Հոկտեմբերի 12-ից ԵՄ անդամ պետություններն իրենց արտաքին սահմաններին սկսել են ներդնել Եվրոպայի նոր թվային սահմանային հսկողության համակարգը, որը կոչվում է Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES): Այսուհետեւ անդամ պետությունները կսկսեն էլեկտրոնային եղանակով գրանցել երրորդ երկրների քաղաքացիների տվյալները, որոնք կարճաժամկետ հիմունքներով (90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում) հատում են ԵՄ արտաքին սահմանները: Համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար՝ վեց ամսվա ընթացքում:
Աստիճանական ներդրման ընթացքում անդամ պետությունները կկարողանան որոշել, թե որ սահմանային անցակետերում եւ երբ կսկսեն համակարգի ներդրումը։ Սա թույլ է տալիս անդամ պետություններին սկսել օգտվել նոր համակարգից՝ միաժամանակ ապահովելով, որ սահմանային հսկողություն իրականացնող մարմինները, տրանսպորտային ոլորտը եւ ճանապարհորդները կարողանան հարմարվել նոր ընթացակարգերին։
2026 թվականի ապրիլի 10-ից սկսած՝ EES-ն ամբողջությամբ ներդրված կլինի սահմանային բոլոր անցակետերում՝ փոխարինելով անձնագրում դրոշմակնիքների դնելու ներկայիս գործելակերպին։ Այն կապահովի սահմանանցումների վերաբերյալ հուսալի տվյալներ, համակարգված կերպով կբացահայտի սահմանանցումների ժամկետը գերազանցած անձանց, ինչպես նաեւ փաստաթղթերի եւ ինքնության կեղծման դեպքերը։
Ավտոմատացված սահմանային ստուգումների օգտագործման աճով պայմանավորված՝ ճանապարհորդությունը կդառնա ավելի հարթ եւ անվտանգ բոլորի համար: EES-ը կիրառող սահմանային անցակետերում համակարգը կարձանագրի երրորդ երկրների քաղաքացիների անձնագրային տվյալները, կենսաչափական տվյալները (դեմքի պատկեր եւ մատնահետքեր) եւ մուտքի կամ ելքի տվյալները: Սա արվում է առաջին մուտքի եւ առաջին ելքի ժամանակ. յուրաքանչյուր հաջորդ մուտքի եւ ելքի դեպքում անհրաժեշտ կլինի անցնել միայն արագ ստուգում: Որոշ երկրներ կարող են որոշել ավելի ավտոմատացնել իրենց գործընթացները ինքնասպասարկման համակարգերի միջոցով: Նոր համակարգը համապատասխանում է տվյալների եւ գաղտնիության պաշտպանության ամենաբարձր չափանիշներին՝ ապահովելով, որ ճանապարհորդների անձնական տվյալները մնան պաշտպանված եւ անվտանգ: Վեցամսյա անցումային ժամանակահատվածում կշարունակվի անձնագրերի դրոշմակնքման գործելակերպը։
Ճանապարհորդները կարող են գտնել արդիական տեղեկատվություն եւ ուղեցույց EES-ի պաշտոնական վեբկայքում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,