Սյունիքի մարզում ապրում է 243 հաշմանդամություն ունեցող երեխա, նրանց թվում 91-ը՝ Սիսիան համայնքում, որտեղ տնտեսական դժվարությունները շատ ընտանիքների համար ամենօրյա պայքար է։ 4000 տնային տնտեսություններից մոտ 1100-ում երեխաները մեծանում են սոցիալապես խոցելի պայմաններում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները, բազմազավակ ընտանիքները և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։ Հաշմանդամություն ունեցող շատ երեխաների համար տնային պայմանները ինքնին խոչընդոտ են. նեղ դռները, չհարմարեցված լոգարանները, թեք աստիճանները մարտահրավեր են շատերի տեղաշարժման համար։ ԵՄ աջակցությամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության միջոցով «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) նման ընտանիքներին տալիս է այն, ինչից նրանք զրկված են եղել՝ ավելի անվտանգ, հարմարեցված և արժանապատիվ կենսապայմաններ իրենց երեխաների համար, բայց ամենից առաջ՝ նորացված հույսի զգացում։
Վարդուհին (36 տարեկան) ապրում է Սիսիանում՝ ամուսնու և 16-ամյա որդու՝ Գագիկի հետ, ում մոտ 1 տարեկանից ախտորոշվել էր ուղեղային կաթված։ «Ախտորոշումը ստանալն անչափ դժվար էր ինձ համար, բայց ես նպատակ դրեցի երեխայիս կյանքը հնարավորինս երջանիկ դարձնել, որպեսզի նա իրեն սահմանափակված չզգա», – ասում է մայրը։ Այդ ժամանակվանից ի վեր նա աջակցել է իր որդուն շուրջօրյա խնամքով։ Տարիների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացել է, իսկ փոքրիկ տան անմատչելի միջավայրը՝ սանհանգույցի նեղ դռները, անհարմարավետ լոգարանն ու զուգարանը դարձրել է երեխայի խնամքը ավելի ու ավելի դժվար։ Սակայն ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ սոցիալական աշխատողը թակեց նրանց դուռը։
«Ես, գործընկերներիս հետ, այցելել եմ Սիսիան տարածաշրջանի 35 բնակավայրեր՝ կենտրոնի կողմից իրականացվող «Մանկան երազանք» ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխաներին հայտնաբերելու համար», — հիշում է սոցիալական աշխատող Լուսինե Հարությունյանը։ Այս այցելություններին հաջորդել են յուրաքանչյուր երեխայի տնային պայմաների և սոցիալական կարիքների խորքային գնահատումները։ Կազմակերպության թիմը հայտնաբերեց առավել խոցելի երեխաներին, ովքեր պահանջում էին անհատականացված տան հարմարեցումներ, և մշակեց անհատական աջակցման պլաններ, որոնք հիմք հանդիսացան բնակարանային բարելավման ծրագրերի համար։
«Երբ զանգ ստացա, որ մեր ընտանիքը ներառվել է ծրագրում, հասկացա, որ հրաշքներ լինում են», — ասում է Վարդուհին։ Վարդուհու ընտանիքին տրամադրվել է բնակարանի անհատական հարմարեցում. լոգարանն ու զուգարանը վերանորոգվել են, դռները լայնացվել՝ երեխայի ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Լոգարանն ու զուգարանը հարմարեցվել են ամուր բռնակներով։ Լվացարանը տեղադրվել է այնպես, որ համապատասխանեցվի երեխայի հասակին և շարժունակության կարիքներին։
Ծրագրի ընթացքում սոցիալական աշխատողներն ու ծրագրի թիմը պարբերաբար այցելել են ընտանիքին՝ վերահսկելու առաջընթացը և աջակցելու սոցիալական, կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում։ Փոփոխությունները և աջակցությունը թեթևացրել են Վարդուհու ամենօրյա ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տվել Գագիկին զգալ հարմարավետ և արժանապատիվ իր տանը։
Բացը, որը դրդեց գործել
Կացարանների նման փոփոխությունները հնարավոր դարձան «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոնի» ջանքերի շնորհիվ, որը 2007 թվականից սոցիալական ծառայություններ է մատուցում խոցելի ընտանիքներին։
«Մանկան երազանք» բնակարանային բարելավման ծրագրի գաղափարը ծնվեց մի պարզ դիտարկումից, — բացատրում է ՀԿ-ի ղեկավար Արտակ Սարգսյանը։
«Մինչ հասարակությունը կենտրոնանում է հանրային տարածքների մատչելիության վրա, շատ քիչ ուշադրություն է դարձվում ամենակարևոր տարածքին՝ երեխայի սեփական տանը»։
Հայաստանում չկա պետական ծառայություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների տնային միջավայրի հարմարեցմամբ։ Սյունիքում շատ ընտանիքներ պարզապես չունեն միջոցներ նման կարևոր փոփոխություններ իրականացնելու համար։
ԵՄ-ի աջակցությամբ հասարակական կազմակերպությունը փորձարկել է տնային հարմարեցման ծառայության առաջին մոդելը՝ սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Ընդհանուր առմամբ Սիսիանի և հարակից գյուղերի 18 ընտանիքների 21 երեխա ստացել են նման աջակցություն։
Միջամտությունները ներառել են ՝ ամբողջական նորացված լոգարաններ և սանհանգույցներ, դռների և պատուհանների փոխարինում, բռնակների տեղադրում, սենյակների (ննջասենյակ, խոհանոց) վերանորոգում, անհարթ հատակների փոխարինում լամինատով, թեքահարթակների կառուցում, էլեկտրական համակարգերի վերանորոգում։ Մի շարք ընտանիքներին տրամադրվել է նաև մարզասարքեր, առողջության վերահսկման սարքեր, կահույք ու կենցաղային տեխնիկա՝ այն ամենը ինչ անհրաժեշ է խնամողի բեռը թեթևացնելու համար։
Սոցիալական աշխատողի պատմած ամենաազդեցիկ դեպքերից մեկը վերաբերում է հեռավոր գյուղի ընտանիքին, որտեղ երկու հաշմանդամություն ունեցող երեխա ապրում էր մի տանը, որը չուներ լոգասենյակ։ Նրանք օգտվում էին դրսի փայտե սանհանգույցից, որից առանձնապես դժվար էր օգտվել գիշերվա ժամերին և ձմռանը։ «Երբ նրանց համար կառուցվեց լիովին կահավորված լոգարան, երեխաները ուրախությունից ցատկոտում էին, իսկ տատիկը՝ արցունքներով հետևում էր նրանց» — պատմում է սոցիալական աշխատողը։ «Սա մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է»։
«Փոփոխությունների խթան Հայաստանում»
«Մանկան երազանք» ծրագրի մի մասն է 2024 թվականին հիմնադրված սոցիալական շտապ օգնության ծառայությունը, որի առաքելությունն է մատուցել մի շարք սոցիալական ծառայություններ՝ խոցելի ընտանիքների կարիքներին համալիր արձագանքելու համար։
Կենտրոնը համագործակցում է ավելի քան 80 գործընկեր կազմակերպությունների հետ, որը թույլ է տալիս ոչ միայն ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, այլև փորձարկել ու ձևավորել նորարարական սոցիալական ծառայություններ, որոնք կարող են հիմք դառնալ պետական բարեփոխումների համար։
«Մանկան երազանք» ծրագրի հաջողությունը մեծ թափ է հաղորդել ողջ Սյունիքին․ համայնքներն ու քաղաքացիական հասարակությունը կոչ են անում շարունակել և ընդլայնել ծառայությունը։ Ծրագրի հաջողությունը Սյունիքում բարենպաստ հող է ստեղծել նոր շահերի պաշտպանության նախաձեռնության համար։ «Իմ հարմար տունը» նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց տնային հարմարեցումները համայնքային և պետական կայուն սոցիալական ծառայություն դարձնելն է։
Այսօր արդեն այս արշավին միացել են 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև մի քանի համայնքապետարաններ՝ Սիսիան, Գորիս և Կապան։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններն, ինչպիսիք են «Մանկան երազանք»-ը, ցույց են տալիս, թե ինչպես կարող է հասցեական աջակցությունը թեթևացնել առօրյա դժվարությունները՝ միաժամանակ ընտանիքներին տրամադրելով պաշտպանվածության և ներառված լինելու զգացում։ «Ծրագիրը ցույց է տալիս ընտանիքներին, որ աջակցություն կա, և որ նրանք մեկուսացված չեն իրենց համայնքներից», — հաստատում է Վարդուհին։
Միևնույն ժամանակ նախաձեռնությունը փոխում է հասարակության վերաբերմունքը՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ավելի մեծ ուշադրության և խնամքի նոր մշակույթ, գործնական լուծումների միջոցով։ «Այս տեսանելիությունը տեղական, տարածաշրջանային և պետական մարմինների շրջանում ստեղծում է հնարավորություն ներառելու մեր նախաձեռնությունը ապագա սոցիալական բարեփոխումների մեջ» — եզրափակում է Արտակ Սարգսյանը։
Հեղինակներ՝ Վոլհա Պրոխարավա, Քրիստինե Հովհաննիսյան





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,