Եվրամիության պաշտոնական ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. մամուլի ազատության պաշտպանությունն ու խթանումը համընդհանուր առաքելություն է, որը սահմաններ չի ճանաչում
3 Մայիսի, 2023

Եվրամիության պաշտոնական ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ. մամուլի ազատության պաշտպանությունն ու խթանումը համընդհանուր առաքելություն է, որը սահմաններ չի ճանաչում


Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ սպառնալիքների եւ բռնության բոլոր ձեւերը, տեղական առաքելությունների եւ հատուկ ծրագրերի միջոցով շարունակում է աջակցել վտանգի տակ գտնվող լրատվամիջոցների աշխատողներին եւ միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղերձին. այսօր, առավել քան երբեւէ, խոսքի ազատությունը վճռորոշ նշանակություն ունի մարդու մյուս բոլոր իրավունքների համար:

ԵՄ-ը հիշեցնում է, որ խոսքի ազատության պաշտպանությունը շարունակում է լինել մարդու իրավունքների ոլորտում իր գործունեության առանցքային առաջնահերթությունը՝ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրվածին հանգույն. «Յուրաքանչյուր ոք ունի կարծիք ունենալու եւ այն ազատորեն արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է կարծիքներին առանց միջամտության հավատարիմ մնալու, անկախ պետական սահմաններից եւ ցանկացած միջոցով տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ նշել է. «Թեեւ ազատ, անկախ եւ բազմակարծիք լրատվամիջոցների պահպանումը կենսական նշանակություն ունի դիմակայուն եւ առողջ ժողովրդավարությունների համար, այսօր աշխարհի բազմաթիվ հատվածներում մամուլի ազատությունը վտանգված է: Լրագրողները, լրատվամիջոցների աշխատակիցները եւ բոլոր նրանք, ովքեր անկախ որակյալ տեղեկատվություն են հաղորդում հանրությանը, լույս են սփռում մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու վայրագությունների վրա եւ պատասխանատվության կանչում իշխանություն կրողներին, ավելի ու ավելի հաճախակի են բախվում վարկաբեկումների, սպառնալիքների եւ հարձակումների հետ, այդ թվում՝ ապատեղեկատվության միջոցով»:

Բորելն ամբողջ աշխարհում լրատվամիջոցների աշխատողների թվում առանձնացրել է ուկրաինացի եւ բելառուս լրագրողներին, ովքեր շարունակում են թանկ գին վճարել իրենց մասնագիտական գործունեության իրականացման համար:

Հայտարարությունն ուշադրություն է կենտրոնացնում հատկապես կին լրագրողների վրա, ովքեր ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն տարածքներում առավել հաճախ են ենթարկվում սպառնալիքների եւ հարձակումների, ինչպես նաեւ բախվում են խարանման, սեքսիստական ատելության խոսքի, թրոլինգի, սեռական եւ գենդերային բռնության եւ նույնիսկ սպանության դեպքերի: Ըստ ԵՄ-ի՝ կին լրագրողների 73%-ն իրենց աշխատանքի ընթացքում ենթարկվել են առցանց սպառնալիքների, բռնությունների եւ ոտնձգությունների:

«Մամուլի ազատության պաշտպանությունն ու խթանումը համընդհանուր առաքելություն է, որը սահմաններ չի ճանաչում: ԵՄ-ն հավատարիմ կերպով կշարունակի աշխատել կառավարությունների, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ տեղական մակարդակում՝ նախաձեռնություն ցուցաբերելու եւ ամբողջ աշխարհում մամուլի ազատությունն ամրապնդելու նպատակով», – եզրափակում է հայտարարությունը:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը պատրաստել է տեսանյութ՝ պատերազմից տուժած երկրներից՝ Ուկրաինայից եւ Լիբանանից երկու լրագրողների մասնակցությամբ: Kyiv Independent-ից Իլյա Պոնոմարենկոն եւ Լիբանանում, Սիրիայում ու Հորդանանում Reuters-ի բյուրոյից Մայա Գեբեյլին քննարկում են, թե ինչ է նշանակում լինել պատերազմի լրագրող:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,