Հուլիսի 1-ին Երեւանում տեղի է ունեցել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը: Կողմերը ողջունել են 2025թ. փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից ի վեր ԵՄ-Հայաստան գործընկերության առաջմղմանն ուղղված քայլերը, որոնք հիմնված են ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իրավունքի գերակայության վրա:
ԵՄ-ն ու Հայաստանն ամփոփել են 2025թ. ի վեր արձանագրված առաջընթացը եւ մտքեր են փոխանակել Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների քաղաքականության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների եւ մարդու իրավունքների ոլորտում միմյանց համապատասխան առաջնահերթությունների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են նաեւ շարունակել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ՝ ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի եւ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԵՄ-ն ու Հայաստանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների, այդ թվում՝ բարելավման ենթակա ոլորտների շուրջ, եւ պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն առաջարկությունների իրականացման վերաբերյալ՝ վերջնական զեկույցի հրապարակումից հետո։
Կողմերն ընդգծել են հավասարության խթանման եւ խտրականության դեմ պայքարի կարեւորությունը։ Եվրոպական միությունն արձանագրել է 2025 թվականին Հայաստանի կողմից 2025-2028թթ. Գենդերային հավասարության ռազմավարության եւ գործողությունների ծրագրի ընդունումը։ Հայկական կողմը ԵՄ կողմին տեղեկացրել է խտրականության դեմ համապարփակ օրենքի ընդունման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Կողմերն ընդգծել են ընտանեկան եւ գենդերային բռնության, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց դեմ, ատելության խոսքի եւ ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ շարունակական ջանքերի կարեւորությունը։ Հատուկ կարեւորություն է տրվել խոցելի իրավիճակում գտնվող անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայերին:
Երեխայի իրավունքների պաշտպանության համատեքստում Եվրոպական միությունը ողջունել է 2025թ. երեխայի պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը՝ որպես իրավական շրջանակի պաշտոնական ամրապնդման նշանակալի քայլ։
Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքային իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ապօրինի զբաղվածության հարցերի շուրջ։ Եվրոպական միությունը ողջունել է համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին օրենքի ընդունումը եւ խրախուսել հետագա քայլերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության եւ համայնքահեն ծառայությունների մատուցման ուղղությամբ։
ԵՄ-ն ու Հայաստանը քննարկել են հիմնարար ազատությունների, այդ թվում՝ հավաքների, միավորումների եւ արտահայտվելու ազատության ապահովման, քաղաքացիական հասարակության համար բաց տարածքի պահպանման, ազատ եւ անկախ մեդիա միջավայրի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման կարեւորությունը։ ԵՄ-ը հետաքրքրվել է նաեւ անկախ մեդիա միջավայրի ապահովման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերով: ԵՄ-ն նաեւ խրախուսեց Հայաստանին բարելավել կալանքի պայմանները։
ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան, իսկ ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ համապատասխան գերատեսչությունների, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների շուրջ հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել 2027թ. Բրյուսելում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,