ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
EU
17.07.2026

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը


Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 13-ին պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան), որը կգործի Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։

Պաշտոնապես 2026 թվականի ապրիլի 21-ին հիմնադրված առաքելությունը կաջակցի Հայաստանի կարողություններին՝ դիմակայելու հիբրիդային մարտահրավերներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դրսեւորումներին (FIMI) ու անօրինական ֆինանսական հոսքերին: Մասնավորապես, ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտական աջակցության եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով ԵՄԳԱ Հայաստանը կաջակցի հայաստանյան հաստատություններին՝ նմանատիպ սպառնալիքներին հակազդելու գործում:

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործնական, գործառնական խորհրդատվություն եւ կստեղծի հատուկ նախագծային խումբ, որը միջազգային գործընկերների հետ համատեղ կիրականացնի առաքելության մանդատով նախատեսված ծրագրերը։

ԵՄԳԱ Հայաստանը ոչ գործադիր առաքելություն է եւ որեւէ դեր չի ունենա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացներում: ԵՄԳԱ Հայաստանը ստեղծվել է ՀՀ կառավարության խնդրանքով եւ ԵՄ ավելի լայն եւ հետեւողական մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ աջակցությունը՝ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու համար:

«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանի համար տնտեսական եւ քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ Ռուսաստանի ճնշմանը հակազդելու համար: Այսօր մենք տեղում տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների եւ ապատեղեկատվության, ինչպես նաեւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում: ԵՄ-ն դիմակայուն, անկախ Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ընտրելու իրավունքի ամենամեծ պաշտպանն է: Մենք կհամոզվենք, որ Հայաստանը միայնակ չի բախվի արտաքին հարկադրանքի», — նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Առաքելությունը կղեկավարի Կոսմին Գեորգե Դինեսկուն, որն այս պաշտոնում նշանակվել է 2026 թվականի հունիսի 11-ին: Նախկինում նա ծառայել է որպես Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերության առաքելության առաջին ղեկավար։

Առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,