«Կառավարությանը միացա, որովհետև չէի ուզում բաց թողնել հնարավորությունը ստեղծելու քաղաքականություններ, որոնք իրական աջակցություն կտրամադրեին խոցելի խմբերին», — ասում է Տաթևիկ Ստեփանյանը։
Պետական ծառայության նրա ճանապարհին միահյուսված են նվիրվածությունն ու անձնական փորձառությունը։ Հաշմանդամություն ունեցող երեխայի մայր լինելով՝ նա տարիների ընթացքում խորապես ներգրավվել է այնպիսի համակարգերի ձևավորման մեջ, որոնք մի կողմից պաշտպանում են մարդկանց, մյուս կողմից՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն տալիս։ Նա համակարգում է գրեթե բոլոր խոցելի խմբերի սոցիալական ներառման և նրանց աջակցման ծրագրերը, ներառյալ՝ տարեցների, երեխաների, գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտները։
«Իմ հիմնական դրդապատճառը գալիս է աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու խորը հավատից։ Իմ անձնական փորձառությունը թույլ տվեց տեսնել համակարգային խնդիրներն ու ստիպեց փնտրել գործնական լուծումներ»,- ասում է նա։
Մինչ պետական համակարգ մուտք գործելը, Տաթևիկ Ստեփանյանն աշխատել է մասնավոր հատվածում, որտեղ հաճախ բախվել է գենդերային խտրականության։
«Հաճախ ստիպված էի տղամարդկանց խմբերին ապացուցել, որ գործընթացներին տիրապետում եմ խորությամբ և կարողանում եմ միաժամանակ մի քանի բարդ խնդիրներ համակարգել։ Իրականում, պրոֆեսիոնալիզմը ոչ թե սեռով է որոշվում, այլ գիտելիքով»։
Փոխնախարարի պաշտոնում նա ղեկավարում է բարեփոխումներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։ 2023-ին Հայաստանը ներդրել է Հաշմանդամության գնահատման նոր համակարգը, ինչը կարևոր քայլ է՝ ավելի ընդգրկուն և անհատականացված ծառայություններ ապահովելու ճանապարհին։ Նրա ղեկավարությամբ ամրապնդվել է նաև երեխաների պաշտպանության համակարգը, ընդլայնվել է խնամատար ընտանիքների ցանցը, ձևավորվել է ամբողջական աջակցման համակարգ ընտանեկան բռնություն կամ գենդերային հիմքով բռնություն վերապրած կանանց համար, իսկ տարեցների համար ներդրվել է տնային խնամքի ծառայություն՝ հնարավորություն տալով նրանց մնալ իրենց համայնքներում։ 2025 թվականի ապրիլին կառավարությունը հաստատել է նաև 2025–2028 թվականների գենդերային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։
«Իմ աշխատանքում ամեն ինչ մարդկային պատմությունների շուրջ է կառուցված։ Անչափ մեծ ուժ է տալիս տեսնել, թե ինչպես է բռնությունից տուժած կինը սկսում վերակառուցել իր կյանքը, կամ ինչպես է հաշմանդամություն ունեցող անձը ձեռք բերում ինքնուրույնություն՝ անձնական օգնականի միջոցով։ Սրանք են այն պահերը, երբ համոզվում ես, որ ներդրված ջանքերն իսկապես արժեք ունեն»։
Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ գենդերային կարծրատիպերը դեռ խորապես արմատավորված են Հայաստանի հասարակական կյանքում։
«Երբ որևէ կին նշանակվում է ղեկավար պաշտոնում, անմիջապես սկսում են քննարկել նրա սանրվածքն ու հագուստը։ Պետք է հստակ կարմիր գիծ լինի մասնագիտական և անձնական քննադատության միջև»։
Կանայք, որոնք ունեն հաշմանդամություն, հաճախ բախվում են կրկնակի խտրականության։ Շատ հաշմանդամություններ նույնիսկ տեսանելի չեն՝ հոգեկան, մտավոր կամ վարքային խանգարումներ, որոնց դեպքում խտրականությունն էլ է անտեսանելի, իսկ ազդեցությունն ահռելի։
«Դրանց հաղթահարումը պահանջում է հասարակական ընկալումների փոփոխություն, մատչելի միջավայր և ներառական կրթություն», — նշում է նա։
Չնայած դժվարություններին, Տաթևիկ Ստեփանյանը հույսով լցված է նայում ապագային։ Նրա համար մեծագույն ոգեշնչումը նոր սերունդն է՝ ավելի բաց ու հավասարության գաղափարները կիսող երիտասարդները։
«Իմ մոտիվացիան գալիս է տեսանելի արդյունքներից և համոզմունքից, որ յուրաքանչյուր ազնիվ ու հետևողական քայլ տալիս է իր պտուղները։ Ես ապրում եմ սկզբունքներով, որոնց երբևէ չեմ դավաճանում՝ ազնվություն և իմ արժեքներին նվիրվածություն։ Կյանքը բումերանգի նման է՝ ինչ ցանում ես այսօր, վաղը հենց դա ես քաղելու»։





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,