Հմտությունների զարգացում եւ ազդեցություն. Վարդենիսում երիտասարդների նախաձեռնած նախագծերի պատմությունը
17 Դեկտեմբերի, 2025

Հմտությունների զարգացում եւ ազդեցություն. Վարդենիսում երիտասարդների նախաձեռնած նախագծերի պատմությունը


Հայաստանի ամենահեռավոր սահմանամերձ համայնքներից մեկում տեղակայված Վարդենիսի ՍՔԱՅ ակումբը, որը հիմնադրվել է «ԵՄ-ն երիտասարդների համար» ծրագրի (EU4Youth) շրջանակում, դարձել է աճի, հնարավորությունների և հույսի խորհրդանիշ տեղի երիտասարդության համար։ Քաղաքում, որտեղ մայրաքաղաքի հետ կապը դժվար հասանելի է թվում, իսկ հնարավորությունները սահմանափակ են, ակումբը երիտասարդներին հնարավորություն է տալիս սովորել, շփվել և ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնել իրենց համայնքի համար։

ՍՔԱՅ ակումբը գործում է Վարդենիսի «Բադեյան» պետական ​​քոլեջում, որտեղ դասասենյակներից մեկը գեղեցիկ կերպով վերանորոգվել է «EU4Youth Սքայ Նեթ՝ Հմտություններ եւ գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագրի միջոցներով: Այս տարածքը վերածվել է ստեղծարարության եւ համագործակցության աշխույժ կենտրոնի, որտեղ երիտասարդները հավաքվում են՝ զարգացնելու իրենց հմտությունները, կիսվելու գաղափարներով եւ մշակելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք շոշափելի փոփոխություն կբերեն իրենց շրջակայքին:

Վարդենիսի երիտասարդ բնակիչ Սիրանուշ Ոսկանյանի համար այս տարածքը դարձավ նրա առաջնորդական ուղու մեկնակետը։

«Լինելով համայնքի բնակիչ՝ ես ցանկանում էի մասնակցել ծրագրին, ավելի լավ տեղեկացված լինել եւ, որպես թիմի անդամ, իսկ ավելի ուշ՝ թիմի ղեկավար, ծրագիրը ծառայեցնել համայնքային որոշ խնդիրներին լուծում գտնելու նպատակին»։

Ստանձնելով Վարդենիսի ՍՔԱՅ ակումբի թիմի ղեկավարի դերը՝ Սիրանուշը շատ արագ դարձավ դրա շարժիչ ուժերից մեկը։ Այս պաշտոնում նա համակարգում է թիմի աշխատանքը, խրախուսում է անդամների միջեւ համագործակցությունն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ ցանցի ավելի լայն շրջանակներին ներկայացնում է ակումբի ձեռքբերումները։ Այս փորձի շնորհիվ նա ձեռք է բերել առաջնորդության, ձեռներեցության, հաղորդակցման եւ հրապարակային խոսքի արժեքավոր հմտություններ, որոնք ամրապնդել են ինչպես նրա վստահությունը, այնպես էլ ուրիշներին ոգեշնչելու կարողությունը։

Երիտասարդների կողմից առաջնորդվող նախաձեռնություններ, որոնք իրավիճակ են փոխում

ԵՄ աջակցության շնորհիվ Վարդենիսի ՍՔԱՅ ակումբն իրականացրել է երկու խոշոր համայնքային նախագիծ, որոնք ուղղված էին տեղական հիմնական խնդիրների լուծմանն ու երիտասարդների կողմից առաջնորդվող փոփոխությունների ոգեշնչմանը։

Դրանցից առաջինը՝ «Երիտասարդների հզորացում փափուկ հմտությունների զարգացման միջոցով» նախագիծը, կենտրոնացած էր մինչեւ 35 տարեկան երիտասարդների առաջնորդության, թիմային աշխատանքի եւ հաղորդակցման կարողությունների ամրապնդման վրա: Ակումբը կազմակերպել է քոլեջի ուսանողների եւ այլ երիտասարդների մասնակցությամբ ինտերակտիվ սեմինարներ եւ դասընթացներ՝ նրանց մոտիվացնելով դառնալ համայնքային կյանքի ակտիվ մասնակիցներ:

Երկրորդ նախագիծը, որը կրում էր «Էկո տոպրակներ ավելի կանաչ ապագայի համար» անվանումը, կոչված էր խթանելու շրջակա միջավայրի մասին իրազեկվածությունը եւ պլաստիկի օգտագործման կայուն այլընտրանքները: Մենթորների առաջնորդությամբ ակումբի անդամներն ուսումնասիրեցին էկոլոգիապես մաքուր նյութերը, ծանոթացան արտադրության տեխնիկաներին եւ սկսեցին պատրաստել բազմակի օգտագործման գործվածքե տոպրակներ: Բնապահպանական պատասխանատվությունը խթանելուց զատ, նախաձեռնությունը երիտասարդներին ծանոթացրեց սոցիալական ձեռներեցության հիմունքներին՝ համատեղելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը ստեղծարար բիզնես մտածողության հետ:

«Այս նախագծերն օգնեցին մեր անդամներին սկսել մտածել համայնքի համար արդյունքների հասնելու գործում իրենց դերի եւ պարտականությունների մասին։ ՍՔԱՅ ​​ակումբն իր անդամների համար դարձավ նոր փորձառությունների, ընկերական հարաբերությունների եւ նախաձեռնությունների աղբյուր՝ նրանց օգնելով դառնալ ավելի ակտիվ եւ պատասխանատու երիտասարդներ», — ասում է Սիրանուշը։

Մեկուսացումից՝ հզորացում

Վարդենիսի ՍՔԱՅ ակումբի ազդեցությունն արդեն տեսանելի է ողջ համայնքում: Վարդենիսի «Բադեյան» պետական ​​քոլեջի վերանորոգված երիտասարդական տարածքն այժմ ծառայում է որպես ուսուցման, ստեղծարարության եւ համագործակցության դինամիկ կենտրոն: Ավելի քան 200 երիտասարդ անմիջականորեն օգտվել է սեմինարներից, վերապատրաստումներից եւ համայնքային նախագծերից՝ ձեռք բերելով վստահություն, բարելավելով իրենց աշխատունակությունը եւ զարգացնելով ավելի ուժեղ հաղորդակցման եւ թիմային աշխատանքի հմտություններ:

Միեւնույն ժամանակ, համայնքում աճել է շրջակա միջավայրի մասին իրազեկվածությունը. թե երիտասարդները, թե բնակչությունը որդեգրում են էկոլոգիապես ավելի մաքուր վարքագիծ: Ակումբը դարձել է ակտիվ քաղաքացիության հզոր օրինակ՝ ապացուցելով, որ նույնիսկ հեռավոր սահմանամերձ համայնքներում մոտիվացված երիտասարդներն ունակ են նշանակալի փոփոխություններ բերել:

Ապագայի տեսլական

Առաջ նայելով՝ Սիրանուշը հույս ունի ակումբը տեսնել որպես Գեղարքունիքի մարզում համագործակցության եւ երիտասարդության զարգացման կայուն կենտրոն։ «Մեր հույսն այն էր, որ ակումբը կդառնա համագործակցության եւ երիտասարդության զարգացման կենտրոն՝ միավորելով տարածաշրջանի երիտասարդներին։ Ակումբում անցկացվող դասընթացները երիտասարդներին կդարձնեն ավելի ակտիվ, ստեղծարար եւ պատասխանատու համայնքի անդամներ»,- ասում է նա։

Սիրանուշը կարծում է, որ «EU4Youth» ծրագրի շարունակական աջակցությունը կարող է էլ ավելի ամրապնդել երիտասարդների վստահությունը եւ մասնակցությունը համայնքի զարգացմանը։ Սիրանուշը, վերհիշելով իր փորձը, այսպես է ամփոփում ՍՔԱՅ նախաձեռնության էությունը. «Այս փորձառությունը մեզ բոլորիս սովորեցրեց, որ նույնիսկ փոքր նախաձեռնությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ՝ ձեւավորելով ավելի պատասխանատու, վստահ եւ նախաձեռնող երիտասարդների»։

Ծրագրի մասին

«ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ եւ գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը  խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունն ինչպես ժողովրդավարական, այնպես էլ տնտեսական ոլորտում՝ զորեղացնելով նրանց ձեռնարկատիրական եւ կարիերայի կառավարման հմտությունները։ Ծրագրի առանցքում անբարենպաստ պայմաններում գտնվող երիտասարդներն են: Այն նաեւ աջակցում է երիտասարդների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկություններին, որոնք լուծում են համայնքային խնդիրները եւ գործում թվային տնտեսության ու դեպի կանաչ տնտեսության անցման ոլորտում Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության պատասխանատուն «ԵՄ-ն երիտասարդների համար՝ համակարգում եւ քաղաքականությանն աջակցություն» (EU4Youth Coordination and Policy Support) ծրագիրն է, եւ պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,