Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային. պատժամիջոցներից մինչև ռազմական և հումանիտար օգնություն

8 Մարտի, 2022

  • Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային.
  • ԵՄ-ն «զանգվածային պատժամիջոցներ» է խոստացել ընդդեմ Ռուսաստանի. ո՞ւմ և ինչպես դրանք կանդրադառնան
  • Ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ պատերազմում Լուկաշենկոյի ռեժիմի ունեցած դերի համար
  • ԵՄ-ն հայտարարել է, որ ռազմական սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային. ի՞նչ է դա նշանակում գործնականում
  • Որքա՞ն է հատկացրել ԵՄ-ն մարդասիրական օգնության համար
  • Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում ուկրաինացի փախստականներին
  • Ի՞նչ է անում ԵՄ-ն, որպեսզի Ուկրաինան չզրկվի էլեկտրաէներգիայից
  • Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար. ինչպե՞ս է արձագանքել ԵՄ-ն
  • Ի՞նչ է անում ԵՄ-ն՝ աջակցելու հարևան Մոլդովային
Քարտ %1 / %2

Ինչպես է ԵՄ-ն աջակցում Ուկրաինային.

Արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ Եվրոպական միության ղեկավարներն ու կառույցները վճռականորեն դատապարտել են ռուսական ագրեսիան և միջազգային իրավունքի խախտումը։ Նրանք Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անվերապահորեն դուրս բերել բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից և լիակատար հարգանք դրսևորել Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության նկատմամբ։

ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային ոչ միայն խոսքով, այլև գործով։ ԵՄ-ն երբևէ առաջին անգամ կֆինանսավորի զենքի և այլ սպառազինության գնումն ու առաքումը մի երկիր, որը ԵՄ անդամ չի հանդիսանում: Միաժամանակ, ԵՄ-ն նաև խստացնում է Կրեմլի, ինչպես նաև Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցները։

ԵՄ-ն «զանգվածային պատժամիջոցներ» է խոստացել ընդդեմ Ռուսաստանի. ո՞ւմ և ինչպես դրանք կանդրադառնան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ամենախոշորն են Եվրոպական միության պատմության մեջ, դրանց նպատակը Ռուսաստանի տնտեսությանը և Կրեմլին մեծ վնաս հասցնելն է։

Գործելով իր գործընկերների և դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ սերտ համագործակցության պայմաններում՝ ԵՄ-ն մինչ օրս համաձայնեցրել է պատժամիջոցների վեց ալիք. փետրվարի 23-ին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ճանաչմանը, փետրվարի 24-ին՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, իսկ այնուհետև՝ փետրվարի 26-ին, փետրվարի 28-ին, մարտի 15-ին և ապրիլի 8-ին:

Ֆինանսական հատված

ԵՄ-ն ռուսաստանյան յոթ բանկերի դուրս է թողել SWIFT համակարգից, որն աշխարհում ֆինանսական տեղեկատվության փոխանակման առաջատար համակարգն է և օգտագործվում է միջազգային վճարումներ կատարելու նպատակով: Այդ ցանցից Ռուսաստանի անջատումը լուրջ խնդիրներ է առաջացրել դրա տնտեսության համար, քանի որ այդպիսով լրջորեն սահմանափակվել է երկրի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկաներ, իսկ ռուսաստանյան ընկերությունների և անհատների համար դժվարացել է ներմուծվող ապրանքների համար վճարումներ կատարելը կամ դրանց արտահանման համար վճարումներ ստանալը: Բացի այդ, ԵՄ-ն գործարքների ամբողջական արգելք և ակտիվների սառեցում է սահմանել ռուսաստանյան չորս առանցքային բանկերի վրա, որոնք այլևս ամբողջությամբ կտրված են շուկայից: Դրանց բաժին է հասնում Ռուսաստանի բանկային հատվածի շուկայի 23%-ը, ուստի այս պատժամիջոցներն ավելի կթուլացնեն երկրի ֆինանսական համակարգը։

ԵՄ-ն նաև արգելել է Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ գործարքների իրականացումը, որը երկրի կարևորագույն ֆինանսական հաստատությունն է: Այս քայլը, ըստ էության, թույլ չի տալիս, որպեսզի Ռուսաստանի միլիարդավոր արտաքին պահուստները սնուցեն Պուտինի սանձազերծած պատերազմը:

ԵՄ նոր պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի մուտքը կապիտալի կարևորագույն շուկաներ: Դրանք արգելում են ԵՄ առևտրային հարթակներում ռուսաստանյան պետական կազմակերպությունների բաժնետոմսերի ցուցակումն ու դրանց ծառայությունների մատուցումը: Նոր պատժամիջոցներն էապես սահմանափակում են Ռուսաստանից ԵՄ ֆինանսական ներհոսքը՝ արգելելով Ռուսաստանի քաղաքացիներից կամ ռեզիդենտներից որոշակի գումարի սահմանաչափն անցնող ավանդների ընդունումը, ԵՄ արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաների կողմից ռուսաստանյան հաճախորդների հաշիվների վարումը, ինչպես նաև ռուսասատանցի հաճախորդներին եվրոյով արտահայտված արժեթղթերի վաճառքը: Պատժամիջոցները վերաբերում են նաև կրիպտոակտիվներին:

ԵՄ-ն նաև արգելել է վարկային վարկանիշային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև վարկային վարկանիշային գործունեության հետ կապված ցանկացած բաժանորդային ծառայության հասանելիությունը Ռուսաստանում ցանկացած անձի կամ կազմակերպության համար, ինչը կարող է հանգեցնել նրանց կողմից ԵՄ ֆինանսական շուկաների հասանելիության կորստին:

Այս պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկային շուկայի 70 տոկոսը և կարևորագույն պետական ընկերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Դրանք կավելացնեն Ռուսաստանի փոխառությունների ծախսերը, կբարձրացնեն գնաճը և աստիճանաբար կխաթարեն Ռուսաստանի արդյունաբերական բազան: Բացի այդ, ռուսաստանյան վերնախավն այլևս չի կարողանա թաքցնել իր բանկայաին հաշվեհամարները և ունեցվածքը Եվրոպայում։

Օդային տարածք և տրանսպորտ

Եվրոպական միությունը փակել է իր օդային տարածքը ռուսաստանյան պատկանելիության, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր տեսակի, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների համար: Դրանք այլևս չեն կարող ԵՄ տարածքն օգտագործել թռիչք և վայրէջք կատարելու կամ թռչելու համար։

Ապրիլի 8-ին ԵՄ-ն արգելք է սահմանել իր նավահանգիստներ Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի, ինչպես նաև ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ընկերությունների կողմից իր տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Որոշ բացառություններ կգործեն առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսիք են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, մարդասիրական օգնությունը, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսները:

ԵՄ-ն սահմանել է նաև արտահանման արգելք, որը ներառում է ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ապրանքներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև արգելք է դրել այդ ապրանքների և տեխնոլոգիաների հետ կապված ապահովագրության և վերաապահովագրության և սպասարկման ծառայությունների մատուցման վրա: Այս պատժամիջոցների արդյունավետությունը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի առկա կոմերցիոն օդային նավատորմի երեք քառորդն արտադրվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Էներգետիկա

ԵՄ-ն արգելել է նավթավերամշակման ոլորտում որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև սահմանափակել մտցրել համապատասխան ծառայությունների մատուցումը։

Արտահանման նման արգելք սահմանելով՝ ԵՄ-ն հարված է հասցնում ռուսական նավթային հատվածին և Ռուսաստանին զրկում իր նավթավերամշակման գործարաններն արդիականացնելու հնարավորությունից։

Մարտի 15-ին ԵՄ-ն նաև արգելեց նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ հատվածում, ինչպես նաև ներդրեց արտահանման համապարփակ սահմանափակում էներգետիկ արդյունաբերության ոլորտի սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների համար:

Ապրիլի 8-ին համաձայնեցված պատժամիջոցների վերջին փաթեթով արգելք է սահմանվել ռուսական ածուխի բոլոր տեսակների ներմուծման վրա: Սա վերաբերում է ռուսական ածխի արտահանման մեկ քառորդին, ինչի արդյունքում Ռուսաստանը կզրկվի տարեկան մոտ 8 միլիարդ եվրո եկամուտից:

Տեխնոլոգիաներ

ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը: Սահմանափակումը ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կիսահաղորդիչները կամ առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև ավիավառելիքն ու վառելիքային հավելումները, որոնք կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից:

Մարտի 9-ին ԵՄ-ն լրացուցիչ սահմանափակումներ մտցրեց ծովային նավիգացիայի և ռադիոկապի տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ, Ռուսաստանի ծովային բեռնափոխադրումների ռեգիստրն ավելացրեց ֆինանսավորման սահմանափակումների ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում և ներդրեց նախնական տեղեկատվության փոխանակման դրույթ ծովային անվտանգության սարքավորումների արտահանման համար:

Ապրիլի 8-ին ԵՄ-ն սահմանեց լրացուցիչ արտահանման նպատակային արգելքներ այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը խոցելի է ԵՄ մատակարարումներից իր մեծ կախվածության պատճառով: Դրանց թվում են քվանտային համակարգիչները, առաջադեմ կիսահաղորդիչները, զգայուն մեքենաները, տրանսպորտը և քիմիական նյութերը, ինչպես նաև նավթավերամշակման մեջ օգտագործվող հատուկ կատալիզատորները:

Արդյունաբերություն

Մարտի 15-ին ԵՄ-ն ներդրեց լրացուցիչ սահմանափակումներ երկաթի և պողպատի առևտրի համար, ինչը Ռուսաստանի դեպքում կհանգեցնի արտահանման գծով մոտ 3,3 միլիարդ եվրո եկամտի կորստի:

Առևտուր

ԵՄ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մյուս անդամների հետ մարտի 15-ին պայմանավորվել է հրաժարվել ԵՄ շուկաներում ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարենպաստության ռեժիմից: Այս որոշումը հետևել է «Մեծ Յոթնյակ»-ի անդամների մարտի 11-ի հայտարարությանը: Սա կկասեցնի այն շոշափելի առավելությունները, որոնցից Ռուսաստանն օգտվում է որպես ԱՀԿ անդամ։

ԵՄ-ն նաև ներմուծման արգելք է սահմանել ցեմենտի, ռետինե արտադրանքի, փայտի, ոգելից խմիչքների (ներառյալ օղու) և բարձրակարգ ծովամթերքի (ներառյալ խավիարի) համար:

Մեդիա

ԵՄ-ն դադարեցրել է Sputnik-ի և RT/Russia Today-ի (RT English, RT UK, RT Germany, RT France և RT Spanish) հեռարձակումն իր տարածքում։

Այս որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Ուկրաինայի դեմ ագրեսիան և քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը և նրա հետ փոխկապակցված ԶԼՄ-ները չեն դադարեցրել ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիայի գործողությունները։

Անհատական պատժամիջոցներ

Ներկայում սահմանափակիչ միջոցներ են կիրառվել ընդհանուր առմամբ 1,093 անհատների և 80 կազմակերպությունների նկատմամբ. դրանք ներառում են ակտիվների սառեցում և միջոցներ տրամադրելու արգելք: Բացի այդ, ցուցակված անձինք չեն կարող մուտք գործել ԵՄ տարածք կամ տարանցում կատարել այնտեղով:

Ցուցակում ներառված են ՌԴ նախագահն ու արտգործնախարարը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ովքեր աջակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարության կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ճանաչմանը, ՌԴ Պետդումայի բոլոր անդամները, որոնք վավերացրել են Ռուսաստանի Դաշնության և նշված երկու սուբյեկտների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի մասին կառավարության որոշումը: Այն ներառում է նաև նավթային, բանկային ու ֆինանսական ոլորտներում, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, հեռահաղորդակցության ու թվային արդյունաբերության ճյուղերում ակտիվ օլիգարխների ու գործարարների, ինչպես նաև կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների և հակաուկրաինական քարոզչության տարածմանն ու Ուկրաինա ներխուժման նկատմամբ դրական վերաբերմունքին նպաստած քարոզիչների անուններ։

ԵՄ-ն նաև որոշել է արգելել բոլոր գործարքները տնտեսության տարբեր ոլորտներում գործող և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող կոնկրետ պետական ձեռնարկությունների հետ:

Բացի այդ, դիվանագիտական անձնագրեր ունեցող ռուսաստանցի քաղաքացիները չեն կարող առանց մուտքի արտոնագրի մուտք գործել ԵՄ տարածք, իսկ ՌԴ պաշտոնյաներն ու գործարարներն այլևս չեն կարողանա օգտվել վիզային ռեժիմի դյուրացման դրույթներից, որոնք ԵՄ տարածք արտոնյալ մուտքի հնարավորություն են տալիս: Այս որոշումը չի ազդի Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա։

ԵՄ-ն սահմանափակել է նաև այսպես կոչված «ոսկե անձնագրերի» տրամադրումը, որն ունևոր ռուսաստանցիներին թույլ է տալիս դառնալ ԵՄ քաղաքացի, ինչպես նաև արգելել է ԵՄ-ից Ռուսաստան շքեղության ապրանքների (օրինակ՝ շքեղ մեքենաներ, զարդեր և այլն) արտահանումը՝ ուղղակիորեն հարվածելով ռուսական վերնախավին:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրոպական հանձնաժողովի «Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն Ուկրաինա ներխուժումից հետո» էջում։

Ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ պատերազմում Լուկաշենկոյի ռեժիմի ունեցած դերի համար

Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային՝ Ռուսաստանին թույլ տալով իր տարածքն օգտագործել բալիստիկ հրթիռներ արձակելու, ռազմական անձնակազմ, ծանր սպառազինություն, տանկեր և ռազմական փոխադրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև դեպի Ուկրաինա ռազմական ինքնաթիռների թռիչքների համար։ Բելառուսը Ռուսաստանին ապահովում է վառելիքի լիցքավորման և ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահման կետերով։

Դրան ի պատասխան՝ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ այս հարձակումների առնչությամբ համագործակցություն դրսևորող բելառուսական սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել է առևտուրը առանցքային մի շարք ոլորտներում:

Պատերազմում իրենց դերի համար պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր առմամբ 42 բելառուսցի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, որոնք ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդության արգելք:

Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել ծխախոտային արտադրանքի, հանքային վառելիքի, բիտումային նյութերի և գազային ածխաջրածնային արտադրանքի, կալիումի քլորիդ («պոտաշ») արտադրանքի, փայտանյութի, ցեմենտի, երկաթի և պողպատի, ռետինատեխնիկական արտադրանքի արտադրության կամ պատրաստման համար օգտագործվող ապրանքների առևտրում։ Սահմանափակումներ են սահմանվել նաև երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների և որոշակի առաջադեմ ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման վրա, որոնք կարող են նպաստել Բելառուսի ռազմական, տեխնոլոգիական, պաշտպանության և անվտանգության զարգացմանը։

Մարտի 9-ին ԵՄ-ն SWIFT-ին առնչվող արգելքներ է սահմանել բելառուսական երեք բանկերի՝ Belagroprombank-ի, Bank Dabrabyt-ի և Բելառուսի Հանրապետության զարգացման բանկի նկատմամբ: Արգելվել են նաև Բելառուսի կենտրոնական բանկի հետ գործարքները՝ կապված պահուստների կամ ակտիվների կառավարման ու Բելառուսի հետ առևտրի և այնտեղ ներդրումների համար պետական ֆինանսավորման տրամադրման հետ:

ԵՄ-ն հայտարարել է, որ ռազմական սարքավորումներ կմատակարարի Ուկրաինային. ի՞նչ է դա նշանակում գործնականում

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ վերացավ ևս մեկ տաբու. իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն մահաբեր զենք կտրամադրի երրորդ երկրի:

ԵՄ-ն նախ հավանություն տվեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 500 միլիոն եվրո մոբիլիզացնելու որոշմանը՝ ուկրաինական բանակի համար մահաբեր և ոչ մահաբեր միջոցների մատակարարումը ֆինանսավորելու նպատակով: Այդ թիվը կրկնապատկվեց մարտի 23-ին, իսկ հետո նաև եռապատկվեց լրացուցիչ 500 միլիոն եվրոյի հատկացման մասին ապրիլի 13-ի որոշմամբ՝ ընդհանուր առմամբ հասնելով 1,5 միլիարդ եվրոյի:

Համաձայնեցված միջոցառումների շրջանակում կֆինանսավորեն ինչպես ԵՄ անդամ պետությունների կողմից Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ միջոցների մատակարարումը, ներառյալ անհատական պաշտպանության միջոցները, առաջին օգնության դեղատուփերը և վառելիքը, այնպես էլ պաշտպանական նպատակներով մահաբեր ռազմական միջոցների առաքումը: Աջակցության միջոցառումների տևողությունն էլ երկարաձգվում է 24 ամսով:

Որքա՞ն է հատկացրել ԵՄ-ն մարդասիրական օգնության համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտի 1-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն առնվազն 500 միլիոն եվրո կհատկացնի պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարմանը՝ ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ փախստականներին օգնելու նպատալով։

Ապրիլի 9-ին Եվրոպական հանձնաժողովի և Կանադայի կողմից կազմակերպված «Stand Up for Ukraine» գլոբալ դրամահավաքի միջոցառմանը հանգանակվեց 9,1 միլիարդ եվրո Ռուսաստանի ներխուժման արդյունքում փախստական դարձած մարդկանց համար, այդ թվում՝ 1 միլիարդ եվրո՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Բացի այդ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել է 1 միլիարդ եվրո լրացուցիչ վարկ տրամադրելու մասին՝ ներխուժման հետևանքով տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար:

Հանձնաժողովը համակարգում է նաև ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինային ուղղված նյութական աջակցության տրամադրումը: Ներկայում աջակցության առաջարկություններ են ստացվել 27 անդամ երկրներից, ինչպես նաև Նորվեգիայից և Թուրքիայից, ինչի արդյունքում Մեխանիզմի ընթացիկ կիրառումը դարձել է երբևէ ամենախոշորը։ Աջակցությունը ներառում է ավելի քան 80 միլիոն միավոր ապրանք, ինչպիսիք են առաջին օգնության դեղարկղիկները, ապաստարան պատրաստելու միջոցները, հրդեհաշիջման միջոցները, ջրի պոմպերը, էներգագեներատորները և վառելիքը: ԵՄ-ն ամեն օր շարունակում է նոր առաջարկներ ստանալ:

Մոլդովան, իր հերթին, ակտիվացրել է այնտեղ ժամանած ուկրաինացիներին աջակցության մեխանիզմը։ Մոլդովային արդեն իսկ հրատապ աջակցություն են առաջարկել Ավստրիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները, մասնավորապես՝ ապաստանի և բժշկական առաջին օգնության պարագաների տեսքով: Մարտի 3-ին ԵՄ-ն հայտարարեց Մոլդովային 15 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության և հավելյալ 5 միլիոն եվրոյի քաղաքացիական պաշտպանության օգնության մասին։

ԵՄ-ն լայնածավալ աջակցություն է ցուցաբերում հենց Ուկրաինային, այդ թվում՝ վարկերի տեսքով 1,2 միլիարդ եվրոյի շտապ մակրոֆինանսական օգնությունը և լրացուցիչ 120 միլիոն եվրո բյուջետային աջակցությունը՝ օգնելով վերջինիս դիմակայել ճգնաժամին:

Կարիքների երկրաչափական աճով պայմանավորված՝ Ուկրաինա լրացուցիչ օգնություն է ուղարկվել Գերմանիայում, Հունգարիայում և Նիդեռլանդներում տեղակայված rescEU բժշկական պահուստներից: rescEU-ի՝ ավելի քան 10 միլիոն եվրո ընդհանուր արժեքով  աջակցությունը ներառում է ԹԱՕ սարքեր, ինֆուզիոն պոմպեր, հիվանդների մոնիտորներ, դիմակներ և խալաթներ, ուլտրաձայնային սարքեր և թթվածնի կոնցենտրատորներ:

Պատժամիջոցների վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրոպական հանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինային» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում ուկրաինացի փախստականներին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան չորսուկես միլիոն փախստական:

Մարտի 4-ին Եվրոպական միության խորհուրդը միաձայն որոշեց ակտիվացնել Ժամանակավոր պաշտպանության հրահանգը՝ ուկրաինական պատերազմից փրկված մարդկանց արագ և արդյունավետ օգնություն առաջարկելու համար:

Սա նշանակում է, որ պատերազմից փրկվածներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանություն Եվրոպական միության ողջ տարածքում. այն ներառում է բնակության իրավունք, աշխատելու հնարավորություն, բնակարանի, սոցիալական աջակցության, բժշկական կամ այլ օգնության և ապրուստի միջոցների հասանելիություն։

Ուկրաինացի փախստականների համար ժամանակավոր պաշտպանությունն անմիջապես սկսել է գործել մեկ տարի ժամկետով և կարող է տևել մինչև երեք տարի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը բավականաչափ չի բարելավվել, որպեսզի մարդիկ վերադառնան տուն, ու չի ավարտվել ժամանակավոր պաշտպանության սխեմայի գործողության ժամկետը:

Ուկրաինայի քաղաքացիություն չունեցող և առհասարակ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր օրինական կերպով բնակվում են Ուկրաինայում ու չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր կամ տարածաշրջան, ինչպիսիք են ապաստան հայցողները կամ միջազգային պաշտպանության շահառուները և նրանց ընտանիքի անդամները, նույնպես պաշտպանություն կստանան ԵՄ-ում: Մյուսները, ովքեր կարճ ժամանակահատվածով օրինականորեն գտնվում են Ուկրաինայում և կարող են ապահով վերադառնալ իրենց ծագման երկիր, կստանան ԵՄ մուտքի թույլտվություն՝ իրենց ծագման երկրներ վերադառնալու նպատակով տարանցման համար։

ԵՄ-ն նաև որոշել է պատերազմից փրկվողների համար պարզեցնել սահմանային հսկողությունը, ճկունություն դրսևորել մուտքի պայմանների առնչությամբ, բացել ժամանակավոր սահմանային անցակետեր, հեշտ մուտք ապահովել փրկարարական ծառայությունների և մարդասիրական օգնության համար, ինչպես նաև դյուրացնել անձնական իրերն ու ընտանի կենդանիներին իրենց հետ վերցնելու ընթացակարգերը փախստականների համար:

ԵՄ հատուկ վեբկայքը Ուկրաինան լքող փախստականներին տրամադրում է համապարփակ տեղեկատվություն ԵՄ-ում իրենց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև գործնական խորհուրդներ և հղումներ՝ առանձին անդամ պետություններում առկա աջակցության մասին: Տեղեկատվություն Ուկրաինան պատերազմի պատճառով լքած մարդկանց համար

Ի՞նչ է անում ԵՄ-ն, որպեսզի Ուկրաինան չզրկվի էլեկտրաէներգիայից

Ռուսաստանի ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայում նախատեսված էր մեկուսացման ռեժիմի փորձարկումը, որն այդ երկրի էներգահամակարգը ԵՄ-ին միացնելու վաղեմի ծրագրի առաջին քայլն էր: Փաստացի Ուկրաինան անջատել է իր ցանցը Ռուսաստանի համակարգից և հայտարարել, որ Ռուսաստանի ներխուժումից հետո վերստին չի միանա դրան: Փետրվարի 27-ին Ուկրաինան դիմել է ԵՄ-ին՝ եվրոպական էներգահամակարգի հետ հրատապ համաժամանակեցման խնդրանքով։ Մոլդովան ևս դիմել է նույն խնդրանքով։ Փետրվարի 28-ին Եվրոպական միությունը հայտարարեց, որ հնարավորինս արագ ձեռնամուխ կլինի Ուկրաինայի և Մոլդովայի համակարգերը ԵՄ-ին միացնելուն։

ԵՄ-ն նաև գազ է մատակարարում Ուկրաինային՝ արևմուտքից արևելք հակադարձ հոսքի թողունակության հաշվին: «Հունգարիայից առաջին նման մատակարարումը տեղի է ունեցել այս ձմռանը։ Սլովակիայի և Ուկրաինայի միջև հակադարձ հոսքի ֆիզիկական թողունակությունը մեծացել է, և ջեռուցման հաջորդ սեզոններին այն ավելացնելու ուղղությամբ քննարկումները շարունակվում են»,- փետրվարի 28-ին ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

Եվրոպական հանձնաժողովը անդամ երկրներին տրամադրել է նաև էներգետիկ ոլորտում Ուկրաինայի հրատապ կարիքների ցանկը, որը ներառում է դիզելային վառելիք, բենզին, ավիավառելիք և գեներատորներ: Արդեն իսկ կոնկրետ առաքումներ են պլանավորված Լեհաստանից, Լիտվայից և Չեխիայից։ Մի շարք անդամ երկրներ ևս խոստացել են իրենց օգնությունը:

Ուկրաինան պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանն անդամակցելու համար. ինչպե՞ս է արձագանքել ԵՄ-ն

Փետրվարի 28-ին Ուկրաինան պաշտոնապես դիմեց Եվրամիությանն անդամակցելու հայտով, որին մարտի 3-ին հաջորդեցին Մոլդովայի Հանրապետությունը և Վրաստանը:

Մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, ԵՄ-ն համաձայնեց սկսել երեք երկրների անդամակցության հայտերի քննարկումը։ Թեև այս քայլը տեխնիկական է, սակայն այն մեկնարկում է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային որպես թեկնածու երկրներ ընդունելու գործընթացը։

Ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին է հանձնել հարցաշար, որը ԵՄ-ի համար մեկնարկային կետ է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու հարցում:

«Այս հարցաշարը առաջիկա ամիսներին մեր քննարկումների հիմքն է։ Այստեղից է սկսվում ձեր ճանապարհը դեպի Եվրոպական միություն», — ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն Ուկրաինայի տրամադրության տակ կլինի «օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ այս ընդհանուր հիմքի վրա աշխատելու նպատակով»:

Հարցաշարը պաշտոնական գործիք է, որի միջոցով Եվրոպական հանձնաժողովը գնահատում է երկրի պատրաստությունը՝ անդամակցման գործընթացով առաջ շարժվելու, մասնավորապես՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու և անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու առումով:

«Ասոցացման համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան արդեն սերտորեն կապված է մեր Միության հետ: Այսպիսով, մենք հնարավորինս կարագացնենք այս գործընթացը՝ միաժամանակ ապահովելով բոլոր պայմանների պահպանումը», — ասել է ֆոն դեր Լեյենը։

2014 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան ձեռնամուխ է եղել բարեփոխումների հավակնոտ ծրագրին՝ արագացնելու տնտեսական աճը և բարելավելու իր քաղաքացիների կենսամակարդակը: Այդ ժամկետում ԵՄ-ն և ֆինանսական հաստատությունները մոբիլիզացրել են ավելի քան 17 միլիարդ եվրո դրամաշնորհներ և վարկեր՝ բարեփոխումներին աջակցելու համար:

Մարտի 3-ին Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական դիմումներ են ներկայացրել նաև Մոլդովան և Վրաստանը: Նշված երկու երկրներն էլ Եվրոպական հանձնաժողովի կողմից հարցաշարեր ստացան ապրիլի 11-ին՝ կատարելով առաջին քայլը ԵՄ-ին անդամակցման գործընթացում:

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմում վերաբերյալ վերջին լուրերը կարելի է գտնել մեր #StandWithUkraine էջում և Եվրոպական հանձնաժողովի «ԵՄ համերաշխությունն Ուկրաինայի հետ» (EU Solidarity with Ukraine) էջում։

Ի՞նչ է անում ԵՄ-ն՝ աջակցելու հարևան Մոլդովային

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն իր անսասան աջակցությունն է հայտնել նաև Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Մոլդովան իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը, և մենք խորապես հավատում ենք, որ Մոլդովան պատկանում է եվրոպական ընտանիքին։ Մենք կշարունակենք ինտենսիվ համագործակցել մեր Ասոցացման համաձայնագրի հիման վրա»,- մարտի 3-ին Մոլդովա կատարած այցի ժամանակ ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնել Մոլդովային, քանի որ վերջինս բախվել է փախստականների մեծ հոսքի հետ. պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Մոլդովան ապահով ճանապարհ է ապահովել Ուկրաինայի պատերազմից փրկված ավելի քան 100,000 փախստականների, այդ թվում՝ ավելի քան 20,000 երեխաների համար:

Ավելի կոնկրետ՝ ԵՄ-ն կտրամադրի 15 միլիոն եվրո՝ օգնելու կառավարել փախստականների հետ կապված ճգնաժամը, և լրացուցիչ 5 միլիոն եվրո՝ քաղաքացիական պաշտպանության օգնության տեսքով: Ելնելով ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում աջակցություն ստանալու Մոլդովայի խնդրանքից՝ Խորվաթիան, Դանիան, Հունաստանը, Ֆինլանդիան և Շվեդիան առաջարկել են այնպիսի պարագաներ, ինչպիսիք են շտապօգնության մեքենաները, վրանները, ծածկոցները և դաշտային խոհանոցը՝ ի լրումն Ֆրանսիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների ավելի վաղ արված առաջարկների: Մարտի 10-ին ԵՄ-ն հայտարարեց, որ լրացուցիչ 3 միլիոն եվրո հումանիտար ֆինանսավորում է հատկացնում Մոլդովային: Այս միջոցներով իրենց երկիրը լքած ուկրաինացիներին կտրամադրվեն ձմեռելու պարագաներ և ապաստարաններ, պաշտպանական միջոցներ, փոխադրման և առողջապահական աջակցություն, ինչպես նաև կցուցաբերվի կանխիկ դրամական օգնություն:

Ապրիլի 5-ին ԵՄ-ն հայտարարեց Մոլդովային լրացուցիչ 53 միլիոն եվրո օգնության մասին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի բազմաթիվ հետևանքները հաղթահարելու համար: Այս օգնությունը կտրամադրվի բյուջետային աջակցության ծրագրի տեսքով, որը պետք է իրականացվի հնարավորինս արագ:

Բացի այդ, ԵՄ-ն հայտարարել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում աջակցության մասին. ԵՄ-ն արդեն Քիշնևում գտնվող փորձագիտական առաքելությամբ Մոլդովային կօգնի ամրապնդել իր կիբերանվտանգությունը՝ գնահատելով վերջինիս կարիքներն ու սահմանելով աջակցության կոնկրետ միջոցներ, որոնք կարող են իրականացվել ամենակարճ ժամկետներում: ԵՄ-ն նաև Մոլդովայի զինված ուժերին կտրամադրի բժշկական սարքավորումներ և աջակցություն ճգնաժամի դեպքում, անհրաժեշտության դեպքում էլ կքննարկի լրացուցիչ օգնության և նյութատեխնիկական ապահովման տարբերակները:

Եվրոպական միությունը նաև համաձայնել է հնարավորինս կարճ ժամանակում Մոլդովայի էներգահամակարգը միացնել ԵՄ ցանցին:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն չի սահմանափակվում միայն արտակարգ օգնության տրամադրմամբ. Արդեն մեկնարկել են 600 միլիոն եվրո արժողությամբ տնտեսական վերականգնման, ինչպես նաև Մոլդովայի համար մինչև 3,4 միլիարդ եվրոյի ներգրավմամբ հինգ առաջատար նախաձեռնություններով տնտեսական և ներդրումային ծրագրերը:

Զետեղել


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,