Հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առեւտրի սահմանափակումների հետեւանքները մեղմելու նպատակով։
Այս ֆինանսական աջակցությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առեւտրի դյուրացման եւ համերաշխության միջոցառումներ։
Հայտարարելով աջակցության մասին՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է. «Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլեւ օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առեւտուրն իր հարեւանների եւ Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսեւորումն է»։
Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի առեւտրային սահմանափակումներից տուժած ոլորտներին, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության եւ արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, որոնք կստանան լրացուցիչ աջակցություն՝ առեւտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների եւ շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։
ԵՄ — Հայաստան Տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու եւ մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը։
Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ վերջինիս հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու եւ դրանց խթան հաղորդելու նպատակով։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,