Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել ստեղծել եվրոպական աշխարհաքաղաքական համայնք, որը կներառի Արևելյան գործընկերությունը և Արևմտյան Բալկանները:
Նախագահ Միշելն այս առաջարկն արել է մայիսի 18-ին՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում ելույթի ժամանակ։
Ըստ Միշելի՝ «նպատակն է սերտացնել և խորացնել գործառնական համագործակցությունը՝ մեր մայրցամաքում ընդհանուր մարտահրավերներին արձագանքելու և խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանման համար»:
ԵԽ նախագահն ասել է, որ գործընթացին պետք է զարկ տալ անմիջապես՝ առանց լրացուցիչ խորհրդածությունների. «Իրականում, իմ կարծիքով, արդեն գոյություն ունի դե ֆակտո աշխարհաքաղաքական համայնք, որը ձգվում է Ռեյկյավիկից մինչև Բաքու կամ Երևան, Օսլոյից մինչև Անկարա։ Եվ ես համոզված եմ, որ այս աշխարհագրական տարածքին պետք է տալ քաղաքական չափում»։
Նախագահ Միշելը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի այս համայնքում համագործակցության հիմնական ոլորտը, և հավելել, որ շեշտը կարող է դրվել սոցիալ-տնտեսական ծրագրերի հետ ասոցացման վրա, որոնք կանոնակարգման պարտադիր համապատասխանեցում չեն պահանջում, բայց որոնք կարող են բերել կոնկրետ փոխադարձ օգուտներ. «Ակնհայտ է, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Էրազմուսը, Հորիզոնը, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, կարող են օգտակար լինել նման համագործակցության և նախագծի համար»:
Միշելը նաև հայտնել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցել է եվրոպացի 27 առաջնորդների հետ և որոշել այն մտցնել Եվրոպական խորհրդի հունիսյան օրակարգ։ Նա նաև կառաջարկի համաժողով անցկացնել ամռանը կամ դրանից հետո, որը կմիավորի ԵՄ առաջնորդներին և շահագրգիռ գործընկեր երկրների ղեկավարներին՝ կոնկրետ տարբերակներ քննարկելու նպատակով։
Միշելն ընդգծել է, որ եվրոպական աշխարհաքաղաքական համայնքի ստեղծումը չի կարող փոխարինել ԵՄ ընդլայնման գործընթացին, որը պետք է դառնա ավելի արագ, դինամիկ և շրջելի՝ բարեփոխումները խրախուսելու և եվրոպական ինտեգրացիան առաջ մղելու համար։
«Մենք պետք է հստակ հասկանանք. այսօր այս գործընթացը զրոյական խաղ է։ Այն մի փոքր նման է «ամեն ինչ կամ ոչինչ» իրավիճակին: Այն երկու կողմում էլ ցրում է պատրանքները և մեծ ֆրուստրացիա ու հիասթափություն է առաջացնում, որոնք միշտ էլ վատ բաղադրիչներ են, երբ ցանկանում ես վստահություն ստեղծել»,- նշել է Միշելը: Լուծումն, ըստ նրա, կարող է լինել անդամակցության գործընթացում աստիճանական և առաջադեմ ինտեգրման մեջ. «Ավելին՝ ավելիի դիմաց»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,