2023թ. ավարտական դասարան. ԵՄ-ի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուների չորրորդ խումբն ավարտեց ԱլԳ Եվրոպական դպրոցը
25 Մայիսի, 2023

2023թ. ավարտական դասարան. ԵՄ-ի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուների չորրորդ խումբն ավարտեց ԱլԳ Եվրոպական դպրոցը


Մայիսի 23-ին «Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Եվրոպական դպրոց» ծրագիրը նշեց ԱլԳ վեց երկրների ուսանողների չորրորդ խմբի ավարտականը, որը կազմակերպել էր Նոր դպրոցը (Վրաստանի միջազգային դպրոց) Թբիլիսիի Ռուսթավելիի թատրոնում։

Կրթաթոշակային ծրագրի 2023 թվականի ավարտական դասարանը ներառում է 38 ուսանող, որոնցից 2-ը՝ Հայաստանից, 3-ը՝ Ադրբեջանից, 7-ը՝ Բելառուսից, 17-ը՝ Վրաստանից, 5-ը՝ Մոլդովայից եւ 4-ը՝ Ուկրաինայից: Բոլոր ուսանողները, որոնցից 26-ը՝ աղջիկներ, իսկ 12-ը՝ տղաներ, հաջողությամբ ավարտել են Միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմային ծրագիրը եւ այժմ պատրաստվում են իրենց կրթությունը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում՝ այդ նպատակով ստանալով ընդհանուր 1.6 միլիոն եվրոյի հասնող լրիվ կամ մասնակի կրթաթոշակներ։ 

«Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կարեւոր դեր է խաղում Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրների ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու եւ նրանց անձնական եւ մասնագիտական աճի համար դռներ բացելու գործում», – ավարտական արարողության ժամանակ նշել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Կատալին Գերմանը:

2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել Արեւելյան գործընկերության 6 երկրների 145 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: Այս տարվա սեպտեմբերին ծրագրին կմիանա եւս 20 ուսանող՝ 2023-2025 ուսումնական տարվա համար: 2018 թվականից ի վեր ծրագրին մասնակցած բոլոր չորս խմբերին հատկացված կրթաթոշակների ընդհանուր գումարն անցնում է 5 միլիոն եվրոյի շեմը։

Դպրոցի շրջանավարտների 95 տոկոսը ստացել է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ՝ աշխարհի առաջատար համալսարաններում (Էրազմուս, Մաստրիխտ, Ուտրեխտ, Սորբոն, Բոլոնիա, Հարվարդ, Յեյլ, Բրաուն, Հոնկոնգ եւ այլն) տարբեր բնագավառներում (STEM-ից մինչեւ սոցիալական գիտություններ) կրթություն ստանալու համար: Ուսումն ավարտելուց հետո ուսանողների մեծ մասը նախատեսում է վերադառնալ հայրենիք՝ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը նվիրելով վերջիններիս զարգացմանը:

«Վրաստանում գործող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը ԵՄ-Վրաստան հարաբերությունների ամենաուշագրավ հաջողության պատմություններից մեկն է, եւ Վրաստանի կառավարությունը լիովին հանձնառու է ապահովելու ծրագրի կայունությունը», – նշել է Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Գելա Գելաձեն:

Վրաստանում գործող Արեւելյան գործընկերության Եվրոպական դպրոցը տարածաշրջանի համար Եվրոպական միության մշակած ավելի լայն նախաձեռնության մաս է, որը նախատեսված է երիտասարդության կարիքները հոգալու համար ու կենտրոնացած է միջնակարգ կրթության վրա: Այն բարձրորակ կրթություն է առաջարկում ԱլԳ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի աշակերտներին՝ ավելացնելով նրանց զբաղվածության հնարավորությունները եւ խթանելով ԵՄ-ի ավելի լավ ըմբռնումը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակը (UNOPS)` Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց), Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կազմակերպության հետ համագործակցությամբ:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,