ԱլԳ քաղաքացիական հասարակության 2025 թ. գագաթնաժողովի շրջանակում գործարկվել է 5 մլն եվրո արժողությամբ նոր տարածաշրջանային ծրագիր՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համար
5 Դեկտեմբերի, 2025

ԱլԳ քաղաքացիական հասարակության 2025 թ. գագաթնաժողովի շրջանակում գործարկվել է 5 մլն եվրո արժողությամբ նոր տարածաշրջանային ծրագիր՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համար


Դեկտեմբերի 2-ից 4-ը Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության 2025 թվականի գագաթնաժողովում գործարկվեց 5 միլիոն եվրո արժողությամբ նոր տարածաշրջանային ծրագիր, որն ուղղված է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների, միջամտության եւ ապատեղեկատվության հայտնաբերմանը եւ հակազդմանը։

Ծրագրից կարող են օգտվել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ վտարանդիության մեջ գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները։ Այն կկենտրոնանա նրանց ռազմավարական հաղորդակցության մեջ ներգրավվելու կարողությունների ամրապնդման, մեդիագրագիտության բարձրացման եւ ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Ծրագրի միջոցառումները կներառեն կարողությունների զարգացում, հետազոտություններ եւ վերլուծություններ, միջսահմանային դիմակայունության զարգացում եւ ֆինանսական աջակցություն։

«Ավտորոկրատ կառավարությունները տարածում են ապատեղեկատվություն՝ մեր ժողովրդավարական հասարակությունների տակ ական դնելու համար։ Մենք առերեսվում ենք միեւնույն սպառնալիքներին ինչպես մեր անդամ պետություններում, այնպես էլ հարեւան երկրներում։ Եվրոպայում ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու համար բոլոր եվրոպացիները պետք է համատեղ աշխատեն։ Մեր հարեւանության երկրներում գործող անկախ լրատվամիջոցներն ու ակտիվ քաղաքացիական տարածքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության ցանցի մաս են կազմում», — նշել է ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Հանձնակատար Կոսը նաեւ մասնակցել է Քաղաքացիական հասարակության մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից՝ ի ճանաչումն տարածաշրջանի անհատների կամ կազմակերպությունների կողմից կատարված ակնառու եւ խիզախ աշխատանքի: Նա 2025 թվականի մրցանակները հանձնեց «Ուկրաինական պրիզմա» վերլուծական կենտրոնին (Ուկրաինա) եւ Ռացիոնալ զարգացման կանանց ասոցիացիային (WARD, Ադրբեջան):

Արտաքին քաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով զբաղվող «Ուկրաինական պրիզմա» վերլուծական կենտրոնը պարգեւատրվեց ակտիվության համար՝ չնայած Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ավերիչ ազդեցությանը։

Գենդերային հավասարության, կանանց հզորացման եւ մասնակցության հարցերով զբաղվող WARD-ը ճանաչման արժանացավ երկրի բոլոր կանանց եւ տղամարդկանց, աղջիկների եւ տղաների համար գենդերային հավասարությունը խթանելու իր ջանքերի համար։

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության գագաթնաժողովը ամենամյա միջոցառում է, որը միավորում է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ որոշում կայացնողներին՝ քննարկելու Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցության ապագա ձեւաչափը, քաղաքացիական հասարակության դերը եւ դրա դիմակայունությունն ամրապնդելու ուղիները։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,