Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր հետազոտության, Ուկրաինայի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն կունենա նաև այն տնտեսությունների վրա, որոնք գտնվում են հակամարտության անմիջական տարածքից դուրս:
Պատերազմի սկզբից ի վեր իր առաջին տնտեսական կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը ավելի քան կիսով չափ՝ մինչև 1,7 տոկոս, կրճատել է 2022 թվականի աճի կանխատեսումն իր գործունեության տարածաշրջանների համար, ինչը 2,5 տոկոսով պակաս է նախորդ կանխատեսումից: 2023 թվականի համար այն ավելի կայուն՝ մոտ 5 տոկոս աճ է կանխատեսում իր գործունեության տարածաշրջաններում։
Պատերազմի հետևանքները նկարագրելով որպես «մատակարարման ամենամեծ ցնցումը առնվազն 1970-ականների սկզբից ի վեր»` Բանկը կանխատեսում է, որ այնպիսի ապրանքների թանկացումը, ինչպիսիք են սննդամթերքը, նավթը, գազը և մետաղները, մեծ ազդեցություն կունենա տնտեսությունների վրա, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրների դեպքում։ ՎԶԵԲ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մեծ մասնաբաժին ունեն բորսային ապրանքների, այդ թվում՝ ցորենի, եգիպտացորենի, պարարտանյութի, տիտանի և նիկելի մատակարարման մեջ։
Թեև անորոշության բարձր աստիճանը պահպանվում է, պարզ է, որ շատ տնտեսություններ լուրջ հարվածներ են կրելու, և որ որոշներն ավելի շատ կտուժեն, քան մյուսները: Օրինակ, ՎԶԵԲ-ը սպասում է, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 20 տոկոսով՝ 3,5 տոկոսանոց աճի փոխարեն: Ռուսաստանի ՀՆԱ-ն էլ 3 տոկոսանոց աճի փոխարեն կնվազի 10 տոկոսով։
ՎԶԵԲ-ը նաև ճնշում է կանխատեսում կովկասյան և կենտրոնաասիական արժույթների վրա, քանի որ շուկաները գերագնահատում են աշխարհաքաղաքական ռիսկերը և հարվածում են զբոսաշրջությանը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում:
Զեկույցը նաև գնահատում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկանց ամենամեծ բռնի տեղահանման հնարավոր հետևանքները։
ՎԶԵԲ-ի կարծիքով՝ ուկրաինացի որակավորված աշխատողները երկարաժամկետ հեռանկարում կարող են խթան հաղորդել որոշ տնտեսությունների, մասնավորապես՝ ծերացող բնակչություն ունեցող երկրներում: Կարճաժամկետ հեռանկարում տնտեսությունները գործ կունենան հարկաբյուջետային ճնշումների և վարչական մարտահրավերների հետ՝ բնակարանային, առողջապահական և կրթական ծառայությունների ապահովմամբ պայմանավորված:
ՎԶԵԲ-ի կանխատեսումներով հրադադար կհաստատվի մի քանի ամսվա ընթացքում, որից անմիջապես հետո կսկսվի Ուկրաինայի ծավալուն վերակառուցման գործընթաց, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ն 2023 թվականի վերջի դրությամբ կմոտենա, բայց դեռևս չի հասնի նախապատերազմյան մակարդակին։
Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տեսանելի ապագայում կպահպանվեն՝ 2023 թվականին ռուսական տնտեսությանը դատապարտելով լճացման (2022 թվականին ՀՆԱ-ի կտրուկ անկումից հետո), ինչը բացասական հետևանքներ կունենա Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք հարևան երկրների համար:
Այսքան անորոշությունների պայմաններում Բանկը մտադիր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կատարել հետագա կանխատեսումներ՝ հաշվի առնելով հետագա զարգացումները։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,