
Զանգվածային արտագաղթի հետեւանքով Մոլդովան աշխարհի բնակչության թվաքանակի ամենաարագ նվազում ունեցող երկրներից մեկն է։ Յուրաքանչյուր չորրորդ մոլդովացին ապրում է արտասահմանում։ Հետեւաբար, պետությունը փորձում է իր քաղաքացիներին վերադարձնել հայրենիք։
«Քիշնեւը հակադրությունների քաղաք է»,- ասում է Սաշան՝ բեյսբոլի գլխարկով եւ բեժ բաճկոնով երիտասարդը, որի հետ զրուցում եմ ծխախոտի եւ առանց կոֆեինի սուրճի շուրջ «Կազա Զեմստվեյ» համայնքային կենտրոնում: Նրա այս արտահայտությունը հնչում է որպես կլիշե, բայց, երբ զբոսնում եմ Մոլդովայի՝ գրեթե երեք քառորդ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում, հիշում եմ այն բազմիցս:
Նույնիսկ քաղաքի կենտրոնում կան ցածր տներ՝ փայտե հեծաններով, որոնց առջեւ հաճախ ծնկի իջած դիրքում աշխատում են արհեստավորներ՝ ձեռքին մուրճ կամ վրձին։ Լայնարձակ պողոտաները, որոնցով դանդաղ առաջ են շարժվում մեքենաների եւ կապտասպիտակ տրոլեյբուսների շարասյուները, շրջապատված են վեհաշուք բրուտալիստական բետոնե կառույցներով եւ սպիտակ կրաքարե շենքերով՝ զարդարված նեոդասական բարձրաքանդակներով։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ մեծ պուրակները փոխարինվում են անմխիթար ճանապարհներով, որտեղ համառորեն կայանված են մեծաթիվ ավտոմեքենաներ։
Մարտի վերջն է, երբ գարունը փողոցներ է սողոսկում։ Բազմաթիվ այգիներում, որտեղ ձմռանից հետո տիրապետողը դեռեւս մերկ ծառերի մռայլությունն է, փայլում է ֆորսիթիայի պայծառ դեղինը։ Մայթերին կանգնած են ծաղկային գլխաշորերով տարեց կանայք՝ փորձելով մի քանի լեյով վաճառել նարգիզների փնջեր, փոքրիկ կակտուսներ կամ թարմ կանաչ սոխ։ Մոտակայքում հաճախորդներին գրավում են ընդարձակ, լուսավոր խանութների, շքեղ սրճարանների եւ ռեստորանների ցուցանակները, որոնք Google Maps-ում հաճախ անվանվում են «եվրոպական ռեստորան»։
«Քիշնեւը ձեզ համար եվրոպակա՞ն քաղաք է, թե՞ խորհրդային։ Անցյալ տարի ընկերներս այցելեցին ինձ այստեղ եւ ասացին, որ այն եվրոպական է թվում։ Ես շատ հպարտ էի»,- սա մի կրկներգ էր, որը տարբեր դրսեւորումներով լսել եմ իմ այցելության ընթացքում։
Պատերազմի եւ եվրոպական ինտեգրման միջեւ
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր Մոլդովայի հանրային քննարկումների հիմնական թեման աշխարհաքաղաքական իրավիճակն է։ Շատերն էին վախենում, որ, եթե Ուկրաինան ընկնի, հաջորդը կլինի չափերով գրեթե քսան անգամ փոքր հարեւան Մոլդովան։
Չնայած դա տեղի չունեցավ, սահմանից այն կողմ պատերազմն ուղղակիորեն է ազդում երկրի վրա: Մարտի կեսին կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց ուկրաինական հիդրոէլեկտրակայանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Դնեստր գետի վառելիքային աղտոտման պատճառով: Նմանապես Մոլդովան տառապում է էլեկտրաէներգիայի անջատումներից՝ ուկրաինական էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարվածների հետեւանքով:
Եվրոպական միությունը Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները սկսեց 2023 թվականի դեկտեմբերին։ Մինչ Հյուսիսային Մակեդոնիան կամ Սերբիան ավելի քան մեկ տասնամյակ մնացել են թեկնածուի կարգավիճակում, եւ նրանց մոտակա անդամակցությունը քիչ հավանական է, Մոլդովայի կառավարությունը շտապում է ԵՄ-ի կողմից պահանջվող բարեփոխումներն իրականացնել՝ հույս ունենալով անդամակցության համաձայնագիրը կնքել մինչեւ 2030 թվականը։
Եվրոպական ինտեգրման ուղին դանդաղ, բայց վերջնականապես հաստատվեց 2024 թվականին երկու միաժամանակյա քվեարկություններով՝ ԵՄ ինտեգրման խոստումը Մոլդովայի սահմանադրության մեջ ամրագրելու վերաբերյալ հանրաքվեն եւ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում իշխող աջ կենտրոնամետ լիբերալ «Գործողության եւ համերաշխության կուսակցությունից» (PAS) Մայա Սանդուն ընտրվեց երկրորդ անընդմեջ ժամկետով։ Նշված ուղին վերստին հաստատվեց 2025 թվականին, երբ PAS-ը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։
Սակայն այդ ընտրությունների արդյունքներն այլ կլինեին, եթե չլինեին մոլդովական սփյուռքի ձայները, որն այսօր կազմում է մոտավորապես մեկ միլիոն մարդ։
Բժիշկների եւ գերեզմանափորների պակաս
Մոլդովան բնակչության թվաքանակով աշխարհի ամենաարագ նվազող երկրներից մեկն է։ Եթե 1991 թվականին բնակչությունը կազմում էր գրեթե չորսուկես միլիոն մարդ, ապա այսօր երկրում ապրում է երեք միլիոնից պակաս բնակիչ։ Երկրի յուրաքանչյուր հինգերորդ երեխան մեծանում է միայն մեկ ծնողի հետ կամ նույնիսկ առանց ծնողների։

«Երբ որեւէ մեկը մահանում է, տեղական ավանդույթի համաձայն, գերեզմանը պետք է փորեն ութ տղամարդ։ Սակայն որոշ գյուղերում դժվար է գտնել ութ չափահաս տղամարդ»,- ասում է սոցիոլոգ եւ լրագրող Վիտալի Սպրինչանեն՝ իրավիճակը նկարագրելիս այն համեմելով դառնահամ անեկդոտով։ Կա գերեզմանափորների, բժիշկների պակաս. բնակչությունը ծերանում է, իսկ ապագայում կարող է բավարար հարկատուներ չլինեն ցածր կենսաթոշակների ու թերֆինանսավորվող հանրային ծառայությունների բեռը հոգալու համար։
Մոլդովան, որը Խորհրդային Միությունից անկախություն ձեռք բերելուց կարճ ժամանակ անց տուժեց ծանր եւ երկարատեւ տնտեսական ճգնաժամից, երկար ժամանակ նկարագրվում էր որպես Եվրոպայի ամենաաղքատ երկիր։ Այն մնում է ամենաաղքատ երկրների շարքում, չնայած՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի առումով պատերազմից տուժած Ուկրաինան եւ Կոսովոն (որի անկախությունը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ պետությունների միայն մոտ կեսի կողմից) ներկայումս ավելի վատ վիճակում են։
Աշխատանքի նպատակով զանգվածային արտագաղթը սկսվել է 1990-ականներին: Սկզբում հիմնականում տղամարդիկ էին, որոնք ամենից հաճախ մեկնում էին Ռուսաստան՝ շինհրապարակներում աշխատելու. նրանք կարող էին այնտեղ գնալ առանց վիզայի եւ խոսում էին ռուսերեն: 1998 թվականի Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամից հետո բնակչությունը սկսեց ավելի շատ արտագաղթել դեպի Արեւմուտք, մասնավորապես՝ Ռումինիա եւ Իտալիա, որտեղ մոլդովացի կանայք բավարարում էին խնամողների աճող պահանջարկը:
Սկզբում նրանք այլ ընտրություն չունեին, քան անօրինական կերպով սահմանները հատելը։ Իրավիճակը փոխվեց 2007 թվականին Ռումինիայի Եվրոպական միությանն անդամակցությամբ, որն առաջացրեց արտագաղթի եւս մեկ զանգվածային ալիք։ Ռումինիան թույլ է տալիս քաղաքացիություն շնորհել յուրաքանչյուրին, ով Ռումինիայի քաղաքացի էր մինչեւ 1940 թվականը, երբ Խորհրդային Միությունը բռնակցեց Բեսարաբիան (ժամանակակից Մոլդովայի տարածքը), ներառյալ մինչեւ երրորդ սերնդի ժառանգներին։ Այսօր Մոլդովայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը երկքաղաքացիություն ունի։
Լավագույնները հեռացել են
Մոլդովան արտագաղթի եւս մեկ ալիքի առերեսվեց 2014 թվականին, որը տեղի ունեցավ ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության ներդրմամբ եւ «մեկ միլիարդի» կոռուպցիոն սկանդալից հետո հավատի լայնածավալ կորստով: Մոլդովայի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլար դուրս բերած խարդախության սխեմայի կազմակերպիչների թվում էին ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող օլիգարխներ Իլան Շորը եւ Վլադիմիր Պլահոտնյուկը, ինչպես նաեւ նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը՝ Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը, որը 2009 թվականին իշխանության եկավ՝ խոստանալով երկիրը դուրս բերել աղքատությունից եւ տանել դեպի ԵՄ:
Այդ ժամանակ երկիրը զանգվածաբար սկսեցին լքել 2000-ականների սկզբին Արեւմուտք սեզոնային աշխատանքի մեկնած մոլդովացիների երեխաները։ Ի տարբերություն իրենց ծնողների՝ նրանք հեռանում էին ոչ միայն երկրի անմխիթար տնտեսական վիճակի, այլեւ խաթարված քաղաքական հույսերի եւ հանրային ծառայությունների անբավարար վիճակի պատճառով։

«Իմ ուսման ժամանակ համալսարանական կրթությունը բիզնես էր. դիպլոմները վաճառվում էին։ Ես համակուրսեցիներ ունեի, ովքեր երբեք դասի չէին ներկայանում, բայց ստանում էին լավագույն գնահատականները»,- բացատրում է Վլադա Չոբանուն թափանցիկության եւ քաղաքացիական մասնակցության վրա կենտրոնացած քաղաքացիական հասարակության կազմակերպության՝ «Քաղաքականության եւ բարեփոխումների կենտրոնի» խիստ ճերմակ գրասենյակում։
Չոբանուն բակալավրի աստիճան է ստացել մոլդովական համալսարանում, բայց մագիստրոսական կրթության համար մեկնել է Մեծ Բրիտանիա։ «Հարցը ոչ թե այն էր, թե արդյոք պետք է դա անեի, այլ այն, թե երբ։ Եթե բակալավրի աստիճան էիր ստանում Մոլդովայում, գրեթե պարտադիր էր մագիստրոսի կոչում ստանալ արտասահմանում», — հավելում է նա։
Ինչպես հաստատում է սոցիոլոգ եւ միգրացիայի փորձագետ Ալեքսանդր Մակուհինը, այն ժամանակ արտագաղթը պարզապես «նորմալ» երեւույթ էր. «Եթե ուզում էիր կառուցել որոշակի կարիերա, հաջողության հասնել գիտության մեջ կամ աշխատել միջազգային կորպորացիայում, ապա ուրիշ ելք չունեիր, քան արտագաղթելը»։
Սպրինչանեն բացատրում է, որ սոցիալական ցանցերի ի հայտ գալուն եւ ավելի կարեւոր դերակատարություն ունենալուն զուգահեռ իշխանության եկան այն կուսակցությունները, որոնց հիմնական ծրագիրը ԵՄ-ին արագ ինտեգրումն էր։ Արդյունքում, Մոլդովայի արտագաղթի վերաբերյալ հանրային բանավեճը հիմնարար փոփոխություններ կրեց։
«Գերիշխող խոսույթներից մեկն այն պնդումն է, որ «լավագույնները հեռացել են»։ Դրանում կա ճշմարտության հատիկ. իննսունականներից ի վեր բժիշկները, ինժեներները, ուսուցիչները եւ գիտնականները հեռացել են Արեւմուտք՝ իրենց որակավորումից շատ ավելի ցածր աշխատանք կատարելու համար։ Սակայն մինչեւ 2010 թվականը «սփյուռք» բառը ընդհանրապես չէր օգտագործվում. մարդիկ պարզապես խոսում էին մոլդովացի գաստարբայտերների մասին», — ասում է Սպրինչանեն։
2010-ականներին՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ազդեցության աճի, մոլդովական սփյուռքի մի մասը սկսեց հեռվից մասնակցել ներքաղաքական գործերին։ «Նրանք սկսեցին մեկնաբանել ներքաղաքական իրավիճակը՝ արտահայտելով զայրույթ, տխրություն եւ ուրախություն հայրենիքում կատարվողի համար։ Եվ ամենակարեւորը՝ նրանք սկսեցին մասնակցել ընտրություններին։ Այսպես կոչված եվրոպամետ ուժերը հասկացան, որ սա հսկայական ընտրազանգված է, որը շատ հավատարիմ է իրենց ծրագրի որոշ հատվածներին։ Եվ նրանք սկսեցին իրենց քարոզարշավներում թիրախավորել սփյուռքը»,- շարունակում է Սպրինչանեն։ Հետեւաբար, այն խոսույթը, թե «լավագույնները հեռացել են», արտահայտում է նաեւ էլիտայի մի մասի դժգոհությունը ներքին բնակչության նկատմամբ։
2012 թվականին Վլադ Ֆիլատի հռետորական մակարդակում եվրոպամետ կառավարության օրոք ստեղծվեց Սփյուռքի հետ կապերի բյուրո՝ մոլդովացի արտագաղթողների եւ նրանց հայրենիքի միջեւ կապերը ամրապնդելու եւ, ամենակարեւորը, ամայացող երկիր նրանց վերադարձը հեշտացնելու համար, եթե նրանք դա ցանկանան։
Ոսկե տենդ
«Մոլդովա վերադարձը նման է «Վայրի Արեւմուտք» վերադառնալուն, ինչպես Ոսկու տենդի ժամանակ Կալիֆոռնիա գնալուն։ Ամենեւին էլ հեշտ չէ։ Բայց հիմա վերադառնալու լավագույն ժամանակն է։ Դուք պետք է մեկ կամ երկու տարի քրտնաջան աշխատեք՝ ինքներդ ձեզ ապացուցելու համար, եւ դուք կսկսեք բավականաչափ գումար վաստակել ավելի հարմարավետ կյանքի համար, քան կունենայիք Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում»,- արագ-արագ պատմում է 38-ամյա Վլադ Վեդրաշկոն։
Մենք հանդիպել ենք այն «եվրոպական ռեստորաններից» մեկում, որտեղ նա սիրում է նախաճաշել։ Գներն իսկապես եվրոպական են. մեծ շշով հանքային ջրի, լատտեի, ձվածեղի եւ տապակած տավարի մսով բրուսկետտայի համար մենք թողնում ենք ավելի քան 20 եվրոյին համարժեք գումար։ Սա մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը մոտ 800 եվրո է, եւ աշխատողների միայն մեկ երրորդն է վաստակում միջինից բարձր աշխատավարձ։
Վեդրաշկոն, ում ծնողները գինեգործ են, իսկ ինքը՝ տնտեսագետ, 2013 թվականին է արտագաղթել Միացյալ Նահանգներ՝ իր «ամերիկյան երազանքն» իրականացնելու համար։ Նա ասում է, որ «ձեռնարկատիրական գենը» ծնողներից է ժառանգել եւ երկու տարվա ընթացքում դարձել է հաջողակ գործարար էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում։ «Բայց հոգեւոր առումով ես ինձ լիարժեք չէի զգում. իմ ներսում ինչ-որ բան դատարկ էր։ Կարծում եմ, ամբողջ ընթացքում սպասում էի պատճառի՝ վերադառնալու համար», — պատմում է նա։
Նա վերադարձի պատճառ գտավ 2018 թվականին, երբ ծնողները այլեւս չէին կարողանում կառավարել գինեգործարանը։ Այսօր նա գինի է արտահանում ԵՄ իր հայրենի գյուղից եւ իր գիտելիքները կիսում ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ «Ես իրականացրեցի իմ ամերիկյան երազանքը Մոլդովայում. դարձա հաջողակ ձեռնարկատեր, որը դրական է ազդում ուրիշների կյանքի վրա»,- հայտարարում է նա՝ հարցազրույցն ավարտելով տատանվող մոլդովացի արտագաղթողներին ուղղված կոչով՝ հնարավորինս շուտ վերադառնալ, քանի որ տասնհինգ տարի հետո արդեն շատ ուշ կլինի։
Կառուցելով «եվրոպական Մոլդովա»՝ չնայած աշխատուժի պակասին
Մոլդովայի պետական վարչակազմը ակտիվորեն փորձում է տարածել նմանատիպ պատմություններ այն հաջողակ վերադարձողների մասին, ովքեր «ոսկի են գտել» իրենց հայրենիքում՝ երիտասարդ մասնագետներին հետ բերելու համար: Վերադարձողների ծրագրերի մեծ մասն ուղղված է փոքր ձեռնարկատերերին՝ նրանց առաջարկելով հարկային արտոնություններ եւ դրամաշնորհներ:
Բացի այդ, պետությունը գրավում է արտասահմանից եկած քաղաքացիներին՝ մատնանշելով ներքին գործերին արագ եւ իմաստալից ազդեցություն թողնելու եւ «ժամանակակից եվրոպական Մոլդովայի» կառուցմանը նպաստելու հնարավորությունը։ Եվրոպական դրամաշնորհները հոսում են երկիր, պետությունը մարդկանց կարիք ունի, եւ կարելի է բավականին արագ եւ հեշտությամբ բարձրանալ պետական կառավարման ոլորտում կարիերայի սանդուղքով։
Քաղաքացիական հատվածում իրավիճակը նույնն է։ «Եթե ուզում ես ինչ-որ բան անել քո համայնքում կամ ներգրավվել քաղաքացիական հասարակության մեջ, արդյունքները համեմատաբար արագ ես տեսնում։ Հատկապես հիմա, երբ քաղաքապետարաններն ու կառավարությունը մի փոքր ավելի բաց են, քան նախկինում։ Դու զգում ես, որ կարեւոր ես եւ քո ձայնն այստեղ ավելի մեծ կշիռ ունի, քան արտասահմանում»,- հաստատում է Չոբանուն։
Նա երկիր է վերադարձել 2013-ին՝ Վլադ Ֆիլատի օրոք, , երբ բարձր մակարդակի կոռուպցիայի պատճառով ժողովրդավարության անկումն արդեն ակնհայտ էր։
«Բոլորը մի փոքր տարօրինակ նայեցին ինձ։ Այն ժամանակ արտասահմանից վերադառնալը համարվում էր ձախողում, քաջության պակասի ապացույց։ Հաջորդ երեք տարիների ընթացքում իմ ընկերների մեծ մասը հեռացավ։ Ոմանք պնդում էին, որ կվերադառնան, երբ երկրում կարգուկանոն հաստատվի, երբ ավելի շատ ժողովրդավարություն լինի։ Բայց ո՞վ է դա իրականացնելու»,- լայն ժպիտով հարցնում է նա։
Ավելի լավ է աղքատ լինել հայրենիքում, քան հարուստ՝ արտասահմանում
Այնուամենայնիվ, պետական եւ քաղաքացիական հատվածներում աշխատավարձի պայմանները մնում են անբավարար՝ համեմատած մասնավոր հատվածի հետ։ Հատկապես Ուկրաինայում պատերազմի համատեքստում, որը հանգեցրեց էներգետիկ ճգնաժամի եւ բարձր գնաճի, Մոլդովան վարկ է վերցնում Արժույթի միջազգային հիմնադրամից, որը պարտապաններից պահանջում է «ֆինանսական կարգապահություն», այսինքն՝ խնայողության քաղաքականություն։

Գարնանային մեկ այլ արեւոտ օր ես Ստելա Կրուդուի եւ նրա եղբոր՝ գրող Դումիտրուի հետ գնում եմ Քիշնեւի հարավում գտնվող միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է Ստելայի կրտսեր դուստրը։ Ստելան այսօր Քիշնեւ է եկել Մոլդովայի հյուսիսում գտնվող իր հայրենի գյուղից, ուր գնացել էր ծնողների հետ հանդիպման։ Նա ընդհանուր առմամբ վեց երեխա ունի։
Ստելան պետք է տեղ հասներ առավոտյան ժամը 10-ին ավտոբուսով։ Ի վերջո, նա ժամանեց կեսօրին տաքսիով, քանի որ ավտոբուսը պարզապես այդպես էլ չի հայտնվել։ «Նա վարկ է վերցրել եւ չի կարողացել վճարել։ Գնացել է Իտալիա՝ խնամակալ աշխատելու։ Նրան երկու տարի պահանջվեց պարտքերը մարելու համար։ Եվս երեք տարի փորձեց մի քիչ գումար խնայել եւ հինգ տարի անց վերադարձավ մեր գյուղ»,- բացատրում է Դումիտրուն քրոջ փոխարեն։ Ստելան պայծառ ժպտում է եւ զգուշորեն արտասանում. «Milletrecento, millequattrocento euro»։ Իտալիայում խնամակալ լինելով՝ նա ամսական վաստակում էր մոտ 1300 կամ 1400 եվրո։
Այսօր Ստելան աշխատում է իր գյուղի ավտոգործարանում։ «Quattrocento, cinquecento euro», — ավելացնում է նա: Մոլդովական գործարանում նա աշխատում է մոտավորապես 400 կամ 500 եվրո։ «Բայց նա ասում է, որ գերադասում է աղքատ լինել հայրենիքում, քան հարուստ՝ արտասահմանում: Բացի այդ, մեր գյուղում նա կարող է ապրել իր տանը եւ կենդանիներ պահել»,- թարգմանում է Դումիտրուն: Ստելան թվարկում է իր ունեցած կենդանիներին՝ կով, ձի եւ երկու գերմանամուկ, որոնցից մեկը ագրեսիվ է։ «Morde»,- այն կծում է՝ կատակով ատամները սեղմելով բացատրում է Ստելան։
Մինչ նա մասնակցում է հանդիպմանը, ես խոսում եմ Ալինայի՝ ֆրանսերենի ուսուցչուհու հետ, որն իր ամուսնու հետ ապրում էր Հռոմում: Կարմիր բլեյզերով այս նրբագեղ կինը ճշգրիտ հիշում է, թե որքան ժամանակ է անցկացրել արտագաղթում՝ հինգ տարի, ութ ամիս եւ երկու օր: «Դա հնարավորություն էր շատ բաներ սովորելու. այն բացեց իմ հորիզոնը: Մենք լավ ինտեգրվեցինք… բայց հայրենի երկրում դու այլ կերպ ես շնչում»,- ասում է նա:
Ալինան ոգեւորությամբ նկարագրում է, թե ինչպես է Մոլդովայի կրթական համակարգն առաջ շարժվում եւ որքան հպարտ է իր ներդրումն ունենալ դրանում՝ շնորհիվ արտասահմանում ունեցած իր փորձի։ Այնուհետեւ ես հարցնում եմ հանրային կրթության ոլորտում աշխատանքային պայմանների մասին։
«Ես լավատես եմ. սովորաբար չեմ բողոքում, միշտ փորձում եմ յուրաքանչյուր իրավիճակ տեսնել որպես երազանքներս իրականացնելու հնարավորություն»,- համեստորեն սկսում է իր պատասխանը Ալինան։ «Բայց… ճիշտ է, որ հանրային կրթության տնտեսական վիճակը որոշ չափով անհաջող է։ Մյուս կողմից, մասնավոր կրթության մեջ աշխատավարձերը արժանապատիվ են, ուստի այնտեղ աշխատում են մոտիվացված եւ ստեղծագործ մարդիկ»։
Ալինան ընդգծում է, որ պետությունը պետք է ակտիվորեն շփվի վերադարձողների հետ եւ օգնի բոլորին վերաինտեգրվել՝ ոչ միայն ձեռներեցներին։ «Ես գիտեմ մարդկանց, ովքեր վերադարձել են, մնացել են այստեղ երկու կամ երեք տարի, ապա կրկին մեկնել արտասահման»,- խոստովանում է նա։ Մի պահ անց ես նստած եմ Ստելայի եւ նրա դստեր հետ այգու սրճարանի տեռասում։ Դուստրը առանց վարանելու կրկնում է, որ ավարտելուց հետո մեկնելու է արտասահման։ Նա չգիտի՝ ուր կամ ինչի համար. նա, ի վերջո, 15 տարեկան է, բայց ուզում է հեռանալ։
Մեծամասնությունը չի վերադառնա
Ինչպես հաստատում է միգրացիայի փորձագետ Մակուհինը, արտագաղթի միտման շրջադարձ տեղի չի ունենում․ 2020-2025 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում երկիրը լքել է ավելի քան 200,000 մարդ: Նրանք, ովքեր վերադառնում են, դա անում են հիմնականում անձնական դրդապատճառներով: Մյուս կողմից, մեկնածներից շատերն արդեն ավելի ուժեղ կապվածություն են զգում իրենց ընդունած երկրի հետ՝ աշխատանքով, տնով, ընտանիքով:

«Սփյուռքին ուղղված կառավարության ծրագրերը հաճախ կենտրոնանում են մշակույթի վրա՝ փորձելով խաղալ նոստալգիկ զգացմունքների վրա. դուք մոլդովացի եք, վերադարձեք ձեր երկիր, մենք ձեզ այստեղ կողջունենք։ Սա կարող է ցինիկ հնչել, բայց սփյուռքը վերադարձնելու ամենաարդյունավետ միջոցը տնտեսական աջակցությունն է»,- եզրափակում է Մակուհինը։
Իր հերթին, Չոբանուն նշում է, որ մարդկանց հնարավոր չէ վերադարձնել միայն լավ աշխատանքի խոստումով. «Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասարակական տրանսպորտ, սոցիալական ապահովության համակարգ, մատչելի բնակարան, որի մասին չի խոսվում: Դորին Ռեչանը [նախկին վարչապետ] հենց նոր հայտարարեց, որ ավելի լավ է չմիջամտել բնակարանային շուկային, ինչը հակասում է այլ երկրների փորձին»:
Երբ ես Սպրինչանեին հարցնում եմ, թե ինչ պետք է անի կառավարությունը՝ երկրից հեռացած քաղաքացիներին վերադարձնելու համար, նա պատասխանում է հետեւյալ հարցով. «Իսկ արդյո՞ք մեզ դա իսկապես պետք է։ Մոլդովացի արտագաղթողների մեծամասնությունը երբեք չի վերադառնա։ Անիմաստ է պետական միջոցներ ծախսել՝ փորձելով համոզել չհամոզվողներին։ Այո՛, Մոլդովան մարդկանց կարիք ունի։ Բայց աշխարհի շատ այլ շրջաններում կյանքը շատ ավելի դժվար է, քան այստեղ։ Աշխարհի շատ մարդկանց համար Մոլդովան գրավիչ վայր է»։
Հիանալի երկիր՝ մոռանալու եւ քանդելու համար
Շաբաթ երեկոն ես անցկացնում եմ Քիշնեւում՝ «Կազա Զեմստվեյ» համայնքային կենտրոնի հրաժեշտի երեկույթին։ Այն իր տեսակի մեջ միակ վայրն է քաղաքում։ Նախկինում այնտեղ հյուրընկալվում էր «Քվիր» սրճարան, ցուցադրվում էին անկախ ֆիլմեր, անցկացվում դասախոսություններ կամ պարզապես տարածք էր տրամադրվում կարաոկեի համար։ Հիմա՝ 15 տարի անց, այն փակվում է։ Ըստ որոշ տեղեկությունների, շենքի սեփականատեր Ազգագրության ազգային թանգարանը ցանկանում է վերանորոգել տարածքը եւ, հետեւաբար, չի երկարաձգել պայմանագիրը։
Այդ երեկոյան, ջերմեռանդ եզրափակիչ ելույթների ժամանակ, խոսքը է վերցնում կարճ վարսերով մի կին, որն արտագաղթի փորձ ունի։ «Ինձ համար Ռումինիայից վերադառնալուց հետո Կազա Զեմստվեյը մի վայր էր, որտեղ ես շատ կախարդական պահեր եմ ապրել, որտեղ վերամիավորվել եմ մարդկանց հետ եւ սիրահարվել եմ», — հուզիչ ձայնով ասում է նա։
Երգով, պարով եւ փոխազդեցությամբ լի գեղեցիկ երեկոյի ավարտին ես հայտնվում եմ այգում՝ մուգ մազերով մի կնոջ կողքին, որը պատմում է, թե ինչպես Իտալիայում ուսման ընթացքում սկզբում ոչ ոք չէր ցանկանում ղեկավարել իր թեզը գործնականում անարխիստական կառավարման վերաբերյալ։ «Բոլորը անընդհատ ասում էին, որ դա ուտոպիա է. նրանք երեւակայություն չունեին։ Մենք դեռ այնքան շատ բան ունենք սովորելու, այնքան շատ բան ունենք ապամոնտաժելու»։
Ես նրան հարցնում եմ, թե ինչու է վերադարձել Իտալիայից։ «Ի՞նչ կա Իտալիայում»,- պատասխանում է նա։ Պատասխանում եմ նրա հարցին. «Իսկ ի՞նչ կա Մոլդովայում»։ Նա չի տատանվում. «Սա շատ փոքր եւ դինամիկ երկիր է։ Մենք անընդհատ կառուցում ենք, վերակառուցում, քանդում եւ փնտրում ենք ինչ-որ նոր բան։ Մոլդովան կատարյալ երկիր է մոռանալու եւ քանդելու համար։ Շատ ավելի լավ, քան Արեւմուտքը»։
Հեղինակ՝ Պետրա Դվորժակովա
Հոդվածի բնօրինակը չեխերենով հրապարակվել է Deník Referendum-ի կողմից։





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.