ԵՄ խորհուրդը համաձայնեցրել է շենգենյան վիզա ստանալու ընթացակարգի թվայնացման շուրջ բանակցային մանդատը
31 Մարտի, 2023

ԵՄ խորհուրդը համաձայնեցրել է շենգենյան վիզա ստանալու ընթացակարգի թվայնացման շուրջ բանակցային մանդատը


Եվրամիության անդամ երկրների դեսպանները մարտի 29-ին համաձայնեցրել են ԵՄ Խորհրդի բանակցային մանդատը՝ վիզա ստանալու ընթացակարգի թվայնացման առաջարկի վերաբերյալ: Առաջարկը ենթադրում է վիզայի համար առցանց դիմելու հնարավորություն եւ ներկայումս գործող սոսնձվող վիզան փոխարինվում է թվային վիզայով: Այս քայլը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել վիզայի դիմումի ընթացակարգը եւ բարելավել Շենգենյան գոտու անվտանգությունը:

«Թվային Շենգենյան վիզան կհեշտացնի դիմելու գործընթացը եւ միեւնույն ժամանակ կօգնի առավել անվտանգ դարձնել Շենգենյան գոտին: Առցանց դիմումները կնվազեցնեն ճանապարհորդների համար դեպի հյուպատոսություն այցելությունների քանակը եւ կհեշտացնեն գործընթացը ազգային վարչակազմերի համար: Միեւնույն ժամանակ, թվային վիզան վերջ կդնի սոսնձվող վիզայի կեղծման եւ գողության ռիսկին», – ասել է Շվեդիայի միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Շտեներգարդը:

Առաջարկվող նոր կանոնների համաձայն՝ կստեղծվի վիզայի դիմումների հարթակ։ Շենգենյան վիզաների համար բոլոր դիմումները կկատարվեն այդ հարթակի՝ մեկ կայքի միջոցով, որը դրանք կուղարկի համապատասխան ազգային վիզային համակարգեր։ Այդ հարթակում վիզայի դիմորդները կկարողանան ներկայացնել բոլոր համապատասխան տվյալները, բեռնել իրենց ճանապարհորդական եւ օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները եւ վճարել վիզայի վճարները: Նրանք նաեւ կտեղեկացվեն վիզայի վերաբերյալ որոշումների մասին: Հյուպատոսություն անձամբ ներկայանալը անհրաժեշտ կլինի միայն առաջին անգամ դիմողների եւ այն անձանց համար, որոնց կենսաչափական տվյալներն այլեւս վավեր չեն, ինչպես նաեւ նոր ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար:

Առաջարկվող նոր կանոնների համաձայն, վիզաները կտրամադրվեն թվային ձեւաչափով՝ որպես 2D շտրիխ կոդ՝ ծածկագրային ստորագրությամբ։

Մարտի 29-ին համաձայնեցված բանակցային մանդատի հիման վրա Խորհրդի նախագահությունը բանակցություններ կսկսի Եվրախորհրդարանի հետ՝ վերջնական ձեւակերպումը համաձայնեցնելու համար։

Ներկա պահին Արեւելյան գործընկերության վեց երկրներից ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունեն միայն Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի բնակիչները ԵՄ մուտք գործելու համար պետք է շենգենյան վիզա ստանան։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,