Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
07.11.2025

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը


Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես Հայաստանի Հանրապետության իշխանություններին հանձնեց ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ծրագիրը սահմանում է այն տեխնիկական եւ քաղաքական պահանջները, որոնք Հայաստանը պետք է բավարարի՝ նախքան իր քաղաքացիների համար ազատականացված վիզային ռեժիմի ներդրումը։

Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններն այս առիթով հայտարարել է. «Գործողությունների ծրագիրը ավելին է, քան տեղաշարժի ազատությունը: Հայաստանում բարեփոխումները նպաստում են Եվրոպական միության անվտանգության ամրապնդմանը՝ մեր սահմաններից դուրս: Հստակ եւ կարգավորված շարժունակությունը հեշտացնում է օրինական տեղաշարժը եւ օգնում է կանխել անօրինական միգրացիան»:

Ծրագիրը կխթանի բարեփոխումներ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների եւ միգրացիայի կառավարումը, հասարակական կարգը, արտաքին հարաբերությունները եւ հիմնարար իրավունքների հարցերը Հայաստանում: Եվրոպական հանձնաժողովը պարբերաբար կգնահատի Հայաստանի առաջընթացը՝ գործողությունների ծրագրում սահմանված չափանիշների հետեւողական եւ արդյունավետ իրականացումը ստուգելու համար, այդ թվում՝ կանոնավոր զեկույցների միջոցով:

Երբ Հայաստանը բավարարի գործողությունների ծրագրում թվարկված բոլոր չափանիշներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կհամարվի հաջողությամբ ավարտված։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիների համար կարճաժամկետ (180-օրյա ժամանակահատվածում մինչեւ 90 օր) այցով Եվրոպա մեկնելը կդառնա ավելի հեշտ եւ էժան։

Ծրագրի ֆիզիկական հանձնման արարողությունը տեղի ունեցավ Երեւանում: Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստան կատարած այցի ընթացքում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը պաշտոնապես հանձնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Փաստաթղթի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։

Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի համար վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,