Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել միգրացիոն համակարգի բարեփոխման շուրջ
22 Դեկտեմբերի, 2023

Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել միգրացիոն համակարգի բարեփոխման շուրջ


Դեկտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդում Իսպանիայի նախագահությունը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնության են եկել դեպի ԵՄ շուկա օրինական միգրացիայի վերաբերյալ ԵՄ իրավական բազայի վերանայման շուրջ։

Միասնական թույլտվության հրահանգը ԵՄ երկրների համար սահմանում է այդ միասնական թույլտվությունը տրամադրելու դիմումի գործընթացը, ինչպես նաեւ երրորդ երկրների աշխատողների ընդհանուր իրավունքները: Անդամ պետություններին է վերապահվում վերջին խոսքն առ այն, թե որ երրորդ երկրներից եւ քանի աշխատողի են նրանք ցանկանում ընդունել իրենց աշխատաշուկայում:

«Սա խթան կդառնա տաղանդների միջազգային հավաքագրման համար։ Բացի այդ, երրորդ երկրների աշխատողների իրավունքների ընդլայնումը եւ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը՝ համեմատած ԵՄ աշխատողների հետ, կնվազեցնեն աշխատանքային շահագործումը»,- ասվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

Դիմելու գործընթաց

Երրորդ երկրի աշխատողը կարող է դիմում ներկայացնել երրորդ երկրի տարածքից կամ, համաձայն համաօրենսդիրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, ԵՄ-ից՝ վավեր կացության թույլտվություն ունենալու դեպքում: Անդամ պետության կողմից միասնական թույլտվություն տրամադրելու որոշման դեպքում այն կծառայի եւ՛ որպես կացության, եւ՛ որպես աշխատանքի թույլտվություն:

Տեւողություն

Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը որոշել են, որ միասնական թույլտվությունը պետք է տրվի ամբողջական դիմումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում: Այս ժամանակահատվածը ներառում է նաեւ մինչեւ միասնական թույլտվության վերաբերյալ որոշման ընդունումն աշխատաշուկայի վիճակը ստուգելու համար անհրաժեշտ ժամանակը: Անդամ պետություններն այնուհետեւ կտրամադրեն անհրաժեշտ վիզա՝ իրենց տարածք նախնական մուտքը թույլ տալու համար:

Գործատուի փոփոխություն

Միասնական թույլտվություն ունեցողները հնարավորություն կունենան փոխել գործատուին իրավասու մարմիններին ծանուցելու դեպքում։ Անդամ պետությունները կարող են սահմանել նաեւ նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում միսնական թույլտվություն ունեցողից կպահանջվի աշխատել առաջին գործատուի մոտ: Աշխատանքը կորցնելու դեպքում երրորդ երկրի աշխատողներին թույլատրվում է մնալ անդամ պետության տարածքում, եթե գործազրկության ընդհանուր ժամկետը չի գերազանցում երեք ամիսը՝ միասնական թույլտվության գործողության ընթացքում, կամ վեց ամիսը՝ թույլտվությունը ստանալուց երկու տարի անց:

Համաձայնության հաստատումից հետո տեքստն այժմ պետք է պաշտոնապես ընդունվի ինչպես Եվրոպական խորհրդի, այնպես էլ Եվրոպական խորհրդարանի կողմից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,