ԵՄ-ը հայտարարում է Հայաստանում կրթական հնարավորություններին աջակցելու նպատակով 10 միլիոն եվրոյի դրամաշնորհի հատկացման մասին
27 Հոկտեմբերի, 2023

ԵՄ-ը հայտարարում է Հայաստանում կրթական հնարավորություններին աջակցելու նպատակով 10 միլիոն եվրոյի դրամաշնորհի հատկացման մասին


Եվրոպական հանձնաժողովը 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանում կրթական նոր հնարավորություններին աջակցելու նպատակով: Համաձայնագիրը հոկտեմբերի 25-ին «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում ստորագրել են Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թոմաս Օստերոսը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ։  

Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս համայնքներում արտադպրոցական կրթության եւ ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցումը։ Կառուցվող կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների եւ ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացման ու ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ մասնագիտացած շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Կենտրոնների միջոցով 6-ից 18 տարեկան երեխաների համար կապահովվեն հետդպրոցական կրթության հնարավորություններ, ինչպես նաեւ հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով  հնարավոր կլինի կազմակերպել մինչեւ 6000 աշակերտի տեղափոխումներ՝ մասնակցելու մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն եւ աթլետիկա առարկաների գծով դասընթացների: Նրանք կօգտվեն նաեւ սոցիալական աշխատողների եւ կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, ինչպես նաեւ արտաքին փորձագետների եւ մասնագետների կողմից կազմակերպված ներկայացում-քննարկումներից։

ԵՆԲ Գլոբալի միջոցով իրականացվող ծրագիրն աջակցում է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արեւելյան գործընկերության Հայաստանի համար տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում։ Այն նաեւ հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության անբաժանելի մասը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական դիմակայության բարձրացմանը։ Այս տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020-ի ռազմական գործողություններից եւ Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից։

Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է․ «Այսօրվա հայտարարությունը եւս մեկ ապացույցն է ԵՄ հանձնառության՝ աջակցելու Հայաստանի կողմից կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ բարձրացնելով որակը, արդիականացումը եւ համապատասխանությունը տնտեսության եւ հասարակության պահանջներին։ Կրթությունն առաջնահերթություն է Հայաստանի համար Տնտեսական եւ ներդրումային պլանի ուղենիշային ծրագրերի ներքո, եւ ես ուրախ եմ տեսնել, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է լինելու։ Այն կապահովի գյուղական համայնքներում կրթության որակի եւ աշխատուժի զարգացումը, ինչպես նաեւ կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, ներառյալ՝ խոցելի խմբերին, մրցունակ աշխատաշուկայում գտնել համապատասխան աշխատանք»։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է․ «Այսօր կարեւոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության միջեւ, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին, այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

Հոկտեմբերի 25-26-ին Բրյուսելում կայացած Global Gateway ֆորումն առաջին անգամ մեկ տեղում է հավաքել Եվրոպական միության եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կարծիքի առաջատարների, ֆինանսական հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների առանցքային շահագրգիռ կողմերի՝ փոխակերպվող ենթակառուցվածքներում գլոբալ ներդրումները խթանելու նպատակով։

Global Gateway-ը ԵՄ-ի դրական առաջարկն է՝ նվազեցնելու համաշխարհային ներդրումային խզվածքը եւ խթանելու թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում խելացի, մաքուր եւ անվտանգ կապերը, ինչպես նաեւ ամրապնդելու առողջապահական, կրթական եւ հետազոտական համակարգերը: Global Gateway ռազմավարությունը մարմնավորում է Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետությունները եւ Եվրոպայի զարգացման ֆինանսական հաստատությունները միավորող «Թիմ Եվրոպա» մոտեցումը: Ընդհանուր առմամբ այն նպատակ ունի մինչեւ 300 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել 2021-2027 թվականներին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,