունքներից: Հետագայում այլ դոնորներ և կազմակերպություններ նույնպես գործի անցան և սկսեցին նման դասընթացներ կազմակերպել»,- ասում է Զոյա Չարլզը։

Նախագիծը նաև տրամադրում է պատերազմի լուսաբանման վերաբերյալ խմբագրական ուղեցույցներ, որոնք տարբեր լեզուներով թարգմանվել են ԱլԳ երկրների համար (Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և վտարանդի բելառուս ու ադրբեջանցի լրագրողների համար):

Նախագծի հիմնական աշխատանքը, սակայն, ուղղված է նորությունների բաժինների զարգացմանն աջակցելուն: Այս պահին երկու փորձագետներ միասին աշխատում են Վրաստանում՝ ստեղծելու մեդիա մենեջերների համար նախատեսված տեղեկատվական փաթեթ, որը նրանք կկարողանան օգտագործել ներքին մենթորության ժամանակ (ընդգրկում է լրատվական բաժնի կառուցվածքը և աշխատանքային գործընթացները, հաստիքների նկարագրությունները, գենդերային քաղաքականությունը և այլն):

«Մենք նաև հայտնաբերել ենք որոշ ակնառու առցանց ռեսուրսներ, որոնք ներկայումս հասանելի են միայն անգլերեն լեզվով (բիզնես ռազմավարության, լրատվական բաժինների կառավարման, հետաքննող լրագրության վերաբերյալ դասընթացներ), որոնք այժմ հարմարեցնում ենք տեղական շուկաներին և թարգմանում այն երկրների լեզուներով, որտեղ մենք աշխատում ենք: Դասընթացներին կհաջորդի միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ ներքին մենթորությունը»,- բացատրում է Զոյա Չարլզը:

Հեղինակ՝ Օլգա Կոնսևիչ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,