Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնեցրել են վիզային ընթացակարգերի թվայնացման կանոնները
16 Հունիսի, 2023

Եվրոպական միության խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը համաձայնեցրել են վիզային ընթացակարգերի թվայնացման կանոնները


Հունիսի 13-ին Եվրոպական միության Խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը նախնական կարգով համաձայնեցրել են վիզային ընթացակարգերի թվայնացման կանոնները:

Կանոնակարգը ենթադրում է վիզայի համար առցանց դիմելու հնարավորություն եւ ներկայումս գործող սոսնձվող վիզայի փոխարինում թվային վիզայով։ Այն կթողարկվի ծածկագրված ստորագրությամբ 2D թվային շտրիխ կոդի տեսքով։

«Թվային վիզան կհեշտացնի դիմումների գործընթացը ճանապարհորդների համար, կպարզեցնի վարչական ընթացակարգը եւ կբարձրացնի Շենգենյան գոտու անվտանգությունը՝ օրինակ, նվազեցնելով սոսնձվող վիզայի կեղծման եւ գողության վտանգը»,- ասել է Շվեդիայի միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

Սույն պայմանավորվածությունը դեռեւս պետք է հաստատվի անդամ երկրների կողմից՝ նախքան Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում գործընթացը սկսելը։

Կանոնների վերջնական ընդունումից հետո կստեղծվի ԵՄ վիզայի դիմումների հարթակ: Որոշ բացառություններով՝ Շենգենյան վիզաների համար բոլոր դիմումները կկատարվեն այդ հարթակի՝ մեկ կայքի միջոցով, որը դրանք կուղարկի համապատասխան ազգային վիզային համակարգեր։

Այդ հարթակում վիզայի դիմորդները կկարողանան ներկայացնել համապատասխան բոլոր տվյալները, բեռնել իրենց ճանապարհորդական եւ օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները եւ վճարել վիզայի վճարները: Նրանք նաեւ կտեղեկացվեն վիզայի վերաբերյալ որոշումների մասին:

Հյուպատոսություն անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի միայն առաջին անգամ դիմողների, նաեւ այն անձանց համար, որոնց կենսաչափական տվյալներն այլեւս վավեր չեն, ինչպես նաեւ նոր ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,