«Մեծ յոթնյակ»-ը կակտիվացնի ադամանդներից, էներգակիրներից եւ մետաղներից Ռուսաստանի եկամուտները նվազեցնելու վերաբերյալ քննարկումները
10 Նոյեմբերի, 2023

«Մեծ յոթնյակ»-ը կակտիվացնի ադամանդներից, էներգակիրներից եւ մետաղներից Ռուսաստանի եկամուտները նվազեցնելու վերաբերյալ քննարկումները


«Մեծ յոթնյակի» (G7-ի) երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 8-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում վերահաստատել են Ուկրաինային աջակցությունը շարունակելու եւ Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումը մեծացնելու, ինչպես նաեւ վերջինիս նկատմամբ խիստ պատժամիջոցներ եւ այլ սահմանափակումներ կիրառելու իրենց պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել են Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարներն ու Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը։

«Մենք կամրապնդենք պատժամիջոցների ուղղությամբ համակարգումը, որպեսզի սահմանափակենք կրիտիկական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների հասանելիությունը Ռուսաստանի համար։ Մենք հետագա քայլեր կձեռնարկենք՝ կանխելու Ռուսաստանի դեմ մեր սահմանած միջոցներից խուսանավելու ու դրանք շրջանցելու հնարավորությունը։ Որպեսզի կրճատենք Ռուսաստանի՝ արտահանումից ստացվող եկամուտները, մենք կակտիվացնենք էներգակիրների, մետաղների եւ բոլոր ոչ արդյունաբերական ադամանդների (այդ թվում՝ Ռուսաստանում արդյունահանվող, վերամշակված կամ արտադրված ադամանդների) վերաբերյալ մեր խորհրդակցությունները»,- ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Արտգործնախարարները նաեւ վերահաստատել են, որ Ռուսաստանի՝ իրենց իրավասության ներքո գտնվող սուվերեն ակտիվները կմնան անշարժ, «մինչեւ Ռուսաստանը չվճարի Ուկրաինային պատճառված վնասի համար»:

Նախարարները նաեւ հայտարարել են, որ «Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը եւ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին վերջինիս հայտարարությունն անընդունելի են»։

«Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա ծանր հետեւանքներ։ Մենք խորապես ափսոսում ենք Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու Ռուսաստանի որոշման մասին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) շարունակական ներկայությանը եւ անարգել մուտքին Ուկրաինայի բոլոր քաղաքացիական միջուկային օբյեկտներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ «Մեծ յոթնյակ»-ի երկրների արտգործերնախարարները լուրջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետեւանքների առնչությամբ։ Նրանք հորդորել են Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով թելադրված իր հանձնառությունը եւ ողջունել տեղահանված մարդկանց հրատապ հումանիտար կարիքները լուծելուն ուղղված միջազգային ջանքերը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,