ԵՄ-ը մեծարում է ընտանեկան կապերը. Թբիլիսիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները
31 Մարտի, 2023

ԵՄ-ը մեծարում է ընտանեկան կապերը. Թբիլիսիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները


Մարտի 31-ին Թբիլիսիում կայացած գալա մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի վեց հաղթողների անունները: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1,000-ական եվրո դրամական մրցանակ:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EUNEIGHBOURS EAST – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթը հրավիրել էր Արեւելյան գործընկերության վեց երկրներում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին՝ ներկայացնելու «Ընտանեկան կապեր» թեմայով իրենց ֆոտոշարքերը։

Հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կազմն ընդհանուր առմամբ ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել էր կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Նրանք բոլորը հրավիրվել էին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ կազմակերպվել էր նրանց ֆոտոպատմությունների ինտերակտիվ ցուցադրություն։

Գալա մրցանակաբաշխությունը վարում էին Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին ու Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանի համահիմնադիր Նեստան Նիջարաձեն։ Միջոցառմանը մասնակցում էին հայտնիներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բլոգերներ եւ ազդեցիկ անձինք ողջ տարածաշրջանից:

Դեսպան Պավել Հերչինսկին, հանձնելով մրցանակները, ասաց. «Այս լուսանկարչական մրցույթի միջոցով մենք հպարտ ենք ցուցադրելու մշակութային փոխանակումը խրախուսելու եւ լուսանկարչության՝ որպես արտացոլման ու փոփոխության գործիքի ուժը խթանելու ԵՄ հանձնառությունը: Ընտանիքի եւ ընտանեկան կապերի թեման ընդգծում է մեր ընդհանուր արժեքների կարեւորությունը եւ ընտանիքի դերը մեր հասարակությունների ձեւավորման գործում: Շնորհավորում եմ բոլոր լուսանկարիչներին իրենց ստեղծագործ եւ ոգեշնչող մեկնաբանությունների համար»:

Մրցույթը փնտրում էր «ընտանեկան կապեր» թեմայի անձնական մեկնաբանություններ. ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների եւ ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում եւ միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն եւ կորստին:

Հաղթող մասնակիցները նշված թեմային մոտեցել էին ամենատարբեր անձնական տեսանկյուններից:

Նրանք էին՝

Հայաստան

Նազիկ Արմենակյան – ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ֆրագմենտալ ապրում)

Ամենից առաջ՝ մայր․ լուսանկարչի անձնական պատմությունը 2020 թվականին իր ավագ որդու մոբիլիզացման մասին։

Ադրբեջան

Օրխան Ազիմով – ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ

Հայացք Ադրբեջանի հեռավոր լեռնային գյուղի երեխաների կյանքին ու պայքարին:

Բելառուս

Պաշա Կրիչկո – ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

2020 թվականի իրադարձությունների հետեւանքով վտարանդի դարձած բելառուսների ընտանեկան կապերի դիմանկարներ։

Վրաստան

Նաթելա Գրիգալաշվիլի – ՎՐԱՑԻ ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Լեռնային Աջարիայի քոչվոր ընտանիքների կյանքն ուսումնասիրող վավերագրական նախագիծ։

Մոլդովա

Կատերինա Շոշեվա – SEM’YA

Ժամանակային հատում. մեկ ընտանիքի սերունդների փոխհարաբերություններ՝ սեփական աչքերով:

Ուկրաինա

Մարիսյա Մյանովսկա – Օ՜, ԵՂԲԱ՛ՅՐ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ԴՈՒ

Քաղաքային գետտոյում կյանքի եւ հիշողության պատառիկներ. նախագիծ՝ նվիրված հարազատ եղբորը։

Մրցույթը կազմակերպել էին «EU NEIGHBOURS EAST» ծրագիրը՝ լեհական «Fotofestiwal» նախաձեռնության հետ համատեղ: Թբիլիսիում կայացած գալա մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ Թբիլիսիի լուսանկարչության թանգարանի հետ համատեղ:



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,