Առողջությունն ու շրջակա միջավայրը սերտորեն փոխկապակցված են. ի՞նչ դասեր կարող ենք քաղել ներկայիս կորոնավիրուսային ճգնաժամից
27 Մայիսի, 2020

Առողջությունն ու շրջակա միջավայրը սերտորեն փոխկապակցված են. ի՞նչ դասեր կարող ենք քաղել ներկայիս կորոնավիրուսային ճգնաժամից


Ներկայիս կորոնավիրուսային համավարակն առնչվել է մոլորակի գրեթե յուրաքանչյուր մարդու գործունեության հետ:

Քանի դեռ շարունակվում է առողջապահական արտակարգ իրավիճակը, մենք պետք է խստորեն հետևենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումներին և խորհուրդներին: Միևնույն ժամանակ, բազմաթիվ երկրներ արդեն իսկ սկսել են քննարկումներ՝ մարդկանց և տնտեսությունների աջակցմանն ուղղված հետկորոնավիրուսային վերականգնման միջոցառումների վերաբերյալ:

Անկասկած, մենք պետք է ժամանակ հատկացնենք ու դասեր քաղենք ստեղծված իրավիճակից՝ մեր կենսունակությունն ամրապնդելու և, հուսով ենք, ապագա ճգնաժամերից խուսափելու կամ գոնե դրանց ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար:

Այս համավարակը մեծացրել է առողջ միջավայրի (ներառյալ ջրային համակարգերի) և մարդու առողջության միջև կապը:

  • Water Inspection Laboratory of the National Environmental Agency of Georgia
  • EUWI+ Facebook poster on COVID-19 prevention measures

Ահա թե ինչու են Եվրոպական միության՝ համավարակին ուղղված գլոբալ արձագանքի թիրախում հայտնվել ջրային ռեսուրսները. ԵՄն իր 15,6 միլիարդ եվրոյանոց փաթեթով աջակցելու է հետազոտություններին, առողջապահությանը և ջրային համակարգերին: Եվրոպական միությունը կանգնած է իր Արևելյան գործընկերների կողքին` վերջիններիս տրամադրելով ընդհանուր 962 միլիոն եվրոյի աջակցություն:

«Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության ջրային նախաձեռնության պլյուս (ԵՄՋՆ+)» ծրագիրը ջրային ռեսուրսների ոլորտում Եվրոպական միության խոշորագույն հանձնառությունն է Արևելյան գործընկերության երկրներում: ԵՄի կողմից ֆինանսավորվող ծրագիրը վեց գործընկեր երկրներին օգնում է իրենց օրենսդրությունը մոտարկել ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվին և մշակել ջրային ռեսուրսների երկարաժամկետ քաղաքականություն ու ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործելակերպեր, որոնք կերաշխավորեն Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջությունը:

Կենսունակ բնական էկոհամակարգերը՝ որպես մարդկանց առողջության նախադրյալ

Բնական համակարգերն ապահովում են էկոհամակարգային հիմնական ծառայություններ, ինչպիսիք են թթվածնի և սննդի մատակարարումն ու մաքուր ջրի ապահովումը: Սա հայտնի փաստ է: Պակաս ակներև է փաստը, որ այն ապահովում է նաև կարգավորիչ և օժանդակ ծառայություններ, ինչպիսիք են կայուն և անվտանգ կենսապայմանները, կենսաբազմազանության համար բնակավան միջավայրերի կապակցելիությունը, կլիմայական կայունությունը, ջրային ռեսուրսների մաքրագործումը, հիվանդությունների կարգավորումը, վնասատուների դեմ պայքարը, ջրհեղեղների կարգավորումն ու դրանց ազդեցության մեղմացումը և այլն, առանց որոնց մեր գոյությունն ու բարեկեցությունը պարզապես հնարավոր չէր լինի:

Այնուամենայնիվ, միայն առողջ բնական համակարգերը կարող են կատարել և ապահովել նշված գործառույթները: Դժբախտաբար, շատ էկոհամակարգեր արդեն իսկ մեծապես տուժել են կամ ներկայում տուժում են մարդու անկանոն գործունեության և գերշահագործման արդյունքում, ինչը հավելյալ խորանում է կլիմայի փոփոխության պատճառով: Մարդկային բարեկեցությունը սերտորեն կապված է էկոհամակարգային փոփոխությունների հետ:

  • Surface Water field surveys in Moldova

Ինչպե՞ս է «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս»-ն օգնում ջրային էկոհամակարգերի պաշտպանությանը: Ծրագիրը նպատակ ունի մշակել ջրային ռեսուրսների կառավարման համակարգային մոտեցում, որը կոչվում է «ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում»: Այս մեթոդն ուղղված է ջրային ռեսուրսների բնական հավասարակշռության ամրապնդմանը՝ մարդու կողմից բազմաբնույթ օգտագործման և բնական ջրային էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման լույսի ներքո: Ծրագիրն օժանդակում է վեց գործընկեր երկրներին` եվրոպական չափանիշներին համապատասխան ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման նոր գործիքների և հայեցակարգերի մշակման ու տեղայնացման գործում: Ջրային ռեսուրսների կառավարման հիմնարար հայեցակարգերի թվում (մարդու գործունեությունն իրենց բնական էկոհամակարգերում ինտեգրելու տեսանկյունից) վճռական նշանակություն ունեն գետային ավազանների կառավարման պլանավորումն ու բնապահպանական մոնիտորինգը, որոնք առաջ են մղվում ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի միջոցով: «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս» նախաձեռնության շնորհիվ վեց գործընկեր երկրները զարգացնում են ջրային ռեսուրսների կառավարման այս գործիքները յուրացնելու իրենց կարողությունները՝ դրանք հարմարեցնելով իրենց կարիքներին ու տեղի իրողություններին` ի ապահովումն մարդկանց առողջությունն ու շրջակա միջավայրի կայունությունը երաշխավորող կայուն զարգացման:

Մաքուր խմելու ջրի հասանելիությունը ճգնաժամի ժամանակներում մեր անվտանգության գրավականն է

Մաքուր և անվտանգ ջուրը բացարձակ անհրաժեշտություն է մարդկանց համար: Առանց դրա հնարավոր չէ ապահովել առողջապահական համակարգերի գործառնությունն ու պահպանել հիգիենայի կանոնները՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար: Սակայն անվտանգ խմելու ջրի հասանելիությունը եվրոպական մայրցամաքի բոլոր հատվածներում չէ, որ երաշխավորված է: Բոլորի համար ջրամատակարարման և ջրահեռացման լավ համակարգի հասանելիության, իսկ վերջինները որակյալ ջրով ապահովելու համար պահանջվում է ամուր իրավակարգավորիչ համակարգ, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքներ, հնարավորություններ ու մարդկային և ֆինանսական ռեսուրսներ:

  • Water Inspection Laboratory of the National Environmental Agency of Georgia

«Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս»-ը Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային օգնել է սահմանել խմելու ջրի հասանելիության և ջրահեռացման հստակ ազգային թիրախային նպատակներ՝ ՄԱԿի Ջրային կոնվենցիայի ու «Ջրի և առողջության մասին» արձանագրության մեխանիզմների միջոցով:

ԵՄի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրներն ուժեղացրել են ջրի մոնիտորինգի և լաբորատոր վերլուծության իրենց կարողությունները` ջրի որակի վերաբերյալ հուսալի տվյալներ ապահովելու նպատակով: Դրա շրջանակներում իրականացվում է ջրի մոնիտորինգի ցանցերի վերականգնում և լաբորատորիաների արդիականացում՝ վերջիններին ժամանակակից սարքավորումներ տրամադրելու և դրանց անձնակազմի վերապատրաստում իրականացնելու միջոցով:

Ժամանակն է մտածել. ի՞նչն ենք մենք իրականում գնահատում և առաջնահերթություն տալիս

Աննախադեպ մասշտաբի ճգնաժամը մտորելու ժամանակ է պահանջում: Մենք պետք է անենք հնարավոր ամենը՝ գալիք ճգնաժամը կանխելու և ավելի լավ ապագա կերտելու համար: Մենք գիտենք, որ ներկայիս համակարգերը բազմաթիվ թերություններ ունեն, և որ մարդու գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում բնական աշխարհի վրա: Եկեք ժամանակ գտնենք՝ վերագնահատելու մեր արժեքներն ու սահմանելու առաջնահերթություններ առ այն, թե ինչն է իսկապես կարևոր հետկորոնավիրուսյան աշխարհում:

Արդեն իսկ վճռական կապեր են հաստատվել լավ կառավարվող ջրային էկոհամակարգերի և մարդկանց առողջության միջև, ինչը նշանակում է, որ ջրային ռեսուրսները կառավարելիս մենք պետք է առաջնություն տանք առողջությանը: Բնության վրա հիմնված լուծումների տեղայնացումն ու դրանց որպես առաջնորդող սկզբունք խստորեն հետևելը խիստ օգտակար կլինի տնտեսական վերականգնման և ապագա զարգացման համար: Ավելին, առողջապահության ոլորտը պետք է ներգրավված լինի միջգերատեսչական երկխոսության գործընթացում` ջրի կառավարման քաղաքականություններ մշակելու և իրականացնելու համար:

  • Transitional and coastal waters monitoring survey in Georgia

Ջրային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների իրականացումն իրեն արդարացնում է. այն, առաջին հերթին, ապահովում է բնության էկոհամակարգային ծառայությունների տնտեսական առավելությունները՝ պաշտպանելով կենսաբազմազանությունը և ջրային էկոհամակարգերը, որոնք կարող են բնական բուֆեր դառնալ վիրուսների տարածման դեմ: Երկրորդ, այն ավելի ճկուն է դարձնում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը ներկայիս COVID-19 համավարակի նման ճգնաժամերի ժամանակ՝ անվտանգ քաղցրահամ ջրի հավասար հասանելիություն ապահովելով հիգիենայի հիմնական կանոններին հետևելու համար: Ի վերջո, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը նվազեցնում է առողջապահության հատվածի ծանրաբեռնվածությունը. ջրային ռեսուրսների կառավարման գործելակերպերի բարելավման դեպքում չնախատեսված ծախսերի տեղափոխումը հանրային առողջապահության ոլորտ նվազագույնի է հասցվում:

Բազմաթիվ հարցերի լուծումը կապված է տվյալների հետագա հավաքման, հետազոտության և վերլուծության հետ: Ներկայիս մարտահրավերի աննախադեպ մասշտաբը հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է աշխատենք միասին, ավելի արդյունավետ համագործակցենք և հավատարիմ մնանք մեր նպատակին, այն է՝ առողջ մարդիկ՝ առողջ մոլորակում:

Article published by EUWI+ in English and Russian



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,