Հայաստանը գործարկում է ԵՄ աջակցությամբ ստեղծված ռեեստրը՝ կլիմայական գործողություններն արագացնելու համար
29 Մայիսի, 2026

Հայաստանը գործարկում է ԵՄ աջակցությամբ ստեղծված ռեեստրը՝ կլիմայական գործողություններն արագացնելու համար


Հայաստանը պաշտոնապես գործարկել է իր Ջերմոցային գազերի արտանետումների նոր ռեգիստրը եւ Չափման, հաշվետվայնության ու հավաստագրման (ՉՀՀ/MRV) հարթակը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ս.թ. մայիսի 14-ին մեկնարկած այս թվային նախաձեռնությունը նպատակ ունի կտրուկ բարելավել արտանետումների հետագծումը՝ ապահովելով երկրի ընթացքը Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։

ՉՀՀ նոր հարթակը մշակվել է EU4ClimateResilience (ProGress) ծրագրի շրջանակում։ Տվյալահեն եւ փաստարկված հետագծման շնորհիվ հարթակը ծառայում է որպես հիմնարար գործիք Հայաստանի հավակնոտ նպատակի համար, այն է՝ մինչեւ 2035 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 44%-ով՝ որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՄՍԳ 3.0/NDC 3.0) շրջանակի մաս։

Գործարկումից հետո նախարարությունը կլոր սեղան-քննարկում անցկացրեց միջազգային զարգացման հիմնական գործընկերների, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպումը կենտրոնացած էր Հայաստանի հրատապ տեխնիկական եւ ֆինանսական կարիքների հստակեցման վրա՝ ապահովելով միջազգային բոլոր ջանքերի սերտ համակարգումը երկրի կլիմայական նպատակների իրագործումն արագացնելու համար։

«Ստեղծելով ստուգելի տվյալների հիմք՝ Հայաստանը կլիմայական խոստումներից անցում է կատարում չափելի ու հաշվետու կլիմայական գործողությունների՝ ճանապարհ հարթելով դեպի առավել դիմակայուն եւ կայուն տնտեսություն», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայունության» ծրագիրը բազմադոնոր գործողություն է, որն աջակցում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների կանաչ անցմանը, նպաստում դեկարբոնիզացման, էներգետիկ անվտանգության եւ կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացման միջոցառումներին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության, միջուկային անվտանգության եւ սպառողների պաշտպանության դաշնային նախարարության (BMUV) կողմից, եւ համատեղ իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,