Հայրիկների դպրոցներ. շահեկան նախաձեռնություն՝ հանուն երջանիկ ընտանիքների և գենդերային հավասարության
20 Հուլիսի, 2022

Հայրիկների դպրոցներ. շահեկան նախաձեռնություն՝ հանուն երջանիկ ընտանիքների և գենդերային հավասարության


Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երեխաների դաստիարակության գործում ակտիվորեն ներգրավված հայրիկները դրական ազդեցություն են ունենում իրենց երեխայի զարգացման վրա: Հայրիկների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարևոր դեր է խաղում երեխաների վարքի, երջանկության և ճանաչողական հմտությունների համար:

Ու թեև լավ հայր լինելու առավելություններն ակնհայտ են, Արևելյան գործընկերության տարածաշրջանի հասարակություններում խորն արմատավորված գենդերային կարծրատիպերը դժվարացնում են տղամարդկանց ակտիվ մասնակցությունն իրենց երեխաների խնամքի գործին։

Հայրիկների դերը խթանելու և իրենց երեխաների հետ ավելի ամուր հարաբերություններ կառուցելու գործում տղամարդկանց օգնելու համար Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը հանուն տղամարդկանց և կանանց իրավահավասարության» (EU 4 Gender Equality) ծրագիրն Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնել է հայրիկների 18 դպրոց:

«Այս դպրոցն ինքնին այն է, ինչը հայրիկներին թույլ է տալիս վստահ լինել իրենց ուժերին և դառնալ ավելի լավ ծնող»,- ասում է Վրաստանում «Հայրիկների դպրոցի» մասնակից Լաշա Չեիշվիլին։

Լաշան մեկն է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից այն ավելի քան 2200 տղամարդկանցից, ովքեր օգտվել են «Հայրիկների դպրոցից»:

Դպրոցները հատուկ ուշադրություն են դարձնում գենդերային հավասարության հիմնախնդրին և օգնում տղամարդկանց դառնալ ավելի գիտակից և պատասխանատու ծնող՝ կիսելով երեխաների խնամքի և տնային պարտականություններն իրենց կանանց կամ զուգընկերների հետ:

Չվճարվող խնամքի աշխատանքներում հայրիկների ներգրավվածությունը, անշուշտ, սոցիալ-տնտեսական բարեկեցության և գենդերային հավասարության բանալիներից մեկն է: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք միջինը 2,5 անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում չվճարվող խնամքի աշխատանքին, քան տղամարդիկ: COVID-19 համավարակն էլ ավելի մեծացրեց այս բեռը կանանց համար, քանի որ, ըստ նոր համաշխարհային գնահատականների, 2020 թվականին աշխատաշուկան լքել են ավելի քան 2 միլիոն մայրիկներ։

Այսպիսով, «Հայրիկների դպրոցները» տղամարդկանց օգնում են ոչ միայն դառնալ ավելի ակտիվ հայրիկներ, այլև աջակցել իրենց զուգընկերներին՝ կիսելով չվարձատրվող տնային աշխատանքն իրենց կանանց հետ և այդպիսով աջակցելով նրանց լիարժեք մասնակցությանը տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին:

«Կինը չպետք է լինի միակը, ով զբաղվում է երեխաների խնամքով»,- ասում է Մոլդովայում «Հայրիկների դպրոցի» մասնակից Ստանիսլավ Գրուգովը՝ պնդելով. «Ամուսինը պետք է հավասարապես ներգրավված լինի: Երկուսն էլ պետք է հոգ տանեն իրենց երեխայի կրթության մասին և կիսեն տնային գործերը»։

Դրական հայրական ծնողավարությունը կապված է նաև ընտանիքի հուզական բարեկեցության բարձրացման և բռնության ռիսկի նվազեցման հետ: Դա նաև նշանակում է, որ տղամարդիկ ստանձնում են դաստիարակող և խնամող դերեր ու մոդելավորում վարքագիծ, որը խթանում է գենդերային հավասարությունը և հակասությունները լուծելու խաղաղ ուղիները: Լավ հայր լինելը պարզորոշ կերպով ենթադրում է հարգալից վերաբերմունք մյուս ծնողի նկատմամբ:

«Որպես ապագա հայրեր՝ մենք «Հայրիկների դպրոցում» ծանոթանում ենք պատասխանատու ծնողավարության և մեր երեխաների դաստիարակության հիմունքներին, ինչպես նաև վերջնարդյունքում բռնության հանգեցնող գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի եղանակներին: Ես 17 տարեկան եմ և արդեն գիտեմ, թե ինչպիսի հայր եմ ուզում լինել։ Ես կլինեմ բարեհամբույր, երեխաներիս էլ կասեմ, որ սիրում եմ նրանց։ Հոր դերը երեխաների կյանքում վճռորոշ է։ Երեխաները, որոնց հայրերն ակտիվորեն ներգրավված են իրենց կյանքում, դպրոցում ցուցաբերում են ավելի բարձր առաջադիմություն և վարում են ավելի թեթև կենսակերպ»,- ասում է Իոնուտ Չինթեան, ով ավելի քան մեկ տարի Մոլդովայում մասնակցել է «Հայրիկների դպրոցին»։

«Հայրիկների դպրոցների» գործունեությանն աջակցելու համար նախագիծը հրապարակել է «Հայրիկների դպրոցի ձեռնարկ»: Այն օգտագործվում է դպրոցների կազմակերպիչների կողմից և ներառում մի շարք պարապմունքներ, որոնք տղամարդկանց թույլ են տալիս խորհրդակցել և ապահովել հավաքական աջակցություն՝ իրենց կյանքում դրական, առողջ փոփոխություններ կատարելու համար:

«Գաղտնիք չէ, որ տղամարդկանց և կանանց դերերի մասին կարծրատիպերը լայնորեն տարածված են»,- ասում է Սուսաննան, ով իր ամուսնու՝ Գարեգինի հետ մասնակցել է Հայաստանում «Հայրիկների դպրոցի» հանդիպում-քննարկումներին: «Ես ու ամուսինս որոշեցինք մասնակցել «Հայրիկների դպրոցին», որպեսզի խուսափենք այն խնդիրներից, որոնց բախվում են մեր շրջապատի շատ զույգեր: Օրինակ՝ որոշ երիտասարդ հայրեր վախենում են մոտենալ նորածնին՝ պատճառաբանելով. «Իսկ եթե ես երեխային սխալ գրկեմ կամ վնասեմ նրան»: Դասընթացների ընթացքում մենք, ի թիվս այլոց, սովորեցինք՝ ինչպես ճիշտ բռնել և կրել երեխային: Մենք նույնիսկ յուրացրեցինք շնչառական տեխնիկաներ՝ ծննդաբերության ժամանակ ցավը մեղմելու համար»։

Երեխաների խնամքի գործում տղամարդկանց ավելի ակտիվ ներգրավվածությունը խրախուսելը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի առանցքային նպատակներից մեկն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Արևելյան գործընկերության երկրներում։

Եռամյա ծրագիրն ուղղված է ամրապնդելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ փոխելով գենդերային դերերի շուրջ սոցիալական ընկալումները, հաղթահարելով գենդերային կարծրատիպերը և ավելացնելով տղամարդկանց մասնակցությունը երեխաների խնամքին և տնային այլ հոգսերի լուծմանը:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության պատասխանատուն բացառապես ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն են, որը պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,