ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն եւ ԱրմՍվիսԲանկն աջակցում են Հայաստանում փախստականներին եւ երիտասարդներին
12 Հունիսի, 2026

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն եւ ԱրմՍվիսԲանկն աջակցում են Հայաստանում փախստականներին եւ երիտասարդներին


Հունիսի 6-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ գործակցությամբ, ԱրմՍվիսԲանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլար (17.1 միլիոն եվրո) գումարի չափով վարկային փաթեթ՝ Հայաստանում փախստականների եւ երիտասարդների սեփականությամբ կամ նրանց ղեկավարած միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով: 

Փաթեթը բաղկացած է 10 միլիոն ԱՄՆ դոլար (8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկից։

10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է EU4Business-EBRD Credit Line (ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ) ծրագրի միջոցով եւ միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ եւ նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաեւ այն բիզնեսներին, որոնք  իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց: Պահանջներին համապատասխանող վարկառուները կարող են օգտվել ԵՄ-ի ներդրումային դրամաշնորհներից՝ իրենց վարկի մինչեւ 35 տոկոսի չափով, ինչպես նաեւ ստանալ անհատականացված խորհրդատվական աջակցություն՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու եւ մարդկային ռեսուրսների ներառական կառավարման գործելակերպը զարգացնելու նպատակով:

Ֆինանսավորման շնորհիվ այս բիզնեսները կարդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները` համապատասխանեցնելով դրանք ԵՄ չափանիշներին, բարձրացնելով աշխատավայրում անվտանգության մակարդակը եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ընդ որում, միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: ՎԶԵԲ-ԵՄ Տեղական արժույթի ծրագրի ներքո տրամադրվող վարկային գործիքը ԱրմՍվիսԲանկին հնարավորություն կտա ֆինանսավորում տրամադրել նաեւ այն սկսնակ ձեռնարկություններին, որոնք գուցե չունեն բավարար կապիտալ, գրավ կամ վարկային պատմություն:

Եվս 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Երիտասարդությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում, ինչն ԱրմՍվիսԲանկին հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի եւ սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։

Վարկերի տրամադրմանը զուգընթաց՝ ծրագրի շրջանակում երիտասարդ ձեռնարկատերերը կստանան փորձագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն եւ մասնագիտական ցանցերի ձեւավորման հնարավորություններ, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ նրանց օգնելու հաղթահարել առկա մարտահրավերները, ստեղծել նոր աշխատատեղեր եւ հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը։

Վարկը նաեւ ապահովված է ԵՄ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) ֆինանսական ներառման առաջին վնասի երաշխիքով, որը նախատեսված է աջակցելու գործընկեր բանկերին՝ ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը եւ առավել արդյունավետ օգտագործելով կապիտալը: Սա ՎԶԵԲ-ի եւ ԱրմՍվիսԲանկի միջեւ «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում իրականացվող առաջին գործարքն է:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է, որ ԵՄ-ի կողմից աջակցվող վարկային համաձայնագիրը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, «ինչն հատկապես արդիական է հայկական բիզնեսների վրա տնտեսական ճնշումների համատեքստում»։

«Ռիսկերի բաշխման եւ համակցված գործիքների միջոցով ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ վերացնելու ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների աճին, նորարարություններին եւ ԵՄ շուկաներ մուտք գործելուն: Ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով մենք աջակցում ենք ձեռնարկատերերի հաջորդ սերնդին, ազատ առեւտրին, աշխատատեղերի ստեղծմանը եւ ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի նպատակներին», — նշել է Մարագոսը։

ԱրմՍվիսԲանկը 2010 թվականից ի վեր հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկեր։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ ավելի քան 245 ծրագրերում, որոնց 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ 

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,