Երևանի ծայրամասերում է գտնվում թիվ 107 միջնակարգ դպրոցը՝ հին, բայց, միևնույն ժամանակ, կոկիկ մի շենք, որ լի է աշակերտների ձայներով, գաղափարներով ու երազանքներով։ Թեև դպրոցը վերջին անգամ նորոգվել է դեռևս քսաներորդ դարում, այն այժմ ապրում է քսանմեկերորդ դարի շնչով՝ նոր մտածողությամբ, ստեղծագործ երիտասարդներով և նախաձեռնող մանկավարժներով։
Դպրոցում աշխատում են երիտասարդ կադրեր, որոնք դասաժամերով չեն սահմանափակում աշակերտների զարգացումը։ Նրանք փորձում են ոգևորել երեխաներին բաց չթողնել որևէ հնարավորություն՝ բացահայտելու իրենց կարողությունները, հետաքրքրությունները և ապագայի տեսլականը։ Հենց այս միջավայրում էլ ծնվել է «Հինունիկ» աշակերտական սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնությունը։
«Հինունիկ» աշակերտական սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնությունը ստացել է ենթադրամաշնորհ EU4Youth ծրագրից և կյանքի է կոչվել Եվրոպական միության «EU4Youth» ծրագրի շրջանակներում իրականացված «Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների մոտեցման միջոցով» ծրագրի շնորհիվ, որը հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ գաղափարը ձևավորելու, պլանավորելու և իրականացնելու համար։ Այս գործընթացում նրանց աջակցել և ուղղորդել է CODE-SE HUB ՀԿ-ն (www.codesehub.com)։
Դպրոցի առաջին հարկում գտնվող մի փոքրիկ սենյակում դրված է երկու կարի մեքենա, սեղանին՝ կտորներ ու կարի տարբեր պարագաներ։ Սա «Հինունիկ»-ի ստեղծման ու աշխատանքի հիմնական տարածքն է։ Դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Ասիրյանի խոսքով, սենյակը փոքր է և վերանորոգման կարիք ունի, սակայն արդեն իսկ կան ծրագրեր առաջիկայում տեղափոխվելու ավելի մեծ ու հարմարավետ սենյակ, որտեղ թիմը կկարողանա աշխատել ավելի լավ պայմաններում։
Կարի սենյակում աշակերտները ոգևորությամբ ներկայացնում են իրենց աշխատանքները, պատմում կարի նրբությունների մասին, որոնց սովորել են հենց գործունեության ընթացքում։ Թիմում ներկայում միայն աղջիկներ են։ Նրանք նշում են, որ տղաներին կարի գործընթացում ներգրավելը բավականին բարդ է, թեև ընդգծում են, որ այս բիզնեսը միայն կարելով չի սահմանափակվում․ կան նաև կազմակերպչական, մարքեթինգային և հաշվապահական բազմաթիվ աշխատանքներ, որոնք էապես կարևոր են առաջ շարժվելու համար։
Թիմի ավագ Մանե Ախցխեցյանը հիշում է, թե ինչպես են ծրագրի մասին տեղեկանալուց հետո որոշել թիմ կազմել։ Քննարկել են տարբեր գաղափարներ, փորձել հասկանալ՝ որ ուղղությունն է իրենց ամենից շատ հետաքրքրում, և ի վերջո կանգ են առել էկոպայուսակների արտադրության վրա։
Սկզբում, Մանեի խոսքով, թիմը թերահավատ էր․ կարծել են, որ առավելությունը կտրվի ավելի ավագ դասարանների աշակերտներին կամ այն թիմերին, որտեղ նաև տղաներ կան։ Սակայն իրենց աշխատասիրությունը, փոխադարձ վստահությունն ու համառությունն արդյունք է տվել։
«Սկզբում չէինք հավատում, որ մեզ կընտրեն, բայց սկսեցինք շատ աշխատել, իրար վստահել, օգնել, ու հենց այդ աշխատասիրության շնորհիվ էլ մեզ ընտրեցին և հնարավորություն ստացանք սկսել մեր փոքր բիզնեսը»,- ասում է Մանեն։
Այսօր «Հինունիկ»-ի թիմում յոթ աղջիկներ են։ Թեև նրանցից յուրաքանչյուրը ապագայի համար ընտրել է տարբեր մասնագիտություն, բոլորը վստահ են՝ այս փորձառությունն իրենց կյանքում կարևոր հետք է թողել։ Ծրագրի շնորհիվ նրանք ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև մասնագիտացված մենթորների աջակցություն ու իրական գործնական հմտություններ։
Աղջիկները համոզված են՝ հաջող բիզնես ունենալու համար միայն լավ գաղափարը բավարար չէ․ անհրաժեշտ է անդադար աշխատել, փորձարկել, երբեմն սխալվել, բայց և առաջ գնալ։ Մանեի խոսքով՝ ծրագրի ամենամեծ առավելություններից մեկը մենթորների հետ կապերի ստեղծումն էր։ Այդ կապերն արդեն իսկ դուրս են եկել ծրագրի սահմաններից․ այսօր նա փորձում է աշխատել նաև սեփական բիզնես գաղափարի վրա՝ հստակ պատկերացնելով, թե որտեղից սկսել և ում կարող է դիմել խորհրդատվության համար։
Ինչպես յուրաքանչյուր կայացած բիզնեսում, «Հինունիկ»-ում ևս յուրաքանչյուր անդամ ունի իր հստակ դերը։ Էկոպայուսակների գաղափարը պատկանում է Աննա Նահապետյանին։ Կազմավորման փուլից հետո թվում էր՝ թիմն արդեն ձևավորված է, գաղափարն էլ կա, կարելի է սկսել աշխատանքը, սակայն առաջ է եկել մի կարևոր խնդիր՝ թիմում դերձակներ չկային։
Սկսել են իրենց հասակակիցների մեջ փնտրել կարի հմտություններ ունեցող աշակերտների, և թիմին են միացել Գոհար Մարտիրոսյանն ու Խանա Ուսոյանը, ովքեր այսօր «Հինունիկ»-ի հիմնական դերձակներն են։ Նրանք են կարում պայուսակները։
Խանան պատմում է, որ լսել էր՝ թիմը դերձակներ է փնտրում։ Թեև կարել գիտեր, երբեք չէր սիրել այդ զբաղմունքը և չէր պատկերացնում, որ մի օր այն կարող է իրեն ուրախացնել։ Սակայն միանալուց հետո վերաբերմունքը փոխվել է, իսկ հետո թիմին միացել է նաև Գոհարը։
Թիմի մարքեթինգային հարցերով զբաղվում է Լիլիթ Հովասափյանը։ Նա հաճախ տեսանկարահանում է թիմի աշխատանքը, զբաղվում քոնթենթի պատրաստմամբ եւ առաջխաղացմամբ, շուտով «Հինունիկ»-ը կունենա իր էջը սոցիալական ցանցերում։
Սյուզան Հայրապետյանն օգնում է հաշվարկների, կազմակերպչական և թղթաբանական հարցերում։ Նրա համար այս փորձառությունը հատկապես կարևոր է անձնական զարգացման տեսանկյունից։ Եթե նախկինում նա խուսափում էր անծանոթների հետ հաղորդակցվելուց և չէր սիրում խոսել իր հետաքրքրությունների մասին, այսօր այդ բարդույթները հաղթահարված են։
Աննա Նահապետյանը, ով ապագայում ցանկանում է դառնալ պարուհի, վստահ է, որ ստացած բիզնես գիտելիքները իրեն կօգնեն հետագայում ունենալ սեփական պարային խմբերը և ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում բիզնեսը։
«Հինունիկ» անվանումը ծնվել է երկու լեզուների միաձուլումից։ Այն իր մեջ կրում է հայերեն «հին» արմատը, որը խորհրդանշում է հարգանքը հայկական մշակույթի և ավանդույթների հանդեպ, և անգլերեն unique(եզակի) բառը, որը արտացոլում է արտադրանքի անկրկնելի բնույթը։
Հին + unique = Հինունիկ։ Մի անվանում, որը եզակի է՝ ինչպես նրանց պատրաստած յուրաքանչյուր պայուսակ։
«Հինունիկ»-ի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ հայկական հին զարդանախշերն ու ավանդական մոտիվները կարող են ներդաշնակորեն միաձուլվել ժամանակակից դիզայնի հետ՝ ստեղծելով մի բան, որը միաժամանակ հարգում է անցյալը և նայում դեպի ապագա։ Երիտասարդ ձեռնարկատերերը հավատում են, որ ամենահին ավանդույթները կարող են վերածնվել նոր, թարմ ձևերով, իսկ իրենց սերունդը կարող է կամուրջ դառնալ անցյալի և ապագայի միջև։
Այսօր «Հինունիկ»-ի պատրաստած էկոպայուսակները դեռևս փոքր քանակով են։ Թիմը համագործակցում է մոտակա մի քանի գրախանութների հետ, որտեղ իրականացվում է վաճառքը։ Մասսայական արտադրություն դեռ չկա, սակայն աղջիկները վստահ են՝ շուկայում առկա բազմաթիվ էկոպայուսակների ֆոնին իրենց արտադրանքը առանձնանում է։
«Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձրել չափերին․ մեր պայուսակներն ավելի տարողունակ են։ Երկրորդ՝ բռնակներն ավելի երկար ենք արել, որ հարմար լինի ուսի վրա կրել։ Իսկ երրորդը որակն է․ պայուսակները շատ ամուր են։ Մենք ինքներս ենք օգտագործում, մեր ուսուցիչներն էլ, որովհետև իսկապես հարմարավետ են և երկար են ծառայում»,- ասում է Գոհար Մարտիրոսյանը։
Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Ասիրյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը կարևոր փորձառություն էր բոլորի համար։ Ուսուցիչներն ու ղեկավար կազմը երիտասարդների հետ միասին սովորել են նոր հմտություններ, իսկ աշակերտների համար ամենակարևորը սեփական ուժերին հավատալն էր։ Դպրոցն ամբողջ ընթացքում կանգնած է եղել նրանց թիկունքին՝ վստահելով, աջակցելով և խրախուսելով։
«Հինունիկ»-ը ոչ միայն էկոպայուսակներ արտադրող աշակերտական թիմ է, այլև օրինակ, թե ինչպես կարող են վստահությունը, համագործակցությունն ու աշխատասիրությունը դպրոցական պատերի ներսում ստեղծել նոր արժեք ու իրական փոփոխություն։





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,