Փոքր գաղափարներ, իրական ազդեցություն․ ինչպես աշակերտները բնական չրերի բրենդստեղծեցին
11 Հունիսի, 2026

Փոքր գաղափարներ, իրական ազդեցություն․ ինչպես աշակերտները բնական չրերի բրենդստեղծեցին


Ամռանը՝ բերքահավաքի ամենաթեժ օրերին, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներ Թագուհի Սաֆարյանը, Աննա Բադալյանը, Ժաննա Ղևոնդյանը և Սոնա Ոսկանյանը վաղ առավոտյան արթնանում են ու շտապում համագյուղացիների այգիներ։ Այստեղ նրանք ոչ թե պարզապես օգնում են բերքահավաքին, այլ քննարկում են գյուղացիների հետ թարմ և բնական մրգերի ձեռքբերման և դրանցից չրեր պատրաստելու հնարավորությունները։

«Արևահունց» աշակերտական սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնությունը ստացել է ենթադրամաշնորհ EU4Youth ծրագրից և կյանքի է կոչվել Եվրոպական միության «EU4Youth» ծրագրի շրջանակներում իրականացված «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների մոտեցման միջոցով» ծրագրի շնորհիվ, որը հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ գաղափարը ձևավորելու, պլանավորելու և իրականացնելու համար։ Այս գործընթացում նրանց աջակցել և ուղղորդել է CODE-SE HUB ՀԿ-ն (www.codesehub.com)։

Ծրագրի մասին նրանք տեղեկացել են իրենց դասղեկի՝ Գայանե Կարապետյանի միջոցով, որի նախաձեռնությամբ ձևավորվել է աշակերտական խումբ։ Այն սկսել է մասնակցել դասընթացների, ձեռք բերել նոր գիտելիքներ և մշակել բիզնես գաղափարներ։ «Մենք մի քանի գաղափար էինք քննարկում, բայց որոշեցինք կենտրոնանալ հենց մրգերի վրա, որովհետև մեր գյուղում շատ միրգ է աճում, բայց հաճախ մնում է ծառերի տակ թափված ու փչանում։ Դա իրական խնդիր էր. մտածեցինք, որ կարող ենք այդ մրգերից չիր պատրաստել»,- ասում է Աննա Բադալյանը։

Բիզնեսի կայացման ճանապարհին կարևոր դեր է ունեցել դպրոցի տնօրինությունը, որն աջակցել է աշակերտներին գաղափարի ձևավորումից մինչև արտադրական գործընթացի կազմակերպում՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ աշխատանքի համար։ Այդ աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել նաև օգտագործել դպրոցի նախկինում չօգտագործվող տարածքներից մեկը՝ այն վերածելով փոքր արտադրամասի և չորանոցային հատվածի։

Ուսումնառությունից դեպի իրական բիզնես փորձառություն

Ծրագրին միանալուց հետո թիմը ոչ միայն մասնակցել է դասընթացների, այլև սկսել է ձևավորել իրական բիզնես մտածողություն։ Ծրագիրը դարձել է հարթակ, որտեղ գաղափարները անցնում են բոլոր փուլերով՝ խնդրի բացահայտումից մինչև արտադրանքի ստեղծում և շուկայի ուսումնասիրություն։

Դասերի ընթացքում աշակերտները ձեռք են բերել մի շարք կարևոր հմտություններ՝ բիզնեսի կառավարման հիմունքներ, ֆինանսական պլանավորում, մարքեթինգային մտածողություն, թիրախային լսարանի վերլուծություն և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցություն։ Կարևոր է, որ այս գիտելիքները նրանք անմիջապես կիրառել են իրենց սեփական նախագծի վրա՝ փորձարկելով իրական բիզնես միջավայրում։ Ծրագրի ավարտից հետո նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ՝ արտադրական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, այդ թվում՝ մրգի չորացման սարքավորումներ։

Ծրագրի շրջանակում ձևավորվել է նաև թիմային հստակ կառուցվածք, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի պատասխանատվության իր գոտին։ Արտադրական գործընթացների կազմակերպումն ու վերահսկումը համակարգում է Ժաննան՝ ապահովելով աշխատանքների հերթափոխն ու որակը։ Աննան զբաղվում է մարքեթինգով և սոցիալական հարթակների կառավարմամբ՝ ներկայացնելով բրենդը առցանցմիջավայրում և զարգացնելով լսարանի հետ կապը։

Թագուհին և Սոնան հիմնականում պատասխանատու են արտադրանքի փաթեթավորման և դիզայնի համար՝ ձևավորելով բրենդի վիզուալ ինքնությունը և ապահովելով, որ «Արևահունց»-ն ունենա ճանաչելի և գրավիչ կերպար։ Թիմի մյուս անդամները ներգրավված են վաճառքի և առցանց հաղորդակցության գործընթացներում՝ ապահովելով ամբողջ շղթայի շարունակական աշխատանքը՝ արտադրությունից մինչև սպառում։

Սոնան նշում է, որ ծրագրի շնորհիվ ստացել է բիզնես մտածողություն և պատասխանատվության զգացում, հատկապես՝ համայնքի և գյուղացու աշխատանքի նկատմամբ։ «Այս ծրագիրն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև ոչ միայն նոր հմտություններ ձեռք բերեցի, այլև զարգացրի արդեն ունեցածներս։ Մենք սովորեցինք, թե ինչպես աշխատել թիմով, ինչպես գաղափարը վերածել իրական բիզնեսի և ինչքան կարևոր է պատասխանատվությունը յուրաքանչյուր քայլ կատարելիս։ Ինձ համար ամենակարևորն այն էր, որ հասկացա՝ ցանկացած փոքր գաղափար կարող է իրական դառնալ, եթե դրան մոտենաս լրջությամբ»։

Բիզնեսի համար կարևոր դեր ունի սոցիալական բաղադրիչը, որը ձևավորվել է հենց համայնքային իրական խնդրի շուրջ։ Ուսումնասիրելով իրենց գյուղի իրավիճակը՝ աշակերտներն արձանագրել են, որ բերքահավաքի շրջանում մեծ քանակությամբ միրգ մնում է չսպառված և հաճախ փչանում՝ առաջացնելով ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական կորուստներ։

«Մենք տեսնում էինք, որ գյուղացիները շատ են աշխատում, բայց բերքը հաճախ պարզապես մնում է ծառերի տակ ու կորչում։ Մեր նպատակն էր այնպես անել, որ այդ աշխատանքը չկորի, այլ դառնա եկամուտ»,- նշում է Աննա Բադալյանը։

Գաղափարի հիմքում կանգնած է այն մոտեցումը, որ գյուղացիների աշխատանքը պետք է ունենա շարունակական արժեք։ Այդ պատճառով առաջարկվել է մոդել, որտեղ գյուղացին կարող է իր բերքը վաճառել, իսկ արդյունքում ստանալ հավելյալ եկամուտ։

«Այս ամենի մեջ ամենակարևորն այն էր, որ մենք հասկացանք՝ մեր աշխատանքի մեջ կա նաև գյուղացու պատասխանատվությունը։ Երբ գյուղացին մեզ է տրամադրում իր բերքը, մենք պարտավոր ենք այն ճիշտ օգտագործել, չկորցնել ու վերածել արժեքի»,- հավելում է Սոնան։

«Արևահունց»․ 100% բնական արտադրանք

Աշակերտները մրգերը ձեռք են բերում հենց իրենց համայնքի գյուղացիներից՝ ընտրելով լիովին բնական և օրգանական հումք։ «Մեր համար կարևոր է, որ արտադրանքը լիովին բնական լինի․ չենք օգտագործում ոչ շաքար, ոչ էլ ծծումբ, որովհետև ուզում ենք, որ մարդիկ վստահ լինեն, թե ինչ են ուտում»,- նշում են թիմի անդամները։ Դդմաշենում ձևավորվող այս բիզնեսը ստացել է «Արևահունց» անվանումը, որը նշանակում է «արևով հունցված»՝ ընդգծելով արտադրանքի բնական ծագումը։

Չրերի պատրաստման համար մասնակիցներն անցել են նաև հատուկ դասընթաց, որպեսզիկարողանան պահպանել արտադրական ստանդարտները։ 

Արտադրական ամբողջ գործընթացը կատարվում է թիմով․ մրգերը հավաքում են, հետո  միասին անցնում աշխատանքի՝ լվանում, մաքրում, կորիզահանում և պատրաստում չորացման համար։ Այս աշխատանքներում նրանց օգնում են նաև կրտսեր դասարանների աշակերտները։

Այսօր աշակերտներն ակտիվորեն զարգացնում են իրենց բրենդը՝ ունենալով սոցիալական էջեր, սեփական լոգո և փաթեթավորման դիզայն։ Նրանք արդեն մասնակցել են տարբեր միջոցառումների՝ ներկայացնելով իրենց արտադրանքը և ընդլայնելով լսարանը։

Նրանք իրականացրել են նաև շուկայի խորքային ուսումնասիրություն, հասկացել, թե ովքեր են հավանական գնորդները։ «Իմ կյանքում այս ծրագիրը շատ բան փոխեց։ Մինչև ծրագրին միանալը մարքեթինգի մասին գրեթե ոչինչ չգիտեի, բայց ընթացքում սկսեցի ուսումնասիրել, փորձել, հասկանալ։ Հիմա արդեն ունեմ որոշ հիմքեր, որոնք ինձ կարող են պետք գալ ցանկացած ոլորտում՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեմ»,- նշում է Աննան։

Իսկ Թագուհին իր հերթին նշում է, որ ծրագրի շնորհիվ ամբողջական պատկերացում ունի բիզնեսի կառավարման վերաբերյալ․ «Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ սովորեցինք ոչ միայն արտադրանք պատրաստել, այլև հասկանալ դրա իրական արժեքը՝ ինքնարժեքից մինչև վաճառք։ Մենք ուսումնասիրեցինք նաև շուկաները, տարբեր գներ և պահանջարկ, ու հասկացանք, թե ինչպես է պետք մտածել որպես արտադրող, ոչ թե սպառող»։

Փոքր քայլերից դեպի իրական արդյունք 

Զրույցի ավարտին թիմակիցներն անդրադառնում են արդեն իրականացված աշխատանքին՝ ընդգծելով, որ այն ոչ միայն արդյունք է տվել, այլև դարձել է կարևոր փորձ իրենց համար։ Ինչպես նշում է Ժաննա Ղևոնդյանը, «նույնիսկ փոքր նախաձեռնություններին մասնակցելը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել, զարգանալ և սովորել ռիսկերը գնահատել ու կառավարել»։

Այս միտքը շարունակում է նաև Աննա Բադալյանը՝ ընդգծելով, որ «հենց փորձելու և տարբեր ծրագրերում ներգրավվելու միջոցով են ձևավորվում հմտությունները և բացվում նոր հնարավորություններ՝ անկախ հետագա մասնագիտական ընտրությունից»։

Թիմակիցների խոսքում առանձնահատուկ տեղ ունի նաև հետևողականության գաղափարը․ Սոնա Ոսկանյանի ձևակերպմամբ՝ «ամենակարևորը չհանձնվելն է», քանի որ նույնիսկ փոքր գաղափարները կարող են զարգանալ, եթե սկսել փոքր քայլերից և շարունակել աշխատել դրանց վրա։

Միևնույն ժամանակ, Թագուհի Սաֆարյանը նշում է, որ «սկզբնական վախը բնական է», սակայն գործընթացի ընթացքում պարզ է դառնում՝ շատ բաներ իրականում հնարավոր են, եթե կա ցանկություն և նպատակին հասնելու պատրաստակամություն։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,