Առաջնագծից այն կողմ
11 Դեկտեմբերի, 2023

Առաջնագծից այն կողմ


2020 թվականի Ադրբեջանական լայնածավալ հարձակման ընթացքում Հայաստանի մեդիադաշտը բախվեց մի դժվարին իրավիճակի, երբ չկար ճգնաժամի կառավարման  համակարգված մոտեցում: Լրատվամիջոցները արձագանքեցին, ելնելով իրենց համապատասխան կարողություններից և նախաձեռնողականությունից, իսկ առանձին լրագրողներ մեկնում էին առաջնագիծ՝ հիմնվելով միայն իրենց ֆիզիկական և հոգեբանական կարողությունների վրա:

Հիմք ընդունելով այս բացը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) միավորվելով այլ մեդիա կազմակերպությունների հետ, արագ արձագանքման խումբ ստեղծեց:

«Մենք հասկացանք, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերն ու միջոցները՝լրագրողներին առաջնագծում աշխատելու համար տեխնիկայով և հանդերձանքով ապահովելու համար», – ասում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ուսուցման բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ԵՄ- ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի գործընկերն է: «Այդ ժամանակ մենք հասկացանք, որ չկան լրագրողներին ուղղորդող կանոնակարգեր, ռեսուրսներ և վերապատրասման դասընթացներ, իսկ որ ամենակարևորն է՝ տեղում ուղղորդող անձինք, ովքեր համապատասխան վերապատրաստում են անցել ու տիրապետում են գիտելիքին», ավելացնում է Նարինեն:

Ելնելով այս կարիքից՝ ՄՆԿ-ն մշակում է լրագրողների անվտանգության վերապատրաստման ծրագիր:

Ճգնաժամի արձագանքը՝ ինքնաճանաչման միջոց

Դասընթացի նպատակը յուրաքանչյուր լրատվամիջոցում և խմբագրությունում վերապատրաստված լրագրող ունենալն է: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր խմբագրությունում պետք է լինի մի լրագրող, ով անցել է ծրագիրն ու, հետևաբար, տիրապետում է ճգնաժամի կառավարման հմտություններին: Դրան զուգահեռ նա կարող է կիսվել իր գիտելիքով թիմի մյուս անդամների հետ:

Չնայած՝ Հայաստանում ճգնաժամային իրավիճակների, պատերազմների և զանգվածային ցույցերի պակաս չի զգացվում, իրական կյանքում նման իրադարձությունների կիրառմամբ վերապատրաստման մոդուլներ մշակելը հնարավոր չէ։ Ահա թե ինչու, ՄՆԿ-ն առաջարկեց օգտագործել Վիրտուալ իրականությունը (VR) դասընթացի մեթոդաբանության մեջ:

Փորձագետների առաջնորդությամբ և համապատասխան սարքավորումների միջոցով մասնակիցները հայտնվեցին արտակարգ իրավիճակներում և սովորեցին իրավիճակներին արձագանքելու և կառավարելու հիմնական հմտությունները:

«VR-ի միջոցով լրագրողները այլ աչքերով են հետևում ճգնաժամի իրենց արձագանքին՝ այլ կերպ ասած, բացահայտում են իրենց»,- նշում է Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանը, ով 2023 թվականի աշնանը մասնակցել է անվտանգության դասընթացին։

Դասընթացի կոնցեպտը բացկացած է մի քանի հանգամանքներից՝

  • Լրագրողներից բաղկացած խումբը մասնակցում է դասընթացաշարին և սովորում վիրտուալ իրականության պայմաններում արձագանքել և լուսաբանել արտակարգ իրավիճակը:
  • Մասնակիցները զարգացնում են իրենց սեփական դասընթացի գաղափարը՝ հիմնվելով իրենց փորձի, ապրումների, արձագանքի և փորձի փոխանակման վրա:
  • Մասնակիցները իրենց նախաձեռնությամբ իրականացնում են դասընթացը իրենց խմբագրություններում և օգնում վերապատրաստվել իրենց գործընկերներին և այլ լրագրողներին:
  • Արդյունքում յուրաքանչյուր խմբագրությունում լինում է առնվազն մեկ լրագրող, ով տիրապետում է ճգնաժամային իրավիճակում գործելու և կողմնորոշվելու սկզբունքներին:

Հայարփի Բաղդասարյանն աշխատում է «Ինֆոքոմ»-ում: Ըստ նրա «Վիրտուլ իրականության վրա հիմնված դասընթացի իմաստը միայն անվտանգության սկզբունքներին հետևելը չէ, այլ այն ինքնագիտակցության վարժություն է, որը թույլ է տալիս քո մտքին և մարմնին արձագանքել արտակարգ իրավիճակներին, ինչը կարևոր է մեր ամենօրյա կոնֆլիկտային իրավիճակում աշխատանքի պայմաններում»:

Վիրտուալ իրականությունն արտացոլում է իրական կյանքը

Դասընթացի սցենարների հիմքում իրական պատմություններ, դեպքեր են: Իրավիճակներից մեկը լրագրողներին տանում է զանգվածային բողոքի ցույց, որտեղ, որպես լրագրող, դառնում եք ցուցարարների թիրախը: Պետք է կարողանալ արձագանքել իրավիճակին և միևնույն ժամանակ առաջին օգնություն ցուցաբերել գործընկերոջը։

Դասընթացից հետո մասնակիցները քննարկման միջոցով կիսվում են իրենց տպավորություններով, ապրումներով:

«Մասնակիցներից մեկը, ով երկար տարիներ հոգեբանություն էր ուսումնասիրել, չէր սպասում, որ վիրտուալ իրականությունն այդքան մոտ կլինի իրական կյանքին։ Հետագայում նա քննարկման ժամանակ նշեց, որ ամբողջ ընթացքում խուճապի և անհանգստության զգացում է ունեցել»,- ասում է Հայարփին ավելացնելով, որ «մեկ այլ մասնակից, ով արդեն ունեցել էր զանգվածային բողոքի ակցիաներ լուսաբանելու փորձ, կարողացել էր համարժեք արձագանք ցույց տալ՝ կրկին հիմնվելով իր փորձի վրա»։

Նարինե Սաֆարյանն ընդգծում է անվտանգության ուսուցման երկակի կարևորությունը. «Այն մեկտեղում է առաջին օգնությունը ճգնաժամային լրագրության հետ: Սիմուլյացիաների ընթացքում լրագրողները սովորում են երկուստեք արձագանքել իրավիճակին»։

Իրավիճակներից մյուսը վերաբերվում է թվային անվտանգությանը, ինչը մեր օրերում լրագրողների առաջնահերթություններից է:

Գևորգ Թոսունյանը, ելնելով իր զինվորական փորձից, ընդգծում է արտակարգ իրավիճակներում ինքնապաշտպանության կարևորությունը. «Իմ վերապատրաստման մոդուլը հիմնված է սեփական փորձիս հիման վրա: Ինձ համար առաջնային է լրագրողներին սովորեցնել, օրինակ, չլուսաբանել զորամասերի մոտ, հեռու մնալ ծանր հրետանուց, քանի որ դա նրանց թիրախ կդարձնի»,- Գևորգը հավելում է՝ «վիրտուալ իրականության միջոցով լրագրողները փորձի միջոցով կիրառում են տեսական գիտելիքները»:

Անվտանգության ուսուցման մոդուլներն անգնահատելի են եղել նաև Հայարփի Բաղդասարյանի համար, ով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եռօրյա բախումների ընթացքում լուսաբանում էր հարավային Գորիս քաղաքից։ «Իմ դասընթացի հիմքում ես օգտագործել եմ այն իրավիճակները, որոնց ինքս եմ հանդիպել: Դրա հետ մեկտեղ նաև ուսումնասիրել եմ ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանող լրագրողների փորձը»։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է լրագրողները արձագանքեն ճգնաժամին

Լրագրող գործընկերներին փորձը փոխանցելը կարող է դժվար լինել ըստ Հայարփիի, հատկապես, երբ ուսուցանողը գուցե չունենա բոլոր պատասխանները: «Դասընթացի ընթացքում ես փորձում էի հնարավորինս կենտրոնացած լինել, հետևել ոչ միայն իմ, այլ նաև գործընկերներիս զգացմունքներին, հնարավորության դեպքում բարձրաձայնում էի հարցեր և խնդիրների մասին էի նշում»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ, Հայարփին կարծում է, որ դասընթացավարի պատասխանատվությունը այլ է. «դու պետք է սովորեցնես գործընկերներիդ, ովքեր գուցե ունենան հարցեր, որոնք դուք չէիր կանխատեսել: Ես լինելով էմոցիոնալ, գուցե չկարողանամ ճիշտ խորհուրդ տալ արտակարգ իրավիճակում որոշում կայացնելու վերաբերյալ, այդ պատճառով, իմ ուսումնական ծրագրում ես հիմնվում եմ «ողջախոհության» մոտեցմանը` առաջնահերթություն տալով լրագրողների անվտանգությանը»:

Դասընթացը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շրջանակում՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Հեղինակ՝ Դիանա Շահբազյան



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,